Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում XI


Նա թարգմանիչն է ձեր այն (ինչերի՞),
Որ չեն հասցըրել անգամ մի՛տք դառնալ,
Այլ ընդամենը շարժում են հոգու,
Խաղ են մկանի
Կամ արյունի եռք...

Նույն ինքը նա է,
Որ լաց է լինում
Խաղալիք ուզող ձեր երեխայի
Անմեղ աչքերով,
Եվ ժպիտ դառնում
Ձեր նորածինի երեսի վրա...

Թեպետ չգիտի ճամփան էլ ձեր տան
Եվ ո՛չ մի անգամ չի եղել այնտեղ,
Բայց ձեզ այնքան է բարեկամ ներքուստ,
Որ նրա վրա նույնիսկ չի հաչի
Ձեր զգոն շունը...

Նա ձեր փոխարեն
Ձեր երազներն է տեսնում քնի մեջ...

-Այդ... ե՜ս եմ որ կամ:

31.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում XI Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում XI Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:27:00 Rating: 5
Технологии Blogger.