Պարույր Սևակ | Իրերի բարությունն ու չարությունը


Կարծում եք, թե մե՞նք, մե՞նք ենք մտովին
Լուռ մենախոսում մեն-մենության մեջ:
Ո՛չ.
Մինչև անգամ մեր լռին խոսքում
Իրերն են մեզ հետ զրուցում անվերջ,
Այդ բարինե՜րը,
Որովհետև մեզ խղճում են նրանք:
Եվ այդ պահերին
Կենդանանում է
Ու շնչավորվում ամեն իր այնպե՛ս,
Որ մինչև անգամ մենության մեջ էլ մեզ մենակ չզգանք
Եվ չապրենք կիսատ ու պռատ կյանքով:
Նրանք բարի են
Ու խղճում են մեզ`
Մեն-մենակներիս:


Եվ մենակության այդ պահերին է,
Որ մենք չենք ցրվում չորս կողմի վրա`
Սալահատակին վերևից ընկած կույր կաթիլի պես,
Այլ ներամփոփվում,
Կենտրոնաձգվում ձախից ու աջից
Եվ ստանում ձևն ա՛յն մսե խաչի,
Որ ունի մարդը,
Եթե փորձում է թռչել կամ լողալ:

Իսկ մենության մեջ մարդն ի՜նչ էլ անի
Թռիչք չէ՞ կամ լող:
Իսկ մենության մեջ` լողա՜ս թե թռչե՛ս,
Մե՜կ է` չլռել չե՛ս կարողանա...

Ու լռությունը,
Որ համատարած մի ականջ է լոկ
Եվ ունի միայն մե՛կ զգայարան` լոկ լսողություն,
Այդ լռությունը ուռչում է անվերջ,
Ասես մանկական փուչիկի նման,
Լցվելով ուռչում-ուռչելով լցվում
Մեր անլսելի խոսք ու զրույցով
Ու հետզհետե դառնում վիթխարի՜ մի օդապարիկ,
Որ եթե հանկարծ կամենա պոկվել`
Մե՛զ էլ, մեր տո՛ւնն էլ վերև կհանի
Ու-թի՜ռ-կտանի՛...

Բայց լռությունը,
Որ համատարած մի ականջ է լոկ,
Եվ ունի միայն մե՛կ զգայարան` լոկ լսողություն,
Որքան ուռչում է` թանձրանում նույնքան
Ու դառնում կարծես
Մեզ համար մի նո՛ր՝ երկրո՜րդ... հայրենիք.
Հայրենիքի պես չփոխատրվող,
Հայրենիքի պես չփոխադրվող...

Դրսում
Երևի աստղերն են ելնում` ողջ շքախմբով,
Իջնում է նորից
Մի ճշմարտապես աստվածաշնչյան գիշեր
Պարզունակ ու նույնքան խորունկ,
Որ ով ուժ ունի` վայելի իրեն:
Դրսում
Երևի կենտ-կենտ լույսերը փորձում են խախտել
Նախապատմական վեհ լրջությունը Մեծն Խավարի:
Դրսում...
Մե՜զ ինչ, թե ի՞նչ է կատարվում դրսում:
Մենք ներսում
Մենակ ենք, բայց և մենակ չենք կարծես.
Իրերը բարի
Ամե՜ն ինչ մեր շուրջ կենդանացնում են ու շնչավորում,
Որպեսզի... մենք էլ հասնենք հենց իրենց առքին ու փառքին.
Թե իր են իրենք,
Մենք էլ` մենության ժամին ահարկու,
Մենք էլ` իրենց պես` դառնանք իր,
Այսինքըն` իր - ականանք:

28.X.1965թ.          
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ 
Պարույր Սևակ | Իրերի բարությունն ու չարությունը Պարույր Սևակ | Իրերի բարությունն ու չարությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:05:00 Rating: 5
Технологии Blogger.