Երվանդ Օտյան | Արտասահմանի գործիչը


Ութ տարիե ի վեր ասդին-անդին տեսած ու լսածներովս կրցած էի քիչ շատ գաղափար կազմել մեր մեջ հեղափոխական շարժումեն ծնած կարգ մը հարանուններու նշանակության մասին։ Այսպես՝ գիտեի, թե ինչ է տեռոր մը, գործիչ մը, հերոս մը, ընկեր մը, խմրապետ մը, հայդուկ մը, ավազակապետ մը, լիազոր ներկայացուցիչ մը և այլն և այլն։ Ինչ որ չէի կրնար ըմբռնել կամ չէի ըմբռնած տակավին, ան ալ «Արտասահմանի գործիչ»-ն էր, և ասիկա բնական է, որովհետև ինչպես անունեն ալ կերեևնա, այդ տիպարն անկարելի էր Տաճկաստանի մեջ գտնալ։ Երբ պարագաները զիս դուրս նետեցին Վոսփորի ափերեն, եթե ոչ առաջին՝ գոնե հետին մտածումներես մին եղավ− «Լա՛վ, հիմա պիտի կրնամ վերջապես տեսնել արտասահմանի գործիչ մը»։
Աթենք գտնված միջոցիս հոնտեղի ծանոթներուս հարցուցի
Ձեր մեջը բնավ արտասահմանի գործիչ չի կա՞։
Չէ՛, հատ մը կար, գնաց։
Ի՞նչպես մարդ է արտասահմանի գործիչը, ի՞նչ կընե,− հարցուցի միամտորեն։
Մեզի պես մարդ է, քիթ ունի, ականջ ունի, բերան ունի, կուտե, կխմե, կպառկի,− պատասխանեցին խնդալով։
Այս բացատրությունը գոհացուցիչ չէր, ու միշտ անորոշության մեջ մնացած էի արտասահմանի գործիչին մասին։ Ամիսներ ետքը, երբ Եգիպտոս կերթայի, շոգենավին մեջ աղոթքի մը պես կըսեի մտքես. «Ա՜խ, իցի՜վ թե սատանան զիս արտասահմանի գործիչի մը դեմ հաներ»։
Աստուծմե հույսս կտրած ըլլալով, ժամանակե մը ի վեր, երբ խնդիրք մը ունենամ, ուղղակի սատանային կդիմեմ։ Արդ, դուք ալ անանկ ըրեք, որովհետև, երբ Ալեքսանդրիա ելա ու հարցուցի, թե արտասահմանի գործիչ մը կա՞ր քաղքին մեջ՝
Հապա՜,− պատասխանեցին միաձայն։
Ո՞վ է։
Կակայանցը։
Կովկասցի՞ է։
Այո՞։
Պարագաներ կան, ուր մարդ որ չափ ալ պաղարյունությունը պահել ուզե՝ չի կրնար իր խանդը զսպել։ Գլխարկս օդը նետեցի ու գոչեցի.
Կեցցե համերաշխ գործունեություն։
Կհասկնաք անշուշտ, որ ուրախությունս չափ չուներ, գտած էի արտասահմանի գործիչ մը և անիկա կովկասցի՜ էրայսինքն՝ փնտռած տիպարիս կատարելագործյալը։
Գալով արձակած բացագանչությունս՝ կարծեմ անհրաժեշտ է բացատրություն մը տալ, քանզի ընթերցողը կրնա տարօրինակ կամ անհարկի նկատել «կեցցե համերաշխ գործունեություն»-ը։
Նախ ըսեմ, որ հայերու ժամադրավայր եղող սրճարանի մը մեջ կգտնվեի և հետո նույն օրը հասած էի Ալեքսանդրիա, այնպես որ չէի ճանչնար տակավին սեղաններուն շուրջը հավաքված ու նարտ խաղալու զբաղած պատվարժան անձերան տրամադրություններն ու կարծիքները։ Վախեցա, որ մեծամասնությունը թշնամանած կըլլամ գուցե, եթե «կեցցե՛ հնչակ» կամ «կեցցե՛ Դրոշակ», կամ «կեցցե՛ միություն», կամ «կեցցե՛ հեղափոխություն» պոռամ, մինչդեռ համերաշխ գործունեությունն այն գեղեցիկ, առաձգական ու անիմաստ բանաձևերեն մեկն է, զոր կարելի է գործածել առանց վիրավորանքներե կասկածելու։
«Կեցցե՜ համերաշխ գործունեություն»։
Ահա բացագանչություն մը, զոր կրնաք արձակել ամեն վայրկյան ու ամեն տեղ, հեղափոխականներու կամ պահպանողականներու, վաճաոականներու, կամ ավազակներու խմբի մը մեջ հավասարապես։ Արդեն «կեցցե»-իս արդյունքն անմիջական եղավ և անգամ մըն ալ հաստատեց զիս այն համոզումին մեջ, թե անիմաստ խոսք մը միշտ լավագույն ազդեցությունը կընե ամբոխին վրա։ Քանի մը սեղաններե հրավերներ ուղղվեցան ինծի։ Ընդունեցի մոտավորագույն սեղանին հրավերը, որուն քով նստած էին երկու տարիքոտ անձեր։
Համերաշխ գործունեությո՛ւն,− ըսավ մին, աթոռ մը ցույց տալով ինծի,− այո՛, ճիշտ ասիկա է, որ կպակսի մեզի, մատերնիդ բուն վերքին վրա դրիք։ Նո՞ր եկաք Ալեքսանդրիա։
Այս առտու։
Խոսակցության սկսանք, մինչ հետզհետե մյուս սեղաններեն մարդիկ անջատվելով կուգային կմիանային մերինին, նոր հասած օտարականի մը հրապուրանքեն բռնված։
Կակայանցն ո՞ւր է, հոս չի՞ գար,− հարցուցի միջոց մը։
Կուգա, բայց իրիկունն ուշ ատեն, ցերեկները կքնանա։
Ի՞նչ գործ կընե հոս։
Բան մը չըներ հեղափոխական է։
Ձգեցե՞ք սա պարապ մարդը,− գոչեց ներկաներեն մին, որուն անմիջապես ուրիշ ձայն մը պատասխանեց.
Կներես, պարոն Կակայանցը պարապ մարդ չէ։
Շատախոսին մեկն է։
Շատ կխոսի, այո՛, բայց տրամաբանությամբ կխոսի։
Ու ահա՛ վիճաբանությունը տաքնալ սկսավ։ Իբրև նորեկ և խնդրի առարկա եղող անձին բոլորովին անծանոթ, բնականաբար իմ դերս բացարձակ չեզոքութենե տարբեր բան չէր կրնար ըլլալ։ Լռեցի և թող տվի, որ կիրքերը խոսին։
Մարդը շեն-շնորհք համալսարանական է, հինգ տարի Ժնև մնացեր է։
Ան ըսավ, դուն ալ հավաացի՞ր։
Եղբայր, ալպոմ մը ունի քովը, մեջը բոլոր ժնևի պատկերները կան։
Ազեկ գործ մը գտանք իրեն, ֆրանսերեն քննություն մը չկրցավ տալ, որ ընդունվեր ա՞տ է համալսարանականդ։
Դուք ի՞նչ հաստագլուխ մարդիկ եք, լեզվագիտությունն ուրիշ բան է, անոր սորվածն ուրիշ բան։
Ի՞նչ է սորվածը, անուն չունի՞։Ըսավ անունը, բայց մտքես ելավ հիմա գա նե՝ կհարցնենք։ Լոկի-ով կվերջանա, բայց սկիզբը չեմ գիտեր։
Ինչպե՜ս կապրի՝ խելք չի հասնիր,− ըսավ ուրիշ մը,− գործ մը չունի ու մենե աղեկ կուտե-կխմե։
Քենե դրամ ուզե՞ց։
Չէ, բայց
Ուրեմն լռե՛։
Ու այսպես վեճը տևեց երկու ժամ, մինչև որ մեջերնես մին գոչեց հանկարծ.
Կուգա կոր, կա՛րճ կապեցեք։
Կակայանցն էր
***
Եթե ըսեմ, որ կովկասցի հեղափոխական մըն էր ներս մտնողը, կարծեմ պետք չի մնար նկարագրելու իր դեմքը։ Անմիջապես կերևակայեք ջրվեժացյալ մորուքով, գիսախռիվ մազերով, լայնեզը գլխարկով թուխ երիտասարդ մը սևազգեստ ու ձեռքը հաստ գավազան մը բռնած։ Երկու տեսակ կովկասցի չի կա. ամենքն ալ Կակայանց են։ Այդ մարդոց մազն ու մորուքը երբեք չեն զգացած մկրատի շփումը, և եթե ամեն մարդ կովկասցի ծներ աշխարհի երեսը, սափրիչները պիտի ստիպվեին հեղափոխական ըլլալ ապրելու համար։
Երբ սրճարան եկավ՝ ճառագայթում մը կար դեմքին վրա։
Մի լավ ավետիս,− դոշեց խոսքն ամենուս ուղղելով,– պատերազմ պետք է ծագի հույնին ու թյուրքին մեջ։ Այժմ ժամանակը հասել է գործելու պետք չէ կորցնել մի րոպե։
Լռեց։ Երկու ձեռքով բռնեց հաստ գավազանը, վրան ծռեցավ քիչ մը, իյնալու ձևով, դեպի փողոց դարձուց գլուխը և երազուն նայվածքով մը շարունակեց իր խոսքը, ավելի ցած ձայնով, իբր թե ինքն իրեն խոսեր.
Բայց ափսո՜ս, մարդ չունենքկռիվի մարդջիղ ունեցող, արյուն թափող մարդ։ Կազմակերպյալ խումբեր թեև կանբայց ոչ բավականաչափ։
Ապա դեպի մեզ դարձավ։
Ինչ որ է, ես անմիջապես, երբ պատերազմի լուրը բերող հեռագիրը կարդացի՝ գրեցի մեր ընկերներին, հուսամ նկատողության կառնվի իմ գրածները։ Պետք է շարժիլպետք է շարժիլ
Պարոն Կակայանց, եկուր քեզի հետ երթանք կռվելու,− ըսավ երիտասարդ մը ոտք ելլելով, իբր թե նույն վայրկյանին իսկ մեկնելու պատրաստվեր։
Հերն եմ անիծել այն րումաթիզմային, որ զիս գամել է այստեղ, առանց դորան ես այս րոպեիս պետք էր լինեի Մասիսի զագաթում,− պատասխանեց Կակայանց և աթոռ մը առնելով եկավ նստավ քովերնիս։
Քիչ մը ատեն ալ շարունակեց Կակայանց իր տեսությունները պարզել թյուրք և հունական պատերազմին հետևանքներուն վրա ու հետո խորհրդավոր կերպով մը հաղորդեց մեզի,− խնդրելով, որ խոսքը մեջերնիս մնա,− թե կոմիտեթն արդեն պատրաստություններ ունի ժամանակը եկած ատեն «մի ընդհանուր շարժում առաջ բերելու Թյուրքահայաստանի գավառներում»։
Այս սրտապնդիչ տեղեկությունը մեզի տալե ետքը՝ Կակայանց ավելցուց.
Է՜, ինձ մի բան չե՞ք հրամցնե։
Գարեջուր մը բերել տվին իրեն։
Հետո անխուսափելի վիճաբանությունը բացվեցավ օրվան խնդրին վրա. միությո՞ւն՝ թե անջատ գործունեություն, կեդրոնացո՞ւմ՝ թե ապակեդրոնացում և այլն։ Կակայանց կխոսեր լիաբերան՝ անընդհատ ծխելով։ Որովհետև տակավին չէի գիտեր ո՛ր կուսակցության պատկանիլը, հետևաբար չկրցա հասկնալ, թե կեդրոնացո՞ւմը կամ ապակեդրոնացումը կպաշտպաներ։
Երբ ընթրիքի ժամը մոտեցավ ու ամեն մարդ կպատրաստվեր մեկնելու՝ Կակայանց կեցուց մեզ՝ ըսելով.
Պահ մի կացեք, մի բան պիտի ըսեմ ձեզ։
Եվ սկսավ պատմել թե երիտասարդ մը, որ հաճի Մարկոսի կամ Կիրակոսի խմբին մեջ կգործե եղեր, բռնվեր, երկու տարի բանտ մնացեր, հետո փախեր ու Կիպրոս ապաստաներ է, ուր հիվանդ ու չքավոր վիճակի մեջ կգտնվի եղեր։ Կակայանցի բարեկամներեն մին՝ «մի անձնվեր ընկեր», որ Կիպրոս է եղեր «գաղտնի պաշտոնով», հաղորդեր է իրեն այդ «նախկին հերոսի» տխուր վիճակը, մի անմիջական օգնություն խնդրելով։
Պետք է նրան մի պան վճարեք, որ ղրկեմ վաղվա պոստով, դա անհրաժեշտ է,− ավելցուց Կակայանց իբրև վերջաբան իր պատմության։Այդ երիտասարդը մի այնպիսի հերոս է, որի նման եթե մի քիչ ավելի գտնվեր մեր ազգում, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում։
Վեց հոգի հինգական ղուրուշ տվին։ Կակայանց դժգոհ կերպարանքով մը դրամը գրպանեց ու ելավ գնաց։
***
Ամիս մը ետքը, երբ Գահիրե կգտնվեի, հայկական սրճարանի դիմացեն անցած միջոցիս նշմարեցի Կակայանցը, որ հոն նստած կխոսեր, գլուխը խումբ մը մարդ հավաքած։
Որովհետև լավագույն բան մը չունեի ընելիք՝ ներս մտա։
Հարկ չի կա կարծեմ ըսելու, որ Կակայանց կխոսեր միությո՞ւն՝ թե անջատ գործունեություն, կեդրոնացո՞ւմ՝ թե ապակեդրոնացում և այլն խնգիրներու վրա։
Ես ալ մասնակցեցա վիճաբանության, պաշտպանեցի միության գաղափարը, հետո ցույց տվի, որ անջատ գործունեությանը լավագույնն էր, կեդրոնացումին ի նպաստ խոսեցա և վերջացուցի խոսքս ապակեդրոնացումի առավելությունները պարզելով։ Գիշերը վրա հասավ և միաբերան վճռեցինք, թե հարկ չի կար վիճաբանությունը շարունակելու, քանի որ ամենքս ալ համակարծիք էինք և փորերնիս անոթեցած էր։
Մեկնելու մոտ պարոն Կակայանց ըսավ։
Կացեք մի քիչ, մի կարևոր պան ունեմ ձեզ ասելու։
Եվ պատմեց, թե «մի նախկին տեռոր», որ այժմ Վառնա կգտնվի եղեր, շատ խեղճ վիճակի մեջ, դիմում ըրեր է իրեն, որպեսզի քանի մը ոսկի ճարե ու ղրկե։ Կակայանց իր ժամացույցըմի լավ ժամացույց Ժնևի լավագույն գործարաններից մեկիցվիճակահանության դրեր է այս նպատակով։
Պարոննե՛ր, պետք է մի բան վճարել, դա մի հերոս է, որի նման եթե մի քիչ ավելի գտնվեր մեր ազգում, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում։
Եվ գրպանեն հանեց թուղթ մը, ուր արդեն նշանակված էին նվիրատուներու անուններ Ռումբ՝ չորս ղրուշ, Կայծակ՝ երեք ղրուշ, Պատուհաս՝ մեկ ղրուշ, Սուլթանի թշնամին՝ վեց ղրուշ, Վառոդ՝ հինգ ղրուշ և այլն։ Մենք ալ ստիպվեցանք մեյմեկ պզտիկ գումար վճարել կեղծանուններով։ Ես չորս ղրուշ տվի և ստորագրեցի «Նիդրո-Կլիսերին»։Մեկտեղ ճաշենք այս իրիկուն,− ըսի Կակայանցին, երթ դուրս կելլեինք սրճարանեն։
Շատ լավ։
Եվ ուղղվեցանք Պապ-էլ-Պահրի ճաշարաններեն մեկը։ Քանի մը գավաթ գինի պարպելե ետքը՝ հանկարծ ըսի իրեն.
Պարոն Կակայանց, ինչո՞ւ եկած ես Եգիպտոս։
Ե՞ս, զարմա՜նք. պրոպականտի համար։
Բայց հոս ի՞նչ օգուտ ունի քո պրոպականտդ, արտասահմանի հայերուն մեջ հեղափոխական թերթերը կրնան ազատորեն պրոպականտ ընել, պետք է Թյուրքիա երթալ, հոն ավելի օգտակար է, ավելի կարևոր է։
Թյուրքիա՞, չեմ կարող այդ բարբարոս թյուրքերի երեսը տեսնել, թե մի հատ հանդիպեմ նրան՝ հենց այն րոպեին պետք է սպանանեմ․․․
Լա՛վ, սպանանի՛ր։
Ինչ հեշտ ես ասում, որ այդ կարելի՞ է։
Եթե կարելի չէ՝ մի՛ սպանաներ, բայց գնա՛ Թյուրքիա։
Դուք թրքահայերդ լոկիայով չեք խոսում, ամեն բան թեթևությամբ եք դատում,− պատասխանեց Կակայանց։Քո ասածի մեջ իմաստ չի կա, այդ սոֆիզմ է։
Ուրեմն երթանք քիչ մը ժուռ դալ։
***
Անցավ քանի մը շաբաթ։ Առտու մը փողոցին մեջ հանդիպեցա Կակայանցին, որ զիս տևսնելուն պես՝ քովս վազեց։
Պետք է այս գիշեր ժամը 9-ին գտնվես Ապպասիե, պարոն Վարդանի տանը։ Մի բանախոսություն պիտի անեմ,− ըսավ,− մի քանի կարևոր հարցի մասին։
Գիշերը գացի նշանակված տունը, ուր բավական մեծկակ սենյակի մը մեջ հավաքված էին արդեն տեղացի ու փախստական երեսունի չափ հայեր։
Կակայանց երկու ժամ խոսեցավ միությո՞ւն՝ թե անջատ գործունեություն, կեդրոնացո՞ւմ՝ թե ապակեդրոնացումի վրա։ Իր խոսքը լմնցնելե ետքը՝ բանաձև մը ներկայացուց, իբրև եզրակացություն իր ըսաձներուն, և ուզեց, որ քվեարկվի, ղրկվելու համար զանազան կուսակցությաններու կեդրոններուն։ Անկարելի եղավ։ Հոն գտնվող երեսուն հոգին ալ երեսուն տեսակ հատուկ կարծիքներ ունեին միության, անջատ գործունեության, կեդրոնացումի և ապակեդրոնացումի մասին։ Նորանոր բանաձևեր աոաջարկվեցան, որոնք ամենքն ալ մերժվեցան։ Վերջապես, հազիվ կարելի եղավ վեց ձայն հավաքել հետևյալ բանաձևին շուրջը.
«Եգիպտաբնակ հայերը կխնդրեն մեր հեղափոխական կուսակցություններու կեդրոններեն, որ ի սեր ազգային փրկության դատի, հեռի վանեն ամեն անձնական նկատողություն, և անցյալին տխուր փորձերեն խրատված՝ այսուհետև անջատ միությամբ և ապակեդրոնացյալ կեդրոնացման դրությամբ առաջ վարեն Սուրբ Գործը։ Հակառակ պարագային, եգիպտաբնակ հայերը որոշած են, ի սեր միության, բաժնվիլ և որ կուսակցություն մը հիմնել վերոհիշյալ սկզբունքներուն վրա հաստատված»։
Սենյակին մեջ մոմերը սպառելու մոտ էին ու տանտերը՝ Վարդան, կմրափեր։
Երթա՛նք
Խնդրեմ, պարոննե՛ր, կացեք մի րոպե, մի կարևոր պան ունեմ ասելիք,− ըսավ Կակայանց։
Հասկցանք,− մռմռացին մեկ քանիներ ու սենյակեն դուրս սպրդեցան, իրենց հետ քաշելով ուրիշներ ալ։
Խնդրե՛մ, կացե՛ք մի րոպե
Հոս ենք, կացանք կոր։
Ո՞վ խենթեցեր է, որ մնա։
Հինգ հոգի հազիվ մնաց, որոնց մեկն ալ կմրափեր, լսելու համար տխուր պատմությունը «մի նախկին հայդուկ»-ի, որուն գնդակը տարիներով «սարսափ էր սփռել քրդերին մեջ» և որ հիմա գրեթե անոթի կթափառեր եղեր Ռուսճուք։
Պետք է մի պան վճարել նրան, եթե մի քիչ ավելի գտնվեր նրա պես հերոսներ, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում։
Զարմանալին այն էր, որ գտնվեցան դեռ մեր մեջ երեք հոգի, որոնք հինգական ղրուշ տվին, միայն թե ավելցնելով.
Ալ աս վերջինն է։
Եվ իրավ ալ վերջինը եղավ։
Կակայանց քանի մը օր ետքը անհայտ եղած էր Եգիպտոսեն։
***
Բավական ժամանակ ետքը շրջաբերական մը ցույց տվին ինծի «պաշտոնական կնիքով»։ Այդ շրջաբերականը կհայտներ, որ իմացված էր, թե Կակայանց անունով մարդ մը, Եգիպտոսի մեջ դրամ հավաքած է հեղափոխական նպատակի համար՝ զանազան խաբեբայական միջոցներով, և դրամը չէ ղրկած կեդրոնական սնտուկին, հետևաբար այդ անձն արտաքսված է կուսակցութենեն։
Հիմա հասկցած եմ, թե ինչ է «Արտասահմանի գործիչ» մը։

Տես նաև Երվանդ Օտյան Պատմվածքներ
Երվանդ Օտյան | Արտասահմանի գործիչը Երվանդ Օտյան | Արտասահմանի գործիչը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:31:00 Rating: 5
Технологии Blogger.