Վիլյամ Սարոյան | Գնացքները


Նա այդպես ժամերով կանգնում էր պատուհանի առջև և մոռացած ամեն ինչ, ավելի շուտ քնատ, քան արթուն, նայում էր անթարթ, սևեռուն հայացքով։ Նրան հանգիստ չէր տալիս անտնության զգացումը, իսկ սեփական տանը լինելու փաստն ավելի էր շեշտում այն։ Այդ տանը աշխարհ էր եկել և ապրել իր կյանքի առաջին տասնյոթ տարիները։
Հունիսից մինչև սեպտեմբեր, արդեն չորս ամիս, տանն էր, բայց դարձյալ անտուն էր զգում իրեն, չնայած հիանալի ամառային եղանակին, վաղուց ծանոթ վայրերին, ծերացած, բայց միշտ անփոփոխ ու հարազատ դեմքերին, ամառային հրաշք երկնքին և ամառային բույրերին, որ առաջին իսկ շնչից զվարթացնում էին ու խտտում հոգին, չնայած անհեթեթ քաղաքի անհեթեթ ձայներին, խղճուկ պուրակների շատրվաններին, չնայած առավոտի, կեսօրվա և իրիկնային քաղաքի խժբժոցին, որը հետո կամաց-կամաց մարում էր, և փողոցները դառնում էին սառն ու ամայի։
Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն՝ չնայած այդ քաոսային և երբեմն էլ ծիծաղելի տունն ամեն վայրկյան կողքին էր, իր հետ։ Անհրապույր շրջապատն ավելի էր խորացնում նրա ներքին տագնապը, և մի երազային, սառն անտարբերություն ու անկարողություն էր արթնանում հոգում։

Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր։ Տունը տուն չէր, ամեն ինչ առաջվանն էր, բայց ինքն օտար էր։ Մենակ էր։ Կամաց-կամաց հոգին թաղվում էր խավար լռության մեջ և, երբ քնում էր՝ քնած չէր, իսկ երբ զարթնում էր՝ արթուն չէր։
Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որը ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում, դժվարանում էր խոսել իր նկարների մասին, իսկ կտավները կորցրել էին իմաստային խորությունը, գծերի հստակությունն ու պարզությունը։
Երեկոյան դուրս էր գալիս, որ մեկի հետ հանդիպի, խոսի, բայց թափառում էր քաղաքում, նստում որևէ սրճարանում ու նորից համր լռությամբ վերադառնում իր երկու սենյականոց բնակարանը։ Եվ զարմանալին այն էր, որ այդպիսին էր նաև խմած ժամանակ, երբ սովորաբար դառնում էր սրամիտ, շատախոս ու բարյացակամ։
Մի օր ճոճվելով մի էժանագին հասարակաց տուն մտավ։ Աղջկա հետ բարձրացավ սենյակ, ապուշ հայացքով զննեց նրան, բարձր ծիծաղեց ու խոնարհվելով ներողություն հայտնելուց հետո երկուսի փոխարեն տվեց երեք դոլար և կրկին ճոճվելով դուրս եկավ տնից։
Հիմա, դրանից անթիվ ժամեր, օրեր ու գիշերներ հետո, նա միայն մխիթարվում էր պատուհանից ժամերով գնացքներին նայելով։ Փողոցի մյուս կողմում Սանտա Ֆե կայարանն էր, և այդ իրողությունը, թեպետ ինքը դեռ չէր գիտակցում, չափազանց հաճելի էր, որովհետև այդտեղ ամեն ինչ շատ էր մոտ հեռանալուն։
Նա տխրում էր, երբ գնացքները մեկնում էին, իսկ դրանց ժամանումից հրճվում էր ու ամեն անգամ փորձում էր պարզել, թե ովքեր են գնացքից իջնող մարդիկ, որտեղից են գալիս և ինչու են եկել այս քաղաքը։ Եվ այսպես՝ ամեն անգամ։
Մի օր փոքրիկ, սև ճամպրուկով մի աղջկա տեսավ կառամատույցում։ Աղջիկն այնքան մենակ էր ու վախվորած, որ ցանկացավ ձայն տալ, իջնել նրա մոտ, ժպտալ ու ասել. «Իմ անունը Ջո Սիլվերա է։ Ծնվել եմ այս քաղաքում, բայց տասնյոթ տարեկանում հեռացել եմ ու յոթ տարի հետո վերադարձել, չորս ամիս է, ինչ տանն եմ։
Դիմացի փողոցում եմ ապրում։ Նկարիչ եմ։ Արի գնանք տուն, կհանգստանաս, հետո գինի կխմենք»։
Դուրս եկավ փողոց, բայց աղջիկն անհետացել էր։ Հետո ամբոխի մեջ որոնելով նրան՝ վերուվար արեց Թուլր փողոցով, իսկ հաջորդ օրը ոտնատակ տվեց ամբողջ քաղաքը, և դեռ մի շաբաթ հետո էլ մտածում էր, թե ուր կարող էր կորչել նա։
Դատարկությունը ճնշում էր նրան, ճնշում էր ամենաահավոր ձևով։ Սակայն բանականությունը դեռևս հերիքում էր, որ լիովին չպարտվի, այլ միայն համակերպվի, զգա, հասկանա այն, թեկուզ և սոսկ հետաքրքրությունից։ Միայն փախուստը կփրկի այս ամենից, փախչել, թողնել ամեն ինչ ու գնացքով հեռանալ։ Յոթ ժամից կլինի Սան Ֆրանցիսկոյում, ուր անտունությունը կատարյալ կլինի, հաղթահարելը՝ դյուրին, և առավել դյուրին համակերպվելն ու մոռանալը։ Նա գիտեր, թե որքան փոքր էր աշխարհը, եղել էր աշխարհի ամենագրավիչ քաղաքներում, ուր երազում են լինել բոլոր գավառաբնակ տղաները, բայց քչերին է հաջողվում։ Գիտեր նաև, որ այդ քաղաքներում հայտնվելը զուտ գնացքների կամ նավերի չվացուցակների խնդիր է, իսկ փող չունենալու դեպքում կարելի է պատահական մեքենայով, բեռնատար գնացքով կամ նավով գնալ։ Սրանք բոլորը սուտ բաներ էին։ Քաղաքներն ամենևին էլ գրավիչ չէին։ Իսկ բնակիչները նման էին բոլոր մյուս քաղաքների, ինչպես և այս քաղաքի բնակիչներին։
Իսկ միգուցե իրո՞ք տրվի այդ դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ։ Մարդիկ են ջանում այդպիսին տեսնել աշխարհը, ինչպես և տունը։ Իսկ եթե տունը որոշակի մի վայր է, ապա ինքն անշուշտ տանն է։ Բայց տունը սոսկ վայր չէ, այլ բազում նուրբ, մշտապես փոփոխվող վիճակների ու ռիթմերի, զարգացումների ու արժեքների հարաբերություն է ընտանիքի ներսում կամ երկուսի միջև, որ կարող էին լինել ինքն ու այն կայարանի աղջիկը կամ Վիեննայամ ապրող իր ընկեր Օտտո Բենրան։
Միգուցե ամեն ինչ այդպես էր կամ ամենևին էլ ոչ այդպես։ Միգուցե իր միտքն էր պատրանքներ կերտում։ Նա վախենում էր պատրանքներից, վախենում էր այն մտքից, որ տունը մարդու համար շարժում է, ճանապարհորդություն, և ափսոսում էր դրա համար։
Զգում էր, մոտեցել է վճռելու պահը, բայց չգիտեր՝ կմնար թե կգնար։ Երկուսից մեկը, իսկ նա ուզում էր մնալ։ Մնալ այս հովտում ու նկարել, մնալ երկար ժամանակով։ Հեռանալով հովտից՝ նա ասես ավելի էր մոտենում մահվանը և ամբողջ ուժերը լարում էր, որպեսզի մահը մի փոքր ավելի հեռացնի իրենից։ Բայց ուժերն այդպես վատնելը իմաստ չուներ։
Գնացքները գալիս էին ու գնում։ Իսկ նա նայում էր, թե երբ են հարավից հայտնվելու Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքների նեղ վագոնները։ Լսում էր նրանց ժամանման սուլոցը, որ մարմնական ու հոգեկան ցավերով բռնված, տառապանքով ու հուսալքությամբ լեցուն մարդկային ճիչ էր հիշեցնում։ Լսում էր անիվների ճռինչը, տեսնում վերջին պահերի իրարանցումը. հոգնած գնացքը ծխի ու գոլորշու միջով տխուր ու դանդաղ սահում էր, ու վերջապես հասնում էր հանգստի երազած պահը։ Գնացքները չեն թափառում մարդկային հոգու պես, այլ նորից շարժվում են, գյուղից գյուղ անցնում, քաղաքից քաղաք, հորիզոնից հորիզոն, եղանակից եղանակ։ Իսկ հոգին անհեթեթ, բայց վեհ կոչումների՝ կյանքի իմաստի, մահապարտության, անմահության և Աստծո գաղափարի որոնումների մեջ է մշտապես։ Երևի մարդիկ այս ամենը մի մեծ ու պայծառ քողի տակ են տեսնում, դառնորեն մտածում էր նա։
Ամբողջ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին տաք ու հաճելի օրեր էին։ Բայց տագնապն ու վարանումը հանգիստ չէին տալիս նրան, մյուս կողմից էլ կարծես ներքին մի ուժ հարձակման մղեր, թերևս դա էր փրկության միջոցը։ Բայց ոչ, նա համոզված էր, որ ամեն ինչ կարող էր հաղթահարել միայն ֆիզիկական լարումով ու խմիչքով, ոչինչ, որ մի քիչ էլ լկտի ու կռվարար կդառնար։
Օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին հովտում հրաշալի եղանակներ էին, բայց նրա համար միևնույն էր։
Կարծես կալանավոր լիներ, թեև զգում էր, որ վերջնական փախուստը շատ հեշտ է լինելու, և՝ ոչ տևական։
Բայց սեպտեմբերյան մի կիրակի արդեն համոզված էր, որ եկել է վճռելու պահը։ Կամ մնալ ու ավելի մթնդել հուսահատության ու անգործության խավարի մեջ, կամ ճանապարհ որոնել դեպի լույսը, իսկ միգուցե հեռանալ գնացքով, փախչել ու տնտղել աշխարհը։ Այս վերջինն ամենահեշտն էր ու ցանկալին։
Առավոտյան վեցին նա արդեն արթուն էր, նայում էր մարդատար գնացքներին։ Հետո դուրս եկավ տնից ու քայլեց փողոցներով՝ դիտելու քաղաքի կիրակնօրյա անիմաստ դեմքը, ռւնկնդրելու նրա տրտմալից հանդարտությունը։
Մարիփոզա փողոցի հունական ռեստորանում նախաճաշելուց հետո դուրս եկավ, շրջեց քաղաքում ու մտավ Բրոդվեյի «Ուայթ Ֆաուն» գինետուն՝ գարեջուր խմելու։ Այդտեղի գարեջուրը միշտ սառն է լինում։
Բավական խմել էր, երբ անսպասելիորեն ձայն տվեց բարապանին.
- Հեյ, Մաք, վեց շիշ գարեջուր բեր։
- Որքա՞ն,– հարցրեց բարապանը։
- Վեց չէ, ավելի լավ է՝ յոթ։ Յոթ շիշ գարեջուր։
- Մեկ-մե՞կ,– հարցրեց բարապանը։
- Չէ՛,– բղավեց նա,– միանգամից։
Այլևս ամեն ինչ վճռված էր, զգում էր, որ կամաց-կամաց սթափվում է ու հանկարծակի արթնացածի պես ժամանակ առ ժամանակ ցնցում էր գլուխը։
- Ամսի քանի՞սն է,- բղավում էր նա։ -Ո՛՞ր տարվա։ Ո՞վքեր են ապրում քաղաքում։ Ի՞նչ արտառոց դեպք է կատարվել այս օրերին։
Եվ այսպես շարունակ։
Արդեն կեսօր էր, գարեջրի ջերմությունից շառագունած դեմքով ու փոքր-ինչ ճոճվելով նա դուրս եկավ սրահից։ Կարծես թե լցվել էր բարյացակամությամբ, դարձել հմայիչ և ամեն կերպ ջանում էր բարեկիրթ երևալ։ Ու երբ մոտենում էր հեռագրասյուներին, ողջունում էր խոնարհվելով, ծամածռում էր դեմքն ու քստքստացնում կրունկները։
Ամեն ինչ հրաշալի էր ու թեթև, նույնիսկ օրը ցերեկով խելքը թռցնելը։
Հետո քայլերն ուղղեց դեպի Հաուզ այգին, մոտեցավ պայտ խաղացողներին ու նրանց մարտի հրավիրեց։
Խաղը չափազանց զվարճալի էր։ Իսկ հետո, երբ անսպասելիորեն սթափվեց ֆիզիկական լարումից, ամաչեց արածի համար և դարձավ ներողամիտ։
Խմած ժամանակ հետաքրքիր խաղ էր ստացվում։ Մեկ շատ հեռու էր նետում, մեկ էլ շատ մոտ։
Այս ամենը չափազանց զավեշտական էր։ Իսկ հետո, երբ սթափվեց ու ամեն կերպ ջանում էր ճիշտ նստել, ամենևին էլ զվարճալի չէր։
Խաղը չառաջացրեց այն մեծ ոգևորությունը, որ կարող էր խմած ժամանակ ունենալ։ Նա խաղացողներին շնորհակալություն հայտնեց և հեռացավ, բայց եթե գլուխը տաք լիներ, կասեր, որ իրենից խաղալ սովորեն։
Հետո մտավ զբոսայգի, մեկնվեց մագնոլիայի ծառերից մեկի տակ և դեմքի տխուր ու ձանձրացած արտահայտությամբ քնեց մինչև առավոտ։
Թվում էր, թե անթիվ օրեր ու գիշերներ, շաբաթներ ու նույնիսկ ամիսներ է քնել, բայց երբ արթնացավ, ժամը չորսն էլ չկար։ Նստեց, հորանջելով բացեց աչքերն ու շշմած նայեց շուրջը։ Կողքին աղջիկ էր։ Նրան թվաց, թե դեռ քնած է ու նորից ցնցեց գլուխը։ Աղջիկը նստած էր խոտերի մեջ, նույնիսկ ծառի տակ՝ ճիշտ իր կողքին, և անկասկած քնած ժամանակ իրեն էր նայել։
- Ողջույն,– ասաց նա առանց մտածելու, նույնիսկ անժպիտ, կարծես թե աշխարհին կամ էլ ոչ մեկին դիմեր։
- Ողջույն,– պատասխանեց աղջիկը։
Հետո, անակնկալից շփոթված, նորից փռվեց ու փակեց աչքերը։ Եվ փակ աչքերով ասաց.
Անունս Ջո է։ Մի փոքր անց, ուղղակի որպես սրամտություն ավելացրեց,– Ես նկարիչ եմ, մեծ նկարիչ։
Նստեց ու նորից բացեց աչքերը։ Հիմա արդեն լիովին արթուն էր։ Աղջիկն իրական էր։
Նա լավիկն էր, ճիշտ է՝ այնքան էլ գեղեցիկ չէր, բայց կոկիկ էր, բարետես, սիրուն ձեռքեր ուներ։
Աղջիկը ժպտում էր։ Երևի այս այգին գիշերները հաճախող փչացածներից է, եկել է հանգստանալու, մտածում էր Ջոն։ Բայց աղջիկը չէր քսմսվում, և նա մտածեց, որ սխալվում է։
Ջո Սիլվերա,– ասաց տղան։ -Ապրում եմ այս դժոխքում, ինչ կարող եմ անել իմ ծննդավայրն է։ Դո՞ւք էլ եք այս քաղաքից։
- Ոչ,– պատասխանեց աղջիկը։
- Իսկ որտեղի՞ց եք։
Աղջիկը մի պահ վարանեց, մտածեց ու ասաց.
Միևնույն չէ՞, թե որտեղից։ Միգուցե Տեխասից։ Այո, Տեխասից։
- Ես միշտ սիրել եմ Տեխասը։
- Ամենուր էլ լավ է։
- Եթե...եթե՞,– շարունակեց Ջոն։
- Եթե փող ունես կամ աշխատանք,– պատասխանեց աղջիկը։
- Ճիշտ է,– ասաց Ջոն։ -Գիտես, շատ սոված եմ։ Արի նախաճաշենք միասին, իսկ հետո կշարունակենք մեր զրույցը։
Աղջիկը նորից վարանեց։
- Ռեստորանում,– ավելացրեց Ջոն։ «Մեկը հարցներ, թե ինչո՞ւ է նա ձևեր թափում,– մտածում էր նա,– երբ օգնեմ բարձրանա՝ անպայման կհամբուրեմ»։
- Լավ,– համաձայնեց աղջիկը։
Ջոն ոտքի կանգնեց, որ օգնի նրան, և երբ փորձում էր համբուրել, աղջիկը կքվեց՝ բարձրացնելու պայուսակը։ Նա կռահել էր Ջոյի մտադրությունը։
Աղջիկը շատ էր քնքուշ, դեմքը թովիչ էր ու մեղմ։ Վաղորդայնի լույսերի մեջ նա սքանչելի էր, թերևս հենց այդպիսին էլ պիտի լիներ սեպտեմբերյան մի ոսկե առավոտ քաղաքային զբոսայգում արթնացած յուրաքանչյուր մարդու համար։ Իսկ կազմվածքն իրոք որ լավն էր։
Ջոն զգում էր, որ սրանք վաղանցուկ պատրանքներ են, բայց նա հիացած Էր։ Աղջիկն այնքան արտասովոր էր, այնքան բաղձալի. թերևս մոտենում էր այն պահը, որ պիտի սթափվեր իր թափառուն մտքերից, հոգին լցվեր բերկրանքով ու գոհունակությամբ և ոտքերի տակ զգար հարազատ տունը։
Նա այնքան էլ չէր հավատում աղջկա խոսքերին, բայց համոզված էր, խորապես համոզված, որ նրա հայտնությամբ արտասովոր շրջադարձ է կատարվելու իր կյանքում, և հովիտը նորից դառնալու է իրենը։ Այս ամենը շատ էր բաղձալի։
Հրաշալի երեկո անցկացրին միասին։ Գինին առատ էր, դանդաղ ուտում էին, մեղմիկ զրուցելով՝ ծիծաղում, և աղջիկը կամաց-կամաց խենթացնում էր նրան։ Ոչ մեծ դժվարությամբ Ջոն նրա մասին իմացավ այն ամենը, ինչ կցանկանար իմանալ, և համոզված էր, որ կգա Սանտաֆե կայարանի դիմացը գտնվող իր բնակարանը։
Աղջկան ցույց կտա իր նկարները, հետո կկանգնեն պատուհանի մոտ ու կնայեն գնացքներին, և այս ամենից հետո արդեն պարզ կդառնա՝ կմնա քաղաքում, թե ոչ։
Առավոտյան Ջոն զգում էր, որ պիտի կայացնի իր որոշումը, բայց նրան միշտ թվացել էր, թե դա սոսկ իր գործն է, իսկ հիմա այդ աղջկա ներկայությունը անսպասելի էր, և չափազանց հափճեփ նրա միջամտությամբ որոշելը:
Նկարներն այնքան էլ դուր չեկան աղջկան և երբ հարցրեց, թե ինչի՞ մասին են դրանք, Ջոն պատասխանեց.
- Ամեն ինչի մասին։
Հյուսիս, Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքի սուլոցը լսելով՝ նա աղջկան ուղեկցեց դեպի պատուհանը, և նրանք դիտեցին, թե ինչպես գնացքը մոտեցավ կառամատույցին ու կանգնեց։
Աղջիկը կողքին էր, իրեն շատ մոտ, Ջոն լուռ էր։ Հուզմունքից հոգին փոթորկվում էր՝ տեսնես ինչ է մտածում նա այս սովորական դեպքի մասին, որն իր համար իմաստավորվել էր, դարձել սրտառուչ։ Միայն թե աղջիկը ոչինչ չասի, սոսկ շրջվի և մի գոհունակ հայացք նետի, և ինքը կառնի նրան իր թևերի մեջ, կհասկանա, որ այս քաղաքն իրենն է և անձկորեն կերազի, որ հաջողությունն այսպես շարունակվի։
Ջոն վախվորած սպասում էր ու չէր հանդգնում խոսել։
Անսպասելիորեն աղջիկը հեռացավ պատուհանից ու առանց շրջվելու ասաց.
Գնացքները երևի շատ աղմուկ են հանում, չէ՞։
Ջոն նստեց ու վառեց ծխախոտը։
Դրսից լսվում էր գնացքների սուլոցն ու անիվների դղրդյունը, և հանկարծ նա այնպես ցանկացավ գնացքում լինել, ճանապարհին, այս տնից հեռու։
Ջոն մոտեցավ պատուհանին և հայացքը հառեց դեպի հյուսիս մեկնող գնացքին։
Տխրամած սուլոց արձակելով, գնացքները հեռանում էին, և նրանց դղրդյունից սենյակը ցնցվում էր։
Շուտով սենյակում կրկին լռություն էր տիրում, գնացքն այլևս չէր երևում։
Ջոն նստեց ու ժպտում էր աղջկան, հետո սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Աղջիկը ոտքի կանգնեց՝ երևի ուզում էր մոտենալ Ջոյին։
Գնո՞ւմ ես,– հարցրեց Ջոն։
Աղջիկն այդ մասին չէր էլ մտածել։
- Մեքենայով ճանապարհե՞մ,– շարունակեց Ջոն։ - Շնորհակալ եմ, քեզ հետ հաճելի էր զրուցելը։
Երբ աղջիկը հեռացել էր, Ջոն վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարները, առավոտյան ժամանակ չէր լինի։

Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ
Վիլյամ Սարոյան | Գնացքները Վիլյամ Սարոյան | Գնացքները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:15:00 Rating: 5
Технологии Blogger.