Պարույր Սևակ | Գարնանային ուրվական


Գարո՜ւն է գալիս,
Գարո՜ւն է գալիս...
Ուզո՞ւմ եք՝
        հանեմ
Մայթերի վրա
Թանկ գին պահանջող
Մի փունջ մանուշակ:

Ուզո՞ւմ եք՝
        հիշեմ
Ծիծեռնակներին
Ու կոչեմ նրանց
Գարնան հին գուշակ:

Ուզո՞ւմ եք՝
        բերեմ
Մի տաքուկ քամի,
Որ վերջին պաղ ձյան
Հոգին էլ հանի,

Ու հետն էլ փռեմ
Մայթերի վրա
Գարուն ավետող
Առաջին փոշին:

Իսկ ես տեսնում եմ,
Որ աղբամանից
Քիթն է դուրս հանել
Մի կրկնակոշիկ -

Կողքերին՝ չոր ցեխ,
Իսկ քիթը՝ դեռ թաց,
Ասես արցունքոտ,
Ցաված ու տրտում,

Որ երախտամոռ
Մի մարդ արարած
Չի՜ էլ սպասել
Գեթ հասնի իր տուն.

Նրան լքելու
Նոր տեղ է գտել՝
Հանել փողոցում,
Այստեղ է նետել:

Եվ աղբամանից
Քիթը դուրս հանած՝
Նա միտք է անում
Եվ անձայն լալիս...

Ասֆալտով պատված
Հսկա քաղաքով -
Արդ հավատացի՞ք -
Գարունն է գալիս:

Գարունն է քայլում՝
Հանելով փոշի,
Գարունն է քայլում՝
Անկրկնակոշիկ...

02.III.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գարնանային ուրվական Պարույր Սևակ | Գարնանային ուրվական Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 06, 2018 Rating: 5
Технологии Blogger.