Ուիլյամ Ֆոլքներ | Նոբելյան բանախոսություն


Ես գիտեմ, որ այս մրցանակն ինձ հանձնվել է ոչ թե իմ  անձի, այլ իմ աշխատանքի, կյանքի աշխատանքի, մարդկային հոգու ծանր աշխատանքի և տառապանքի դիմաց, որը եղել է ոչ թե հանուն փառքի ու շահի, այլ մարդկային հոգու՝ որպես նյութի հիման վրա ստեղծելու համար այն, ինչը նախկինում գոյություն չի ունեցել: Ահա ինչու ես ընդունում եմ, որ այս մրցանակը հենց ինձ համար է
Ինձ դժվար չէ ճիշտ կիրառություն գտնել մրցանակի գումարի համար և այն կծառայի իր նպատակին և իր նշանակությանը:
Բայց ես կուզեի օգտվելով այս պահից, որպես բարձունքից, ողջույն հղել բոլոր այն երիտասարդ տղաներին ու աղջիկներին, որոնք արդեն նվիրվել են այն անձկությանն ու ծանր աշխատանքին, ինչ ես, և որոնցից մեկը մի օր կկանգնի այս նույն տեղում, որտեղից հիմա ես եմ խոսում:
Այսօր մեր ողբերգությունն ընդհանուր է. համամարդկային ֆիզիկական սարսափ, որն այնքան տևական էր, որ մենք սկսեցինք համբերատար կրել այն: Հոգևոր հարցերն այլևս ժամանակավրեպ են: Կա միայն մի հարց՝ երբ եմ ես կորչելու-պրծնելու: Ահա ինչու երիտասարդ գրողներն այժմ մոռացել են մարդկային ինքն իր հետ մշտապես բախման մեջ գտնվող սրտի խնդիրների մասին, ինչից միայն և կարող է ստեղծվել իսկական գրականություն և այն գրելու համար արժե արյուն ու քրտինք թափել: Նա պետք է նորից սովորի: Պետք է ինքն իրեն սովորեցնի, որ ամենաստոր բանը վախն է: Սովորելով՝ նա պետք է մոռանա այդ մասին ընդմիշտ՝ իր աշխատասենյակ չթողնելով ոչինչ, բացի հին ու բարի, սրտի ճշմարտություններից՝ սեր ու արժանապատվություն, խիղճ ու հպարտություն, կարեկցանք ու զոհաբերություն, առանց որոնց ցանկացած ստեղծագործություն անցողիկ ու դատապարտված է: Քանի դեռ նա այսքանը չի արել, նրա ջանքերը զուր ու անիծյալ են: Նա կգրի ոչ թե սիրո, այլ` հեշտասիրության ու պարտությունների մասին, որտեղ ոչ ոք արժեքավոր որևէ բան չի կորցնում, հաղթանակների մասին, որոնք անհույս են և, որ ամենավատն է, դուրս են խղճահարությունից և կարեկցանքից: Նրա վիշտը չի տարածվի բոլորի ոսկորների վրա, չի թողնի սպիներ: Նա կգրի ոչ թե սրտի, այլ` դատարկ խոռոչի մասին:
Նախքան այս ամենը սովորելը նա կգրի այս ամենի մասին որպես հետաքրքրասեր մի դիտորդ, ով կանգնած դիտում է մարդու վախճանը: Ես հրաժարվում եմ ընդունել մարդու վախճանը: Անչափ հեշտ է ասել՝ մարդն անմահ է, միայն այն բանի համար, որ նա դիմանում է: Վերջին կարմիր ու մեռնող մի երեկո, երբ ճակատագրի վերջին դինգ-դոնգը կզնգա և դանդաղ կմարի՝ կախված միայնակ ժայռից, նույնիսկ այդ ժամանակ կլսվի մի ձայն` տկար և ցածրաձայն հոսող մի ձայն, որն անվերջ խոսում է: Ես հրաժարվում եմ ընդունել սա: Ես հավատում եմ, որ մարդը ոչ թե ուղղակի կհամբերի, այլ կհաղթի: Նա անմահ է, ոչ թե որովհետև միակ արարածն է, որը ունի անսպառ ձայն, այլ որովհետև ունի հոգի, որը ունակ է լինել կարեկից, զոհաբերվող և տոկուն: Պոետների, գրողների պարտքն է գրել նման բաների մասին: Նրանց առաքելությունն է մարդուն օգնելու վեր բարձրանալ՝ հիշեցնելով քաջության, արժանապատվության, հույսի ու հպարտության, կարեկցանքի, խղճի ու զոհաբերության մասին, որոնք նրա անցյալի փառքն են եղել: Պոետների ձայնը չպետք է լոկ որպես արձագանք հնչի, այն կարող է դառնալ հենարան, նեցուկ, որը կօգնի վեր բարձրանալ և տիրել:

1950թ. դեկտեմբերի 10, Ստոկհոլմ, Շվեդիա

Տես նաև Ֆոլքներ Պատմվածքներ
Ուիլյամ Ֆոլքներ | Նոբելյան բանախոսություն Ուիլյամ Ֆոլքներ | Նոբելյան բանախոսություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 26, 2017 Rating: 5
Технологии Blogger.