Պարույր Սևակ | Հողը հայելի


Ձեզ հող թվացող այս հողը համայն
Կարծես ինձ համար
Դարձել է հիմա
Ամալգամից զուրկ - նո՛ր մի հայելի,
Որին նայելիս
Տեսնում եմ այնտեղ
Գլխիվայր շրջված - շուռ եկած անտառ -
Եվ ամեն մի ծառ
Մի ծառ չէ կարծես,
Այլ ծառ է երկո՜ւ.
Ծառ կոչված մի գունդ հողին է բազմած,
Իսկ արմատների կազմած այլ մի գունդ՝
Հողի մեջ սուզված -
Նույնքա՛ն ճյուղավոր,
Որքան ճյուղ ունի նույն ինքը ծառը...

Ու պարզ է թվում ամեն ինչ հիմա:
Մի՛ հարց է, որ դեռ պարզ չէ ինձ համար.
-Այս արմատնե՞րն են
Խոտ ու ծառերի անդրադարձումը,
Թե՞ արմատների անդրադարձումն են
Խոտ ու ծառերը...

01.V.1959թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հողը հայելի Պարույր Սևակ | Հողը հայելի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 10, 2018 Rating: 5
Технологии Blogger.