Հակոբ Պարոնյան | Երկու տերով ծառա մը | համառոտ


Կակերգությունը բաղկացած է երկու արարվածից, որոնք կատարվում են մեծ սրահում՝ երկու կողմը սենյակներով: Անձինք են վաճառական Անտոնը, նրա դուստր Մարգրիտը, սեղանավոր Թեոփիլեն, վերջինիս հորեղբորորդին Երվանդը, միաժամանակ թե´ Անտոնին, և թե´ Թեոփիլեին ծառայող Կոմիկը և նրա մայր Բիրաբը

Առաջին արարվածում Կոմիկը նստած է աթոռի վրա: Գալիս է մի տերը՝ Անտոնը, փնտրելով և կանչելով ծառային: Անտոնը հարցնում է պարտատերների մասին: Կոմիկը բոլորին վռնդել է՝ ոմանց քաղաքավարությամբ, ոմանց անքաղաքավարությամբ, ոմանց խստությամբ, ոմանց էլ մեղմորեն: Տերը գոհ է ծառայից, չնայած նա երբեմն բարկացնում է իրեն և անգամ մտածում է, որ Կոմիկին կարելի է ամուսնացնել իր դստեր հետ: Խնդրում է, որ սա կրակ բերի: Ծառան գնում է, վերադառնում առանց կրակի, հետո հիշում է, որ գրպանում լուցկի կա, որը գնել էր կանթեղը վառելու համար, Անտոնի կնոջ հոգին ավանդած գիշերը: Անտոնը հիշում է հանգուցյալ կնոջը, լաց լինում: Խորամանկ ծառան տիրոջը խորհուրդ է տալիս գնալ, մի քիչ քնել: Սա գնում է: Գալիս է մյուս տերը՝ Թեոփիլեն: Կոմիկը միշտ ճարպկորեն կարողանում է այնպես անել, որ մի տերը գնա, նոր միայն մյուսը գա: Այսպես ոչ ոք գլխի չի ընկնում, որ նա երկու տիրոջ է ծառայում: Թեոփիլեն նամակ էր տվել, որ Կոմիկը հանձներ ոմն օրիորդի: Նամակը տվել է, պատասխանը պիտի գրեն, բերեն: Թեոփիլեն հարցնում է հորեղբոր որդու՝ Երվանդի մասին: Երվանդի հայրը մահացել է, նրան պահում է Թեոփիլեն: Կոմիկը ասում է, որ Երվանդը սիրահարված է Մարգրիտին: Թեոփիլեն այդ մասին չգիտեր, կարգադրում է Կոմիկին, որ սա բոլոր լուրերն այդ մասին հայտնի իրեն: Կոմիկը ողբում է իր վիճակը, անընդհատ աշխատում է, հազիվ մի տերը քնում է, մյուսն է արթնանում, անտանելի վիճակ է, մեկին մխիթարում է, մյուսին շողոքորթում, բայց զարմանալին այն է, որ հազիվ մորն է կարողանում հոգալ: Եթե մի տեր ունենար, մայրը պիտի մեռներ անոթի: Գալիս է Մարգրիտը, խնդրում է Կոմիկին իրեն մենակ թողնելՊետք է հանդիպի Երվանդին: Վերջինս շուտով գալիս է: Կոմիկը միջամտում է, թույլ չի տալիս, որ երիտասարդ սիրահարները զրուցեն: Ինքն էլ է սիրում Մարգրիտին և հավակնություն ունի ամուսնանալու վերջինիս հետ: Չի թողնում, որ Մարգրիտը խոսի, ասում է Երվանդին, որ օրիորդը խնդրել է մենակ մնալ, հակառակ դեպքում ինքը պիտի կանչի Անտոնին: Խեղճ Երվանդը հեռանում է: Մարգրիտը բարկանում է Կոմիկի վրա, որ սա խառնվում է իր գործերին: Կոմիկը դժվարությամբ խոստովանում է, որ ինքը սիրում է Մարգրիտին: Մարգրիտը կշտամբում է ծառային ու գնում: Գալիս է Կոմիկի մայրը: Նա էլ չգիտի, որ որդին երկու տեր ունի: Կոմիկը փաստարկում է՝ ասելով, որ եթե տերը կարող է ունենալ տասը ծառա, ուրեմն ծառան էլ կարող է ունենալ երկու տեր: Հայտնում է մորը իր սիրո մասին, բայց աղջիկը ատում է իրեն: Մայրն ասում է, որ բռնությամբ չի կարող նրան ստիպել սիրել, պետք է սիրտը գրավել: Մարգրիտն ու Երվանդը հանդիպում են, զրուցում են: Բարկացած են Կոմիկի վրա: Նորից է հայտնվում Կոմիկը, ուզում է միջամտել, բայց նրան կանչում են: Երվանդը գնում է, գալիս է Անտոնը: Մարգրիտը բողոքում է Կոմիկից, ասում, որ նա ապուշ է, անկիրթ, կամակոր: Հայրը զարմացած է, նա նրան լավ ծառա է համարում և անգամ ուզում է ամուսնացնել դստեր հետ: Դա անկարելի բան է, Մարգրիտը սիրում է Երվանդին: Հայրը կխորհի այդ մասին: Գնում են ճաշելու: Երվանդը առանձին կշտամբում է Կոմիկին, որ սա չթողեց հանգիստ զրուցել Մարգրիտի հետ: Կոմիկն ու Բիրաբը նրա մոտ են, բայց Երվանդը այս անգամ չի բարկանում: Կոմիկը արդեն երևակայում է, թե իրեն հարգում են ու մեծարում: Մոր հետ գնում են ճաշելու: Երկրորդ արարվածում զրուցում են Կոմիկն ու մայրը: Կոմիկը մտադիր է Երվանդին էլ ամուսնացնել մոր հետ, թեև մայրը 60 տարեկան է: Իր ծրագրերը իրականացնելու համար Կոմիկը Թեոփիլեին հավաստիացնում է, որ Երվանդը այնպես է սիրում Մարգրիտին, որ նրան հիշելուն պես, խելքը կորցնում է և այսպես շուտով կկործանվի, ուստի նրանց պետք է բաժանել, և ինքը ստիպված կսիրի Մարգրիտին, որ փրկի Երվանդին: Թեոփիլեն որոշում է նամակ գրել Անտոնին, և հասկացնել ամեն բան, որպեսզի ազատեն Երվանդին: Անտոնին Կոմիկը որոշում է այլ կերպ խաբել: Նրան ասում է, թե իբր Երվանդը ատում է Մարգրիտին, և պետք է ճար գտնել սիրահարված աղջկան ազատելու համար: Առաջարկում է, որ եթե Մարգրիտը սիրել է ցանկանում, ահա ինքը պատրաստ է, կփրկի նրան՝ զբաղեցնելով Երվանդի տեղը: Անտոնը, սակայն, անհավանական է համարում, որ Երվանդը Մարգրիտին չսիրի և կարգադրում է նրանց երկուսին իր մոտ կանչել: Երբ Երվանդն ու Մարգրիտը գալիս են Անտոնի մոտ, պարզվում է, որ նրանք սիրում են միմյանց և ցանկանում են ամուսնանալ, և այս ամբողջ թյուրիմացությունն առաջացել է Կոմիկի խարդախությունների պատճառով: Այս ընթացքում Թեոփիլեն Անտոնին գրած նամակը տալիս է Կոմիկին, որ սա բերի Անտոնին: Կոմիկը կարծում է, թե ամեն բան ընթանում է իր ուզածով: Մորը կարգադրում է անուշեղեններ գնել իր հարսանիքի համար: Հետո գալիս է ու տեսնում, որ Երվանդն ու Մարգրիտը միասին են: Անտոնը պատժում է նրան, բարկանում, կշտամբում և վռնդում: Կարգադրում է, որ հանի շորերը: Կոմիկին կանչելով գալիս է Թեոփիլեն: Տեսնում է, որ իր ծառային պատժում են: Բացահայտվում է, որ Կոմիկը նաև նրան էր ծառայում: Թեոփիլեն ևս հրաժարվում է խարդախ ծառայից և վռնդում նրան: Սիրահարները երջանիկ են: Գալիս է Բիրաբը անուշեղեններով և տեսնում է մերկ որդուն: Սա ասում է եղելությունը: Կոմիկը պատվիրում է վաճառել շաքարեղենները, որպեսզի ուտելու հաց ունենան, սակայն մայրը չի կարող վաճառել: Կոմիկի հարցին, թե ինչ են անելու, մայրը պատասխանում է. «Անոթի մնալու ենք. ահա այս է երկու տերանց ծառայություն ընողներուն վերջը. իմ թշվառությանս ալ պատճառ եղար»: Կոմիկը գնում է գլուխը կախ՝ մտածելով իր դժբախտության մասին:   

Հակոբ Պարոնյան | Երկու տերով ծառա մը | համառոտ Հակոբ Պարոնյան | Երկու տերով ծառա մը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:19:00 Rating: 5
Технологии Blogger.