Պարույր Սևակ | Իրերի դատն ու դատաստանը


1.
Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ:
Եվ մենք դատում ենք ու դատավարում
Յուրաքանչյուր օ՛ր,
Նույնիսկ ամեն ժա՛մ:
Եվ մենք դատում ենք`
Մեր գլխի թեթև թափահարումով,
Ճպոցով աչքի,
Խեթմամբ հայացքի,
Հոնքերի խաղով, ուսի թոթափմամբ,
Աջի կամ ձախի ա՛յն շարժումներով,
Որոնք օդի մեջ արձանագըրվում
Ու կարդացվում են ոչ ավելի վատ,
Քան ամեն տեսակ ուրիշ փաստաթուղթ:


Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ:

Ես էլ եմ մտնում այդ ամենի մեջ
Ու դատավոր եմ նաև ե՛ս մի քիչ:
Եվ այսօր պիտի ես դատեմ... մարդկա՞նց:
Ո՛չ, այսօր պիտի ես դատեմ իրե՜ր
Ու դատապարտեմ առարկաների՛:

Ահա աթո՜ռը:
Ունի բազմաթիվ այլ մականուններ:
(Դարեր շարունակ շատ է գործածվել, օրինակ, գահը):
Սա, ինչպես գիտեք, չորքոտանի է
Եվ չորքոտանի կոչվածների մեջ
Ուժեղագույնն է բոլորի՜ց`
Վագրի՛ց ու փղի՜ց անգամ:
Մենք բարի եղանք.
Կատվի և շան հետ
Սրան էլ մենք մեր տունն ընդունեցինք,
Որ մեզ ծառայի,
Ինչպես դարեդար (շնորհակա՜լ ենք) ծառայել են մեզ
Չորքոտանիներ եզը, ձին, ջորին
Ու վերջիններիս ազգական էշը:
Բայց թշվառական ա՛յս չորքոտանին`
Աթոռ ասվածը,
Սա այնտե՜ղ հասավ,
Որ մեզ, ներեցե՛ք, էշի տեղ դրեց:
Աթոռ կոչվածը, ինչպես գիտեք դուք,
Նրա համար է, որ նստենք վրան:
Սակայն պարզվում է,
Որ սրա վրա նստողի վրա
Սա ինքն է նստում...
Սա՛, որ ծառա է
Եվ պարտավոր է ծառայել մեզ միշտ.
Մեզ է դարձըրել իր անարգ ծառան,
Սա՛, որ ծառա է ու դարձել է տե՜ր,
Կդատվի իբրև... մի չար ապստամբ`
Այսի՛նչ Օրենքի Այնի՛նչ Հոդվածով:

Եվ այսուհետև պիտի`

Առաջին.
         Աթոռ ասելիս հասկանանք վարակ
         Եվ զգուշանանք`
         Ինչպես վարակից:
Ուստի և`

Երկրորդ.
         Աթոռից միշտ էլ զերծ պահել նրա՛նց,
         Ում ինքը կյանքը դեռ չի սրսկել
        Ա՛յն ախտականխիչ համապատասխան շիճուկով,
Որի մի ասեղն արժե... մի բանտարկություն
Կամ մի այնպիսի... առաքինություն,
Որ ենթակա չէ առք ու վաճառքի:

Եվ այսո՛ւհանդերձ`

Երրորդ.
Ով նստեց Աթոռի վրա
(Կամ` այլ կերպ ասած` գրավեց Աթոռ,
Կամ` արժանացավ բարձըր Աթոռի),
Օրենքի ուժով պարտավոր է նա
Հիշել, որ ինքը երկոտանի է,
Այն էլ` բարձրագույն,
Եվ ո՜չ մի դեպքում իրավունք չունի
Վերստին դառնալ նո՛ր չորքոտանի,
Առավել ևս` չորքոտանու ճո՜րտ:
Հակառակ դեպքում
Այս նո՛ւյն ամբիոնից,
Այս նո՛ւյն բերանով կհնչի արդեն
Այնի՛նչ Օրենքի Այսի՛նչ Հոդվածը...

2.
Հաջորդի՛ն բերեք:

Ինչպես տեսնում եք` սա մի գլխարկ է,
Եթե ավելի ճիշտ պիտի ասենք`
Գլխարկի տեսակ:
Իսկ ահա սա էլ, տեսե՛ք, զգեստ է,
Իսկ առավել ճիշտ` համազգեստ:
Տեսա՞ք:

Ուրեմըն այսպե՛ս.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է գլխարկ այստեսակ,
Նա դադարում է... և մտածելուց:
(Այստեղ կա փոքրիկ մի անճշտություն,
Որ կամենում եմ հենց ինքըս շտկել`
Դատապաշտպանի խոսքը կանխելով:
Դատավարական իմ այս խոսքի մեջ,
Որտեղ որ պետք է, ինքնե՛րըդ դրեք
Այնպիսի բառեր, որոնք մեր լեզվով
«Մեղմացուցիչ դեպք հանցանաց» կասվի,
Իսկ դասագրքում` «միջանկյալ բառեր»:
Դրանք են` «ոմանք... շատերը... հաճախ...
Երբեմըն... ցավոք... իհարկե... ոչ միշտ...»
Եվ բոլոր սրանց ազգականները):

Դառնանք մեր գործին:
Ուրեմըն այսպե՛ս.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է այստեսակ գլխարկ,
Նա դադարում է և մտածելուց:
Սակայն մի՞թե մեզ, ինչպես ասում են,
Պատիվ է բերում չմտածելը:
Եվ ճի՞շտ ենք անում,
Երբ մեզ վարժում ենք չմտածելուն,
Ի՜նչ է թե հանկարծ... սխալ չգործենք:
Նախ`
Այսպես վարվելն անարգանք է մեծ
Մեր Դատարանի և Իրավունքի հասցեին: Այո՛:
Ի՞նչ է ստացվում.
Եթե ոչ մեկը սխալ չգործի,
Էլ ո՞ւմ մենք դատենք:
Եթե այդպես է`
Ուրեմըն դեմ եք մեր... Դատարանի՜ն,
Մեր Արդարադա՛տ,
Նաև Անկաշա՛ռ,
Նաև Հարազա՛տ,
Ժողովրդակա՜ն մեր Դատարանին,
Որովհետև մենք
Առանց սխալի չենք կարող ապրել,
Ինչպես չի կարող
Ավտոտեսուչը` առանց վթարի,
Ծաղկավաճառը` առանց մեռելի,
Եվ առևտըրի ամե՛ն աշխատող`
Առանց ապրանքի անչա՜փ պակասի,
Ու շատ-շատերն էլ
Առանց հենց ահա այս համազգեստի
Եվ այս գլխարկի,
Որ կախարդական գլխարկ է կարծես.
Դրեցի՛ր թե չէ` էլ չե՜ս մտածում,
Գլխիդ փոխարեն
Արդեն գլխարկըդ` սա է մտածում:
Իսկ ի՞նչ ստացվեց.
Որ կարելի է աշխարհում ապրել
Եվ առանց գլխի՞,
Միայն գլխարկո՞վ:

Չեղա՜վ, ընկերնե՛ր, իսկապե՜ս չեղավ:

Ինչ ասել կուզե, որ մենք`
Օրենքի և Իրավունքի
Սպասավորներ ու ծառաներըս,
Ունենք Օրենքի պաշտամունք, այո՛,
Բայց... պաշտոնապե՛ս ձեզ պիտի ասեմ,
Որ կույս օրենքը բռնաբարում է
Ո՛չ թե հատուկենտ անձ - անհատների,
Այլ նաև ամբողջ ժողովուրդների՜:
Իսկ եթե այլ կերպ սա ձևակերպենք`
Բացառությունն է կուսություն խախտում,
Եվ դրանից է
Ծնվում մեր մանուկ Արդարությունը:
Եթե ոչ` գիտե՞ք, թե ի՛նչ կստացվի.
Երբ մենք արթուն ենք` մեր խիղճն է քնած,
Երբ խիղճն է զարթնում` մենք ենք քուն մտել...
Բայց վերադառնանք մեր կիսատ դատին:
Այսպե՛ս ուրեմըն.
Անգլխարկ լավ է,
Սակայն անգլո՜ւխ... անկարելի է
Ուստի մենք,
Որ միշտ գլուխ ենք դատում,
Այսօր կդատենք նաև մի գլխարկ`
Այսի՛նչ (առայժըմ նույնիսկ Չգրված) Օրինագծի
Այնի՛նչ Հոդվածի Այդի՛նչ Հատվածով:
Ա.
         Այսուհետև համազգեստ հագնող ամե՛ն ոք պիտի
         Իր (այսպես ասենք) համագլխարկը դնելուց առաջ
         Ասի հետևյալ մի քանի բառը`
         Շուտասելուկի՜, ո՛չ աղոթքի պես.
         «Գլխարկըս գցեմ - գլուխըս պահեմ,
         Գլխարկըս գցեմ - գլուխըս պահեմ»:
         Իսկ եթե հանկարծ սխալմամբ ասի`
         «Գլուխըս գցեմ - գլխարկըս պահեմ»,
         Կարող է այդօր նա տանը մնալ
         Ու մինչև անգամ գործի չգնալ,
         Եվ պիտի հաշվեն
        Դա շատ հարգելի՛ բացակայություն:
Բ.   Դպրոցական համազգեստները խստիվ արգելել...

Այսօրվա համար ո՞վ մնաց:
Բերե՛ք:

3.
Ահա՛, տեսնո՞ւմ եք,
Սա քառանկյունի մի թուղթ է,
Որին մենք թերթ ենք ասում
Եվ կամ լրագիր:
Սա հաղորդում է վատ ու լավ լուրեր,
Ճառեր` բազմաթիվ,
Դիպվածներ` սակավ,
Հայտարարություն ու դամբանական
Եվ եղանակի տեսություն` վերջում,
Հենց խմբագըրի ճակատից վերև...
Այս դեռ սկիզբն է մեղադըրանքի:
Սրա հանցանքի և արդեն գործած
Մեղքերի երկա՜ր շարադըրանքին
Անցնելուց առաջ
Հայտարարում եմ ընդմիջում` մինչև...

Ներեցե՛ք մի պահ:
Մինչև ընդմիջում հայտարարելը
Իմ բարոյական պարտքն եմ համարում
Ե՛վըս երկու բառ ասել ըստ հարկի`
Նախ ձե՛զ դիմելով,
Իմ մեծապատի՜վ ատենակալներ:
Մեր ձեռքով սարքված
Իրերն իրավունք ունե՜ն իշխելու,
Բայց ո՛չ մեզ վրա:
Այսօր դատում ենք լոկ մի քանիսին:
Այսպես կդատենք բոլորի՜ն նաև`
Մինչև հասկանան,
Որ մեր իսկ սարքած
Իրերն իրավունք չունե՛ն իշխելու
Գոնե մե՜զ վրա:
Եթե Օրենքը,
Որ նմանապես մենք ենք ստեղծել,
Եթե Օրենքն էլ ի՛ր լիներ, դիցուք,
Մինչև իսկ նրա՜ն մենք կդատեինք:
Զգուշացնում ենք.
Թո՛ղ վախենա նա
Եվ չվերածվի անկենդան իրի,
Այսինքն` թող նա
Չըհամարձակվի... իր-ականանալ...
  
01.XI.1965թ.         
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իրերի դատն ու դատաստանը Պարույր Սևակ | Իրերի դատն ու դատաստանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:24:00 Rating: 5
Технологии Blogger.