Ֆրիդրիխ Շիլլեր | Պոլիկրատեսի մատանին



Իր ամրոցի կտրին կանգնած`
Նա գոհունակ նայում էր ցած.
Ուր Սամոսն էր փռված իր դեմ:
Եգիպտոսի թագավորին
Ասաց. «Նայիր, այս ողջ երկրին
Իշխում եմ ես. բախտավոր չե՞մ»:


«Աստվածների կամքով, կեսար,
Հզորները քեզ հավասար
Հնազանդ են գայիսոնիդ,
Բայց ապրում է վրիժառուն,
Եվ քանի ոխ կա աշխարհում,
Ես երանի չեմ տա բախտիդ»:

Նա խոսքը դեռ չէր ավարտել,
Երբ Միլեթից բանբերն արդեն
Եկավ, բերեց լուր անսովոր.
«Տե´ր, հո´ւր վառիր զոհաբերման
Եվ դիր գլխիդ արքայական
Դափնեպսակ հանդիսավոր:

Ոսոխը քո իջավ շիրիմ,
Զորավարդ հավատարիմ
Քեզ առաքեց լուր բախտավոր»:
Եվ ի սարսափ երկու կայսեր,
Բացեց բանբերն ամանը սև,
Հանեց գլուխ մի արնածոր:

Նայեց, սոսկաց եգիպտացին,
«Չհավատաս ճակատագրին,-
Ահը սրտում ասաց դժգոհ,-
Չապավինես ալիքներին.
Նրանք` հլու մրրիկներին,
Կխորտակեն նավերը քո»:

Հենց որ ասաց այս խոսքն արքան,
Դրսից հանկարծ նրան հասան
Ուրախության աղաղակներ:
Նավերն առած հարուստ ավար,
Դառնում էին երկիրը մայր,
Պարզած անթիվ առագաստներ:

Դեպքը հյուրին շատ զարմացրեց:
«Այսօր էլ քո բախտը բերեց,
Խաբուսիկ է բախտը սակայն:
Քաջ կրետացիք զորք են կազմել,
Սպառնում են պատերազմել.
Նրանք շուտով ափ դուրս կգան»:

Նոր էր այս խոսքն ասել արքան,
Երբ նավերից մարդիկ եկան,
Ավետեցին. «Փա´ռք, հաղթությո´ւն
Նավատորմը թշնամական
Անդունդ իջավ հողմակործան,
Էլ չի~ լինի կռիվ, արյուն»:

Հյուրը լսեց զարհուրանքով:
«Երջանիկ ես երկնի կամքով,
Բայց սոսկում եմ ես քո բախտից.
Զի կա նախանձ աստվածային,
Եվ չի տրվում մահկանացվին
Բերկրանք անխառն ու անկսկիծ:

Ինձ էլ բախտը երկար շոյեց,
Ամենուրեք ինձ նվիրեց
Հաջողություն ու հաղթանակ,
Բայց երկինքը ի տրիտուր
Զոհ պահանջեց ինձնից անլուր.
Խլեց որդուս, որդուս միակ:

Դու կփրկվես կամքով վերին,
Թե աղերսես աստվածներին,
Որ տխրություն քեզ առաքեն:
Միշտ էլ վատ է վերջը մարդկանց,
Թե երկինքն է բաշխել նրանց
Իր շնորհներն առատորեն:

Աստվածները եթե մերժեն,
Աղետը բեր ինքդ արդեն:
Խորհուրդն ահա բարեկամիդ.
Մի ափսոսա, ծովը նետիր
Քո գանձերի գանձն այն ընտիր,
Որն ավելի մոտ է սրտիդ»:

Սամոսի տերն ահով խոսեց.
«Հարստությունս ամենամեծ
Սա է ահա, այս մատանին:
Ես կզոհեմ գանձն իմ սրտանց,
Միայն մնա բախտն ինձ տրված»:
Եվ ծով նետեց գանձն իր անգին:

Մի օր հետո, առավոտ վաղ,
Ինչ-որ ձկնորս եկավ ուրախ,
Ասաց երկրի տիրակալին.
«Այսպիսի ձուկ, երդվում եմ, տեր,
Իմ ուռկանը չի ընկել դեռ,
Նվիրում եմ քեզ` արքային»:

Խոհարարը ձուկը տարավ,
Բայց շատ չանցած նա ետ դառավ
Ու զարմանքով գոչեց ահա.
«Քո թանկագին մատանին, տես,
Ձկան փորից հանեցի ես,
Սահման չունի բախտդ, արքա»:

Ցնցեց հյուրին լուրը ահեղ.
«Էլ չեմ կարող մնալ այստեղ,
Քեզ հետ էլ ի՞նչ մտերմություն.
Աստվածները մահդ են ուզում,
Գեթ ե´ս փրկվեմ»,- այսպես ասում,
Նստում է նավ, հեռանում տուն:

Տես նաև Ֆրիդրիխ Շիլլեր Բալլադներ

Ֆրիդրիխ Շիլլեր | Պոլիկրատեսի մատանին Ֆրիդրիխ Շիլլեր | Պոլիկրատեսի մատանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:33:00 Rating: 5
Технологии Blogger.