Ֆրիդրիխ Շիլլեր | Երկաթաձուլարան գնալը


Ֆրիդոլինը՝ ծառան սիրված,
Սրտով աստվածավախ
Իր տիրուհուն էր նվիրված,
Իր կոմսուհուն մատաղ:
Ֆոն Սավերնը անասելի
Ե´վ բարի էր, և´ նազելի:
Ինչ էլ ասեր, ինչ կամենար,
Սիրով կաներ ծառան խոնարհ:

Վաղորդյանից մինչ մայրամուտ
Տղան գործ էր անում,
Իր հոգսերին միշտ հետամուտ՝
Երբեք չէր գոհանում:
Եթե հանկարծ նրան ասվեր
«Հանգստացիր», նա կարտասվեր,
Կարծում էր, թե կմեղանչի,
Եթե իրեն պակաս տանջի:

Նրա մասին միշտ կոմսուհին
Հիացքով էր խոսում,
Գեղեցկուհու շուրթից նրբին
Գովեստն էր միշտ հոսում:
Կարծես որդին էր հարազատ,
Ոչ թե ծառա մի անազատ:
Նրան բարի աչքով նայում,
Քաղցր խոսքեր չէր խնայում:

Մի այլ ծառա, Ռոբերտ անվամբ,
Տղայի դեմ լարվեց,
Լցվեց թույնով, սև չարությամբ
Ու վրեժով տարվեց:
Նենգը վճռեց իսկույն գործել,
Խարդավանքի ուժը փորձել.
Մի օր ահա ճամփին որսի
Կասկած շարժեց սրտում կոմսի:

«Կոմս, որքան եք դուք բախտավոր,-
Դավադիրը ասաց,-
Չի վրդովում ձեր նինջն անդորր
Ոչ մի թունոտ կասկած:
Չէ՞ որ ձեր կինն, ինչ էլ լինի,
Ազնիվ է և առաքինի:
Անբասիր է նա միշտ եղել,
Ո՞վ կարող է գայթակղել»:

Կոմսն հոնքերը կիտեց մթնած.
«Տղա, ի՞նչ ես խոսում,
Անկայուն է սերը կանանց,
Ջուր է օվկիանոսում:
Կանայք ցանցումն են կավատի…
Բայց այլ է հիմքն իմ հավատի.
Ֆոն Սավերնի անունն ազդու
Զուսպ կպահի ամեն մարդու»:

Ծառան ասաց. «Իրավ եք դուք.
Ծաղրի է արժանի
Ծագմամբ ստրուկ ամեն խենթուկ,
Եթե նա սիրտ անի
Տիկնոջ հանդեպ մեծապատիվ
Տածել ինչ-որ կիրք անազնիվ»:
«Ի՞նչ,- մռնչաց կոմսը ցասկոտ,-
Ո՞ղջ է մարդն այդ, խոսիր, լակո´տ»:

«Ձեզ համար չի՞ դարձել հայտնի,
Ինչ բոլորը գիտեն:
Թե ուզում եք՝ մնա գաղտնի,
Ես կլռեմ արդեն»:
«Խոսի´ր,- գոչեց կոմսը ահեղ,-
Թե չէ մեռած կընկնես այստեղ:
Տիկնոջ հանդեպ ո՞վ չէ մաքուր»:-
«Ձեր այն ծառան շիկագանգուր:

Այլանդակ չէ նա իր տեսքով,-
Դավադիրը ասաց,
Խոցեց կոմսին մեն-մի խոսքով,
Ցնցվեց կոմսը ապշած:-
Մի՞թե դուք չեք տեսել վաղուց:
Չի թեքում աչքն իր տիրուհուց,
Կողքին է միշտ գամված տրտում,
Իսկ ձեզ կարծես չի նկատում:

Տեր իմ, ահա նաև քերթված՝
Հուր տենչերի վկան»:
«Հուր տե~նչ»: «Եվ սեր է փոխադարձ
Խնդրում այդ սրիկան:
Տիրուհին էլ, բարի ու հեզ,
Նրան խղճում, չի հայտնում ձեզ,
Բայց զղջում եմ, որ ձեզ ասի,
Պատճառ դարձա պատուհասի:

Տեր իմ, այդ ո՞ւր»: Կոմսն անզիջում
Ձիով անտառ դիմեց,
Ուր երկաթի հանքն էր հալչում
Հնոցի մեջ մի մեծ:
Ճորտերի խումբն իր գործն հոգում,
Վառվող քուրան էր բորբոքում,
Կայծեր էին թռչում այնպես,
Ժայռեր էին ձուլում ասես:

Այստեղ դաշինքն էր ուժ դառնում
Կրակի և ջրի,
Ջրանիվն էր անվերջ դառնում
Թափից ալիքների:
Չէին լռում գիշեր ու տիվ
Կռանների զարկերն անթիվ,
Որոնց անդուլ զորության տակ
Փափկում էր կոշտ երկաթը տաք:

Կոմսը երկու վարպետ հայտնի
Կանչեց, ասաց հանկարծ.
«Ով առաջինն այստեղ մտնի,
Ձեզ տա այսպիսի հարց.
«Կատարվա՞ծ է խոսքը կոմսի»,
Բռնեք առանց տարակույսի,
Նետեք հնոց, ողջ-ողջ եփեք,
Որ չերևա աչքիս երբեք»:

Դահճային ի~նչ հրճվանք զգաց
Զույգը անմարդկային,
Երկաթի պես սիրտն այդ մարդկանց
Կարծր էր այդ պահին:
Արյան ծարավն իրենց հոգում՝
Փուքս են փչում ու բորբոքում
Վառ քուրայի կրակն ահեղ,
Սպասելով զոհին անմեղ:

Շողում լեզվով Ֆրիդոլինին
Ռոբերտն ասաց: «Վազի´ր,
Հիմա դու պետք ես պարոնին,
Իսկույն գնա հասիր»:
Կոմսը պատվեր տվեց նրան.
«Պիտի գնաս դու ձուլարան,
Եվ իմանաս դարբիններից՝
«Կատարվա՞ծ է խոսքս նորից»:

«Հրամանքդ»,- ասաց տղան,
Ուզեց գնալ իսկույն,
Բայց մտածեց. «Պետք չե՞մ նրան»:
Դիմեց իր տիրուհուն.
«Ձուլարան եմ ես գնալու,
Պատվեր չունե՞ս դու ինձ տալու:
Եթե ունես, կանեմ արագ,
Քեզ ծառայել իղձս է միակ»:

Հառաչանքով ափսոսանքի
Տիկինն ասաց. «Հոգիս,
Կգնայի պատարագի,
Բայց տկար է որդիս:
Գնա, տղաս, գնա տաճար,
Աղոթք արա և ինձ համար:
Մեղքեր զղջալ թե ուզենաս,
Ինձ էլ հիշիր, չմոռանաս»:

Ի~նչ ցանկալի, քա~ղցր պատվեր:
Պատանին դուրս վազեց,
Գյուղի ծայրը չէր հասել դեռ,
Երբ արդեն պարզ լսվեց
Եկեղեցու հսկայական
Զանգի ղողանջը տիրական,
Որ կանչում էր մարդկանց բոլոր
Սուրբ խորհրդի հանդիսավոր:

«Մի´ խուսափիր աստծուց արդար,
Երբ ընդառաջ կգա»,-
Ասաց տղան, մտավ տաճար:
Այնտեղ ոչ ոք չկա:
Հունձք է: Ամեն տեղ արտերում
Եռուզեռ է արդեն տիրում:
Չկա նույնիսկ մի տիրացու,
Որ կատարի սուրբ ծեսն աստծո:

Տիրացվի գործն է ինքնակամ
Անում տղան բարի.
«Աստծո համար թե ուշանամ,
Դա մեղք չեն համարի»:
Երեցին է խոնարհաբար
Տալիս շուրջառ ու փորուրար:
Սուրբ անոթներ բերում արագ,
Որ կատարվի մեծ պատարագ:

Այս ամենն է տղան անում
Սիրով, եռանդագին,
Երեցի հետ բեմ բարձրանում
Ժամագիրքը ձեռքին:
Ծունր է իջնում, ահա նայիր,
Ու նշանով քահանայի
Զանգ է տալիս երեք անգամ,
Երբ «Սուրբ» բառն է հնչում տարտամ:

Խոնարհվում է երեցն երգով,
Նայում զոհաբեմին,
Տիրոջն է ցույց տալիս ձեռքով
Պատկառանքը դեմքին:
Տղան կրկին, կանգնած լռիկ,
Հնչեցնում է զանգը փոքրիկ,
Հիսուսի դեմ բոլորն հեծում,
Խաչ են հանում ու կուրծք ծեծում:

Եռանդով է պատարագում
Ուշիմ, խոհեմ ծառան,
Ծեսն է հոգում արձագանքում
Շուքով իր սրբազան:
Նա անձանձրույթ է աղոթում,
Մինչ «Տեառն ընդ մեզ» է ավետում
Ծեր քահանան ու օրհնաձայն
Ծեսն ավարտում նվիրական:

Տեղն է դնում, կարգի բերում
Տղան ամեն մի բան,
Սրբավայրն է արագ մաքրում,
Շարունակում ճամփան:
Ձուլարան է շտապ գնում,
Եվ «Հայր մեր» է անվերջ կրկնում
Լռության մեջ միապաղաղ՝
Խղճով հանգիստ, սրտով խաղաղ:

Անտառն ահա, ծուխ ու ծխան,
Մարդիկ գործով տարված:
«Կատարե՞լ եք,- ձայնեց տղան,-
Հրամանը տրված»:
Եվ պայթյունով հռհռոցի
Ցույց են տալիս դուռն հնոցի.
«Գործն արված է. չկա էլ նա,
Կոմսը մեզնից գոհ կմնա»:

Պատասխան է բերում ծառան,
Տիրոջ մոտ է կրկին:
Կոմսը ապշած նայում նրան,
Չի հավատում աչքին:
«Այդ որտեղի՞ց, թշվառակա´ն»:
«Ձուլարանից»: «Մի՞թե այդքան
Ուշ հասար տեղ»: «Ծառադ չնչին
Աղոթելու գնաց Փրկչին:

Երբ կատարել շտապեցի
Ես ձեր պատվերը, տեր,
Ներեցե~ք, պարտք համարեցի
Հայտնել տիկնոջը ձեր:
Նա կամեցավ, որ այս անգամ
Պատարագին ինքս գնամ:
Աղոթեցի այնտեղ երկար
Ես ձեր տիկնոջ և ձեզ համար»:

Զարմանք, ահ է պատում կոմսին,
Հարցնում է նա դժգույն.
«Ձուլարանում քեզ ի՞նչ ասին,
Պատասխանի´ր իսկույն»:
«Խոսքը պարզ չէր. քրքջալով
Ասին՝ քուրան ինձ ցույց տալով.
«Գործն արված է, չկա էլ նա,
Կոմսը մեզնից գոհ կմնա»:

«Իսկ Ռոբե՞րտը,- սարսափահար
Կոմսն է գոչում այսպես,-
Ուղարկեցի նրան անտառ,
Չի՞ հանդիպել նա քեզ»:
«Դաշտով անցա, անտառ հասա,
Բայց ոչ մի տեղ մարդ չտեսա»:
«Լավ»,- կոմսն ասում է տխրաձայն,-
Աստված արեց դատ-դատաստան»:

Զարմացնում է, բարիացնում
Կոմսին դիպվածը այդ,
Ճորտին կնոջ մոտ է տանում,
Որին դեպքն է անհայտ:
«Սրբից սուրբ է սա, իմ անգին,
Արժանի է քո գորովանքին,
Մեզ խաբեցին խոսքով ճարտար,
Բայց Տերն արեց իր դատն արդար»:

Տես նաև Ֆրիդրիխ Շիլլեր Բալլադներ
Ֆրիդրիխ Շիլլեր | Երկաթաձուլարան գնալը Ֆրիդրիխ Շիլլեր | Երկաթաձուլարան գնալը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 06, 2017 Rating: 5
Технологии Blogger.