![]() |
Պետրոնիուս |
Տակիտուսը իր «Աննալներում» պատմում է Ներոնի ժամանակի մի
շատ հետաքրքիր գրողի մասին, որը ցերեկը քնում էր, գիշերը գործում և զվարճանում և որի
գիրքը բացարձակ հաջողություն է ունեցել: Խոսքը Պետրոնիուսի «Սատիրիկոնի» մասին է: Պիզոնի
դավադրության բացահայտումից հետո Պետրոնիուսը որոշում է ինքնասպան լինել, բայց նույն
Տակիտուսի վկայությամբ, մեկ կտրում է երակները, մեկ կապում, չշտապելով բաժանվել կյանքից:
Գայուս Տիտուս Պետրոնիուսի (… - մ.թ. 66 թ.) «Սատիրիկոնը»
գրված է «մենիպպյան սատիրայի ձևով», այսինքն՝ արձակ և չափածո հատվածների հերթագայությամբ:
«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, որտեղ ծաղրի է ենթարկվում սիրո վեհ ըմբռնումը:
Պետրոնիուսի նպատակը ընթերցողին հետաքրքրելն էր սիրային արկածների չափազանց անկեղծ
նկարագրություններով: Այս ծավալուն վեպից մեզ հասած հատվածները սկսվում են 14-րդ գլխից:
Գլխավոր հերոսը՝ Էնկոլպիուսը, կիրթ երիտասարդ է, բայց դարձել է թափառաշրջիկ և հանցագործ:
Նա տաճար է պղծել, թալանել է վիլլա, գործել է սպանություն, եղել է գլադիատոր: Ճակատագիրը
նետել է նրան քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն: Համաձայն վիպական ավանդույթի՝
հերոսին պետք է հետապնդեր աստվածների զայրույթը, Էնկոլպիուսին նույնպես հետապնդում
է սիրո մի աստվածություն, բայց ոչ Էրոսը կամ Ափրոդիտեն, այլ «ցածրակարգ» աստված Պրիապը:
Ավանդական սիրող զույգին վեպում ներկայացնում են Էնկոլպիուսը և կանացի տղա Գիտոնը:
Այս զույգին պարբերաբար միանում է որևէ երրորդ թափառաշրջիկ, որը խախտում է նրանց հարաբերությունների
ներդաշնակությունը: Գլխավոր հերոսները ենթարկվում են տարբեր փորձությունների՝ փոթորիկ,
նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ: Վեպի հիմնական
հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ դրվագների նկարագրություններում է. իրար են հաջորդում
խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները: Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների
զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին,
սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին
և զինվորներին:
Առավել հայտնի դրվագը Տրիմալքիոնի խնջույքի տեսարանն է: Տանտերը՝
Տրիմալքիոնը (եռակի զզվելի), ազատարձակ է, նախկինում սիրիացի ստրուկ, պատանեկության
տարիներին ծառայել է տերերի սիրային հաճույքներին, ազատություն է ստացել և շնորհիվ
հաջող առևտրի հարստացել է: Իր համար պատրաստված տապանաքարի վրա նա գրել է տալիս. «Նա
դուրս է եկել ցածր խավից, թողել է 30 միլիոն սեստերցի և երբեք չի լսել ոչ մի փիլիսոփայի»:
Չնայած Տրիմալքիոնի դղյակի շքեղությանը և խնջույքի պերճությանը նրա ճառերը, տգիտությունը,
սնահավատությունը, մեծամտությունը և հատկապես անճաշակությունը ապացուցում են ստրկական
ծագումը: Տրիմալքիոնի հյուրերը նույնպես ազատարձակ ստրուկներ են՝ գռեհիկ, անճաշակ և
ագահ:
Պետրոնիուսին բնորոշ են՝ նիհիլիզմը, հիասթափությունը, բացարձակ
նատուրալիզմը, որոնք, սակայն, չեն արժեզրկում հռոմեական այս վեպի գաղարվեստական նշանակությունը:
Տես նաև Պլավտուս Կյանքը և գործը և Տերենցիուս Կյանքը և գործը
Պետրոնիուս | Սատիրիկոն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 19, 2017
Rating:
