
Լինում են չեն լինում երեք
խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ:
Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի:
Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց
աշնան շունչը:
Նուֆ Նուֆը նկատելով թափվող
տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն
այնպես էին տարված խաղով...
- Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ
կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք:
Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները
ծիծաղում էին նրա վրա:
- Փոխանակ մեզ հետ ուրախանաս,
քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…
Բայց ահա եկավ առաջին անձրևը
և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից:
Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:
Դեռ նոր էին ավարտել իրենց
տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու
կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:
- Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,-
հարցրեց գայլը:
Խոզուկը վախից ոչինչ չասաց,
միայն ավելի ամուր փակեց դուռը:
- Լավ, հիմա ես կփչեմ ու քո
տունը օդ կբարձրանա,- ասաց գայլը և փչեց,- Փուուո՜ւհ…
Ծղոտե տնակը պոկվեց գետնից
ու օդ բարձրացավ ու փլվեց: Նաֆ Նաֆը սարսափահար փախավ: Նա գնաց ուղիղ Նիֆ Նիֆի տուն:
Նա փայտից էր կառուցել իր տունը: Գայլը եկավ ու կանգնեց Նիֆ Նիֆի փայտե տան առջև:
- Ինձ ներս չեք թողնի խոզուկներ,-
հարցրեց նա:
Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին:
- Լավ: Հիմա ես այնպես կփչեմ,
որ ձեր տունը օդ կբարձրանա,- ասաց գայլն ու թոքերում որքան ուժ կար փչեց: - Փուուո՜ւհ…
Փայտե տնակն էլ խարխլվեց ու
փուլ եկավ: Վախեցած խոզուկները վազեցին դեպի Նուֆ Նուֆի քարե տունը: Իսկ գայլը անշտապ
գալիս էր նրանց ետևից:
Նա կանգնեց քարե տան առաջ ու
հարցրեց.
- Խոզուկներ, ինձ ներս չե՞ք
թողնի:
- Հեռացիր, քանի ողջ ես,- պատասխանեց
Նուֆ Նուֆը:
- Լավ, հիմա ես այնպես կփչեմ,
որ ձեր տունը օդ կբարձրանա:
Գայլը փչեց, բայց տունը տեղից
անգամ չշարժվեց: Նորից փչեց, նորից ոչինչ տեղի չունեցավ: Այնքան փչեց գայլը, որ հոգնեց:
- Փորձեմ ծխնելույզից ներս
մտնել,- որոշեց նա:
Բայց երբ բարձրացավ տան կտուրը,
որպեսզի ծխնելույզից ներս մտնի, Նուֆ Նուֆը թեժացրեց վառարանի կրակը ու մի կաթսա դրեց
վրան: Գայլն ընկավ ուղիղ կաթսայի մեջ ու խաշվեց:
Այդպես խոզուկներն ազատվեցին
չար գայլից: Նրանք ողջ ձմեռ ապրեցին Նուֆ Նուֆի տանը, իսկ գարնանը իրենց համար էլ քարե
տներ կառուցեցին:
Սերգեյ Միխալկով | Երեք խոզուկները
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 19, 2018
Rating:
