Պարույր Սևակ | Գտնված միավորը


Ասացի` ի՞մն ես:
Ասացիր` քո՛նն եմ:
Ու լուռ ենք հիմա...
Իմ մազերն ես դու մատներով սանրում
(Թե՞ ակամայից ուզում ես նաև
Կարդալ ծերության այբուբենը պարզ`
Արդեն ճերմակող մազերն իմ գլխի):

Ու լուռ ենք դարձյալ...
Ես քեզ մտքիս մեջ փո՛րձ եմ պարտք տալիս,
Իսկ դու, կարո՞ղ ես, ժամանա՜կ փոխ տուր,
Որպեսզի կյանքը` փորձարարն այս մեծ,
Նորի՛ց հաստատի
Նո՛ր օրինակով,
Որ կյանքում հաճախ այնպես է լինում,
Երբ սիրողները դեռ ողջ են - առողջ,
Իսկ սերը նրանց դառնում է լեգե՜նդ
Եվ... ապրում կյանքով հազարապատիկ...

Մենք լռում ենք դեռ...
Իսկ դրսում, - մի պահ, խնդրո՜ւմ եմ, լսի՛ր,-
Թռչուններ են ինչ-որ`
Յուրաքանչյուրը մի-մի լարովի խաղալիք ասես,
Նույն երգն են երգում` լարաթափվելով,
Վերալարվելով` նո՛ւյնը նորերգում
Ու նորերգելով կարծես թե հերքում
Քամուն այս մաղձոտ`
Սկեպտիկոսին այս վաղնջական,
Որ փնթփնթում է` «ամե՜ն ինչ կանցնի»,
Ու «կանցնի», իբըր, լոկ ա՛յն պատճառով,
Որ 1 x 1 հավասար է 1 և ոչ թե 2...

Ի՜նչ լավ է, որ քեզ
Հասկանալի չէ բարբառը քամու.
Դու ամենամե՜ծ հավատացյալն ես աշխարհում հիմա:
Ու ես էլ ահա հավատափոխվում - դարձի եմ գալիս,
Լցվում քո լեցո՜ւն-լեցո՜ւն հավատքով:

Ի՜նչ լավ է, որ դու
Ընդամենը քեզ կոչում ես «քո՜նն եմ»
Ու չե՛ս հասկանում,
Որ ընդամենը «ի՜մըս» չես միայն,
Այլ նա՛և...

Նաև միավո՜ր է պետք:
Միավո՜ր է պետք`
Երջանկությունից կամ թուլությունից մշտապես ծնվող
Գլխապտույտի զերոյի՜ համար,
Զերոյանման մեր գլխի՛ համար,
Զերոյանման մեր սրտի՛ համար,
Եվ զերոյացող ա՛յն կյանքի համար,
Որ ինքն իրեն է ճարմանդած պահում:

Միավո՜ր է պետք:
Միավո՜ր է պետք
Ա՛յն հսկայական զերոյի համար,
Որ... Երկրագունդն է գծում պտույտով...

Իսկ դու,- ի՜նչ լավ է,-
Քեզ ընդամենը կոչում ես «քո՛նն եմ»
Ու դեռ,- ի՜նչ լավ է,- չե՛ս էլ կռահում,
Որ ընդամենը «իմըս» չես միայն,
Այլ ինքդ ես նաև այդ... Միավո՜րը:

29.XI.1964թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գտնված միավորը Պարույր Սևակ | Գտնված միավորը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 17, 2017 Rating: 5
Технологии Blogger.