
Բայց ինչպե՞ս սովորել նկարել:
Ընդամենը բակալավր դառնալու համար անհրաժեշտ է 10 տարի սովորել. Այդ տարիների ընթացքում
աշակերտական նստարանին գամված և խիստ հսկողության տակ գտնվող դպրոցականներից շատերը
հազիվ որոշ սահմանափակ գիտելիքներ են ստանում անտիկ հեղինակների վերաբերյալ: Որտեղի՞ց
վերցնել այն ժամանակը, որ անհրեժեշտ է նկարչության տևական ուսումնառության համար, որը
խլել է խոշորագույն վարպետների բովանդակ կյանքը, ընդսմին՝ երբևիցե մեթոդի բացակայության
պարագայում: Հիրավի, նկարչություն սովորելու համար ոչ մի մեթոդ գոյություն չունի. գեղանկարչության
դպրոցի սանը ո՛չ գրքերում և ո՛չ էլ ուսուցչի խորհուրդներում չի գտնում տարրական գիտելիքների
կամ շարահյուսության հիմունքների նկարչական անալոգը: Լավագույն ուսուցիչը (իսկ այդպիսին
կլինի նա, ով մի կողմ կթողնի հնամոլության հաստատած բոլոր անպտուղ պարապմունքները)
կկարենա միայն աշակերտի առջև դնել մի մոդել և ասել, որ այն ընդօրինակի ինչպես կարող
է: Բնության ճանաչողությունը, որ երկարատև փորձառության արգասիք է, կայացած նկարիչներին
մի տեսակ վարժեցնում է այն հնարանքներին, որոնք կիրառում են նրանք՝ հաղորդելու համար
տեսածը. բայց բնազդը նրանց համար շարունակում է մնալ իբրև ավելի վստահելի ուղեցույց,
քան հաշվարկը: Ահա թե ինչու մեծ վարպետները պատվիրաններ չեն տվել այն արվեստի վերաբերյալ,
որտեղ այնքան հաջողությամբ հանդես են եկել իրենք: Նրանք ապավինել են Աստծո միջամտությանը,
որը նրանց բոլորի համար եղել է բոլորի խորհրդատուներից լավագույնը: Գրեթե ոչ մեկը նրանցից
հարկ չի համարել թողնել գեթ որևէ փախանցում: Ալբրեխտ Դյուրերը անդրադարձել է միայն
համամասնություններին. բայց դրանք մաթեմատիկորեն առնված ու կամայական հիմքից բխած չափումներ
են, և բնավ այդ ոլորտում չէ գծանկարը: Լեոնարդո դա Վինչին, ընդհակառակը, «Գեղանկարչության
մասին» տրակտատում գրեթե միայն հայտնի ճշմարտություններ է հաղորդել. մի նոր ապացույց
մեր համոզումների: Այդ համապարփակ հանճարը և մեծ երկրաչափը իր գիրքը դարձրել է սոսկ
դեղատոմսերի ժողովածու:
Միշտ էլ եղել են համակարգելու
ունակ ուղեղներ, էլ չեմ խոսում նկարչության շարքային ուսուցիչների մասին, որոնք ընդվզել
են գիտության անզորության դեմ: Նրանցից ոմանք նկարել են շրջանագծերով, ոմանք էլ՝ քառակուսիներով.
Նրանք ձեռք են զարկել ամենաանսպասելի միջոցների: Բայց ոչ մեկի գլխում չի ծագել տիկին
Կավեի արտահայտած պարզ գաղափարը՝ նույն այդ պարզության պատճառով: Սովորել նկարել, ասում
է նա, նշանակում է սովորել ճիշտ տեսնել. շատ էլ կարևոր չէ, թե ինչպիսին կլինի շարժիչը,
որ ձեր ուսուցիչն է, ամենից առաջ պետք է սովորել ճիշտ տեսնել. միտքը և անգամ զգացումը
հետո միայն կգան:
Էժեն Դելակրուա | Նկարչության ուսուցման մասին | հատված
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 18, 2017
Rating:
