Արթուր Կոնան Դոյլ | Դեղին դիմակավորը


Շերլոք Հոլմսը մի այնպիսի մարդ էր, որ հազիվ էր կատարում որևէ մարմնամարզություն, որևէ զբոսանք, բայց չնայելով դրան՝ շատ-շատ քիչ մարդ կլիներ, որ ունենար նրա չափ մարմնական ուժ։ Նա այդ ուժի հետ միասին բարձրահասակ էր և լայնաթիկունք, կարծես մի ըմբիշ լիներ։ Եթե որևէ վարժություն աննպատակ էր, նա այդպիսին համարում էր ուժերի ավելորդ վատնողություն, բայց առիթը եկած տեղում Հոլմսը ցույց կտար յուր ուժը, իսկ այսպիսի դեպքում նա անպայման տոկուն էր։ Իսկ որ զարմանալի էր նրա ուժը՝ չնայելով, որ նա ուտելիքի մեջ չափավոր էր։ Սովորաբար Հոլմսը վարում էր կոշտ, խոժոռ կյանք, որ յուր պարզությամբ շատ աչքի ընկնող երևույթ էր։ Եթե կար որևէ բան, որով կարելի լիներ նրան մեղադրել, այդ այն էր, որ նա սիրում էր գործածել կոկաին։ Այս միջոցին էր նա դիմում, երբ որ կարդում էր անբովանդակ լրագրեր կամ երբ ուզում էր բողոքել կյանքի տափակության դեմ։
Գարնան սկզբներում՝ մի գեղեցիկ օր, կամենալով մի փոքր հանգստանալ՝ նա ինձ առաջարկեց միասին զբոսնել ծառաստանում։ Դեռ նոր էին սկսել արմատները ծլել, և շագանակիների մեծ, երկար, հնգաթերթ տերևները փթթել և շառավիղներ արձակել։ Ամբողջ երկու ժամ մենք թափառում էինք ծառաստանում։ Մենք չէինք խոսում իրար հետ, որովհետև առանձին խոսելու էլ նյութ չունեինք, քանի որ լավ գիտեինք միմյանց գաղտնիքները։
Ժամը հինգն էր արդեն, երբ մենք տուն դարձանք, որը գտնվում էր Բեյքր-սթրիթում։
Ձեզ մի ինչ-որ պարոն հարցրեց,— ասաց մեր փոքր ծառան դուռը բանալիս։
Հոլմսը ինձ նայեց հանդիմանորեն։
Այ թե ի՞նչ է նշանակում ճաշից հետո զբոսնելը,— ասաց նա։ Եր՞բ եկավ անծանոթը, վաղո՞ւց է։
Ոչ, պարո՛ն, հենց նոր գնաց։
Ինչո՞ւ նրան չխնդրեցիր մի փոքր սպասել։
Հրավիրեցի ներս, նա բավական սպասեց։
Երկա՞ր մնաց։
Համարյա կես ժամ։ Նա շատ անհանգիստ մարդ էր երևում։ Բոլոր միջոցը նա ման էր գալիս սենյակի մեջ, կարծես ցնորված լիներ։ Այդ բոլորը ես դիտում էի բակում՝ դռան ճեղքից։ Հետո նա սենյակից դուրս վազեց ու գոռաց
Վերջապես շա՞տ կուշանա քո տերը։
Ես խնդրեցի նրան մի փոքր էլ սպասել մինչև Ձեր վերադարձը, բայց նա ասաց
Այստեղ սիրտս նեղանում է, ավելի լավ է դուրսը մաքուր օդում կսպասեմ, ես շուտով կվերադառնամ։
Խորհուրդ կտամ, պարո՛ն, նրան չընդունեք, եթե որ նորից գալու լինի։
Լա՛վ, լա՛վ,— ասաց Հոլմսը, ու տուն մտանք։
Ցավում եմ, Վա՛թսըն, որ նա չի սպասել։ Այցելուի անհամբերությունից դատելով՝ պետք է կարծել, որ նա առանձին լուրջ գործ ունի։ Աա՜, այս ի՞նչ ծխամորճ է սեղանի վրա ընկած, երևի քոնն է։ Գուցե նա է մոռացմամբ թողել այստեղ։ Ին՜չ գեղեցիկ ծխիչ է՝ երկար փողով։ Հետաքրքիր է իմանալ, թե Լոնդոնում կարելի՞ է գտնել իսկական «կեռաս» ծխիչներ։ Ասում են, որ իսկական «կեռասը» վրան բծեր կունենա, այդ է պատճառը, որ ծախողները արհեստական «կեռասների» վրա պատրաստել են տալիս կեղծ բծեր։
Երևում է, որ սրա տերը շատ գրգռված լինելուց թողել է ծխամորճը, ես մի բան էլ եմ նշմարում, որ նա անկասկած շատ է սիրում այս ծխամորճը։
Ինչի՞ց գիտես, որ տերը շատ է սիրում,— հարցրի Հոլմսին հետաքրքրվելով։
Սա արժե յոթ շիլինգ, բայց տե՛ս, երկու տեղ օղակ է գցած, իսկ այդ ցույց է տալիս, որ երկու տեղից կոտրվել է, և նա կարկատան է արել։ Թեև նորոգելն ավելի թանկ է նստում, բայց նորը չուզելով գնել՝ հինն է նորոգել տվել։
Օղակներից կարելի է այդպես եզրակացնել։
Նա ուշադրությամբ դիտում էր ծխամորճը՝ ձեռքերի մեջ շուռումուռ տալով։
Հոլմսը, ծխամորճը ձեռքում բռնած, բթամատը դիպցնում էր ծխիչին։ Այդ դրությամբ նման էր պրոֆեսորի, որ մարդակազմության դասախոսություն էր կարդում համալսարանի ուսանողներին՝ ցույց տալով նրանց մի նոր ոսկոր։
Ծխամորճը շատ հետաքրքրական է,— ասաց նա,— սրա վրա ես նշմարում եմ տիրոջ բնավորության դրոշմը, թեև սրա վրա եղած նշանները ինձ և քեզ համար առանձին կարևոր չեն։ Ծխամորճի տերը շատ ուժեղ է, ձախլիկ, և ամուր ատամներ ունի, նա անհոգ է վերաբերվում դեպ յուր սովորությունները և նրանց ինչ կերպ գործ դնելը չի իմանում։
Իմ բարեկամն ավելի հեռու գնաց յուր դատողությունների մեջ, բայց ես նկատեցի, որ նա աջ աչքի ծայրով ինձ վրա է նայում՝ ուզենալով համոզվել, թե արդյոք իրեն լսո՞ւմ եմ, թե՞ ոչ։
Ծխամորճի տիրոջ ունևոր լինելը կասկածելի է, որովհետև նա ծխում է յոթ շիլինգանոց ծխիչով,— վրա բերի ես։
Նրա ծխած ծխախոտի ունցիան ութ փենս արժե,— ասաց Հոլմսը՝ բռի մեջ թափ տալով «լուլի» մեջ եղած մնացորդը։ Եթե այս գնի կիսով էլ ծխախոտ բանեցներ, այնվամենայնիվ, խնայողության մասին չէր հոգար։
Այդ լա՛վ, դու ասա՛ ինձ մյուս եզրակացություններդ։
Նա վատ սովորություն ունի ծխիչը բռնելու, բռնում է լապտերի կամ գազի ծորակի բոցի վրա, նայի՛ր, տե՛ս, նրա մի կողմն այրվել է, անկասկած լուցկին այսպես չէր այրի։ Դժվար է ընդունել, որ նա միշտ լուցկին միևնույն կողմից բռներ։ Լապտերի վրա բռնելով չի կարելի «լուլեն» այրելուց ազատել։ Այդ չէ բոլորը, նկատո՞ւմ ես՝ այրվել է աջ կողմը։
Փորձի՛ր լապտերի վրա վառել ծխախոտդ, այն ժամանակ դու կհամոզվես փորձով, որ եթե աջ ձեռքով բռնես, անպայման ձախ կողմը կմոտենա կրակին, այլ ո՛չ թե աջ կողմը։ Կարող է և այնպես պատահել, որ աջ կողմն էլ այրվի, բայց այդ հազվադեպ կլինի։ Միևնույն ժամանակ տեսնո՞ւմ ես՝ ծխիչը խիստ կրծոտված է, իսկ այս ուժեղ և ամուր ատամների տեր մարդը կարող էր անել։ Սակայն եթե չեմ սխալվում, ահա լսվում է նրա քայլերի ձայնը, որ գալիս է սանդուխտների վրայից։ Նրա անձնավորությունն ավելի հետաքրքիր է, քան թե նրա ծխամորճի հետազոտությունը։
Իրավի, մի երկու վայրկյան հետո հանկարծ դուռը բացվեց, և սենյակ մտավ մի բարձրահասակ մարդ։ Նա հագնված էր խիստ ճաշակով, բայց շատ պարզ, մութ մոխրագույն թիկնոց և կրում էր նույնպիսի լայնեզր գլխարկ, որ խաղացնում էր ձեռքում։ Դատելով այցելուի տեսքից՝ նա երեսուն տարեկան էր, բայց իսկապես ավելի մեծ կլիներ։
Ներեցե՛ք,— ասաց նա վրդովված կերպով,— ինձ թվում է, թե դուռը բախեցի։ Այո՛, անշուշտ բախեցի։ Ես մի փոքր հուզված եմ, ուստի խնդրում եմ ներող լինեք անքաղաքավարությանս։
Այս ասելիս նա տրորեց ճակատը, ինչպես որ առհասարակ անում են նյարդային մարդիկ հուզված ժամանակ, և իսկույն ընկավ աթոռի վրա։
Ինձ թվում է, թե Դուք մի քանի գիշեր չեք քնել,— ասաց Հոլմսը սովորական հաճելի ձայնով։ Անքնությունը ամենածանր աշխատանքից, նույնիսկ խնջույքից ավելի է խանգարում նյարդերը։ Կարո՞ղ եմ Ձեզ հարցնել, թե ինչո՞վ կարող եմ Ձեզ պետք գալ։
Ես ցանկանում եմ Ձեզ հետ խորհրդակցել։ Չգիտեմ, թե ի՞նչ անեմ, ինձ այնպես է թվում, որ ողջ կյանքս մանր կտորների է բաժանվում։
Չեմ հասկանում, չլինի՞ կամենում եք խորհրդակցել հետս ինչպես ոստիկանության մի թաքուն գործակատարի հետ։
Ո՛չ, ես կամենում եմ իմանալ Ձեր կարծիքը՝ որպես մի հմուտ փաստաբանի և առօրյայ կյանքի մեջ փորձված մարդու։ Ես մոլորվել եմ և չգիտեմ ի՞նչ միջոցի դիմեմ, ինչպե՞ս վարվեմ, ես հույս ունեմ, որ միայն Դուք կտաք ինձ փրկարար խորհուրդ։
Նա խոսում էր հակիրճ, ուժեղ և նյարդային շեշտով։ Այցելուի խոսելու ձևից պարզապես նկատվում էր, որ պատմելիքը նրան պատճառում էր սրտի սաստիկ կսկիծ։
Գիտե՞ք,— ասաց նա։ Շատ փափուկ խնդիր է ասելիքս, դժվար է օտարներին պատմել ընտանեկան գործերը։ Ծանր է օտար մարդկանց հետ խոսել, երբ նրանք բոլորովին ծանոթ չեն քո ներքին կյանքի հետ։ Օ՜հ, որքան դառն է, դառը Բայց ինչ էլ որ լինի, չեմ կարող երկար դիմանալ, նյարդերս խիստ լարված են, այնպես որ պետք է խորհրդակցեմ ակամա։
Լսեցե՛ք, բարեկա՛մ, պարոն Գրանթ Մընրո՛ու,— խոսեց Հոլմսը։
Այցելուն խայթվածի պես վեր թռավ աթոռից։
Ինչպե՜ս,— գոռաց նա,— Դուք արդեն անունս էլ գիտեք։
Եթե կամենում եք թաքցնել Ձեր անձը,— ասաց ժպտալով Հոլմսը,— այն ժամանակ խորհուրդ կտամ Ձեր անունը մյուս անգամ չգրեք գլխարկի մեջ կամ շուռ տաք գլխարկը մյուս կողմը։ Այս սենյակում ես և բարեկամս լսել ենք շատ տարօրինակ ու ծանր գաղտնիքներ և, հաջող նախատեսության շնորհիվ, թեթևացրել ենք շատ մարդկանց ցավեր։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի նույնը անել և Ձեզ։ Կարելի՞ է արդյոք խնդրել Ձեզ, որ եթե անհետաձգելի գործ է, շուտով դեպքը պատմելուն անցնենք։
Մեր այցելուն երկրորդ անգամ ձեռքը քսեց ճակատին, որով կարծես ուզում էր հիշողությունը նորոգել։ Նրա ամեն մի շարժումն ու արտասանությունը ցույց էին տալիս, որ նա բնականից շատ հպարտ, զգույշ ու քաշվող մարդ էր, այդ պատճառով էլ ստիպված է եղել երկար ժամանակ թաքցնել յուր սրտի վերքերը։ Վերջապես նա ձեռքով մի ուժգին շարժում արեց ու սկսեց պատմել։
Տեսե՛ք, թե բանն ինչո՞ւմն է, պարոն Հո՛լմս։ Երեք տարի է, որ ես ամուսնացել եմ, այդքան միջոցում մենք զգում էինք մեզ բախտավոր և շատ էլ սիրում էինք միմյանց։ Կարծես մենք ստեղծված լինեինք միմյանց համար։ Մեր մեջ չի պատահել ո՛չ մի տարաձայնություն, անբավականության ո՛չ մի ստվեր չի անցել մեր մեջ։ Իսկ այժմ՝ այս վերջին երկու շաբաթում, կարծես մեջներս մեծ անջրպետ է կազմվել։ Զգում եմ, որ կնոջս կյանքում, նրա բոլոր մտքերի մեջ ինչ-որ խորթ բան կա ինձ համար, որպես թե նա իմ կինը չէ, այլ փողոցում հանդիպած մի կին։ Մի խոսքով՝ այն օրից մինչև օրս մենք դարձել ենք խորթ, և ես վճռել եմ, ինչ էլ որ լինի, իմանալ այս փոփոխության պատճառը։
Փաստերին անցնելուց առաջ պարտավոր եմ Ձեզ հաղորդել, պարոն Հո՛լմս, դարձյալ մի շատ կարևոր կետ, որ Էֆին ինձ սիրում է։ Ես թույլ չեմ տալիս մի վայրկյան կասկածելու, որ սխալվում եմ հաշվիս մեջ։ Նա սիրում է ինձ յուր բոլոր սրտով, հոգու բոլոր ուժով և գուցե մինչև այժմ ոչ ոքի այնպես չի սիրել, ինչպես որ ինձ է սիրում։ Ես այդ զգում եմ խորը կերպով, ինչպես կնոջից սիրված յուրաքանչյուր մարդ կարող է զգալ։ Բայց մեր մեջ կա մի ինչ-որ գաղտնիք, որի շնորհիվ մենք այլևս առաջվա բախտավոր սիրող ամուսինները չենք կարող լինել, քանի որ գաղտնիքը չի բացվել։
Արդյո՞ք չի կարելի փաստերին դիմել, պարոն Մընրո՛ու,— կտրեց նրան Հոլմսը ակներև անհամբերությամբ։
Ինչո՞ւ չէ, ես Ձեզ կպատմեմ բոլորը, ինչ որ գիտեմ Էֆիի մասին։ Երբ ես նրան առաջին անգամ հանդիպեցի, նա դեռատի այրի էր։ Այն ժամանակ նա քսան և հինգ տարեկան էր։ Նրա անունն էր տիկին Հիբրըն։ Նա Ամերիկա տեղափոխվել էր շատ վաղ, որտեղ և ամուսնացել էր Հիբրըն անունով մի երդույալ հավատարմատարի հետ, որը գործունյայ և բանիմաց մարդ էր։ Այդ ամուսնությունից նրանք ունեցան մի երեխա, որը փոքր հասակում մեռավ դեղին տենդից։ Նոյն բախտին հանդիպեց նաև տիկնոջ ամուսինը։ Նրա մահվան վկայականը ես տեսել եմ։ Ամուսնու կորստից հետո նա թողեց Ամերիկան և յուր պառավ օրիորդ մորաքրոջ հետ տեղափոխվեց Փինըր։ Ամուսինը մեռնելիս թողել էր չորս հազար հինգ հարյուր ֆունտ ստերլինգի մի խոշոր գումար, որը դրված էր մի ապահով ձեռնարկության մեջ և բերում էր տարեկան յոթ տոկոս արդյունք։ Փինըրում տիկինը հազիվ թե վեց ամիս մնացած լիներ, երբ ես նրան պատահեցի։ Շուտով մենք միմյանց հավանեցինք ու, մի քանի շաբաթ չանցած, ամուսնացանք։
Ես պարապում եմ գայլուկի առևտրով, որից ստանում եմ զուտ արդյունք յոթ կամ ութ հարյուր ֆունտ ստերլինգ։ Նշանակում է, Դուք տեսնո՞ւմ եք, որ մենք կարող ենք ապրել շատ ճոխ, ուստի և վարձեցինք Նորբըրի ամառանոցը՝ տարեկան ութ հարյուր ֆունտ ստերլինգի։ Մեր կալվածքը գյուղի նման է, դրա հետ միասին ունի այն առավելությունը, որ գտնվում է քաղաքին մոտիկ։ Մեզանից քիչ հեռու կա մի հյուրանոց և տուն, իսկ մեր դեմը՝ դաշտի ճանապարհի վրա, կա մի տնակ, որի ճակատը մեր կողմն է գտնվում։ Այս շինություններից զատ էլ ուրիշ ոչ մի շենք չկա մինչև կայարանը։ Գործերիս անհրաժեշտությունից ստիպված եմ տարվա որոշ եղանակներին մենակ քաղաքում ապրել։ Ամառը համարյա անգործ եմ։ Այդ ժամանակ մենք կատարելապես վայելում ենք գյուղական կյանքի բոլոր քաղցրությունները։ Արդեն Ձեզ ասացի, որ մեր մեջ երբեք տարաձայնություն չի եղել։
Սակայն այստեղ Ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի հանգամանքի վրա։ Պսակվելուցս հետո, հակառակ իմ ցանկության՝ կինս յուր բոլոր փողերն ինձ հանձնեց։
Ես հակառակ էի այդ բանին նրա համար, որ եթե որևէ կերպով գործերս վատ գնային, նա կզրկվեր յուր ունեցածից։ Կինս ստիպեց ինձ, և ես հնազանդվեցի նրա կամքին։ Սակայն վեց շաբաթ առաջ նա եկավ ինձ մոտ և ասաց
Ջե՛ք, փողերը քեզ տալիս դու ինձ խոստացար հարկավոր դեպքում վերադարձնել
Անշուշտ,— պատասխանեցի,— խոսք չկա, որ նրանք ամբողջովին քոնն են։
Ուրեմն,— ասաց նա,— տուր ինձ հարյուր ֆունտ։
Նրա պահանջը մի փոքր ինձ զարմացրեց, բայց կարծեցի, որ նա այդ գումարն ուզում է որևէ բավականության համար, գուցե շորերի կամ կանացի զարդարանքների վրա ծախսելու համար։
Այդքան մեծ գումարն ի՞նչ պետք է անես,— հարցրի նրան։
Ո՜հ,— պատասխանեց նա ցավալի ձայնով,— դու խոստացար իմ սեղանավորը լինել, իսկ սեղանավորները երբեք փոխատուներին չեն հարցնում, թե ինչո՞ւ եք հետ ստանում։
Եթե այդքան քեզ պետք են, իհարկե կտամ,— ասացի։
Ո՜հ, այո՛, շատ հարկավոր են։
Գոնե կասե՞ս ինձ, թե ի՞նչ պետք է անես։
Գուցե մի քանի օրից հետո ասեմ, բայց ոչ այժմ։
Այս խոստումից ապահովվելով՝ ես հանգստացա, և այդ առաջին անգամն էր, որից երևաց, թե նա ինձանից գաղտնիք ունի։ Նա չեկն ստացավ, իսկ գաղտնիքի մասին էլ չհիշեցի։ Գուցե այս դեպքը էական կապ չունի հետո տեղի ունեցածի հետ, բայց և այնպես ավելորդ չէր առաջուց պատմելը։ Արդեն ասացի, որ մեր տանից քիչ հեռու կա մի փոքրիկ տնակ։ Դեպի այդ տնակը գնալու համար պետք է գնալ մեծ ճանապարհով, հետո շեղվել դեպի նեղ կածանը, որ տանում է շոտլանդական եղևնիների անտառը։ Ես շատ անգամ զբոսնում եմ այդ անտառում՝ զովանալով սաղարթախիտ ծառերի ստվերների տակ։ Զբոսանքից դառնալիս ես հաճախ կանգնում էի տնակի առաջ, որը համարյա ութ ամիս է ամայի էր։ Միշտ մտածել եմ, թե որպիսի՛ հարմարություններ կարելի է ստեղծել այդ տեղում։ Նրա կտուրը բոլորովին հնացել է և կորել է այծմորուքի կանաչ թփերի մեջ։
Երկուշաբթի երեկոյան զբովսանքից վերադառնալիս ինձ հանդիպեց մի դատարկ սայլ։ Պարզապես երևում էր, որ սայլը դառնում էր տնակի մոտից։ Մոտենալով տնակին՝ տեսա դռան առաջ տնային իրեղեններ, որ ներս էին կրում կասկած չկար, որ տնակը մեկը վարձել էր։ Որպես մի հետաքրքրիր մարդ, որ չգիտի ի՛նչ անի անգործությունից, պատուհանից նայեցի՝ տեսնելու, թե ո՞վ են իմ նոր հարևանները։
Պատահմամբ վերև նայելով՝ վերի հարկի բաց պատուհանից տեսա մի անծանոթ դեմք, որ ուղղել էր յուր հայացքն ինձ վրա։
Չգիտեմ, պարոն Հո՛լմս, ո՞ւմն էր այդ դեմքը, բայց, խոստովանվում եմ, նրա հայացքն ինձ սարսռեցրեց։ Դժբախտաբար այնքան հեռու էի կանգնած, որ չկարողացա պարզ որոշել նրա դեմքի գծերը, միայն նրա վրա կային անբնական գծեր, որոնք մարդկային չէին։ Գոնե այդպիսի տպավորություն թողեց ինձ վրա։ Երբ ես առաջ շարժվեցի տեսնելու ինձ վրա նայողին, նա իսկույն անհետացավ, նրա շարժումն այնքան արագ էր, որ կարծես նրան քաշեցին սենյակի խորքը։ Այնտեղ հինգ րոպեի չափ կանգնեցի՝ հուսալով, թե կրկին կտեսնեմ և կվերլուծեմ ստացածս տպավորությունը, բայց զուր անցավ ժամանակս դեմքը չհայտնվեց նորից։ Դժվարանում եմ հասկանալ, թե ո՞վ էր նա, և ի՞նչ դեմք էր, կնո՞ջ, թե՞ տղամարդու, թեև լավ տեսա, որ նրա գույնը դեղին էր և անկենդան։ Նրա կերպարանքը սառն էր ու անշարժ, այդպիսի գծեր չի կարելի տեսնել մարդկանց մեջ։ Այս հանգամանքն այնքան հետաքրքրեց ու վախեցրեց ինձ, որ ես վճռեցի ավելի մոտից նայել ու ծանոթանալ այդ տան նորեկ տարօրինակ կեցողների հետ։ Ահա՛ այդ մտքով ու դիտավորությամբ մոտեցա դռանը և բախեցի։ Իսկույն ևեթ դուռը բացվեց, և իմ դեմ դուրս եկավ մի բարձրահասակ, նիհար կին՝ վայրենի գիշատիչ դեմքով։
Ի՞նչ եք կամենում,— հարցրեց նա հյուսիսային երկրի կոշտ արտասանությամբ։
Ես Ձեր հարևանն եմ,— ասացի նրան՝ ցույց տալով իմ տունը,— տեսնելով, որ Դուք նոր եք եկել այստեղ՝ եկա իմանալու, թե արդյո՞ք որևէ ծառայություն չեմ կարող անել Ձեզ համար։
Ո՞վ է Ձեզ խնդրում միջամտել,— գոռաց նա և իսկույն դուռը վրա զարկեց։
Ես տուն դարձա զարմացած ու ամոթից կարմրած։ Երեկոյան աշխատում էի մոռանալ դեպքը՝ մտածելով զանազան նյութերի մասին։ Չնայելով դրան՝ միտքս համառությամբ վերադառնում էր դեպի պատուհանի տարօրինակ երևույթը և դեպի պառավ կնոջ կոպիտ վարմունքը։ Լավ իմանալով կանանց նյարդային բնավորությունը, դրա հետ միասին և սնահավատությունը՝ որոշեցի ոչինչ չասել կնոջս ինձ հետ պատահած անախորժ դեպքի մասին։ Միայն քնելու ժամանակ, հարևանցի կերպով հաղորդեցի նրան, որ ինչ-որ անծանոթ մարդիկ են եկել տնակում բնակվելու։ Կինս ոչ մի խոսք չասաց նրանց մասին։ Սովորաբար ես շատ խոր քնել գիտեմ։ Իմ բնավորությունը ամենքին հայտնի է մեր տան մեջ երբ մի անգամ քնեցի, էլ զարթնել չեմ կարող։ Միայն այդ գիշեր, երևի օրվա դեպքից հուզված՝ քնեցի սովորականից թույլ։ Քնիս մեջ հանկարծ ինձ թվաց, թե սենյակում մեկը շարժվում է։ Քիչ-քիչ զարթնելով՝ տեսա կնոջս բոլորովին հագնված, թիկնոցով ու գլխարկով, որ դուրս էր գնում սենյակից։ Քնիս մեջ շրթունքներս ինչ-որ անկապ բառեր էին շշնջում, իսկ երբ աչքերս բացի, մոմի աղոտ լույսի մեջ տեսա կնոջս դեմքի արտահայտությունը։ Նրա դեմքը ծածկված էր մեռելային դալկությամբ, նրա շնչառությունը ծանր էր, և հուզմունքից դողում էր, միևնույն ժամանակ նայում էր անթարթ կերպով անկողնիս վրա, ակներև վախենում էր, որ կարող եմ զարթնել։ Իսկ երբ կինս համոզվեց, որ քնած եմ, նա հուշիկ քայլերով դուրս գնաց սենյակից։ Մի երկու վայրկյանից հետո լսեցի գլխավոր մուտքի դռան ճռռոցը։ Ես նստեցի անկողնիս մեջ և շոշափեցի գլուխս, որ համոզվեմ՝ քնա՞ծ եմ, թե՞ արթուն։ Արդեն առավոտյան ժամը երեքն էր։ Ի՞նչ էր անում այդ ժամին կինս դրսում։ Մի քանի վայրկյան մնացի տարակուսած՝ աշխատելով որևէ բացատրություն գտնել, բայց քանի շատ էի մտածում, այնքան ավելի թվում էր ինձ համար դեպքը հանելուկ ու տարօրինակ։ Երբ արդեն պատրաստվում էի տեղիցս վեր կենալ, վարից դուռը զգուշությամբ բացվեց, և աստիճանների վրա լսվեցին կնոջս ոտնաձայները։
Ո՞ւր էիր գնացել, Է՛ֆի,— հարցրի նրան, երբ նա սենյակ մտավ։
Ձայնս լսելիս նա դողաց բոլոր մարմնով, նրա կուրծքից թեթև ճիչ դուրս թռավ։
Այդ հանգամանքն ինձ ավելի շփոթեց, որովհետև ակամա այլայլվելով՝ նա իրեն մատնեց և ցույց տվեց յուր հանցավոր լինելը։ Կնոջս միշտ նկատել էի որպես մաքուր և պարզ բնավորության տեր, այնինչ նրա գաղտագողի սենյակից դուրս գալը մեղավորցնում էր նրան։
Զարթո՞ւն ես, Ջե՛ք,— ասաց նա նյարդային ծիծաղով,— իսկ ես կարծում էի, թե դեռ քնած կլինես։
Որտե՞ղ էիր,— խստությամբ հարցրի նորից։
Ես չէի կարծում, որ իմ դուրս գնալը քեզ կվախեցնի,— ասաց նա հանելով ծածկոցը, այդ միջոցին նրա մատները դողում էին կոճակներն արձակելիս։ Ինձ հետ երբեք այսպես բան չէր պատահել, սենյակում այնպես տոթ զգացի, որ քիչ էր մնում խեղդվեի, դրա համար վճռեցի տանից դուրս գալ մի փոքր դրսում թարմ օդ շնչելու, իսկ այժմ լավ եմ զգում ինձ։
Խոսելու ժամանակ նա երբեք չէր նայում աչքերիս մեջ, նրա ձայնի մեջ լսվում էին խորթ ելևէջներ։ Ես հաստատ համոզված էի, որ կինս ինձ խաբում է։ Չուզեցի պատասխանել նրան, երեսս պատի կողմը դարձրի՝ մտքիս մեջ հազար տեսակ կասկածներ ու ենթադրություններ անելով։ Ինչ գաղտնիք էր, որ նա թաքցնում էր ինձանից, ո՞ւր պետք է գնացած լիներ այդ գիշերվա պահուն։ Կարծում էի, որ երբեք հանգստանալու չէի, մինչև որ ստույգը չիմանայի։ Միևնույն ժամանակ վախենում էի նրան ստիպել, որովհետև կարող էր խաբել ինձ։ Քունը փախավ աչքերիցս, այլևս չկարողացա քնել մինչև առավոտ և մտածում էի անհավանական բաների մասին։
Առավոտը քաղաք պետք է գնայի, բայց շատ հուզված լինելով՝ չէի կարող լուրջ գործով պարապել։ Հուզված էր նաև կինս։ Նրա՝ ինձ վրա ձգած երբեմնական հարցական հայացքներից ես հասկանում էի, որ նա աշխատում էր դուրս գալ այդ հիմար դրությունից, որովհետև զգում էր, որ ես համոզված չէի նրա տված բացատրություններից։ Նախաճաշի ժամանակ մենք մտքերս փոխանակում էինք կցկտուր խոսքերով, որից հետո շուտով գնացի զբոսնելու, որ սովորաբար առավոտյան զով եղանակներին կատարում էի։ Զբոսնելով հասա մինչև Բյուրեղի պալատը, մի ժամ նստեցի խոտերի վրա հանգստանալու և ապա ժամը մեկի կեսին վերադարձա Նորբըրի։
Պատահաբար պետք է անցնեի նույն տնակի առջևից։ Մի րոպե կանգնեցի տեսնելու երեկ երեկոյան ինձ վրա նայող սոսկալի դեմքը։ Բայց, երևակայեցե՛ք, պարոն Հո՛լմս, իմ զարմանքը, երբ դուռը բացվեց, և այնտեղից դուրս եկավ կինս։ Ես զարմանքից քարացա, իսկ երբ մեր հայացքները իրար հանդիպեցին, պարզապես տեսա, որ նրա դեմքը այլայլված է։ Ինձ նույնպես երևաց, որ նա սկզբում ուզում էր թաքնվել տնակում, բայց հավանական է՝ զգալով այդպիսի վարմունքի անհարմարությունը՝ գույնը նետեց քաթանի նման՝ աշխատելով արհեստական ժպիտ ցույց տալ։
Ես եկա այստեղ, Ջե՛ք, իմանալու համար, թե արդյո՞ք մեր նոր հարևանները կարոտ չեն իմ օգնությանը։ Բայց ինչո՞ւ այդպես խիստ նայում ես վրաս, գուցե դժգոհ ես որևէ բանից կամ բարկացած ես վրաս։
Այժմ հասկանում եմ, թե ո՞ւր էիր գնացել գիշերս,— ասացի։
Ինչի՞ց եզրակացրից,— պատասխանեց նա։
Ես հաստատ համոզված եմ, որ դու գիշերս այստեղ էիր, միայն ասա՛՝ ո՞վ է կենում այս տան մեջ, որին գիշերով այցելության եկար։
Իմ այստեղ գալս առաջին անգամն է։
Ինչպե՞ս ես համարձակվում խաբել ինձ,— գոռացի։ Տեսնո՞ւմ ես, ահա, քո ձայնը քեզ մատնում է։ Մինչև այժմ ես որևէ բան թաքցրե՞լ եմ քեզանից։ Հենց հիմա կգնամ այնտեղ և գաղտնիքը կիմանամ։
Ո՛չ, ո՛չ, Ջե՛ք, ի սեր Աստծու, մի՛ գնար,— աղաչեց նա վախեցած։
Ես մի քանի քայլ առաջ գնացի դեպի դուռը։ Կինս բոլոր ուժով կախ ընկավ թևիցս ու հետ տարավ։
Խնդրում եմ, Ջե՛ք, մի՛ անիր այդ բանը,— ասաց նա։ Երդվում եմ բոլոր սրբությունով, որ մի քանի օրից հետո կպատմեմ, բայց եթե կգնաս այսօր այնտեղ, այն ժամանակ դու ինձ մեծ ցավ կպատճառես։
Հակառակ բոլոր ջանքերիս՝ ինձ երբեք չհաջողվեց նրա ձեռքքից ազատվել և դռանը մոտենալ։
Հավատա՛ ինձ, Ջե՛ք, կյանքիդ մեջ գոնե մի անգամ հավատա՛, երբեք չես զղջալու այդ մասին, չէ՞ որ մինչև օրս ոչինչ չեմ ծածկել քեզանից և չեմ էլ ծածկելու, եթե անհրաժեշտ չլիներ։ Սրանից կախված է երկուսիս բախտը։ Գնանք միասին տուն, և ամեն բան լավ կվերջանա։ Իսկ եթե ուզենաս բռնի ուժով տուն մտնել, այն դեպքում ամեն ինչ վերջացած կլինի մեր մեջ։
Այս վերջին խոսքերը նա այնպես վճռականությամբ ու շեշտով ասաց, որ ես ակամա նրան հնազանդվեցի և էլ չվստահացա դռանը մոտենալ։
Լա՛վ ուրեմն,— ասացի,— կատարում եմ քո խնդիրը այն պայմանով միայն, որ դու դադարես գիշերային այցելություններիցդ, և սրանք այլևս չկրկնվեն։ Թո՛ղ քո մեջը մնա գաղտնիքդ, միայն սրանից հետո ոչինչ չթաքցնես ինձանից։ Անցյալը ես բոլորովին կմոռանամ, իսկ դու խոստացիր էլ չկրկնես այսպիսի բաներ։
Օո՜, խոստանում եմ, Ջե՛ք,— ասաց զգալի կերպով սիրտ առած,— թո՛ղ քո ասածը լինի, միայն թե շուտով հեռանանք այս տանից։
Այս խոսքերով նա, թևիցս բռնած, հեռացրեց ինձ տանից։ Ես հետ նայեցի և կրկին տեսա դեղին դեմքը, որ մեզ էր նայում վերնայարկի պատուհանից։ Ին՜չ ընդհանուր կապ կար կնոջս և այն դեղին դեմքի մեջ։ Այդ հայացքը դարձյալ երկյուղ ազդեց վրաս, ես զգացի, որ երբեք չպիտի կարողանամ հանգստանալ, մինչև որ չպարզվի խորհրդավոր պատմությունը։
Երկու օր տանից դուրս չեկա։ Երևում էր, որ կինս էլ կատարում էր խոստումը, որովհետև ինձ հայտնի էր, որ նա տանից չէր մեկնում։ Երրորդ օրը դարձյալ հիասթափվեցի։
Անշուշտ ոչ մի երդում, որ տալիս է կինը մարդուն, չի կարող հետ պահել նրան կամքը կամ գուցե ցանկությունը կատարելուց։
Ես կրկին անգամ քաղաք գնացի, բայց փոխանակ երրորդ ժամին տուն դառնալու, ինչպես սովորաբար լինում էր, դարձա երկրորդ ժամին։ Բակում պատահեց աղախինս վախեցած դեմքով։
Ո՞ւր է գնացել տիրուհիդ,— հարցրի նրան։
Չգիտեմ, երևի գնացել է զբոսնելու,— պատասխանեց նա։
Կասկածը զարթնեց իմ մեջ այստեղ ինչ-որ թաքուն բան է կատարվում, ես բարձրացա վերև, որ ստուգեմ՝ տա՞նն է, թե՞ ոչ, այստեղից պատահմամբ պատուհանից դուրս նայելով՝ տեսա, որ աղախինս շնչասպառ վազում էր դաշտի միջով դեպի չարագուշակ տնակը։
Գաղտնիքը պարզ էր։ Կինս տանից դուրս գալիս աղախնին պատվիրել էր, որ հսկի, և եթե քաղաքից շուտով դառնալու լինեմ, իրեն իսկույն իմաց տա։ Էլ ինձ զսպել չկարողացա, ներքև վազեցի և վճռեցի միանգամից վերջ տալ կատակերգությանը։
Ճանապարհին ես տեսա, որ կինս և աղախինը համարյա հևալով վազում էին նեղ կածանով։ Նրանց չկանգնեցրի, այլ ուղղակի գնացի դեպի տնակը, որտեղ պետք է լուծվեր գաղտնիքի հանգույցը։ Առանց դուռը բախելու՝ սեղմեցի դռան սողնակը և, դուռը բանալով, մտա բակի մեջ։
Բակում տիրում էր կատարյալ լռություն։ Խոհանոցում կրակարանի վրա դրած էր կաթսան, իսկ նրանից քիչ հեռու կողովի մեջ պառկած էր կատուն։ Այնտեղ չէր պառավ կինը։ Ես վստահ կերպով անցա մյուս դատարկ սենյակը, իսկ այստեղից էլ վերև բարձրացա և մտա վերնայարկի երկու սենյակները՝ չպատահելով ոչ մի կենդանի էակի։ Սենյակների կահավորությունը և պատկերները բոլորովին հասարակ ու կոպիտ էին, բացի այն սենյակից, որի պատուհանից երկու անգամ տեսա դեղին դեմքը։ Նա կահավորված էր նուրբ ճաշակով և շատ շքեղ։ Միայն երևակայեցեք զայրույթս, երբ կրակարանի վրա տեսա կնոջս պատկերը, որը նա ստացել էր ինձանից իմ թույլտվությամբ երեք ամիս առաջ։
Երկար մնացի սենյակում անշարժ, որպեսզի համոզվիմ՝ իրավի՞ տան մեջ մարդ չկա, իսկ հետո տուն դարձա սարսափելի ծանրացած սրտով։ Բակում կինս հանդիպեց, բայց ես այնքան զայրացել էի, որ ոչ մի խոսք չասացի նրան։ Անցա նրա մոտից և մտա առանձնասենյակս։ Կինս եկավ հետևիցս, իսկ ես չկարողացա դուռը փակել։
Ես շատ եմ տանջվում, Ջե՛ք, այնպես որ ստիպված խոստումս դրժեցի, իսկ եթե գիտենայիր բոլոր մանրամասնությունը, գուցե ներեիր ինձ։
Ասա՛ ինձ բոլոր ճշմարտությունը։
Ո՛չ, չեմ կարող, Ջե՛ք, եթե մինչև անգամ ինձ սպանես,— ասաց նա՝ կոտրատելով ձեռքերը հուսահատությունից։
Քանի որ չես ասել ինձ, թե ո՞վ է կենում այն տնակում, և ո՞ւմ ես տվել քո լուսանկարը, ես չեմ ուզում քեզ հետ ոչ մի գործ ունենալ,— ասացի և դուրս եկա տանից։
Այդ դեպքը երեկվա օրն էր, պարոն Հո՛լմս, նրանից հետո նրան էլ չեմ տեսել և ոչինչ ավելի չգիտեմ այդ հանելուկի նման պատմության մասին։ Այսպիսի կատակ կյանքիս մեջ առաջին անգամն է պատահում, դրա համար էլ այնպես մոլորված եմ, որ չեմ իմանում, թե ի՛նչ անեմ և ի՛նչ միջոց գործ դնեմ։ Հանկարծ մտածեցի Ձեզ դիմել այսօր, Ձեզանից խորհուրդ հարցնել և ահա Ձեզ մոտ գալով՝ բոլորովին Ձեզ եմ ապավինում։ Խնդրում եմ, եթե պատմածիս մեջ կա որևէ թերի կողմ, հարցրե՛ք ինձ, և ես ուրախությամբ Ձեզ կբացատրեմ։ Միայն աղաչում եմ Ձեզ, ի սեր Աստուծո, ասացե՛ք ինձ, որքան կարելի է շուտ, ի՞նչ պետք է անել, որովհետև էլ երկար չեմ կարող դիմանալ այսպիսի հիմար դրության մեջ։
Հոլմսը և ես բոլոր ուշադրությամբ լսում էինք այդ վերին աստիճանի գրգռված մարդու տարօրինակ պատմությունը։ Իմ կենակիցը երկար ժամանակ նստած էր մտածման մեջ՝ ծնոտը ձեռքերի մեջ բռնած։
Ասացե՛ք խնդրեմ,— ասաց նա վերջապես,— կարո՞ղ եք երաշխավորել, որ պատուհանից Ձեզ վրա նայողը իսկապես մարդկային դեմք էր։
Դժվար է դրական պատասխան տալ Ձեզ, քանի որ թե՛ առաջին և թե՛ երկրորդ անգամ բավական հեռու էի գտնվում պատուհանից,— ասաց նա։
Բայց Ձեր պատմածից երևում է, որ այդ դեմքը շատ մեծ տպավորություն է գործել Ձեզ վրա։
Այո՛, որովհետև նրա երեսի գույնը չափից դուրս անբնական էր, ուներ սառը և միապաղաղ գծեր, երկու անգամն էլ, հենց որ ուզում էի մոտենալ, նա վայրկենաբար անհետանում էր։
Որքա՞ն ժամանակ է, որ Ձեր կինը հարյուր ֆունտ ստերլինգ է ստացել Ձեզանից։
Կլինի երկու ամիս։
Դուք արդյոք երբևէ ժամանակ տեսե՞լ եք Ձեր կնոջ առաջին ամուսնու պատկերը։
Ո՛չ, նրա մահից հետո Ատլանտայում մեծ հրդեհ պատահեց, որը լափեց կնոջս բոլոր թղթերը։
Ապա ինչպե՞ս էր պահել կինդ ամուսնու մահվան վկայականը, կարծեմ ասացիք, թե տեսել եք վկայականը։
Այո՛, հրդեհից հետո նրան տվել են վկայականի պատճենը։
Դուք ճանաչո՞ւմ եք մի որևէ մարդու, որ ծանոթ լիներ Ձեր կնոջը Ամերիկայում եղած ժամանակ։
Ո՛չ։
Նա չի՞ առաջարկել Ձեզ երբևէ ժամանակ գնալ Ամերիկա։
Ո՛չ։
Շատ կարելի է, որ կինդ այնտեղից նամակներ էր ստանում։
Ո՛չ, գոնե ես այդ չգիտեմ։
Շնորհակալ եմ, այժմ մի փոքր գաղափար կազմեցի այդ գործի մասին։ Եթե իսկապես այդ տան մեջ մարդ չի ապրում, այն ժամանակ դժվար կլինի պարզել գործը, իսկ եթե նրա բնակիչները, զգուշացած Ձեր այնտեղ մտնելուց, միայն ժամանակավորապես թողել են բնակարանը և հետո կրկին կդառնան, այն ժամանակ հեշտ կլինի ճիշտ հասկանալը։ Ահա՛ թե ինչ խորհուրդ կտամ Ձեզ։ Նորից գնացեք Նորբըրի և կրկին անգամ անցեք տնակի առաջից։ Եթե կերևի, որ տան մեջ կան կեցողներ, մի՛ աշխատեք շուտով ներս մտնելու, այլ անմիջապես հեռագրեցե՛ք մեզ։ Մենք կգանք Ձեր հեռագրից մի ժամ հետո և այնուհետև կորոշենք մեր անելիքները։
Իսկ եթե այնտեղ էլ ոչ ոք չի՞ բնակվում։
Այդ դեպքում վաղը կգամ Ձեզ մոտ, և իրար հետ կխոսինք։ Ցտեսություն, խնդրում եմ Ձեզ՝ ավելորդ մի՛ զայրանաք, քանի որ համոզված չեմ, թե իսկապես արժե զայրանալը։
Ինձ թվում է, թե շատ կեղտոտ կատակ է, Վա՛թսըն,— ասաց Հոլմսը՝ ճանապարհ ձգելով Գրանթ Մընրոուին մինչև դուռը։ Ի՞նչ է քո կարծիքն այս պատմության մասին։
Այո՛, ես էլ նույն կարծիքին եմ, ինչ որ դու ես,— պատասխանեցի։
Իմ կարծիքով այստեղ մի կեղծիք կա, եթե չեմ սխալվում։
Իսկ ո՞վ է կեղծողը։
Նա կլինի, ով որ ապրում կահավորված սենյակում, ում մոտ գտնվում է լուսանկարը։ Ինձ շատ է հետաքրքրում դեղին դեմքը, և ես երբեք չեմ հանգստանա, մինչև որ չգիտենամ գաղտնիքը։
Բայց դու որևէ անձնական գաղափար կազմեցի՞ր այդ մասին։
Անշուշտ, և շատ կզարմանամ, եթե որ ենթադրություններս սխալ դուրս գան։ Իմ կարծիքով տնակում կենում է տիկին Մընրոուի առաջին ամուսինը։
Ինչո՞ւ համար ես այդպես կարծում։
Ապա ի՞նչ կերպ բացատրել նրա երկյուղը, երբ պարոն Մընրոուն ուզում էր տուն մտնել, իսկ կինը արգելում էր։ Ահա այսպես է իմ կարծիքով գործի դրությունը։ Կինը ամուսնացել է Ամերիկայում։ Նրա ամուսինը ցույց է տվել յուր բնավորության տգեղ կողմերը, դիցուք, ասենք, կատարել է որևէ զզվելի գործ։ Նա նրանից փախել, դարձել է Անգլիա ուրիշ անվան տակ՝ նպատակ ունենալով նոր կյանք սկսել։ Այսպիսով նա ամուսնանում է երկրորդ անգամ՝ համարելով իրեն կատարյալ ապահով դրության մեջ։ Կինը մարդուն ցույց է տվել մի ուրիշ անձի մահվան վկայական, ում անունը որ վերցրել էր յուր վրա։ Հանկարծ կնոջ առաջին ամուսինը գտնում է նրա բնակության տեղը, կամ գտնողը հենց արտաքինով այն զզվելի պառավն էր, որն այնպես խիստ կերպով վերաբերվեց պարոն Մընրոուին։
Նրանք նամակ գրեցին նրան՝ սպառնալով գալ և մատնել տիկնոջը։ Տիկինն ստիպված հարյուր ֆունտ խնդրեց և նրանց ուղարկեց, որպեսզի ազատվի իրեն հալածողներից։ Չնայելով այդ վարմունքին՝ նրանք գալիս են։ Երբ պարոն Մընրոուն գալու լուրը հաղորդում է կնոջը, որ անծանոթ մարդիկ եկել են ու տնակում բնակվում, տիկինն իսկույն հասկանում է նրանց ով լինելը և հարմար վայրկյան գտնելով՝ ծածուկ դուրս է գալիս տանից ու գնում նրանց մոտ՝ խնդրելու, որ իրեն հանգիստ թողնեն։ Առաջին անգամ նա, անհաջողության հանդիպելով, հետևյալ առավոտը կրկին անգամ գնում է այնտեղ, ուր և հանդիպում է յուր ամուսնուն։ Կինը նրան խոստանում է այլևս տնակը չգնալ, բայց երկու օրից հետո դաժան հարևաններից ազատվելու հույսն այնքան շատ է սկսում տանջել իրեն, որ նա վճռում է վերջին փորձն անել, գնալով այնտեղ՝ վերցնել յուր տված լուսանկար պատկերը։ Այս խոսակցության միջոցին ներս է վազում աղախինը և իմաց է տալիս յուր տիրոջ վերադարձը։ Կինը, համոզված լինելով, որ յուր ամուսինը շուտով տնակը կմտնի, ուստի նրանց ստիպում է կողմնակի դռնով փախչել դեպի անտառը։ Այս է պատճառը, որ Մընրոուն տանը բոլորովին մարդ չտեսավ։ Ինձ մեզ զարմանք կպատճառի, եթե նրանք մինչև երեկո տուն չվերադառնան։ Դու ի՞նչ կարծիք ունես իմ ենթադրությունների մասին։
Այդ բոլորն էլ լոկ ենթադրություններ են։
Որոնք միևնույն ժամանակ պարզում են բոլոր փաստերը։ Այժմ մենք ենթադրում ենք այն փաստերի հիման վրա, որոնք գտնվում են մեր ձեռքում, իսկ երբ նորերը կունենանք, այն ժամանակ միջոց կլինի այլ կերպ մտածելու։ Առայժմ մնում է մեզ տեղեկություն սպասել Նորբըրիի մեր բարեկամից։
Սակայն մեզ երկար սպասելու պետք չեղավ։ Դեռևս թեյ խմելը չէինք վերջացրել, հեռագիրն ստացանք, որով հաղորդում էր, թե «տեսա նորից դեղին դեմքը պատուհանից և յոթ ժամին Ձեզ կսպասեմ երկաթուղու կայարանում»։
Մենք գնացինք և ճիշտ որ Մընրոուին գտանք կառամատույցի վրա։ Վառած լապտերների լույսի տակ նա երևաց մեզ սաստիկ գունատ և գրգռված։
Նրանք դեռ այստեղ են, պարոն Հո՛լմս,— ասաց նա՝ ձեռքը դնելով իմ բարեկամի ուսին։ Պատուհանում լույս նկատեցի, երբ դեպի կայարանն էի գալիս։ Պետք է շտապել, քանի դեռ չեն փախել։
Ի՞նչ է Ձեր ծրագիրը,— հարցրեց Հոլմսը, երբ մենք անցնում էինք խիտ ծառերի ստվերների տակից։
Ես միտք ունեմ բռնի կերպով տուն մտնել և իմանալ, թե ո՞վ է կենում այնտեղ։ Իմ ցանկությունն է, որ Դուք միայն վկա լինեք։
Նշանակում է՝ ուրեմն հաստա՞տ վճռել եք այդ կերպ վարվել՝ ուշք չդարձնելով Ձեր կնոջ նախապես զգուշացնելուն, որ համոզում էր չաշխատել առժամանակ գաղտնիքն իմանալու։
Այո՛, ես հաստատ վճռել եմ այսպես վարվել։
Ես կարծում եմ՝ Դուք իրավունք ունեք։ Ամեն մի ճշմարտություն, ինչպես էլ որ լինի, լավ է անհայտությունից։
Սաստիկ մութ գիշեր էր, մենք դուրս եկանք մեծ ճանապարհից և գնացինք նեղ շավղով։ Բարակ անձրև էր մաղում։ Պարոն Մընրոուն անհամբեր կերպով գնում էր մեր առաջից, իսկ մենք հետևում էինք նրան։
Ահա այն լույսը, որ երևում է իմ տան պատուհաններից,— շշնջաց նա՝ ցույց տալով լույսը ծառերի միջից,— ահա և այն տնակը, որտեղ մենք պետք է գնանք։
Իսկույն այդ միջոցին շավիղը ծռվեց, և մենք կանգ առանք դռան մոտ։ Լույսի դեղին փունջը, ընկնելով սև հողի վրա, ցույց էր տալիս, որ դուռը ամուր փակված չէ։ Վերևը մի պատուհան կար խիստ լուսավորված։ Ցած թողած վարագույրի վրա մի քանի անգամ նշմարվեց ինչ-որ մի ստվեր։
Տեսե՛ք, ահա նա այստեղ,— գոռաց Մընրոուն,— համենայն դեպս, տան մեջ մարդ կա։ Շտապենք, և շուտով ամեն ինչ կպարզվի։
Մենք դեռ նոր էինք մոտենում դռանը, հանկարծ խավարի մեջ մի կին դուրս թռավ և կտրեց մեր ճանապարհը։ Պատուհանից ընկնող աղոտ լույսը չափազանց թույլ էր, այնպես որ մենք չէինք կարող որոշել նրա դեմքը։
Աղաչում եմ, Ջե՛ք, մի՛ անիր այդ բանը,— թախանձում էր կինը։ Ես համոզված էի, որ դու կգաս այստեղ այս երեկո, բայց համբերիր մի փոքր և չես ցավա այդ մասին։
Ես շատ համբերեցի ու հավատացի քեզ, Է՛ֆի,— կտրեց նրա խոսքը զայրացած ամուսինը,— մի՛ արգելիր ինձ, ես կամենում եմ ներս մտնել։ Իմ բարեկամները և ես վճռել ենք բանալ գաղտնիքը և բոլորն իմանալ։ Այս ասելով՝ նա հրեց կնոջը մի կողմ, ներս մտավ, իսկ մենք հետևեցինք նրան։
Դուռը բացվելիս բակի մեջ դեմ վազեց պառավը և ուզեց ճանապարհը կտրել։
Մընրոուն կոպտությամբ հետ մղեց նրան և մի քանի թռիչքներ գործելով բարձրացավ վերին հարկը։ Նա ներս վազեց լուսավորված սենյակը, իսկ մենք կանգնեցինք դռան շեմքում։
Մաքուր, գեղեցիկ կահավորված սենյակ էր այն, երկու վառած մոմեր դրված էին սեղանի վրա, երկուսն էլ՝ կրակարանի վրա։ Սենյակի մի անկյունում կուչ էր եկել մի էակ, որ նման էր աղջկա։ Նա դեմքը ծածկել էր մեզանից ու մեջքը մեր կողմն էր դարձրել։ Այնվամենայնիվ, մենք տեսնում էինք, որ նա հագել էր կարմիր շրջազգեստ և ձեռքերին անցրել էր երկար ձեռնոցներ։ Երբ նա երեսը դեպի մեզ դարձրեց, ես ակամա բղավեցի երկյուղից ու զարմանքից։ Ինձ ավելի զարմացրեց նրա դեմքի միապաղաղ լինելը և կաշվի՝ աչքի ընկնող մեռելային դեղին գույնը։ Շուտով գաղտնիքը բացվեց։
Հոլմսը ծիծաղելով ձեռքը երկարացրեց երեխայի ականջին և իջեցրեց դեմքը ծածկող դիմակը։ Մեր առաջ կանգնել էր մի գեղեցիկ փոքրիկ սևամորթուհի՝ հիանալի սպիտակ ատամներով, որ հետաքրքրությամբ նայում էր մեր ապշած երեսներին։ Ես բարձր ձայնով ծիծաղեցի, իսկ Մընրոուն սառել, ձեռքերը կուրծքին դրած կանգնել էր։
Աստված իմ,— կցեց նա վերջապես,— այս ի՞նչ է նշանակում։
Ես կբացատրեմ քեզ, թե ի՞նչ է նշանակում,— ասաց ներս մտնող կինը հպարտ և վես կերպարանքով։ Բռնությամբ դու ինձ ստիպեցիր խոստովանվել։ Այսուհետև էլ իրավունք չունես ինձ հանդիմանելու։ Իմ առաջին ամուսինը մեռավ Ատլանտայում, բայց երեխան մնաց կենդանի։
Քո՞ երեխան։
Նա կրծքից հանեց արծաթե մի մեծ մեդալյոն, որ կրում էր զարդարանքի տեղ։
Դու չէի՞ր իմանում, որ այս մեդալյոնը կբացվի։
Այո՛, երբեք չէի մտածել այդ մասին։
Նա սեղմեց զսպանակը, և իսկույն դուրս թռավ ներքին փեղկը։ Փեղկի վրա՝ ապակու տակ կար ըստ երևույթին կրթված շատ գեղեցիկ տղամարդու մի պատկեր, որի դեմքի գծերը որոշ կերպով ցույց էին տալիս նրա աֆրիկական ծագումը։
Այս է ատլանտացի Ջոն Հիբրընի պատկերը,— ասաց տիկինը,— աշխարհիս ամենաբարեկիրթ մարդու։ Ես արհամարհեցի մեր սպիտակ ցեղի նախապաշարմունքը և ամուսնացա նրա հետ։ Մեր ամուսնական բոլոր կյանքում ոչ մի անգամ չզղջացի կատարածս անձնազոհության համար։ Միակ դժբախտությունն այն եղավ, որ երեխան ծնվեց հոր նման և ո՛չ թե մոր։ Այսպես շատ անգամ է պատահում նման խառնակ ամուսնությունների մեջ։ Իմ փոքրիկ Լուսին անհամեմատ ավելի սև է, քան թե յուր հայրը։ Բայց ինչ գույն էլ ունենար՝ սև, թե սպիտակ, նա իմ թանկագին աղջիկն էր, իմ հպարտությունը։
Այս խոսքերի վրա փոքրիկ սև էակը վազեց մոր մոտ և ձեռքերով փաթաթվեց մոր շորերին։
Ես նրան թողի Ատլանտայում միայն նրա համար, որ նա հիվանդ էր, և կլիմայի փոփոխությունը վատ կազդի նրա թույլ առողջության վրա։ Ես նրան հանձնեցի մեր հավատարիմ շոտլանդացի պառավ աղախնի խնամքին։ Չէր անցնում մի ժամ, մի օր, որ չհիշեի իմ անգին մանկանը։ Այնուհետև ես հանդիպեցի քեզ, համոզվեցի, որ քեզ սիրում եմ, Ջե՛ք, բայց վախեցա քեզ ասել բոլոր ճշմարտությունը։ Վախեցա՝ միգուցե քեզանից զրկվեմ, այդ պատճառով էլ վճռեցի չխոստովանել, որ ես երեխա ունեմ։ Դժվար ընտրություն առաջ եկավ, իսկ ես թուլությունիցս այն արի, ինչ որ երբեք իրավունք չունեի անելու, այսինքն ընդունեցի քո առաջարկությունը։ Երեք տարվա ընթացքում խղճի խայթն ինձ տանջում էր, իսկ երեխայի վիշտն՝ ինձ մաշում։ Ես գաղտնիքը պահում էի, որովհետև ծծմոր տված տեղեկությունները մխիթարական էին։ Վերջապես իմ մեջ բորբոքվեց երեխայիս տեսնելու բուռն ցանկությունը։ Ես երկար կռվեցի այդ ցանկության դեմ, բայց ավա՜ղ, որքան և այդ քայլը վտանգավոր էր, այնվամենայնիվ սիրտ արի նամակով կանչել երեխայիս՝ գոնե մի քանի շաբաթ մնալու մտքով։ Այդ նպատակով Ամերիկա ուղարկեցի հարյուր ֆունտ ստերլինգ և ծծմորը տվի մանրամասն հրահանգներ, թե ինչ կերպ բերի և բնակվի այս տնակում։ Ես բոլոր նախազգուշություններն արի, որ մեր շրջակայքում ոչ ոք չիմանա սև երեխայի մասին, և դրա համար ծծմորը պատվիրեցի, որ հսկի և պահի երեխային դիմակով և երկար ձեռնոցներով։ Անշուշտ կարելի էր աավելի խելոք բան մտածել, բայց երկյուղը, որ դու կարող ես իմանալ բոլոր ճշմարտությունը, վճռապես զրկեց ինձ խելքից։
Դու ինձ առաջին անգամ հաղորդեցիր հաճելի նորությունը տնակում կեցողների մասին։ Ողջ օրը անհամբեր այրվելով՝ սպասում էր որքան կարելի է շուտ տեսնել և գգվել հարազատ զավակիս, մինչև որ վերջապես գիշերով կամացուկ փախա այստեղ՝ կարծելով, որ արդեն խորը քնած կլինես։ Հետևյալ օրը դու ամեն ինչ կիմանայիր, եթե չհնազանդվեիր ինձ մի քանի օր սպասելու համար։ Երեք օր հետո երբ տուն մտա, ծծմայրը երեխային հազյուհազ փախցրեց անտառը՝ կողմնակի դռնից։ Այժմ դու ամեն ինչ գիտես, և ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս կվարվես ինձ և երեխայիս հետ։
Այս խոսքերն ասելիս նա ձեռքերի մատներն իրար մեջ սեղմեց և սպասում էր պատասխանին։
Անցան երկու երկար ու մաշող րոպեներ, վերջապես Գրանթ Մընրոուն խզեց տիրող լռությունը։ Ես միշտ սիրում եմ հիշել այս տեսարանը։ Նա գրկեց փոքրիկ աղջկան, ջերմ կերպով համբուրեց նրան, իսկ ապա բռնեց կնոջ թևը, ոչ մի խոսք չասելով՝ երկուսին էլ տարավ դեպի դուռը։
Այդ մասին մենք ավելի հարմար կարող ենք տանը խոսել,— ասաց նա։ Ես ինձ շատ լավ մարդ չեմ համարում, Է՛ֆի, բայց և այնպես, կարծում եմ՝ դու վստահությամբ կարող էիր հավատալ քո գաղտնիքը՝ առանց այս միջոցներին դիմելու։
Մենք դուրս եկանք տանից նրանցից հետո։ Մոտենալով շավղին՝ Հոլմսը բռնեց թևիցս ու շշնջաց
Ես կարծում եմ, որ մեր ներկայությունն ավելի օգտակար կլինի Լոնդոնում, քան թե այստեղ՝ Նորբըրիում։
Այնուհետև նա ոչ մի խոսք չարտասանեց մինչև գիշեր, իսկ երբ մոմը ձեռքին ննջարան մտավ քնելու
Խնդրում եմ, Վա՛թսըն,— ասաց նա,— եթե երբևէ ժամանակ նկատես, որ մոռանում եմ ինքս ինձ և մեծ կարծիք ունեմ իմ մասին, շշնջա՛ ականջիս միայն մի խոսք՝ «Նորբըրի», և ես դրա համար շատ շնորհակալ կլինեմ։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Դեղին դիմակավորը Արթուր Կոնան Դոյլ | Դեղին դիմակավորը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 13, 2018 Rating: 5
Технологии Blogger.