Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում V


Քայլում եմ գարնան լեցուն փողոցով
Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց,
Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ...

Քայլում եմ այնպես դանդա՜ղ - գլխիկո՜ր
Ասես փողոցն է հանգուցվել ոտիս
Ու խճողում է քայլքըս, խճըճում...

Արփին շողերի ցած մեկնած ճանկով
Գռուզ մազերս է թերևըս քաշում,
Որ վառի-ցնցի և ուշքի բերի,
Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ այրուցք...

Արյունըս այնպես դանդաղ է հոսում,
Ինչպես հարթ հովտում գետը ծավալված,
Երբ չես էլ կարող հասկանալ կարգին,
Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում...

Մի բան եմ հիշում
Եվ կիսատ թողած`
Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի...
Ինքըս ինձ խղճում,
Ուզում եմ, որ ինձ
Մի փո՜քըր սիրեն՝
Թեկուզ նպաստով...

-Այդ... ես եմ թախծում...

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում V Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում V Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 30, 2017 Rating: 5
Технологии Blogger.