Երվանդ Օտյան | Լևոն թագավորի սուրը


Այսօր ալ Անկախության Պատերազմին թանգարանը երթանք պտտինք, ըսավ մեկը, երբ ցերեկվան ճաշը լմնցնելե ետքը` օրվան մնացորդը ինչպես անցնելնիս կը խորհեինք:
Փախստականներու խումբ մըն էինք, Աթենքի մեջ կազմված. ոմանք քանի մը տարիե ի վեր հոն էին, մեկ-երկուքը վեց-յոթը ամիսե ի վեր, իսկ մնացածը օգոստոսի ջարդերեն փախած: Տարօրինակ ու այլազան խումբ մը, որուն անդամները առանց ոևէ ներքին նմանության, առանց համակրանքի ձգողական ուժին, ափ յափոյ, գրեթե բռնի, եկած միացած էին իրարու: Նյութական բարեկեցություն մը - բարեկեցություն` նպաստամատույց Հանձնաժողովներու կարոտ չըլլալու աստիճանմիակ կապն էր մեր խմբին անդամները միացնող:
Մեջերնիս կար հացագործ մը, գավառացի վաճառական մը, գրաշար մը, օտա-պաշի մը, տեռոր մը, նկարիչ մը, սպասավոր մը, խմբագիր մը, դերձակ մը, ատաղծագործ մը և Գալուստ անուն երիտասարդ մը:
Երբ ոտքի ելանք մեկնելու համար, Գալուստ կը մրափեր աթոռին վրա, իր սովորության համեմատ:
Ձայն տվինք իրեն:
- Գալուստ, մեկտեղ չե՞ս ի գար, թանգարանը պիտի երթանք:
Ոտքի ելավ, ապուշ նայվածք մը նետեց չորս բոլորը, մտքի ճիգ մը ըրավ ուր գտնվիլը հասկանալու համար, հետո դեմքը ծամածռեց տխուր ժպիտ մը ձևացնելով, և ըսավ.
-Հապա, կուգամ, պարոններ, հա,հա,հա:
* * *
Քսանվեց տարեկանի մոտ գավառացի փախստական մըն էր, նիհար, գունատ այտերով: Հազիվ տարիե մը ի վեր թողած էր գեղը և Պոլիս եկած` եղբորը քովոր խանի մը մեջ խահվեճի է եղեր, - գեղին դպրոցը ստացած նախնական ուսմունքը քիչ մըն ալ առաջ տանելու, և մարդ ըլլալու համար: Իր տարիքը և գիտության չափը չեն ներեր իրեն ոևէ դպրոց երթալու և սկսեր է հատուկ դասեր առնել խանին մեջ, շրջանավարտ աղքատ ուսանողե մը:
Օգոստոսի 14 – ին, Պոլսո կողմը, իր խանին խուցը քաշված կաշխատի եղեր, երբ շփոթությունը ծագեր ու ջարդողների խումբերը մեջտեղ ելեր են:
Տուն-տեղ ունեցողները ձգեր փախեր ու խանը միայն քանի մը բեռնակիր, խումբ մը գավառացի, օտա-պաշին, խահվեճին ու Գալուստը մնացեր են, որոնք դուռը գոցեր ու փակվեր են մեջը:
Ըսի թե մեր խմբին մեջ օտա-պաշի մը կար, ճիշտ այդ խանինն էր: Իրմե լսած էինք այդ չարաշուք օրերուն իրենց պատմությունը:
- Մինչև մութը կոխելուն հանգիստ մնացինք, ըսած էր, բայց ժամը գիշերվան 2 – ին խանին դուռը սկսան կոտրել. բավական դիմացկուն էր, ժամ մը աշխատեցան բանալու համար: Քառսուն հոգիի չափ քյուրտ ու թուրք բարբարոսներ լեցան խանին մեջ և սկսան ծակուծուկը խուզարկել: Ես, Գալուստը, իր եղբայրը` խահվեճի Վարդանը և ուրիշ ընկեր մը, անգլիացի վաճառականի մը պատկանող գրասենյակի մը մեջ պահվըտած էիք, դուռը աղեկ մը կղպած: Դիմացի սենյակը ուրիշ երեք հոգի կար, որոնք նույնպես պահվըտած էին, վարն ալ քանի մը հոգի կը գտնվեր: Լույսը մարած` մութին մեջ` ահուդողով կաղոթեինք, զենք մը չի կար քովերնիս: Ու ահա, հարձակողները վեր կելլեն, վարի մարդոցգործը լմնցնելեետքը:
Գրասենյակի դուռը ափ կառնեն:
- Բացեք, բան չպիտի ընենք:
Պատասխան տվող չի կա: Օտա-պաշին մեծկակ դարանի մը մեջ կը մտնե ու դուռը գոցել կու տա դրսեն: Գալուստ, որ նախապես տախտակամածի փայտերեն մեկը տեղեն խախտած էր, ծակին մեջ կը սխմվի փայտը գլխին ծածկելով: Խահվեճի Վարդան դրամարկղին ետևը կը կծկտի, իսկ մյուս ընկերնին պատուհանին քով պատրաստ կը կենա որպեսզի դուռը բացվելուն պես ինքզինքը փողոց նետե:
Դրսեն ոտքի հարվածներ կը տեղան դրան, ատեն ատեն ոռնալով:
- Բացեք, մի հոգնեցնեք մեզի:
Վերջապես կղպանքին տրված լախտի ուժով հարված մը կը խորտակե զայն և խուժանին մեկ մասը, - ութ հոգի, - իր հաղթական մուտքը կընե:
Ներս մտնողներուն առաջին գործը կըլլա գրասեղանին վրա դրված աշտանակը վառել և պատուհանին քով կեցող հայը, որ ժամանակ չէր ունեցած կամ վարանած էր ինքզինքը վար նետելու, բռնել:
Խանի մը անկյունը, գիշեր ատեն, մոմով մը միայն լուսավորված սենյակի մը մեջ տեղի ունեցած այդ տեսարանին ամբողջ չարաշուք արհավիրքը կերևակայեք:
Գալուստ, ինչպես ըսի տախտակամածին տակ կծկված, տախտակը գլխին, պզտիկ ծակե մը ամեն բան կտեսներ ու ամեն բան կը լսեր:
- Որո՞ւնն է այս գրասենյակը, - կը հարցնե ոճրագործներուն պարագլուխը, խոսքը ձեռքը ընկած հայուն ուղղելով:
- Պ. Ճոնսըն անգլիացիին, - կը պատասխանե խեղճը դողահար:
-Սուտ ես:
- Չէ, ճշմարիտ է, - կը պատասխանե մեջերնին մեկը, - ես շատ անգամ մաքսեն ապրանք բերած եմ հոս, մյուսյու Ճոնսընին սեմյակն է ասիկա: Անոր համար ըսի, որ պարապ տեղը դուռը կկոտրենք կոր, օգուտ չի կա մեզի այստեղեն:
Հայտնի է, որ կառավարությունը խստորեն արգիլած էր խուժանին օտարազգիներու վնաս հասցնելը:
- Ինչ որ է, սա կյավուրը կը սատկեցնենք: Այս ալ բան մըն է:
Ու սոփայի հարվածները կը սկսին գավառացիին գլխին, մինչև որ շնչասպառ կը մնա:
- Արդյոք դեռ ուրիշ մարդ կա՞ սենյակին մեջ պահմտած, - կըսե պարագլուխը, խոսքը քովիններուն ուղղելով:
Ամենքը չորս կողմներնին կը նային:
-Չէ, ուրիշ մարդ չի կա:
-Ուրեմն սըվոր ոտքեն քաշեցեք ու դուրս նետեցեք:
Եվ ցույց կուտա դիակը:
Երկու մարդ կը կատարեն հրամանը և մեկիկ-մեկիկ ամենքը դուրս ելլել կսկսին: Վերջին մնացողը երբ ոտքը սեմեն դուրս կդներ, պզտիկ, անզգալի շշուկ մը կը լսե ու հանկարծ կասկած կունենա թե կրնա դեռ մարդ պահվտած ըլլալ սենյակի մեջ:
- Կեցեք սա մոմով չորս կողմը աղեկ մը նայիմ, կըսե ընկերներուն և կսկսի սենյակին շրջանը ընել, մինչև անոնք դուրսը կը մնան:
Դրամարկղին քովեն անցած ատեն, կը ծռի, գլուխը կերկարցնե դեպի ետին: -Գտա, կը գոչե ուրախությամբ: Բայց հանկարծ խահվեճի Վարդան վրան կը հարձակի, գետին կը տապալե զայն ու կսկսի հարվածներ տեղալ:
Մոմը գետին կիյնա ու կը մարի: Վարդան կռվելով հանդերձ հուսահատորեն կը գոչե.
- Ախ, զենք մը, դանակ, զմելի մը ըլլա քովսփայտի կտոր մը ըլլարբան մը չի կա
Դուրսի մարդիկը բնականաբար ներս կխուժեն և կուզեն ազատել իրենց ընկերը Վարդանի ճանկերեն: Վարդան, որ հուժկու և հաղթանդամ գավառացի մըն է եղել, դյուրավ ետ չի տար իր որսը, կատաղի, անլուր կռիվ մը կը մղե խեղճը ութ հոգիի դեմ:
- Ախ, զենք մը ըլլար քովս…:
Վերջապես ուժաթափ կըլլա ամեն կողմեն եկող սոփայի հարվածներուն տակ: Մեյ մըն ալ կը կրկնե խեղդուկ ձայնով.
- Ախ, զենք մը
- Զենք մը
Ալ հոգին կը փչե:
Թուրքերը դուրս կելլեն, այս անգամ դիակը սենյակին մեջ թողլով:
Եվ մինչև առտու Գալուստ իր ծակին մեջեն ակնապիշ կը նայի իր եղբոր դիակին, առանց տեղեն շարժիլ համարձակելու, առանց ճիչ մը, հեծկլտանք մը հանելու:
* * *
Առտուն գրասենյակին տերը կուգա դեսպանատան թարգմանի մը և խավազի մը ընկերակցությամբ: Այն ատեն միայն Գալուստ կը համարձակի իր ծակեն դուրս ելլել: Անգլիացիին ոտքը կիյնա գոչելով գրեթե խելահեղ.
-Ազատե ինծի թյուրքերու ձեռքեն:
Ու հետևյալ օրը, օտար-պաշիին և ուրիշ խումբ մը հայերու հետ, թարգմանի առաջնորդությամբ շոգենավ կը մտնե, գրպանը 200 ոսկիովիր եղբորը ժառանգությունը, որ բարեբախտաբար պ. Ճոնսընի քով պահ դրած է եղեր:
Բիրե հասնելեն քանի մը օր ետքը տեսա զինքը: Այն քստմնելի տեսարանը որուն ներկա գտնված էր, այլ խանգարեր էր իր իմացությունը: Ապուշ, սարսափահար նայվածք մը ուներ խեղճը. ատեն-ատեն անխորհուրդ երկյուղ մը կը պաշարեր զինքը ու կը գոչեր դողահար:
-Կուգան կոր
Եվ այս վիճակը կը տևեր շարունակ: : Իզուր ամենքս ալ զինքը համոզել կը ջանայինք որ վախենալու բան մը չուներ, ազատ, քաղաքակիրթ երկրի մեջ կը գտնվեր: Ֆեսի մը տեսքը, թյուրք անուն մը արտասանումը բավական էր իր ամբողջ էությունը սարսելու: Երբ տաճկական դրոշակ կրող շոգենավ մը գար Բիրեի նավահանգիստը` հեռուները կը փախչեր չտեսնելու համար: Զինքը տարած էր բժիշկներու, սակայն իրենց պատվերները ու դեղերը անզոր մնացած էին, ու ալ կամաց-կամաց սկսած էին զինքը հիվանդ մը չնկատել, այլ վախկոտ փախուկ մը:
Հակառակ իրեն հետ հաճախ կատակներ ընելուս, իր ներկայությունը միշտ տխուր տպավորություն մը կըներ վրաս: Շատ անգամ ներկա գտնված եմ երբ օտա-պաշին կը պատմեր իրենց եղերական պատմությունը. առանց երբեք խոսքին խառնվելու: Միայն, և ասիկա ամեն անգամ առանց բացառության, երբ պատմողը կըսեր, “լույսը մարած` մութին մեջ կաղոթեինք. զենք մը չի կար քովերնիս”, Գալուստ` հապըշտապ աչքերը խոշոր բացած, կը միջամտեր.
- Հա, իրավ է, զենք մը չի կար քովերնիս
Հետո նորեն կիյնար իր լռության մեջ:
* * *
Բիրե գտնվող հայերեն ոմանք հաշիշի գործերով կը զբաղեին. – Հունաստանի մեջ հաշիշի մշակումը ներելի է և առուծախը արտոնյալ, որովհետև ժողովուրդը բնավ չի գործածեր այդ թույնը. – օխան հինգ ֆրանքի ծախու կառնեին Եգիպտոս ղրկելու և քառսուն ֆրանքի ծախելու համար, թեև հաճախ կը բռնվեր իրենց ապրանքը և մեծամեծ տուգանքներու կը դատապարտվեին: Այդ հայերեն ոմոնք Գալուստին կուտան քիչ մը հաշիշ` ծախելու համար: Մեկ, երկու, երեք անգամ ու ահա Գալուստ հաշիշամոլ մը կըլլա, որուն աղետալի ազդեցությունը իր վրա կը տեսնվեր գործածության սկսելեն քիչ ետքը: Մենք գրեթե կը քաջալերեինք զինքը իր մոլության մեջ, որովհետև կը տեսնեինք որ խեղճ տղան գոնե հաշիշ ծախած միջոցին կը մոռանար իր ահլեռի մղձավանջը:
Իր վրա հաշիշամոլի ամենեն հայտարար նշանն էր աչքերուն տարտամ նայվածքը և ապուշ, անգիտակից ջղային ծիծաղը, հա,հա,հա, որ ամեն առթիվ արտասանած ամեն մեկ խոսքին վերջը կը դներ: - Գալուստ, ուրկե կուգաս:
-Միչոյին սրճարանեն հա,հա,հա:
-Գալուստ, կերակուր ուտելու երթանք:
-Երթանք, հա,հա,հա:
Եվ տխուր բան մըն էր ամեն օր ներկա գտնվիլ այդ իմացականության հաշիշի մուխերուն մեջ կամաց-կամաց շիջումին:
* * *
Բաթիսիայի ճամբայեն երբ կերթայինք դեպի Անկախության Պատերազմի թանգարանը, Գալուստ առջևնես կը քալեր իր վարանոտ, գայթիգայթ քայլվածքովը և մեջերնիս մին կամ մյուս ատեն-ատեն կը կրկներ, հազարերորդ անգամ, միօրինակ կատակը:
-Ծո, Գալուստ, թյուրք մը կուգա կոր հետևնուս:
Ու Գալուստ ահաբեկ ցնցումով մը գլուխը կդարձներ, անասնական նայվածք մը պտտցնելով շուրջը և կը գոչեր.
-Մի ընեք, եղբայրներ, մի վախցնեք զիս, հա,հա,հա: Թանգարանին մեծ սրահը պտըտած ատեննիս անկյուն մը դրված թրքական դրոշակ մը տեսանք, հին ու մին լաթի կտոր մը գնդակներեն ծակծկված, որ հույներուն ձեռքը ընկեր է Մորայի կռիվներեն մեկուն միջոցին: Գալուստը, որ քիչ մը անդին կը գտնվեր, մեր քով կոչեցինք:
-Հոս եկուր, նայե ինչ կա:
Եկավ կարկամորեն, աչքերը խոշոր բացած ուղղվեցավ մեր ցույց տված անկյունը: Նախ չհասկցավ այդ կարմիր լաթին ինչ ըլլալը, բայց երբ հանկարծ մահիկի նշանը տեսավ վրան, աղաղակ մը արձակեց, ետ ետ վազելով:
-Աստված, թուրքի դրոշակ է եղեր:
Ու ձեռքերովը երեսը ծածկեց:
Դուրս ելլելու ժամանակ մեջերնես մեկը առաջարկեց, որ խնդրենք թանգարանին պաշտոնյայեն, որպեսզի ցույց տա մեզի Լևոն թագավորին սուրը, որ իր սենյակը դարանի մը մեջ պահված էր:
Այդ սուրը ուրիշ անգամ տեսած էի արդեն: Դաշույն մըն էր` ոսկեզօծ նրբակերտ պատյանով մը, որուն վրա Լևոն թագավոր Հայոց բառերը փորագրված էին, հետո թվական մը, Ի թվին Քր. ՌՄԻ:
Այդ դաշույնը շինված էր, ինչպես պատմեցին ինծի,    Պոլսո շուկայի վարպետ հայ արհեստագետ մը ու և հաջողած էր իբրև հարազատ բան մը կլլեցնող հնության հավաքիչ անգլիացիի մը ու ծախել մեծկակ գումարի մը փոխարեն: Անգլիացին Աթենք գտնված միջոցին նվեր տված էր թանգարանին, խաբեբայությունը հասկնալե ետքը: Հիմա հոն դարանի մը անկյունը նետված կը մնար:
Մեր մեջեն անոնք որ չէին տեսած այդ սուրը ու նաև չէին գիտեր անոր պատմությունը, հպարտությամբ խառն սքանչացումով մը սկսան քննել, մինչ Գալուստ դուրս ելեր ու դրան մոտ մեզի կսպասեր, առանց գիտնալու թե ինչու այդ սենյակը մտած էինք; Երբ տեսավ որ կուշանանք, եկավ մինչև սենյակին դուռը և ըսավ.
-Ի՞նչ կընեք հոդ. ինչո՞ւ չեք ի գար:
- Եկուր որ տեսնաս: Հայկական զենք մը կա հոս, Լևոն թագավորին սուրը:
Մենք զենք չունինք, ըսավ Գալուստ անբացատրելի շեշտով մը և թերահավատ ձևով գլուխը երերցուց:
-Եկուր կըսենք կոր:
Եվ թևեն քաշելով ներս մտցուցին ու սուրը ներկայացուցին իրեն:
Նախ քիչ մը ետ գնաց, առանց ձեռք դպցնել համարձակելու, հետո դաշույնը առավ և սկսավ ձեռքին մեջ խաղցնել:
-Նայե, վրեն գրվածը կարդա:
Ու ցույց տվին փորագրված բառերը:
Կամաց-կամաց արտասանելով կարդաց բարձրաձայն. “Լևոն թագավոր Հայոց Ի թվին Քր. ՌՄԻ”:
Երբեք չպիտի մոռանամ այս տեսարանը
Դիմացը կեցած էինք ամենքս: Երբ ընթերցումը լմնցուց` բերանը բաց ամենուս երեսը նայեցավ մարդու մը պես, որ կը կասկածի թե արդյոք խա՞ղ մը կը խաղան իրեն: Անգամ մըն ալ կարդաց արձանագրությունը և գոչեց.
- Իրավ էՀայ թագավորի սուր էԼևոն թագավորին սուրըիրավ է:
Ու այս բառերը արտասանած ատեն աչքերը կը բոցավառվեին, դեմքը կը գունավորեր ու տարօրինակ այլափոխություն մը տեղի կունենար իր մեջը:
-Հայ թագավորի սուրՀայ թագավորի սուր, - կը կրկներ: Ամենքս, հուզված, զինքը կը դիտեինք: Դաշույնը հանեց պատյանեն ու սկսավ համբուրել երկաթը:
Ինչպես փարած էր այդ երկաթին: Խենթի մը պես կը համբուրեր, շուտ-շուտ, ագահաբար, մոլեգնաբար, վախնալով որ ձեռքեն կառնենք դեռ կարոտը չառած:
-Ախ Լևոն թագավոր, մեռնիմ, խուրպան ըլլամ:
Հանկարծ գոչեց.
- Եթե զենք մը ըլլար, աղբարս չէր մեռներապուշ էինքզենք մը չէինք պահած քովերնիսբայց ասկե ետքը, այս սուրին վրա երդում կընեմ, առանց զենքի չի պիտի պտըտիմ
- Ծո, շատ լեզվիդ մի տուր, տաճիկ դրոշակը դուրսը կեցեր է, - ըսավ մեջերնես մին, պաղ ջուր մը լեցընելով մեր հուզմունքին վրա:
Այն ատեն Գալուստ շեշտ մը նայեցավ խոսքը արտասանողին երեսը, հետո առանց պատասխանելու, պինդ ու հաստատ քայլերով դուրս եկավ սենյակեն, ուղղվեցավ այն անկյունը, ուր դրած էր թրքական դրոշակը, ձեռքերը պարզեց զայն ու թքավ վրան:
Բժշկված էր:

Տես նաև Երվանդ Օտյան Պատմվածքներ
Երվանդ Օտյան | Լևոն թագավորի սուրը Երվանդ Օտյան | Լևոն թագավորի սուրը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 07:50:00 Rating: 5
Технологии Blogger.