Պարույր Սևակ | Անտա՞ռն է արդյոք


***
Անտա՞ռն է արդյոք
Իմ կրծքով շնչում,
Թե՞ ես եմ կորչում
Անտառի շնչում,
Անտառի շնչում
Ամենածավա՜լ:

Սակայն այս հարցով
Ես ինձ չեմ տանջում:
Եվ արժե՞ միթե,
Երբ գիտեմ, որ ես
Կարող եմ հիմա
Կոճղի պես լռել,
Քամու պես հևալ,
Ծտի պես ծվալ,
Թփերի նման
Մեղմիկ սվսվալ.
Անտառի նման՝
Շաչե՛լ,
Շառաչե՜լ,
Անտառի նման՝
Տնքա՛լ, հառաչե՜լ.
Անտառի նման՝
Ահեղ բարկանա՜լ.
Ու թե մերկանա՛լ՝
Տերևաթափից -
Անտառի նման
Երբեք չամաչել...

23.IV.1959թ.      
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անտա՞ռն է արդյոք Պարույր Սևակ | Անտա՞ռն է արդյոք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 07, 2018 Rating: 5
Технологии Blogger.