Հենրիկ Իբսեն | Ժողովրդի թշնամին | համառոտ


«Ժողովրդի թշնամին» գրվել է 1882 թվականին։ Պիեսի գլխավոր հերոսը բժիշկ Թոմաս Սթոքմանն է, ով հայրենի առողջարանային քաղաքի բուժիչ ջրերում աղտոտում է հայտնաբերում և նախաձեռնում դրանց արգելափակումը։ «Ժողովրդի թշնամին» Իբսենի յուրահատուկ պատասխանն է հանրությանը, որը վատ ընդունեց նրա նախորդ՝ այդ ժամանակվա համար սկանդալային, «Ուրվականներ» պիեսը։
Բժիշկ Թոմաս Սթոքմանը Նորվեգիայի հարավում գտնվող ծովափնյա փոքրիկ քաղաքի հարգված բնակիչ է։ Այստեղ հենց նոր բուժիչ ջրերի առողջարան է բացվել, և այդ ջրերի հետազոտման մեջ Սթոքմանը մեծ դեր է ունեցել։ Նրա եղբայրը՝ Պիտերը, քաղաքի ղեկավարն է (ֆոգտ), ինչպես նաև՝ առողջարանի ղեկավարը։ Առողջարանը չափազանց կարևոր է քաղաքի բնակիչների համար, քանի որ զբոսաշրջիկների հոսքը խոստանում է քաղաքի բարգավաճման աղբյուր դառնալ։ Ջրաբուժարանի կառուցման համար մեծ գումար է ներդրվել։ Սակայն որոշ ժամանակ անց, իր հետազոտության արդյունքում Սթոքմանը հայտնաբերում է, որ կոյուղուց արտահոսք է լինում դեպի բուժիչ ջրեր, ինչի արդյունքում բուժվելու եկած զբոսաշրջիկները կարող են վարակվել առավել ծանր հիվանդություններով։ Նա իր այս հայտնագործությունն իր գլխավոր ձեռքբերումն է համարում, մշակում է կոյուղու վերակառուցման բավականին թանկ ծրագիր և հաշվետվությունն ուղարկում է եղբորը։ Ի զարմանս Սթոքմանի, քաղաքի ողջ ղեկավարությունը, այդ թվում և իր եղբայրը, կամ չեն գիտակցում վտանգը, կամ չեն ուզում արձագանքել դրան, քանի որ առողջարանի փակումը կամ էլ աշխատանքների սկսումը քաղաքի համար աղետ կդառնար։ Վեճերից մեկի ժամանակ Պիտերը Թոմասին անվանում է «ժողովրդի թշնամի»։ Երբ Սթոքմանը գիտակցում է, որ իր փորձերը հաջողություն չեն բերում, քաղաքի բնակիչներին կանչում է հանդիպման և հայտարարում է, որ «ճշմարտության և ազատության ամենավտանգավոր թշնամին համախմբված մեծամասնությունն է»։ Շուտով Սթոքմանից ու իր ընտանիքից երես են թեքում բոլորը, անգամ այն ընկերները, ովքեր մինչև այդ սատարում էին նրան։ Նրան հեռացնում են աշխատանքից, ուսուցիչները հրաժարվում են դաս պարապել նրա երեխաների հետ։ Ի վերջո, Սթոքմանը գալիս է այն եզրակացության, որ բոլոր կարևոր հարցերում մեծամասնությունը միշտ սխալ է լինելու։ Նա ասում է իր ընտանիքին, որ աշխարհի ամենաուժեղ մարդն առավել միայնակ մարդն է։
«Ժողովրդի թշնամին» Իբսենի ամենասոցիալական պիեսներից է։ Սթոքմանի կերպարն Իբսենի ամենամիանշանակ գլխավոր հերոսներից է։ Հեղինակի համակրանքը ակնհայտորեն նրա կողմն է։ Սթոքմանը հակադրվում է վախկոտ ու էգոսիտ բնակիչներին։ Քանի դեռ նա դուրս չի գալիս ընդունված համընդհանուր արժեքների շրջանակներից, հասարակության մեջ նա բարձր դիրք ունի, բայց երբ հերոսը սկսում է թերություններ բացահայտել, հասարակությունը միանգամից բոյկոտում է նրան։

Տես նաև Հենրիկ Իբսեն Պեր Գյունտ
Հենրիկ Իբսեն | Ժողովրդի թշնամին | համառոտ Հենրիկ Իբսեն | Ժողովրդի թշնամին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 16, 2017 Rating: 5
Технологии Blogger.