
Ծերունին կամրջի մոտ Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:
Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:
- Որտեղի՞ց ես գալիս,-
հարցրեցի ես նրան:
- Սան Կառլոսից,-
ասաց նա ու ժպտաց:
Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն, ու նա ժպտաց:
- Ես կենդանիներ էի պահում,-
բացատրեց նա:
- Օ՜,-
արտաբերեցի՝ լավ չհասկանալով:
- Այո՛,-
ասաց նա,-
հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:
Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.
- Ի՞նչ կենդանիներ էին:
- Տարբեր,-
ասաց ու թափահարեց գլուխը:-
Ես ստիպված էի նրանց թողնել:
Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:
- Ի՞նչ կենդանիներ,-
հարցրի:
- Բոլորը միասին երեքն էին,-
բացատրեց նա,-
երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:
- Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,-
հարցրի:
- Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:
- Իսկ ընտանիք չունե՞ս,-
հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:
- Ո՛չ,-
ասաց նա,-
արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:
- Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,-
հարցրի:
- Ես քաղաքականություն չունեմ,-
ասաց նա:-
Ես յոթանասունվեց տարեկան եմ: Արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:
- Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,-
ասացի ես:-
Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:
- Մի քիչ կսպասեմ,-
ասաց նա,-
ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:
- Դեպի Բարսելոն,-
ասացի նրան:
- Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,-
ասաց նա,-
բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:
Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց.
«Կատվի հետ ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները….
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին»:
- Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:
- Այդպե՞ս ես կարծում:
- Իսկ ինչո՞ւ ոչ,-
ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:
- Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:
- Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,-
հարցրի ես:
- Այո՛:
- Ուրեմն նրանք կթռչեն:
-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները …
Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,-
ասաց նա:
- Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,-
պնդեցի ես:-
Վեր կաց և փորձիր քայլել:
- Շնորհակալություն,-
ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:-
Ես կենդանիներ էի պահում,-
վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:-
Ես կենդանիներ էի պահում:
Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:
Թարգմանությունը՝ Յուրա Գանջալյան
Տես նաև Խուլիո Կորտասար Պատմվածքներ
Էռնեստ Հեմինգուեյ | Ծերունին կամրջի մոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 12, 2017
Rating:
