Պարույր Սևակ | Երկու սիրո արանքում


Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
        Որին չեմ սիրում,
        Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում -
        Մերթ՝ կոչվում թախիծ,
        Մերթ՝ կարոտ,
        Մերթ՝ վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
        Հետապնդում է
        Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
        Ում դուր չենք գալիս:
        Ես էլ իմ հերթին
        Իմ ամբողջ կյանքում
        Հետապնդում եմ ուրիշին՝
                Նրա՛ն,
        Որ նույնպես, դիտմամբ,
        Անունն է փոխում -
        Այն հույսով գուցե,
        Թե մոլորվելով՝
        Հետքն իր կըկորցնեմ -
Մեկ խնդություն է անվանում իրեն,
        Մեկ՝ ուրախություն,
        Կայտառություն է
        Կամ պայծառություն:
        Հետապնդում եմ
        Ու չե՜մ դադարի,
        Մինչև նա, անո՛ւժ,
        Մինչև նա, տրվա՛ծ,
        Ինձ չասի.
        «Քոնն եմ»:

        Վկան՝
        Ա՛յն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
        Նշել չեմ կարող...

19.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Երկու սիրո արանքում Պարույր Սևակ | Երկու սիրո արանքում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:02:00 Rating: 5
Технологии Blogger.