
Վիպակը ներկայացված է առաջին դեմքով:
Հերոսը՝ Հովհաննեսը, դպրոցական տղա է, որի հայրը դարբին է: Նրա հայրն էլ է դարբին եղել,
բայց այժմ միայն հայրն էր ու նրա ընկերները: Այդ դարբինները իրենք իրենց անվանում էին
«դամրչի», իսկ դարբնոցը՝ «դամրչնոց»: Տղան դպրոցում շարադրության մեջ մի անգամ գրում
է, որ իր հայրը դամրչի է, և ուսուցիչը, սխալ համարելով դա, նրան «երկու» է նշանակում:
Հոր դարբնոցը ամենամեծն էր: Նրա կտուրը ետևի մասում իջնում էր ներքև և միանում գետնին:
Կողքից նայելիս եռանկյունու ձև ուներ, և տղան այդպես էլ այն անվանում էր: Դպրոցում՝
գրատախտակի վրա գծած եռանկյունին նրա համար սովորական չէր, այլ աշխույժ ու հարազատ
վայր էր: Նա տեսնում էր դրա մեջ երեք զնդան, մեծ ու փոքր մուրճեր և հինգ Մկրտիչ: Հայրը
ընկերների հետ միշտ երգում էր երկարաձիգ թուրքերեն երգեր, որոնցից տղան ոչինչ չէր հասկանում
և միտածում էր, որ դրանք ևս սխալ են: Դարբինները հինգն էին, թեև նրանց շուրջը լինում
էին ուրիշներ էլ, բայց նրանք գալիս էին ու գնում: Հերոսը չի հիշում, թե Մկրտիչներից
որը երբ եկավ, բայց մեկի՝ վարպետ Մկրտչի գալուստը հիշում է: Այդպես մի օր «Եռանկյունու»
դռան մեջ ուրվագծվում է մի տարօրինակ կերպարանք և ներկայանում որպես Մկրտիչ Պախալպաջյան:
Նրան ուղարկել էր ընկեր Մարտիրոսյանը, հաջորդ օրվանից աշխատելու էր իրենց հետ: Դժվար
էր հավատալ, որ նա դարբին էր: Ֆրակով էր և հագուստի մնացած մասերն էլ շատ ներդաշնակ
էին: Տղան նրան կոմսի է նմանեցնում: Նա ուղիղ ու ձիգ էր քայլում և անգամ մուրճով հարվածելիս
կարծես թե չէր թեքվում: Վարպետ Մկրտիչը եղել էր Ամերիկայում: Նկատի ունենալով նրա արտաքինը՝
տղան կարծում էր, որ նա դերասան է եղել կամ նման մի բան, այնինչ Մկրտիչը պատմում է,
որ ինքը դարբնություն է արել Սենեկայում՝ մի ախոռանոցում ձի պայտելով և Բերնսում:
Նա գովում է տղային ընթերցասեր լինելու համար և խնդրում պատմել իր իմացածը: Հերոսը
պատմում է այն ամենը, ինչ գիտի գրքերից, նա զարմացած է, որ վարպետ Մկրտիչը չգիտի՝ Սենեկան
հին հռոմեացի փիլիսոփա էր, իսկ Բերնսը՝ պոետ, իսկ ինքը չգիտի, որ Ամերիկայում նման
անուններով քաղաքներ կան: Միամիտ տղան հարցնում է նրան՝ արդյոք Շեքսպիրում էլ է աշխատել,
իսկ վարպետ Մկրտիչը ծիծաղում է և ասում՝ ոչ, բայց ինքը տեսել է Շեքսպիրի «Օթելլոն»
Վան քաղաքում Վահրամ Փափազյանի կատարմամբ:
Տղան մի
լուսանկար ունի, որը մինչև այժմ կախված է իր սենյակի պատին: Լուսանկարից շեշտակի նայում
են հինգ Մկրտիչները չռած աչքերով, ինչպես լուսանկարիչն է սովորեցրել: Մեջտեղում նստած
է հայրը՝ կանաչ աչքերով, երկայն պարանոցով, շագանակագույն մազերով, տափակ քթով, աջ
կողմից Վասոն՝ գեր, բեղերը ոլորած, կարմիր դեմքով, ձախ կողմից՝ Գասպարը՝ կարճ, բայց
թիկնեղ, ժպտացող և խորամանկ աչքերով: Նրանց գլխավերևը կանգնած են մրոտ Մկոն և վարպետ
Մկրտիչը: Մկոյի ուսին «Եռանկյունու» ամենամեծ մուրճը: Մկոյի ականջներից մեկի կեսը չկար:
Այդ կես ականջը պարուրված է խորհրդավորության քողով: Մի անգամ Մկրտիչները վիճել են,
ամուր փակել դուռը, տուրուդմբոց սկսել, հետո հոգնել ու քնել: Արթնացել են ու ոչինչ
չեն մտաբերել և դժվար թե հավատային իրենց արածին, եթե չլիներ Մկոյի ականջի կորած մասը:
Ականջը չգտան: Վասոն մեղքը դնում էր գինու վրա, թե իբր այն թունավորված էր: Ամենազարմանալին
այն էր, որ տուժել էր միայն մեկը՝ «եռանկյունու» ամենաուժեղ մարդը: Հերոսը հոր ծնկների
արանքում է նստած: Նրանք բոլորն էլ իսկապես Մկրտիչ էին, ու երբ տղան դա իմացավ, զարմանքին
ու ծիծաղին վերջ չկար: Հինգ դարբիններին անվանում էին տարբեր ձևով և երբեք չէին շփոթում
նրանց անունները: Հայրը ուստա Մուկուչն էր, Ամերիկայում եղածը՝ վարպետ Մկրտիչը, երրորդը՝
Մկոն: Մյուս երկու Մկրտիչը՝ վրացի Վասոն էր և նալբանդ Գասպարը: Վասոյի ազգանունը Միկիրտիչաշվիլի
էր, ուստի նրան անվանում էին վրացի Մկրտիչ: Երկար ժամանակ չէին կարողանում մի այլ Մկրտիչ
երևան հանել նալբանդ Գասպարի ցեղում, բայց վերջապես նրա նախնիների մեջ էլ գտնվեց մի
Մկրտիչ: Այդ բոլորը արվում էր կատակով, սակայն որտեղ էր վերջանում կատակի սահմանը նրանց
մոտ, դժվար էր որոշել: Մի անգամ Հովհաննեսին նվերներով են դիմավորում երաժշտական դպրոցից
հետո դարբնոց մտնելիս, որպեսզի նա ջութակ նվագի: Տղան լավ չի նվագում, բայց չի կարողանում
խուսափել նրանց խնդրանքից: Հասկանալով, որ նա նվագել չգիտի, սկզբում չեն իմանում ինչ
անել, բայց հետո խրախուսում են տղային, որպեսզի նա չվիրավորվի և նրբորեն անցնում այլ
թեմայի ու իրենք են սկսում երգել: Շուտով Մկոն սիրահարվում է: Պարզվում է, նրա սիրո
էակը մի ռուս կին է՝ Լյուբան, որը աշխատում է ճաշարանում, ամաններ է լվանում: Մկրտիչները,
տեսնելով Լյուբային, չեն հավանում նրան: Նա ուներ կարմիր մազեր, աչքերը՝ կապույտ-կապույտ
էին, շուրթերը առատ ներկած: Տղայի ծիծաղը գալիս է, բայց հետո խղճում է նրան: Աղջիկը
նստել էր զնդանին և երբ կանգնեց, նրա սպիտակ զգեստի վրա մնացել էր զնդանի մուրը: Մկոն
հասկանալով, որ Լյուբային չեն հավանել, հեռանում է նրա հետ: Հետո այլևս նրա մասին չեն
խոսում, բայց Մկոն օրեցօր փոխվում է, մռայլվում, երեկոները կորչում, իսկ աշխատելիս
ասես Մկրտիչների հետ չի: Մի օր էլ Մկրտիչները հավաքվում են խորհուրդ անելու և դրանից
հետո Մկոյի մոտ սկսում են Լյուբայից խոսել, հարցուփորձ անել, իբր թե իրենք կատակել
էին, և մի՞թե նա չի ուզում ամուսնանալ: Վերջապես Մկոն ժպտում է, բոլորի սրտից ծանրությունն
ընկնում է, ու շաբաթ օրը Մկրտիչները, զուգված-զարդարված, երկու ֆայտոնով, Մկոյին ու
Լյուբային տանում են զագս: Եվ մինչև նրանց համար սենյակ կճարեին, որոշում են Լյուբային
տեղափոխել դարբնոց՝ Մկոյի մոտ: «Եռանկյունու» սուր անկյունում, այսինքն՝ դարբնոցի ետևի
մասում, տեղավորվում է Մկոյի կինը՝ Լյուբան: Այստեղ սկսում է օդեկոլոնի հոտ գալ: Լյուբան այնպես է մաքրում դարբնոցը,
որ Մկրտիչները կատակում են, թե՝ «աղջի, զնդանը սամավար չէ, որ կպլպլացնես, քիչ հետո
մուրը կենա անպակաս կեղնի…», բայց Լյուբան ջանում էր մի ավելորդ սանտիմետր ևս սրբել:
Վարպետ Մկրտիչն ամեն առավոտ ծաղկեփունջ է բերում դարբնոց: Մկոն երջանիկ էր ու դարձել
էր անճանաչելի: Բայց մի օր եկավ ընկեր Մարտիրոսյանը և ասաց, որ երեկոյան ժողով կա,
բոլորը գնան, վարպետ Մկրտչին ձերբակալել են: Սկզբում մտածում են չգնալ, բայց հետո բոլորն
էլ գնում են: Վերադառնում են ուշ առանց վարպետ Մկրտչի: «Եռանկյունում» լռություն էր,
ոչ ոք ոչինչ չի ասում: Սկսվում է պատերազմը:
Մկոն ու Լյուբան միասին են գնում: Նամակ են գրում: Լյուբան «սանիտարկա» է, Մկոյից չի
հեռանում: Բայց նրանցից այլևս նամակ չեն ստանում: Երեք Մկրտիչները կատարում են «ռազմական
պատվերներ», որը դարբնոցի կողքին գտնվող հեծելազորային զինվորական մասի աշխատանքն էր:
Նրանց համար պայտ էին սարքում: Նրանց հաճախ այցելում էր ավագ սերժանտ Պյոտր Պերեկոպսկին:
Նա փորձեց Վասոյի նման բեղեր թողնել, թեև նրա մոտ դրանք ոզնու փշերի պես անկանոն ցցված
էին: Ամեն ինչ փոխվում է: Գալիս է այն օրը, երբ զինվորական մասը և Պետյան մեկնում են
քաղաքից:
Վերջերգում հերոսը գրում է, որ երկար
բացակայությունից հետո՝ օկուպացիոն զորքերում ծառայությունից կրկին վերադառնում է տուն:
Եռանկյունում միայն հայրն է մնացել: Նալբանդ Գասպարը փողոցում քայլելիս հանկարծ ընկել
էր ու մահացել: Վասոն մեկնել էր Կախեթ ու այլևս լուր չէր եկել նրանից, ուստի զոհվել
էր: Այդպես էր մտածում հայրը: Սակայն նախքան «եռանկյունու» քանդելը մի զարմանահրաշ
դեպք է տեղի ունենում, գալիս է վարպետ Մկրտիչը: Մազերը՝ ճերմակ, մարմինը՝ ուղղաձիգ:
Հերոսը մտածում է, որ լավ կլիներ՝ նրա արդարացումը տեսնեին մյուս Մկրտիչները և Լյուբան:
Ձմռանը հայրը առանց հիվանդանալու, մտնում
է անկողին: Վարպետ Մկրտչին ևս տեղավորում են հիվանդանոց: Նրանց այցելելիս հերոսը միշտ
ասում է, որ մյուսը առողջ է, իրեն է սպասում: Նրանք համարյա միաժամանակ են մահանում:
Դարբնոցը քանդում են: Հերոսը շտապում
է, որ տեսնի: Ծեր «եռանկյունին» ճռնչում է, դիմադրում ու սուսուփուս փլվում: Քաղաքի
ուրիշ մասում սուլում է գործարանի շչակը: Կարծես այդ հսկան գլխարկն է հանում «եռանկյունու»
հիշատակի առջև:
Աղասի Այվազյան | Եռանկյունի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 01, 2017
Rating:
