Պարույր Սևակ | Իմ կտակը 2


Ա՜խ, այդ բիճերը,
Որ ծեր են ծնվել...

                 Զավա՛կըս,
         Հիմա ես նրանց առաջ
Նույնիսկ, ազնի՜վ խոսք, ինձ վատ եմ զգում:
         Ինձ վատ եմ զգում,
Որ չարացել եմ ես նրանց վրա,
Որ թշնամի եմ համարել նույնիսկ,
          Մինչևիսկ ատել:

          Սխալվել եմ ես:
          Հիմա նրանցից
Շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում:
         Շնորհակա՜լ եմ:
         Չէ՞ որ ինձ համար
Լավ է, որ նրանք կան ու կլինեն:
Չէ՞ որ հենց նրանց ծերության ֆոնին
Ջահելությունն է շեշտվում-ընդգծվում:
Լավ է, որ կյանքում հաղթել են նրանք:
Լավ է, նույնքան էլ արդարացի է:
Ախար ամեն մեկն ունի իրավունք
Գոնե մի՜ անգամ իր կյանքում հաղթելու:
         Հերթը նրանցն է -
         Թող հաղթեն այսօր,
Բայց չէ՞ որ վաղը դու ես հաղթելու
         Կամ քեզ նմանը:

Եվ ճիշտ են, ճիշտ են բոլո՜րն աշխարհում -
Քսո՛ւն, տխմա՛րը, խե՛ղճը, սրիկա՛ն:
         Կյանքում ամե՜ն մարդ,
         Կյանքում ամե՜ն ինչ
         Ունի իրավունք
Արդարացնելու իր գոյությունը:

         Եվ որտեղի՞ց բերք,
Թե պարարտանյութ չպիտի լինի:
         Ի՞նչ ապաքինում,
         Թե չի եղել ցավ,
         Թե ախտ չի եղել:
Ի՞նչ վերածնունդ,
Եթե չի եղել մահացու դադար:

Երջանկությունն էլ չէ՞ որ հենց այն է,
Որ չկար երեկ և այսօր հասավ...

19.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ կտակը 2 Պարույր Սևակ | Իմ կտակը 2 Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:59:00 Rating: 5
Технологии Blogger.