Պարույր Սևակ | Անտարբերության թշնամի


         Ինչ որ անում եմ՝
         Կրքով եմ անում,
         Անում եմ թափով,
         Եռանդով ամբողջ՝
         Վատնելով ավյուն,
         Ծախսելով արյուն,-

Անտարբերության թշնամին եմ ես,
Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:

Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից
Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ,
Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից
Աշխատում են լոկ սևն ու ճերմակը,
Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից
Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն,
Ջերմաստիճանըս - անզոր զայրույթից -
Հասնում է նույնիսկ քառասունմեկի,
Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ,
Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության,
Անտարբերության ոսո՛խըս մոլի,
         երևակայե՜ք,
Գերադասում եմ... մնալ ձեռնըպահ:

Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ,
Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից...

[1959թ.]

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անտարբերության թշնամի Պարույր Սևակ | Անտարբերության թշնամի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 30, 2018 Rating: 5
Технологии Blogger.