Խորխե Լուիս Բորխես | Զրույց Մարիա Էսթեր Վասկեսի հետ



Մ. Է. Վ. - Ե՞րբ, ինչպե՞ս և որտե՞ղ սկսվեց լաբիրինթոսի քո թեման:
Խ. Լ. Բ. – Հիշում եմ, մի գրքում տեսա աշխարհի 7 հրաշալիքների փորագրանկարը և դրանց թվում՝ Կրետեի լաբիրինթոսը: Շինությունը նման էր ցլամարտի հարթակի, սակայն պատուհաններով, որոնք փոքր էին, ինչպես անցքերը: Երբ երեխա էի, ինձ թվում էր, որ խոշորացույցով ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել Մինոտավրոսին: Բացի այդ լաբիրինթոսը շփոթմունքի ակնառու սիմվոլ է, իսկ շփոթմունքը զարմանք է, որից, ըստ Արիստոտելի, ծնվել է մետաֆիզիկան: Այդ զգացումը ամենասովորականն է ինձ համար, ինչպես և Չեստերտոնի, որն ասում էր. «Ամեն ինչ անցնում է բացի զարմանքից, մանավանդ առօրյան»: Արտահայտելու համար այդ շփոթմունքը, որ ուղեկցում է ինձ ողջ կյանքում, այնպես որ ես միշտ չէ, որ հասկանում եմ սեփական արարքները, ես ընտրեցի լաբիրինթոսի սիմվոլը, ավելի շուտ, այն ինձ պետք եկավ: Շինություն, որը կառուցված է, որպեսզի նրա մեջ մոլորվեն, մի՞թե դա շփոթմունքի սիմվոլ չէ: Ես տարբեր կերպ եմ անդրադարձել այդ թեմային, այստեղից՝ Մինոտավրոսի պատկերը և այնպիսի պատմվածք, ինչպիսին է «Աստերիոնի տունը»: Աստերիոնը Մինոտավրոսի անուններից մեկն է: Լաբիրինթոսի թեման, իհարկե, կա նաև «Մահ և կողմնացույց» պատմվածքում, վերջին գրքերիս որոշ բանաստեղծություններում: Իմ նոր գրքում, որը շուտով լույս կտեսնի, նույնպես կլինի բանաստեղծություն Մինոտավրոսի մասին:
Մ. Է. Բ. - Իսկ հայելինե՞րը:
Խ. Լ. Բ.  – Հայելիները կապված են համբուրգյան ոճի եռափեղկ գրադարակի հետ […] Ես պառկում էի քնելու, տեսնում էի ինձ հայելիներում և վախենում. ամեն հայելի արտացոլում էր իրենը, իսկ հնարավո՞ր է, որ ես այնտեղ տեսնեմ ուրիշին… Չկարողանալով քնել ես նորից ու նորից բացում էի աչքերս […] Ի լրումն այս ամենի ծնվում էր միտք «Ես»-ի բազմակիության մասին, փոփոխական «Ես»-ի մասին, ուրիշի և նախկինի. այն հաճախ էր գալիս մտքիս: Ես ունեմ պատմվածք՝ «Ուրիշը», որը այս վարիացիան է այս թեմայի, որը ինձնից առաջ զարգացրել են Պոն և Դոստոևսկին, Հոֆմանը և Սթիվենսոնը:
Մ. Է. Վ. – Իսկ որտեղի՞ց է կրկնվող շրջանի գաղափարը, աշխարհ, որն ամեն անգամ վերադառնում է միևնույնին:
Խ. Լ. Բ. - Առաջին հերթին իմ հորից: Իսկ նրա մոտ, կարծում եմ 18-րդ դարի շոտլանդացի փիլիսոփա Հյումի «Բնական կրոնի մասին տրամախոսություններից»: Գաղափարն այն է, որ քանի որ տարրերի թիվը, որոնցից բաղկացած է աշխարհը, սահմանափակ է, իսկ ժամանակը անսահմանափակ է և ամեն ակնթարթ անկապտելի է նախորդից, ապա բավական է, որ տիեզերական պրոցեսի մի ակնթարթ կրկնվի և կկրկնվեն նաև մյուսները, իսկ համաշխարհային պատմությունը, ինչպես և մտածում էին պյութագորյանները և ստոիկները շրջան կկազմի […]
Մ. Է. Վ. – Եվ վերջին թեման՝ շեղբը:
Խ. Լ. Բ. – Այն կապված է խիզախության թեմայի հետ, իսկ սկսվում է երկու սրերից, որոնք կախված են իմ պապ Բորխեսի տանը: Մեկը պատկանել է գեներալ Մանսիլյեին: Նրանք պապուս հետ ընկերներ էին և մի օր պարագվայական արշավանքի ժամանակ՝ տրվելով ինչ-որ ֆրանսիական վեպի ռոմանտիկական սյուժեին, մարտից առաջ փոխանակեցին սրերը: Մյուսը հիմա Լեսամայի զբոսայգու պատմական թանգարանում է: Հետո զինվորի սրից ես անցա ավազակի դանակին […] Շեղբը խիզախության սիմվոլ է՝ ի տարբերություն մյուս զինատեսակների: Ասենք, հրազենը պահանջում է ոչ թե խիզախություն, այլ սոսկ դիպուկություն: Պատահական չէ, որ Միլթոնը «Կորուսյալ դրախտում» թնդանոթի գյուտը վերագրում է սատանային:

Խորխե Լուիս Բորխես | Զրույց Մարիա Էսթեր Վասկեսի հետ Խորխե Լուիս Բորխես | Զրույց Մարիա Էսթեր Վասկեսի հետ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 09, 2017 Rating: 5
Технологии Blogger.