Վիլյամ Սարոյան | Այն հեռավոր գիշերը


Միգամած օր էր, այն օրերից, երբ արթնանում են հին-հին հիշատակներն ու հին երգերը: Ամբողջ օրը ես նստած էի տանը՝ ականջս այդ երգերին: Չորս կողմն ավելի շատ խավար էր, քան լույս, եւ ես հիշեցի մի երգ, որ ժամանակին երգել էի մի աղջկա համար ավտոբուսի մեջ: Մենք արդեն սիրում էինք իրար, բայց հենց որ ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ, եւ ես էլ երբեք չտեսա նրան: Գիշերվա կեսին, երբ համբուրեցի նրան, աղջիկն արտասվեց, եւ ես հիվանդացա սիրո տրտմությամբ: Օգոստոսյան նորահարս գիշեր էր, կյանքումս առաջին անգամ գնում էի Նյու Յորք: Ես հիվանդացա սիրո տրտմությամբ, որովհետեւ գնում էի իմ ճանապարհով, իսկ նա՝ իր:
Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, եւ ոմանք մեռնում են կես ճանապարհին: Թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլեւս չես տեսնում նրանց , ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց եւ գտնես, կգտնես մեռած, որովհետեւ ինչ ճանապարհով էլ գնաս, միեւնույն է, մահը ճանապարհիդ է:

Ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ ու կորավ անկյունում, եւ ես էլ երբեք չտեսա նրան: Շատ ուրիշներին տեսա, շատերը նույնքան լավն էին ու սիրուն, բայց ոչ մեկը նման չէր նրան, ոչ մեկը չուներ նրա թախծալի, անուշ ձայնը, ոչ մեկ չէր արտասվում այնպես, ինչպես նա արտասվեց: Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էլ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, եւ էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, եւ նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է եւ էլ երբեք չի գտնվի: Այդ ամենը մնաց փոքրիկ պատահականություններից հյուսված դարերի խորքում, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց բերումով նա նստեց կողքիս, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց բերումով նստեցի այնտեղ՝ նրան սպասելու:
Նա եկավ ու նստեց կողքիս, եւ ես հասկացա, որ այդ բոլոր տարիներին նրան եմ սպասել, բայց երբ Թոփքիայում նա իջավ ավտոբուսից, ես մնացի նստած ու երեք օր հետո արդեն Նյու Յորքում էի:
Ահա եւ ամենը, չմոռանամ, որ ինձանից մի բան դեռեւս այնտեղ է՝ ամերիկյան այն հեռավոր տաք գիշերվա գրկում:
Երբ ցերեկվա խավարին փոխարինեց գիշերվա խավարը, ես դրեցի գլխարկս ու դուրս եկա տանից: Մեգ-մշուշի մեջ բռնեցի քաղաքի ճամփան, եւ սիրտս հավատարիմ, անմռունչ շան պես հետս եկավ:Քաղաքում հանդիպեցի մի քանի մեռյալների, որոնք իմ ընկերներն էին, եւ ամենասրտակեղեք հեծեծանքից էլ դառն ու մահահունչ ծիծաղը շրթներիս՝ մենք կերանք, խմեցինք, խոսեցինք ու երգեցինք, բայց մտքումս միայն նրա քնքուշ լացն էր, որովհետեւ փոքրիկ պատահականություններից հյուսված տարիները մեր ճամփաները խաչաձեւել էին, եւ իմ խեւ սիրտը շշնջում էր ինձ, որ մնամ նրա հետ ու չգնամ ոչ մի տեղ, իմ խեւ սիրտը շշնջում էր, որ գնալու տեղ չունեմ:

Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ
Վիլյամ Սարոյան | Այն հեռավոր գիշերը Վիլյամ Սարոյան | Այն հեռավոր գիշերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:55:00 Rating: 5
Технологии Blogger.