Երվանդ Օտյան | Կաղանդի վիպակ


Խեղճ կնիկը չիմացավ թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող - գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը: Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային:
Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր:
Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. - “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն:
Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ:
- Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞:
Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ:
-Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր:
- Նոր կառք մը կեցած ատեն` “եկանկը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”:
* * *
Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ:
Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց.
-Հայրիկ, պտուղ բերի՞ր:
-Չէ, ատ էր պակաս:
Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր:
Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ:
Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ:
Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա:
* * *
Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”:
- Անոնք հարուստ են, տղաս:
- Դուն ալ թող հարուստ ըլլայիր:
- Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի:
Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ:
- Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք:
Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոդ տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս:  - Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:

Տես նաև Երվանդ Օտյան Պատմվածքներ
Երվանդ Օտյան | Կաղանդի վիպակ Երվանդ Օտյան | Կաղանդի վիպակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:46:00 Rating: 5
Технологии Blogger.