Արթուր Կոնան Դոյլ | Ինժեների բթամատը


Մեր բարեկամության ընթացքում ընկերոջս՝ Շերլոք Հոլմսին առաջարկված խնդիրներից միայն երկուսն էի ես առաջարկել՝ միստր Հեդըրլիի բթամատի և գնդապետ Վորբերթընի խելագարության վերաբերյալ։ Վերջինս իսկական և սրամիտ հետախույզի համար հետախուզության լայն դաշտ էր, բայց մյուսը այնքա՜ն յուրօրինակ էր և այնքա՜ն դրամատիկ իր մանրամասներում, որ այն արժանի է տեղ գրավելու իմ գրառումներում, թեև այն թույլ չտվեց ընկերոջս օգտվել այն դեդուկտիվ մեթոդից, որի շնորհիվ նա հասել է այնքան նշանակալից արդյունքների։ Այդ պատմվածքի մասին, որքան ես հիշում եմ, մեկից ավելի անգամներ գրվել է մամուլում, սակայն ինչպես նման բոլոր դեպքերում, այն դարձավ ավելի քիչ գրավիչ, երբ հայտնվեց թերթերի սյունակներում, քան այն ժամանակ, երբ փաստերը դանդաղորեն հայտնվում են աչքերիդ առաջ, և առեղծվածը պարզվում է քայլ առ քայլ և յուրաքանչյուր քայլով ավելի ես մոտենում իրականության բացահայտմանը։ Այն ժամանակ այդ գործի պարագաները իմ վրա խոր ազդեցություն էին թողել, և միայն երկու տարի անց այդ ազդեցությունը թուլացավ։
Դեպքը տեղի ունեցավ 89 թվականի ամռանը` իմ ամուսնությունից քիչ անց։ Ես վերադարձել էի իմ բժշկական պրակտիկային և վերջնականապես հեռացել էի Բեյքր-սթրիթի վրայի Հոլմսի սենյակից, թեև շարունակում էի այցելել նրան և ժամանակ առ ժամանակ նույնիսկ համոզում էի հրաժարվել իր բոհեմյան սովորույթներից և հաճախակի այցելել մեզ։ Իմ պրակտիկան կայուն կերպով աճում էր, ու քանի որ ես ապրում էի Փեդինգթըն կայարանից ոչ մեծ հեռավորության վրա, իմ հիվանդներից մի քանիսը աշխատում էին կայարանում։ Նրանցից մեկը, ում ես բուժել էի ծանր հիվանդությունից, առանց հոգնելու գովազդում էր իմ կարողությունները և փորձում էր ինձ մոտ ուղարկել յուրաքանչյուր հիվանդի, ում վրա որևէ ազդեցություն ուներ։
Մի առավոտ` ժամը 7-ից փոքր-ինչ առաջ, ինձ արթնացրեց մեր սպասուհու դռան թակոցը, ով եկել էր տեղեկացնելու, որ Փեդինգթընից եկած երկու հոգի ինձ են սպասում իմ ընդունարանում։ Ես շտապ հագնվեցի` փորձով իմանալով, որ երկաթուղու մոտ տեղի ունեցած դեպքերը հազվադեպ են լինում մանր դեպքեր, և շտապեցի ներքև։ Երբ իջա, իմ հին «դաշնակից-հիվանդը» դուրս եկավ սենյակից և իր հետևից ամուր փակեց դուռը։
Նա այստեղ է,— շշնջաց նա՝ բթամատով ցույց տալով ուսերից վերև,— ամեն ինչ լավ է։
Ո՞վ է նա,— հարցրեցի ես, քանի որ նրա շարժուձևից կարելի էր կարծել, թե նա իմ սենյակում է փակել ինչ-որ տարօրինակ արարածի։
Նա մի նոր հիվանդ է,— շշնջաց նա։Ես մտածեցի ինքս բերել նրան այստեղ, որպեսզի նա չկարողանա ծլկել։ Նա այնտեղ է, ամեն ինչ կարգին է։ Ես հիմա պետք է գնամ, բժի՛շկ, ես Ձեզ նման ունեմ իմ սեփական պարտականությունները։Եվ նա՝ իմ հավատարիմ երկրպագուն, գնաց՝ չթողնելով ինձ շնորհակալություն հայտնել։
Ես մտա իմ աշխատասենյակ և տեսա սեղանի մոտ նստած մի ջենթլմենի։ Նա հագել էր գույնզգույն պաստառից մի կոստյում և փափուկ կերպասյա գլխարկ, որը դրել էր իմ գրքերի վրա։ Նրա ձեռքերից մեկը փաթաթված էր արյունոտ թաշկինակով։ Նա երիտասարդ էր՝ 25 տարեկանից ոչ ավել, ուժեղ ու առնական դեմքով, բայց չափազանց սփրթնած էր և ինձ վրա թողնում էր ինչ-որ հուզմունքից տանջվող մարդու տպավորություն, որն իր բոլոր ուժերով փորձում էր ղեկավարել իրեն։
Բժի՛շկ, ներողություն Ձեզ այսքան շուտ արթնացնելու համար,— ասաց նա,— սակայն գիշերվա ընթացքում ինձ հետ լուրջ պատահար տեղի ունեցավ։ Ես այստեղ եկա առավոտյան գնացքով, և երբ Փեդինգթընում սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ կարող եմ բժիշկ գտնել, մի բարի մարդ ինձ ուղեկցեց այստեղ։ Ես Ձեր սպասուհուն տվեցի իմ այցեքարտը, բայց ինչպես տեսնում եմ, նա այն թողել է սեղանին։
Ես վերցրի այն և աչքի անցկացրի։ Միստր Վիքթըր Հեդըրլի, հիդրոտեխնիկ, Վիկտորիա-սթրիթ 16ա (3-րդ հարկ)։ Այդպես էին իմ առավոտյան այցելուի անունը, մասնագիտությունն ու հասցեն։
Ցավում եմ, որ ստիպեցի Ձեզ սպասել,— ասացի ես՝ նստելով գրասեղանիս բազկաթոռին։Դուք առույգ եք գիշերային ուղևորությունից, որը, հասկանում եմ, ձանձրալի զբաղմունք է։
Օ՜, իմ գիշերը չի կարող ձանձրալի կոչվել,— ասաց նա և ծիծաղեց։ Նա հետ հենվեց աթոռին և սկսեց ցնցվել սրտագին ու բարձր ծիծաղից։ Իմ բժշկական բնազդին այդ ծիծաղը դուր չեկավ։
Դադարեցրե՛ք,— ճչացի ես,— հավաքե՛ք Ձեզ,— և ջրամանից մի քիչ ջուր լցրեցի նրա համար։
Սակայն դա չօգնեց։ Նա գտնվում էր այն հիստերիկ նոպաների մեջ, որոնք որևէ ճգնաժամ հաղթահարելուց հետո լինում են ուժեղ բնավորությամբ մարդկանց մոտ։ Շուտով նա խաղաղվեց և դարձավ ուժասպառ ու գունատ։
Ես ինձ ապուշի պես եմ պահում,— հևաց նա։
Բնավ։ Խմե՛ք սա։Ես ջրի մեջ մի քիչ բրենդի լցրեցի, և նրա սփրթնած այտերի գույնը հետ եկավ։
Շնորհակալությո՛ւն,— ասաց նա։Իսկ հիմա, բժի՛շկ, բարի եղեք հոգ տանել բթամատիս մասին կամ, ավելի ճիշտ, այն տեղի, որտեղ մի ժամանակ գտնվում էր այն։
Նա արձակեց թաշկինակը և մոտեցրեց ձեռքը։ Նույնիսկ իմ սովոր նյարդերը սարսռեցին նայելիս։ Այնտեղ ցցված էին չորս մատ և մի սարսափելի կարմիր մակերես՝ բթամատի նախկին տեղում։ Մատը պոկվել կամ կտրվել էր անմիջապես արմատից։
Տե՛ր Աստված,— գոռացի ես,— սարսափելի վերք է։ Դուք զգալի չափով արյուն եք կորցրել։
Այո, ճիշտ եք։ Կարծում եմ, որ հարվածից հետո ես երկար ժամանակով ուշաթափվել եմ։ Երբ ես ուշքի եկա, արյունը դեռ հոսում էր, և ես իմ թաշկինակով ամուր կապեցի դաստակս։
Հիանալի՜ է։ Դուք պիտի վիրաբույժ դառնայիք։
Ոչ, ուղղակի դա կապ ունի հիդրավլիկայի հետ, ինչից ես հասկանում եմ։
Սա կատարվել է շատ ծանր և սուր գործիքով,— զննելով վերքն՝ ասացի ես։
Մսագործի դանակի նման,— ասաց նա։
Պատահական նմանությամբ, ենթադրում եմ։
Ոչ մի դեպքում։
Միգուցե արյունահեղ կռվի՞ց է։
Այո, շատ արյունահեղ։
Դուք ինձ վախեցնում եք։
Ես մաքրեցի վերքը, լվացի, դարմանեցի և վերջում կապեցի բամբակով և ֆուկորցինոտ վիրակապերով։ Նա առանց ցավից ընկրկելու հենվեց, թեև ժամանակ առ ժամանակ կծում էր շուրթերը։
Հիմա՞ ինչպես է,— վերջացնելուն պես հարցրի ես։
Ընտի՛ր է։ Ձեր բրենդիի և վիրակապի արանքում ես ինձ նոր մարդ եմ զգում։ Ես շատ թույլ էի, իմ գլխով շատ բան անցավ։
Թերևս Ձեզ համար ավելի լավ կլինի չխոսել պատահածի մասին։ Դա անկասկած կազդի Ձեր նյարդերի վրա։
Օ՜, ոչ, արդեն ոչ։ Միևնույն է՝ ես պիտի պատմեմ ոստիկանությանը, բայց, մեր մեջ ասած, եթե չլիներ այս համոզիչ փաստարկը՝ իմ վերքը, ես կզարմանայի, եթե նրանք հավատային իմ վկայությանը, քանի որ սա շատ արտասովոր դեպք է, և ես չեմ կարող ապացուցել դա։ Եթե նույնիսկ նրանք հավատան ինձ, ապա այն ուղեցույց-թելը, որ կարող եմ ես տալ իրենց, այնքան անորոշ է, որ հազիվ թե դրանց շնորհիվ արդարությունը գործի։
Հը՛մ,— բացականչեցի ես,— եթե դա այնպիսի հանելուկ է, որը Դուք կասկածում եք, որ կլուծվի, ապա ես պիտի խորհուրդ տամ Ձեզ՝ նախքան ոստիկանություն դիմելը դիմել ընկերոջս՝ միստր Շերլոք Հոլմսին։
Օ՜, ես լսել եմ այդ մարդու մասին,— պատասխանեց իմ այցելուն,— և ես շատ ուրախ կլինեմ, եթե նա համաձայնի քննել գործը, թեև ես ստիպված կլինեմ դիմել ոստիկանությանը։ Կարո՞ղ եք ներկայացնել ինձ նրան։
Ես ավելի լավ բան կանեմ ինքս Ձեզ կտանեմ նրա մոտ։
Շատ զգացված կլինեմ։
Մենք կառք կկանչենք և միասին կգնանք։ Հենց նախաճաշին էլ կհասնենք։ Ձեզ դժվար չէ՞ հենց հիմա գնալ։
Ոչ, ես չեմ հանգստանա, մինչև չպատմեմ իմ պատմությունը։
Այդ դեպքում՝ ծառաս հիմա կառք կկանչի, իսկ ես մեկ րոպեից պատրաստ կլինեմ։Ես նետեցի ինձ վերև, տեղեկացրի կնոջս և արդեն հինգ րոպեից իմ նոր ծանոթի հետ կառքով գնում էի Բեյքր-սթրիթ։
Ինչպես և սպասում էի, Շերլոք Հոլմսը, խալաթով նստած հյուրասենյակում, կարդում էր «Թայմզի» փնտրվում է-ների սյունակն ու ծխում իր այն ծխամորճը, որը նա ծխում էր նախքան նախաճաշը, և որը լցված էր անկյունում դրված քարետախտակի վրա չորացվող տարբեր ծխախոտերի մնացորդներով։ Նա հյուրընկալեց մեզ իր հանդարտ ուրախ ձևով, մեզ համար պատվիրեց երշիկով ձվածեղ, և մենք նախաճաշեցինք։ Երբ վերջացրինք, նա նստեցրեց մեր նոր ծանոթին բազմոցի վրա, գլխի ներքևը բարձ դրեց և նրա մոտ դրեց մի բաժակ ջրով բրենդի։
Հեշտ է նկատել, որ Ձեր գլխով քիչ բան չի անցել, մի՛ստր Հեդըրլի,—ասաց նա։Խնդրում եմ, պառկեք այնտեղ և զգացեք Ձեզ ինչպես Ձեր տանը։ Պատմեք որքան կարող եք, բայց երբ կհոգնեք, դադարեցրեք և վերականգնեք Ձեր ուժերն այս փոքր բաժակով։
Շնորհակալություն,— ասաց իմ հիվանդը։Բայց բժիշկի կողմից ձեռքս վիրակապելուց ու նախաճաշելուց հետո ես ինձ այլ մարդ եմ զգում։ Ես կաշխատեմ հնարավորինս քիչ խլել Ձեր թանկարժեք ժամանակը, այդ պատճառով էլ հենց հիմա կսկսեմ պատմել իմ գլխով անցածի մասին։
Հոլմսը նստեց իր մեծ բազկաթոռին՝ աչքերի հոգնած ու ծանրակոպ արտահայտությամբ, որը ծածկում էր իր սրամիտ ու անհամբեր բնավորությունը։ Ես նստած էի նրա առջև, և մենք լուռ լսում էինք մեր այցելուի պատմած տարօրինակ պատմությունը։
Պետք է ասեմ,— ասաց նա,— որ ես որբ եմ ու ամուրի և մենակ ապրում եմ լոնդոնյան իմ բնակարանում։ Ես մասնագիտությամբ հիդրոտեխնիկ եմ և գրինվիչյան հայտնի «Վենըր ընդ Մեթիսըն» ընկերությունում 7 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Երկու տարի առաջ՝ հորս մահից հետո, ժառանգելով բավական կլոր գումար՝ ես որոշեցի սկսել բիզնես և Վիկտորիա-սթրիթում վարձեցի սենյակներ։
Կարծում եմ, որ բիզնես սկսելիս միշտ բարդ է լինում։ Մասնավորապես այդպես եղավ ինձ հետ։ Այս երկու տարում ես կատարել եմ ընդամենը 3 կոնսուլտացիա և մի փոքր գործ, որը այն ամենն է, ինչ ինձ տվեց իմ մասնագիտությունը։ Իմ ամբողջ եկամուտը 27 ֆունտ 10 շիլինգ է։ Ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ից մինչև ցերեկվա 4-ը, ես սպասում էի իմ փոքր տաղավարում, մինչև ծանր սրտով հասկացա, որ ես երբեք իսկական աշխատանք չեմ ունենա։
Ամեն դեպքում՝ երեկ, երբ ես արդեն մտադիր էի տուն գնալ, ներս մտավ իմ աշկերտը և տեղեկացրեց, որ մի ջենթլմեն ուզում է տեսնել ինձ գործի հետ կապված։ Նա տվեց նաև այդ ջենթլմենի այցեքարտը, որի վրա գրված էր գնդապետ Լիսենդըր Ստարք։ Նրանից հետո սենյակ մտավ հենց ինքը՝ գնդապետը՝ միջինից մեծ չափերով, բայց չափազանց նիհար մարդ։ Ես երբեք չեմ տեսել այդքան նիհար մարդ։ Այտերի մոտ նրա մաշկը կպել էր այտոսկրերին, և թվում էր, որ նրա դեմքը կազմված է քթից և ծնոտից։ Բայց և այնպես, դա ոչ թե հիվանդության արդյունք էր, այլ նրա բնական կազմվածքը, քանի որ նա ուներ պայծառ հայացք, աշխույժ քայլվածք և իրեն լավ էր զգում։ Նա հագնված էր հասարակ, բայց կոկիկ, իսկ տարիքը ես որոշեցի 40-ին մոտ։
Միստր Հե՞դըրլի,— ասաց նա գերմանական ակցենտով։Ձեզ ինձ խորհուրդ են տվել որպես ոչ միայն սեփական մասնագիտության մեջ հմուտ մարդու, այլև որպես խոհեմ և գաղտնապահ անձնավորության։
Ես խոնարհվեցի՝ զգալով ինձ նույնքան շողոքորթված, որքան ցանկացած երիտասարդ, ում դիմել են նման ձևով
Կարո՞ղ եմ իմանալ, թե ով է տվել ինձ այդքան լավ նկարագիր։
Թերևս լավ կլինի, որ Դուք այդ մասին այժմ չիմանաք։ Նույն աղբյուրից ես իմացել եմ նաև, որ Դուք որբ եք ու ամուրի և միայնակ բնակվում եք Լոնդոնում։
Միանգամայն ճիշտ եք,— պատասխանեցի ես,— բայց ներեցեք ինձ, ես չեմ տեսնում, թե այս ամենն ինչ կապ ունի իմ մասնագիտության հետ։ Չէ՞ որ Դուք ինձ հետ ուզում էիք խոսել գործի մասին։
Այո, միանգամայն ճիշտ եք։ Հիմա Դուք կտեսնեք, որ այն, ինչ կասեմ, անմիջականորեն կապված է գործի հետ։ Ես Ձեզ մասնագիտական հանձնարարություն ունեմ, բայց Դուք պետք է լինեք բացարձակապես գաղտնապահ և պահեք այդ մեծ գաղտնիքը, ինչն, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք վստահել միայնակ մարդու, քան թե ընտանիք ունեցողի։
Եթե ես խոստանում եմ գաղտնապահ լինել,— ասացի ես,— ապա Դուք կարող եք լիովին վստահ լինել ինձ վրա։
Երբ ես պատասխանեցի, նա սևեռուն հայացքով նայեց ինձ վրա, և ինձ թվաց, որ ես երբեք այդքան կասկածելի և հարցաքննող հայացք չեմ տեսել։
Այսպիսով՝ Դուք խոստանո՞ւմ եք,— վերջապես հարցրեց նա։
Այո, խոստանում եմ։
Խոստանո՞ւմ եք գործից առաջ, ընթացքում և հետո պահպանել քար լռություն, ոչ ոքի չհայտնել պատահածը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ձևով։
Ես արդեն խոսք եմ տվել։
Շատ լավ։Նա հանկարծակիորեն ցատկեց, կայծակի պես թռավ և փակեց դուռը։ Միջանցքում ոչ ոք չկար։
Ամեն ինչ կարգին է,— վերադառնալով ասաց նա։Ես գիտեմ, որ աշկերտները երբեմն խառնվում են իրենց վարպետի գործերին։ Այժմ մենք կարող ենք ապահով խոսել։Նա մոտեցրեց իր աթոռն ինձ և հառեց ինձ իր նույն հարցաքննող և մտածկոտ հայացքը։
Այդ նիհար մարդու հանդեպ ինձ մոտ ծագեց զզվանքի և վախի նման ինչ-որ զգացմունք։ Նույնիսկ հաճախորդ կորցնելու երկյուղը չէր կարող ստիպել ինձ թաքցնել իմ անհամբերությունը
Սը՛ր, խնդրում եմ Ձեզ թողնել դա,— ասացի ես,— իմ ժամանակը թանկ է։Աստված թող ների ինձ այս նախադասությունը, բայց բառերն իրենք դուրս եկան իմ շուրթերից։
Մեկ գիշեր աշխատելու համար 50 գինեան բավարա՞ր է,— հարցրեց նա։
Միանգամայն։
Ես ասացի մեկ գիշեր, բայց ավելի ճիշտ կլիներ ասել մեկ ժամ։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը շարքից դուրս եկած ջրաբաշխական մամլիչի վերաբերյալ։ Եթե Դուք մեզ հուշեք, թե ի՞նչն է փչացել, մենք ինքներս կվերանորոգենք այն։ Ի՞նչ կասեք։
Աշխատանքը կարծես թե հեշտ է, իսկ վճարը՝ շատ։
Ճիշտ եք։ Կուզեինք, որ Դուք գայիք այս գիշեր վերջին գնացքով։
Ո՞ւր։
Բերքշըր, Էյֆըրդ։ Այն Օքսֆորդշըրի սահմանի մոտ փոքրիկ վայր է՝ Ռեդինգից 7 մղոն հեռու։ Փեդինգթընից այնտեղ է գնում գնացք, որով մոտավորապես 23։15-ին տեղ կհասնեք։
Շատ լավ։
Ես կառքով կգամ Ձեզ դիմավորելու։
Այսինքն ձիերո՞վ ենք գնալու։
Այո, մեր փոքրիկ վայրը գյուղական հանդարտ վայր է։ Այն Էյֆըրդի կայարանից 7 մղոն հեռավորության վրա է։
Այդ դեպքում դժվար թե կեսգիշերից առաջ կարողանանք հասնել։ Ենթադրում եմ, որ վերադարձի գնացք չի լինի։ Հավանաբար գիշերը կմնամ Ձեզ մոտ։
Այո, մեզ համար խնդիր չէ անկողին տրամադրելը։
Բայց դա շատ անհարմար է։ Իսկ ես չե՞մ կարող գալ ավելի հարմար ժամի։
Մենք կարծում ենք, որ որքան ուշ ժամի գաք, այնքան ավելի լավ կլինի։ Հենց անհարմարություն պատճառելու համար է, որ մենք Ձեզ՝ երիտասարդ և անծանոթ մարդու, վճարում ենք այնպիսի գումար, որով Ձեր մասնագիտության ամենահմուտներն էլ կբավարարվեին։ Իհարկե, եթե ուզում եք ձեռք քաշել, ապա դրա համար բավարար ժամանակ ունեք։
Ես մտածեցի, թե ինձ որքան պետք կգար այդ 50 գինեան։
Ոչ, ոչ,— ասացի ես,— շատ ուրախ կլինեմ ծառայել Ձեզ։ Միայն թե, կուզեի ավելի պարզ հասկանալ, թե ի՞նչ պետք է անեմ։
Միանգամայն իրավացի եք։ Շատ բնական է, որ գաղտնապահ լինելու պահանջը Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց։ Ես չեմ ուզում ստիպել Ձեզ անել որևէ բան, որի մասին պատկերացում չունեք։ Հույս ունեմ, որ մեզ ոչ ոք ականջ չի դնում։
Բոլորովին։
Այդ դեպքում գործն այսպիսին է Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ մահուդ լմող կավը թանկարժեք արտադրանք է և ամբողջ Անգլիայում ընդամենը մեկ-երկու տեղում կա։
Այո, լսել եմ այդ մասին։
Որոշ ժամանակ առաջ ես գնել եմ Ռեդինգից 10 մղոն հեռու մի շատ փոքր հողակտոր։ Ես բավական երջանիկ դարձա, երբ բացահայտեցի, որ դրա մի մասում կա մահուդ լմող կավի պահեստ։ Զննելով այն՝ ես իմացա, որ դա, այնուամենայնիվ, համեմատաբար փոքր պահեստ է և ձախ ու աջ կողմերում իրար է միացնում հարևաններիս հողերում գտնվող երկու ավելի մեծ պահեստներ։ Այդ բարի մարդիկ բացարձակապես անտեղյակ են, որ իրենց հողերում կա ոսկու հանքի չափ թանկարժեք պահեստ։ Բնականաբար, նախքան այդ մասին իմանալը նրանց հողերը գնելն իմ շահերից էր բխում, բայց ցավոք սրտի ես այդքան գումար չունեի։ Ես գաղտնի ընկերներիցս մի որոշ գումար վերցրի, և նրանք առաջարկեցին գաղտնի շահագործել մեր փոքրիկ պահեստը և, այդ ճանապարհով կուտակելով գումար, գնել հարևան հողամասերը։ Այժմ մենք որոշ ժամանակով այդ ենք անում, ինչի համար էլ գնել ենք ջրաբաշխական մամլիչը։ Այս մամլիչն, ինչպես արդեն ասել եմ, շարքից դուրս է եկել, և մենք ցանկանում ենք լսել Ձեր կարծիքը դրա մասին։ Մենք նախանձախնդրորեն պահում ենք մեր գաղտնիքը, և եթե հայտնի դառնա, որ մենք ինժեներ ենք հրավիրել մեր փոքր տուն, ապա կարճ ժամանակ անց հարցուփորձ կսկսվի, փաստերը հայտնի կդառնան բոլորին, և այդ դեպքում՝ ցտեսությո՜ւն հողամասեր, ցտեսությո՜ւն մեր ծրագրեր։ Ահա թե ինչու ես Ձեզնից խոսք վերցրի, որ Դուք ոչ մի մարդու չեք պատմի, թե երեկոյան գնում եք Էյֆըրդ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ պարզ է։
Ես պարզ հասկացա,— ասացի ես։Միակ բանը, որ ինձ համար այդքան էլ պարզ չէ, այն է, թե մահուդ լմող կավ պեղելու հետ ինչ կապ ունի ջրաբաշխական մամլիչը։ Որքան ես գիտեմ՝ այդ կավը հանում են այնպես, ինչպես շաքարը։
Ա՜,— անհոգ ասաց նա,— մենք ունենք մեր սեփական միջոցները։ Մենք վերածում ենք կավը աղյուսների, որպեսզի այդպես հանենք՝ առանց ուրիշներին ցույց տալու։ Բայց դա զուտ մի մասն է։ Ես Ձեզ ամբողջությամբ վստահում եմ, մի՛ստր Հեդըրլի, և Դուք դա տեսնում եք։Նա խոսելով կանգնեց 23։15-ին ես Ձեզ կդիմավորեմ Էյֆըրդում։
Ես անպայման կգամ։
Եվ ոչ ոքի ոչ մի խոսք։Նա վերջին անգամ հառեց ինձ իր երկար, հարցաքննող հայացքը և, սեղմելով ձեռքս իր սառը և խոնավ ձեռքով, արագորեն դուրս եկավ սենյակից։
Սառնարյուն մտածելով այդ ամենի մասին՝ ես, ինչպես երկուսդ էլ կարող եք մտածել, շատ էի զարմացել ինձ վստահված այս տարօրինակ հանձնարարությունից։ Մի կողմից՝ ես, իհարկե, գոհ էի, քանի որ ստանալու էի իմ առաջարկածից առնվազն 10 անգամ ավելի շատ գումար, և հնարավոր էր, որ դրանից հետո կրկին ստանայի։ Մյուս կողմից՝ հաճախորդիս դեմքն ու շարժուձևը ինձ վրա անախորժ տպավորություն էին թողել, և ես չէի կարող մտածել, որ մահուդ լմող կավի վերաբերյալ իր բացատրությունը բավական էր պարզաբանելու համար իմ գալը կեսգիշերին, ինչպեսև չէի կարող հասկանալ, թե ինչու է նա անհանգստանում, որ ես կպատմեմ ուրիշներին իմ հանձնարարության մասին։ Այնուամենայնիվ, ես թողեցի բոլոր վախերս, կերա սննդարար ընթրիք, գնացի Փեդինգթըն և, ենթարկվելով լուռ մնալու հրահանգին, ճամփա ընկա։
Ռեդինգում ես փոխեցի գնացքս։ Ամեն դեպքում ժամանակին հասա Էյֆըրդ գնացող վերջին գնացքին և 23։00-ից քիչ հետո հասա մի փոքրիկ կայարանի։ Ես միակ ուղևորն էի, ով այդ կայարանում դուրս եկավ, իսկ կայարանում, բացի լապտերը ձեռքում քնած պահակից, ոչ ոք չկար։ Այնուամենայնիվ, երբ ես անցա կայարանի դարպասները, դիմացի մայթում ստվերի տակ տեսա ինձ սպասող առավոտվա ծանոթիս։ Նա անխոս սեղմեց թևս և շտապեցրեց դեպի բաց դռներով մի կառք։ Նա փակեց պատուհանները, թակեց կառապանի խցիկը, և մենք նրա ձիու ողջ արագությամբ սլացանք առաջ։
Մե՞կ ձի էր,— միջամտեց Հոլմսը։
Այո, միայն մեկն էր։
Դուք նկատեցի՞ք, թե ինչ գույնի էր։
Այո, կառքին մոտենալիս ես լապտերների լույսով տեսա գույնը։ Այն շագանակագույն էր։
Թա՞րմ էր երևում, թե՞ հոգնած։
Օ՜, այն շատ թարմ և առույգ էր։
Շնորհակալություն։ Ներողություն, որ ընդհատեցի Ձեզ։ Խնդրում եմ շարունակել Ձեր հետաքրքրագույն պատմությունը։
Ապա մենք առնվազն մեկ ժամ գնացինք։ Գնդապետ Լիսենդըր Ստարքն ասել էր, որ ճամփան ընդամենը 7 մղոն էր, բայց ելնելով մեր արագությունից և ժամանակի տևողությունից՝ կարծում եմ, որ այն մոտ 12 մղոն էր։ Այդ ամբողջ ժամանակը նա իմ կողքն էր նստած, և մի քանի հայացք գցելով նրան՝ ես զգուշությամբ նկատեցի, որ նա մեծագույն ուշադրությամբ նայում է ինձ։ Քանի որ մենք այսուայն կողմ էինք թափահարվում, կարծում եմ, որ աշխարհի այդ մասում գյուղական ճանապարհները լավը չէին։ Ես փորձում էի պատուհանից նայել, թե որտեղ ենք մենք գտնվում, բայց լապտերների լույսերից բացի ոչինչ չէի տարբերում, քանի որ պատուհանները պատրաստված էին փայլփլուն ապակուց7։ Այդ ժամանակ ես փորձեցի զրույց բացել, բայց գնդապետը տալիս էր միավանկ պատասխաններ, և խոսակցությունը շուտով մարեց։ Վերջապես ճանապարհի խորդուբորդությունները, այնուամենայնիվ, վերածվեցին հարթ խճուղու, և կառքը կանգ առավ։ Գնդապետ Լիսենդըր Ստարքը դուրս ցատկեց, ես հետևեցի նրան, և նա ինձ արագ ներս մտցրեց մեր առաջ բացված գավիթը։ Դուրս գալով կառքից՝ մենք անմիջապես սրահ մտանք, այնպես որ չկարողացա հայացք գցել տան վրա։ Տան շեմն անցնելուց անմիջապես հետո դուռը ծանրորեն փակվեց մեր հետևից, և ես լսեցի հեռացող կառքի անիվների թույլ կտկտոցը։
Տան ներսում մահացու լռություն էր, իսկ գնդապետը քթի տակ մռթմռթում էր և խարխափելով լուցկի փնտրում։ Հանկարծ միջանցքի մյուս ծայրում մի դուռ բացվեց, և լույսի մի երկար շող ընկավ մեր ուղղությամբ։ Այն գնալով լայնացավ, ապա հայտնվեց լապտերը գլխավերևում պահած մի կին, ով, վիզն առաջ բերած, մեզ էր դիտում։ Ես կարողացա նկատել, որ նա գեղեցիկ է, իսկ մուգ զգեստի վրա ընկած լույսի փայլուն շողից հասկացա, որ այն գործված էր թանկարժեց հումքից։ Նա հարցական եղանակով մի քանի բառ մրմնջաց օտար լեզվով, և երբ ընկերակիցս կոպտորեն պատասխանեց մի քանի միավանկ բառերով, նա այնպես ցնցվեց, որ քիչ էր մնում լապտերն ընկներ ձեռքից։ Գնդապետ Ստարքը մոտեցավ նրան, ականջին ինչ-որ բան շշնջաց, ապա հետ հրեց նրան այն դռնով, որտեղից եկել էր, և լապտերը ձեռքին քայլեց ինձ մոտ։
Բարի եղեք մի քանի րոպե սպասել այս սենյակում,— բացելով մեկ այլ դուռ՝ ասաց նա։ Այդ դուռը բացվեց փոքրիկ, խաղաղ, հասարակ կահավորված մի սենյակի մեջ, որի կենտրոնում գերմաներեն գրքերով կլոր սեղան էր դրված։ Գնդապետ Ստարքը ցած դրեց լապտերը երգեհոնիկի վրա՝ դռան մոտ։Ես Ձեզ երկար չեմ սպասեցնի,— ասաց նա և անհետացավ մթության մեջ։
Ես նայեցի սեղանի վրայի գրքերը ու, թեպետ գերմաներեն չեմ հասկանում, կարողացա տեսնել, որ դրանցից երկուսը գիտական աշխատություններ էին, իսկ մյուսները՝ պոեզիայի հատորներ։ Ապա ես մոտեցա լուսամուտին՝ հուսալով տեսնել, թե որտեղ եմ գտնվում, բայց այն փակված էր ծանր կաղնե փեղկերով։ Դա զարմանալիորեն լուռ տուն էր։ Ամբողջ միջանցքը թաղված էր լռության մեջ, միայն ինչ-որ տեղ բարձրաձայն տկտկում էր մի հին ժամացույց։ Ինձ պատեց անհանգստության անորոշ զգացումը։ Ովքե՞ր էին այս գերմանացիները և ինչո՞վ են զբաղված այս հեռավոր ու մենակյաց տանը։ Եվ որտե՞ղ է գտնվում այս տունը։ Ես միայն այն գիտեի, որ գտնվում էի Էյֆըրդից մոտ 10 մղոն հեռավորության վրա, իսկ թե ո՞ր կողմում է հյուսիսը, հարավը, արևելքը կամ արևմուտքը, ես պատկերացում չունեի։ Այնուամենայնիվ, Ռեդինգը և, հավանաբար, նաև մյուս մեծ քաղաքները, գտնվում էին մոտակայքում, այնպես որ այդ վայրն այնքան էլ մեկուսացած չէր, թեև բացարձակ լռությունից հասկանալի էր, որ մենք գյուղում էինք։ Ես սկսեցի հետուառաջ քայլել սենյակում՝ արիությունս չկորցնելու համար քթիս տակ մի մեղեդի շշնջալով և զգալով, որ հենց այնպես չեմ ստանալու իմ 50 գինեան։
Հանկարծ սենյակիս դուռը դանդաղ և անձայն բացվեց։ Մութ շեմքին կանգնած էր մի կին, իսկ իմ լապտերի դեղին լույսն ընկնում էր նրա ջերմ և գեղեցիկ դեմքի վրա։ Ես իսկույն հասկացա, որ նա ինչ-որ բանից վախենում է, և նրա վախը փոխանցվեց ինձ։ Նա իր ցնցվող մատը մոտեցրեց շրթունքներին՝ զգուշացնելով ինձ լուռ մնալ և, վախեցած ձիու պես հետ-հետ նայելով, կոտրած անգլերենով մի քանի բառ ասաց
Ես կգնամ,— դժվարորեն փորձելով հանգիստ երևալ՝ ասաց նա,— ես կգնամ։ Ես այստեղ չեմ կարող մնալ։ Եվ Դուք նույնպես այստեղ անելիք չունեք։
Բայց, տիկի՛ն,— ասացի ես,— ես դեռ չեմ արել այն, ինչի համար եկել եմ։ Ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ չեմ նայել մամլիչը։
Ձեր սպասելն իմաստ չունի,— շարունակեց նա։Դուք կարող եք անցնել դռնով, այնտեղ ոչ ոք չկա։Ապա նա, տեսնելով, որ ես ժպտում եմ և թափահարում եմ գլուխս, թողեց իր զսպվածությունն ու սեղմելով ձեռքերը մոտեցավ ինձ։Ի սե՜ր Աստծո,— շշնջաց նա,— հեռացե՛ք այստեղից, քանի դեռ ուշ չէ։
Սակայն ես իմ բնույթով շատ համառ եմ և խոչընդոտների հանդիպելիս է՛լ ավելի եմ պատրաստակամ դառնում։ Ես մտածեցի իմ 50 գինեայի, ձանձրալի ճանապարհորդության և անախորժ գիշերվա մասին։ Մի՞թե այդ ամենը հենց այնպես կորչելու է։ Ինչո՞ւ ես պիտի ծլկեմ առանց հանձնարարությունս կատարելու և վճարս ստանալու։ Միգուցե այս կինը խելագար է։ Թեև նրա պահվածքը, խոստովանում եմ, ինձ շատ էր ցնցել, այնուամենայնիվ, ես անզիջում կերպով միայն թափահարեցի գլուխս և հայտնեցի, որ նպատակ ունեմ մնալ այստեղ։ Նա ուզում էր նորից սկսել իր աղաչանքները, երբ վերևում ինչ-որ դուռ փակվեց, և աստիճանների վրա մի քանի ոտնաձայներ լսվեցին։ Մի ակնթարթ նա լռեց, ապա, հուսահատորեն բարձրացնելով ձեռքերը, անհետացավ այնպես հանկարծակի և անձայն, ինչպես որ հայտնվել էր։
Եկվորը գնդապետ Լիսենդըր Ստարքն էր կրկնակի ծնոտի ծալքերից աճող գորշ մորուքով մի կարճահասակ և գեր տղամարդու հետ, ով ներկայացավ միստր Ֆըրգյուսըն անվան տակ։
Սա իմ քարտուղարն ու տեսուչն է,— ասաց գնդապետը։Իմիջիայլոց, ինձ թվում էր, թե դուրս գալուց փակել եմ դուռը։ Վախենում եմ, որ քամին Ձեզ վրա էր փչում։
Ընդհակառակը,— ասացի ես,— ես ինքս բացեցի դուռը, քանի որ սենյակում տոթ էր։
Նա ինձ վրա նայեց իր կասկածոտ հայացքով։
Ավելի լավ կլինի անցնեք գործին,— ասաց նա։միստր Ֆըրգյուսընն ու ես Ձեզ կտանենք վերև՝ մամլիչը ցույց տալու։
Կարծում եմ, լավ կլինի գլխարկս վերցնեմ։
Ինչի՞ համար, մամլիչը տանն է գտնվում։
Ի՞նչ, Դուք մահուդ լմող կավը տնի՞ց եք պեղում։
Ոչ, ոչ։ Այստեղ մենք այն միայն մամլում ենք։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Մենք միայն ուզում ենք, որ Դուք զննեք մամլիչն ու ասեք, թե ո՞ր մասն է փչացել։
Մենք միասին բարձրացանք վերև՝ առջևից լապտերով գնդապետը, նրանից հետո գեր տեսուչը, նրա հետևից էլ՝ ես։ Դա մի ամբողջ լաբիրինթոս էր՝ միջանցքներով, սրահներով, նեղ, ոլոր-մոլոր աստիճաններով և ցածր դռներով, որոնց շեմերով բազմաթիվ սերունդներ են անցել։ Առաջին հարկում չկային ո՛չ գորգեր, ո՛չ էլ կահավորանքի որևէ նշան, պատերից թափվում էր գաջը, կանաչ բծերով թափանցում էր խոնավությունը։ Ես փորձում էի հնարավորինս անհոգ երևալ, բայց դեռ չէի մոռացել այն լեդիի նախազգուշացումները, որոնք թեև արհամարհել էի, և աչքս չէի հեռացնում իմ երկու ուղեկիցներից։ Ֆըրգյուսընը մռայլ և լուռ մարդ էր, սակայն նրա ասած մի քանի խոսքերից ես հասկացա, որ նա առնվազն գյուղացի է։
Վերջապես գնդապետ Լիսենդըր Ստարքը կանգ առավ մի ցածր դռան առաջ և բացեց այն։ Այն տանում էր դեպի մի փոքր քառակուսի սենյակ, որտեղ մենք երեքս կդժվարանայինք միաժամանակ մտնել։ Ֆըրգյուսընը սպասեց դրսում, իսկ գնդապետն ինձ ներս առաջնորդեց։
Իրականում,— ասաց նա,— այժմ մենք ջրաբաշխական մամլիչի մեջ ենք, և մեզ համար մեծ անախորժություն կլինի, եթե որևէ մեկն այն միացնի։ Այս սենյակի առաստաղն իսկապես իջնող մխոցի ծայրն է, որը բազմաթիվ տոննաների չափ ուժով իջնում է մետաղյա հատակի վրա։ Դրսի կողմից կան ջրի կողմնակի սյուներ, որոնք ուժ են հաղորդում և Ձեզ հայտնի ձևերով մեծացնում ու փոխանցում այն։ Մամլիչը բավական լավ է աշխատում, միայն ինչ-որ բան խանգարում է նրան ամբողջ ուժով աշխատել։ Բարի եղեք զննել այն և ցույց տալ մեզ, թե ինչպես կարող ենք այն նորոգել։
Ես վերցրի լապտերը և լիովին զննեցի մամլիչը։ Այն իսկապես հսկայական չափերի էր հասնում և ունակ էր առաջացնել մեծ ճնշում։ Երբ ես այնուամենայնիվ դուրս եկա և սեղմեցի ղեկավարող լծակները, նրանց ձայնից անմիջապես հասկացա, որ կողային գլաններից մեկում կա մի չնչին անցք, որով ջուրը դուրս է հոսում։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ռետինե խողովակներից մեկը ինչ-որ տեղ կորցրել է իր առաձգականությունը, և ինչ-որ տեղ նրանից ջուր է հոսում։ Հենց դա էլ հզորության կորստի պատճառն էր։ Ես դա բացատրեցի իմ ուղեկիցներին, որոնք ուշադիր հետևում էին ինձ և տալիս բազմաթիվ հարցեր այն նորոգելու վերաբերյալ։ Դա բացատրելուց հետո ես, հետաքրքրությունս բավարարելու համար, վերադարձա մամլիչի հիմնական սենյակը։ Առաջին հայացքից պարզ էր, որ մահուդ լմող կավի պատմությունը կատարյալ սուտ էր, քանի որ անհեթեթ է կարծել, թե այս հզոր մեխանիզմը նախագծված էր այդպիսի չնչին նպատակի համար։ Սենյակի պատերը փայտից էին պատրաստված, բայց հատակը երկաթյա էր, և երբ ես զննում էին այն, հատակին տեսա մետաղի նստվածք։ Ես կռացել էի և փորձում էի քերել այն՝ հասկանալու համար, թե ինչ է, երբ լսեցի մի գերմաներեն բացականչություն և տեսա ինձ նայող գնդապետի անդրշիրիմյան երեսը։
Ի՞նչ եք անում այդտեղ,— հարցրեց նա։
Ես զայրացա՝ հասկանալով, որ ինձ խաբում են այն լավ մտածված պատմությունով, որ ինձ էին պատմել։
Հիանում եմ Ձեր մահուդ լմող կավով,— ասացի ես։Ես կարծում եմ, որ եթե իմանայի, թե իրականում ինչի համար է այս մամլիչն օգտագործվում, կկարողանայի ավելի լավ օգուտ տալ։
Դեռ նոր էի արտաբերել այս բառերը, երբ ափսոսացի դրա համար։ Նրա երեսը քարացավ, մոխրագույն աչքերում կործանարար լույս վառվեց։
Շատ լավ,— ասաց նա,— Դուք ամեն ինչ կիմանաք մամլիչի մասին։Նա մեկ քայլ հետ գնաց, փակեց փոքրիկ դուռը և բանալիով կողպեց։ Ես նետվեցի դեպի դուռը և սկսեցի քաշել սողնակը, բայց այն բավականին ապահով էր և չէր բացվում։
Էհե՜յ, գնդապե՜տ,— աղաղակում էի ես։Բա՛ց թողեք ինձ։
Եվ հանկարծ լռության մեջ լսվեց մի ձայն, որից ես լեղաճաք եղա նա միացրեց հսկա ջրաբաշխական մամլիչը։ Լապտերի լույսով, որը, դեռևս քերծվածքը զննելու ընթացքում, դրել էի հատակին, ես տեսա, որ սև առաստաղը, դանդաղորեն ու ցնցվելով, սակայն այնպիսի ուժով, որն իմ մեծ կտորն ականջս կթողնի (դա ինձնից լավ ոչ ոք չգիտեր), իջնում է ինձ վրա։ Ես գոռալով նետվեցի դեպի դուռն ու եղունգներով սկսեցի քաշել կողպեքը՝ աղերսելով գնդապետին դուրս թողնել ինձ, բայց լծակների անխիղճ աղմուկը խլացնում էր իմ ձայնը։ Առաստաղն ինձանից ընդամենը մեկ կամ երկու ոտնաչափ8 էր բարձր, և բարձրացնելով ձեռքս՝ ես կարող էի դիպչել նրա անհարթ ու կոշտ մակերևույթին։ Այդ պահին գլխումս մի միտք ծագեց մահանալիս կրած տանջանքը կախված է դիրքից։ Եթե ես պառկեի փորիս վրա, ողջ ծանրությունը կիջներ ողնաշարիս վրա, և ես սարսռացի՝ մտածելով, թե ինչպես այն կկոտրվի։ Հավանաբար, ավելի ճիշտ կլինի պառկել մեջքի վրա, բայց կարո՞ղ եմ արդյոք պառկել և նայել, թե ինչպես է մահացու սև ստվերը իջնում ինձ վրա։ Արդեն անհնար էր ուղիղ կանգնել, երբ տեսա մի այնպիսի բան, որն իմ սիրտը լցրեց հույսով։
Ես արդեն ասել եմ, որ հատակն ու առաստաղը երկաթից էին, իսկ պատերը՝ փայտից։ Երբ վերջին անգամ հայացք նետեցի շուրջս, ես տեսա երկու տախտակների արանքից փայլող բարակ դեղին լույս, որն առաստաղի իջնելու հետ լայնանում էր։ Մի պահ ես չհավատացի, որ դա իրոք մի դուռ էր, որն ինձ կարող էր փրկել։ Հաջորդ վայրկյանին ես առաջ նետվեցի և կիսազգա վիճակում դուրս եկա մյուս կողմից։ Ճեղքվածքն իմ հետևից փակվեց, բայց ջարդվող լապտերի ձայնից և երկու մետաղյա շերտերի բախյունից ես հասկացա, որ ճիշտ ժամանակին եմ փախել։
Ես ուշքի եկա նրանից, որ ինչ-որ մեկը կատաղի քաշեց իմ դաստակը, և գտա ինձ նեղ միջանցքի քարե հատակին պառկած, մինչ աջ ձեռքում մոմ բռնած մի կին թեքվել էր ինձ վրա և ձախ ձեռքով քաշում էր։ Դա այն նույն բարի կինն էր, ում նախազգուշացումը ես հիմարաբար անտեսեցի։
Եկե՛ք, եկե՛ք,— շնչասպառ գոռում էր նա։Քիչ անց նրանք այստեղ կլինեն։ Նրանք կտեսնեն, որ Դուք այնտեղ չեք։ Օ՜, մի վատնեք Ձեր թանկագին ժամանակը, եկե՜ք։
Այս անգամ ես չարհամարհեցի նրա խորհուրդը։ Ես մի կերպ ոտքի կանգնեցի և նրա հետ դուրս վազեցի միջանքով, այնտեղից էլ՝ աստիճաններով։ Աստիճանները մեզ տարան դեպի մեկ այլ՝ ավելի լայն միջանցք, որտեղ հասնելով՝ մենք լսեցինք ոտնաձայներ և երկու գոռացող ձայներ վերևի հարկում (որտեղից մենք իջանք) գտնվող ինչ-որ մեկը գոռում էր ներքևում գտնվող ինչ-որ մեկին։ Իմ ուղեկցուհին կանգ առավ և շուրջը նայեց՝ չիմանալով ինչ ձեռնարկել։ Ապա նա բացեց մի դուռ, որը տանում էր ննջասենյակ։ Սենյակի լուսամուտից փայլում էր պայծառ լուսինը։
Սա Ձեր միակ հնարավորությունն է,— ասաց նա։Այն բարձր է, բայց միգուցե կարողանաք դուրս ցատկել։
Այդ ժամանակ միջանցքի հեռավոր ծայրում լույս հայտնվեց, և ես տեսա մի ձեռքում լապտեր, իսկ մյուսում մսագործի դանակի նման զենք պահած գնդապետ Լիսենդըր Ստարքի առաջ վազող նիհար կերպարանքը։ Ես նետվեցի դեպի լուսամուտն ու դուրս նայեցի։ Ինչքա՜ն հանդարտ, խաղաղ ու առողջարար տեսք ուներ պարտեզը կեսգիշերին, մինչդեռ պատուհանը ոչ ավելի, քան 30 ոտնաչափ էր գետնից բարձր։ Ես մագլցեցի պատուհանագոգի վրա, բայց վարանեցի ցատկել, մինչև իմանալը, թե ինչ է լինում իմ փրկչի և ինձ հետապնդող սրիկայի միջև։ Չնայելով ոչ մի վտանգի՝ ես որոշեցի կարիք եղած դեպքում օգնության հասնել նրան։ Նոր էր այս միտքը հայտնվել գլխումս, երբ այդ սրիկան հայտնվեց դռան մոտ, բայց այն կինը փորձում էր պահել նրան իր թևերով։
Ֆրի՛ց, Ֆրի՛ց,— անգլերեն ճչաց նա,— հիշի՛ր նախորդ անգամից հետո քո տված խոստումը։ Դու խոստացել էր, որ սա չի կրկնվի։ Նա լուռ կմնա։ Օ՜, նա լո՜ւռ կմնա։
Դու խելագարվե՜լ ես, Էլի՛զա,— փորձելով դուրս պրծնել՝ գոռաց նա։Դու կկործանես մեզ։ Նա չափից շատ բան է տեսել։ Ասացի՝ թող անցնե՛մ։Նա մի կողմ բրդեց Էլիզային և, առաջանալով դեպի լուսամուտը, իր ծանր զենքով հարվածեց ինձ։ Երբ նա հասցրեց հարվածը, ես դուրս էի եկել և ձեռքերով կախվել էի պատուհանագոգից։ Ես բութ ցավ զգացի, ձեռքերս թուլացան, և ես ընկա պարտեզի մեջ։
Ընկնելն ինձ չվնասեց, այլ միայն թեթև ցնցեց, այնպես որ ես վեր թռա և, հասկանալով, որ դեռևս չեմ փախչել վտանգից, ամբողջ ուժով վազեցի դեպի թավուտները։ Այնուամենայնիվ, վազելու ընթացքում ես հանկարծ զգացի, որ ինձ ահավոր գլխապտույտ ու սրտխառնոց է տիրել։ Ես նայեցի տաժանելիորեն բաբախող ձեռքիս և առաջին անգամ տեսա, որ բթամատս կտրվել է, իսկ վերքից արյուն է հոսում։ Ես ջանացի թաշկինակովս կապել այն, բայց այդ պահին ականջներումս բզբզոց սկսվեց, և հաջորդ վայրկյանին ես անզգա ընկա վարդի թփերի մեջ։
Չեմ կարող ասել, թե որքան եմ մնացել անգիտակից վիճակում, բայց հավանաբար շատ երկար ժամանակ, քանի որ երբ ուշքի եկա, լուսինը մայր էր մտել, և բացվել էր պայծառ առավոտը։ Հագուստներս ամբողջովին ցողոտվել էին, իսկ թևերս ողողվել էին վիրավոր բթամատիցս կաթող արյունով։ Սաստիկ ցավն ինձ հիշեցրեց նախորդ գիշերվա արկածներս, և զգալով, որ դեռ ապահով չեմ հետապնդողներից՝ ես վեր թռա։ Որքա՜ն մեծ էր իմ զարմանքը, երբ շուրջս նայելով՝ չտեսա ո՛չ տունը, ո՛չ էլ պարտեզը։ Ես պառկած էի ճանապարհի ցանկապատի մոտ, իսկ միայն մի փոքր հեռու մի բարձր շենք կար, որին մոտենալով՝ պարզեցի, որ դա հենց այն կայարանն էր, ուր նախորդ գիշերն էի ժամանել։ Եթե ձեռքիս վրա այն տգեղ վերքը չլիներ, ես կմտածեի, որ գլխովս անցած սոսկալի ժամերը սոսկ գիշերային մղձավանջ էին։
Ես, առանց որևէ բան հասկանալու, գնացի կայարան և հարցրի առավոտյան գնացքի մասին։ Այնտեղ իմացա, որ մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում կգա Ռեդինգ գնացող գնացքը։ Պահակը հերթապահում էր այն ժամանակից, երբ ես դեռ նոր էի հասել։ Ես նրանից փորձեցի իմանալ գնդապետ Լիսենդըր Ստարքի մասին։ Նա այդ անունն առաջին անգամ էր լսում։ Նախորդ գիշեր նա ինձ սպասող որևէ կառք տեսե՞լ է։ Ոչ, չի տեսել։ Մոտակայքում ոստիկանական բաժին կա՞։ Այո, մոտ երեք մղոն հեռավորության վրա։
Քանի որ ես թույլ և վատառողջ էի, երեք մղոնն ինձ համար շատ հեռու էր։ Ես որոշեցի նախ հասնել քաղաք, ապա նոր դիմել ոստիկանություն։ Երբ ես հասա, ժամը 6-ից մի փոքր անց էր, սկզբում ես գնացի բժշկի մոտ՝ վերքս կապելու համար, ապա նա բարի եղավ բերել ինձ այստեղ։ Ես լիովին վստահում եմ Ձեզ և պատրաստ եմ անել ճիշտ այնպես, ինչպես որ կուզեք։
Այս արտասովոր պատմությունը լսելուց հետո մենք մի փոքր լուռ նստեցինք։ Ապա Շերլոք Հոլմսը պահարանից հանեց իր ծանր գրքերից մեկը, որում նա պահում էր թերթերից կտրած մասերը։
Այստեղ մի հայտարարություն կա, որը Ձեզ կհետաքրքրի,— ասաց նա։Սա հայտնվել է թերթերում մոտ մեկ տարի առաջ։ Լսեք այն Սույն ամսի 9-ին կորել է ինժեներ միստր Ջերիմայա Հեյլինգը, մոտ 26 տարեկան։ Գիշերվա ժամը 10-ին հեռացել է իր բնակարանից, ինչից հետո մեզ ոչինչ հայտնի չէ։ Հագել էրև այլն, և այլն։ Իրոք, երևում է՝ հենց սա է այն վերջին անգամը, երբ գնդապետին պետք է եղել զննել իր մամլիչը։
Տե՛ր Աստված,— գոռաց իմ հաճախորդը։Սա պարզաբանում է այն կնոջ ասածը։
Անկասկած։ Միանգամայն պարզ է, որ գնդապետը կատաղի և սառնարյուն մարդ է, ով՝ նավ գրավելուց հետո նրա վրա ոչ մի վկա չթողնող ծայրահեղական ծովահենների նման, բացարձակապես որոշել է իր փոքրիկ խաղի ընթացքում վերացնել իր ճամփին կանգնող յուրաքանչյուր մարդու։ Այժմ յուրաքանչյուր րոպե մեզ համար թանկ է, այնպես որ, եթե Դուք ի վիճակի եք գալ, մենք կշտապենք Սքոթլենդ Յարդ, ապա կգնանք Էյֆըրդ։
Մոտ երեք ժամ անց մենք գնացքով Ռեդինգից գնում էինք դեպի այն փոքրիկ բերքշըրյան գյուղը։ Մենք՝ Շերլոք Հոլմսը, ինժեները, Սքոթլենդ Յարդից տեսուչ Բրեդսթրիթը, ոստիկանության գաղտնի գործակալն ու ես։ Բրեդսթրիթը նստարանին էր փռել երկրի մանրամասն քարտեզը և կարկինով Էյֆըրդի շուրջը շրջանագիծ էր գծում։
Ահա,— ասաց նա։Այդ շրջանագծի շառավիղը գյուղից տասը մղոն է։ Մեր ուզած վայրը գծի մոտակայքում է։ Որքան հիշում եմ, սը՛ր, Դուք ասել էիք տասը մղոն, այնպես չէ՞։
Այո, մոտ մեկ ժամվա ճանապարհ։
Եվ Դուք մտածում եք, որ նրանք Ձեզ ուշաթափ վիճակում այդ ամբողջ ճանապարհը հե՞տ են տարել։
Ըստ երևույթին՝ այո։ Ես աղոտ հիշում եմ, որ ինձ բարձրացրել և ինչ-որ տեղ են տարել։
Ես չեմ կարողանում հասկանալ,— ասացի ես,— թե նրանք ինչու պիտի խղճային Ձեզ՝ գտնելով պարտեզում ուշաթափ ընկած։ Միգուցե այդ սրիկան տեղի՞ է տվել այն կնոջ աղաչանքներին։
Չեմ կարծում։ Ես իմ կյանքում երբեք նման անողոք դեմք չեմ տեսել։
Շուտով մենք այդ ամենը կպարզենք,— ասաց Բրեդսթրիթը։Եվ այսպես, ես գծեցի շրջանագիծը։ Միայն մնում է պարզել, թե որ կետում են գտնվում նրանք, ում փնտրում ենք։
Կարծում եմ, որ կարող եմ ցույց տալ,— հանդարտ ասաց Հոլմսը։
Իրո՞ք,— բղավեց տեսուչը,— նշանակում է, Դուք կազմել եք Ձեր կարծիքը։ Մոտեցե՛ք, տեսնենք, թե ով ճիշտ կասի։ Ես ասում եմ, որ նրանք հարավում են, քանի որ այն շատ ամայի է։
Իսկ ես ասում եմ, որ նրանք արևելքում են,— ասաց իմ հաճախորդը։
Ես արևմուտքի կողմնակիցն եմ,— նկատեց ոստիկանության գաղտնի գործակալը։Այդ կողմում բազմաթիվ խաղաղ փոքրիկ գյուղակներ կան։
Ես էլ հյուսիսի,— ասացի ես,— քանի որ այնտեղ բլուրներ չկան, իսկ մեր ընկերն ասում է, թե չի նկատել, որ ճանապարհը դեպի վերև ձգվի։
Կարծիքների ինչպիսի՜ տարբերություն,— ծիծաղելով բացականչեց տեսուչը։Մենք թվարկեցինք Երկրի բոլոր կողմերը։ Ո՞ւմ կողմից եք Դուք, մի՛ստր Հոլմս։
Դուք բոլորդ էլ սխալվում եք։
Բայց մի՞թե դա հնարավոր է։
Օ՜, այո, դա հնարավոր է։ Իմ կարծիքն այսպե՛ս է։Նա դրեց իր մատը շրջանագծի կենտրոնում։Ահա թե որտեղ մենք կարող ենք գտնել նրանց։
Իսկ մեր անցած 12 մղո՞նը,— զարմանքից բացականչեց Հեդըրլին։
Դրանից պարզ բան չկա՝ 6 մղոն այս կողմ, 6-ն էլ՝ այն կողմ։ Դուք ինքներդ ասացիք, որ երբ նստեցիք կառք, ձին թարմ տեսք և փայլուն մորթի ուներ, ինչը չէր կարող լիներ, եթե նա 12 մղոն անցներ վատ ճանապարհով։
Իսկապես, շատ հավանական է,— մտածկոտ նկատեց Բրեդսթրիթը։Այս ավազակախմբի արարքները միանշանակ կասկած չեն կարող հարուցել։
Ոչ ամբողջովին,— ասաց Հոլմսը։Նրանք զբաղվում են մեծածավալ դրամանենգությամբ, իսկ մամլիչն օգտագործում են ամալգամ մամլելու համար, որով փոխարինում են արծաթը։
Մենք արդեն որոշ ժամանակ գիտենք մի խելացի ավազակախմբի մասին, որը հազարավոր կես քրաունանոցներ է հատում,— ասաց տեսուչը։Մենք նույնիսկ հետևել ենք նրանց մինչև Ռեդինգ, բայց ավելին չենք կարողացել, քանի որ նրանք այնպես էին ծածկել իրենց հետքերը, որ մենք իսկույն հասկացանք, որ գործ ունենք փորձառու մարդկանց հետ։ Բայց այժմ, շնորհիվ այս երջանիկ պատահականության՝ մենք նրանց կգտնենք։
Բայց տեսուչը սխալվեց հանցագործներին վիճակված չէր ընկնել արդարադատության ձեռքը։ Հասնելով Էյֆըրդի կայարանը՝ մենք տեսանք ծառերի մի փոքրիկ պուրակի հետևից բարձրացող ծխի հսկայական սյուն, որը մի հսկայական ջայլամի փետուրի նման կախված էր տեսարանի վրա։
Հրդե՞հ է,— հարցրեց Բրեդսթրիթը, երբ շոգեքարշը շարունակեց իր ճանապարհ։
Այո, սը՛ր,— պատասխանեց կայարանապետը։
Ե՞րբ է սկսվել։
Ասում են, թե գիշերը, սը՛ր, բայց այժմ ուժեղացել է, և ամբողջ տունը կրակի մեջ է։
Ո՞ւմն է այդ տունը։
Բժիշկ Բեչըրինը։
Ասացեք ինձ,— մեջ ընկավ ինժեները,— բժիշկ Բեչըրը երկար և սուր քթով, շատ նիհար գերմանացի՞ է։
Կայարանապետն անկեղծ ծիծաղեց։
Ոչ, սը՛ր, բժիշկ Բեչըրը անգլիացի է, իսկ ամբողջ թեմի տարածքում չկա մեկը, ում բաճկոնն ավելի լավ աստառված լինի։ Բայց նրա մոտ ապրում է նաև մի օտարերկրացի ջենթլմեն, ում տեսքն այնպիսին է, որ նրան չէր վնասի համտեսել մեր հին բերքշըրյան եզան միսը։
Կայարանապետը դեռ չէր վերջացրել, երբ մենք արդեն շտապում էին կրակի կողմը։ Ճանապարհը բարձրացավ մի ցածր բլրի վրա, որի վրա կրապատ լայնատարած շենք կար։ Շենքի բոլոր անցքերից և պատուհաններից դուրս էր ցայտում կրակը, մինչդեռ շենքի առաջ՝ պարտեզում, երեք հրշեջ մեքենաներ անիմաստ ջանում էին հանգցնել այն։
Ահա՜ այն,— բացականչեց Հեդըրլին մեծ հուզմունքով։Ահա խճուղին, ահա և վարդի թփերը, որոնց մեջ ընկա։ Այն երկրորդն էլ հենց այն պատուհանն է, որից ես ցատկեցի։
Դե ինչ,— ասաց Հոլմսը,— վերջիվերջո Դուք լուծեցիք Ձեր վրեժը։ Կասկած լինել չի կարող, որ հենց Ձեր կերոսինի լամպն էր, որը, մամլիչի մեջ ջարդվելով, փայտյա պատերը կրակի էր մատնել, սակայն նրանք, անշուշտ, այնքան տարված էին Ձեզ հետապնդելով, որ դա ժամանակին չեն նկատել։ Ուշադի՛ր նայեք, այս ամբոխի մեջ Ձեր երեկվա ընկերները չկա՞ն, թեև ես վախենում եմ, որ նրանք այժմ այստեղից մի 100 մղոն հեռու են։
Հոլմսի մտավախությունը արդարացի էր, քանի որ այդ օրվանից մենք ոչինչ չենք լսել ո՛չ այն գեղեցիկ կնոջ, ո՛չ կործանարար գերմանացու, ո՛չ էլ խոժոռ անգլիացու մասին։ Վաղ առավոտյան մի գյուղացի հանդիպել էր խոշոր արկղերով և մի քանի մարդկանցով լցված մի սայլ, որը արագորեն սլանում էր Ռեդինգ, բայց հետո փախստականների հետքերն անհետացան, և նույնիսկ Հոլմսի հանճարեղությունը չկարողացավ գոնե պատկերացում կազմել, թե որտեղ են նրանք գտնվում։
Հրշեջները խիստ շփոթվեցին, երբ ներսում հայտնաբերեցին տարօրինակ մամլիչը, և է՛լ ավելի զարմացան, երբ երրորդ հարկում պատուհանագոգին գտան մարդու կտրված բթամատ։ Մայրամուտին մոտ նրանց ջանքերն արդյունք տվեցին, և նրանք կարողացան մարել կրակը, սակայն մինչ այդ տանիքը փլվել էր, և ողջ տունը վերածվել էր ավերակների այնպես, որ բացի որոշ ջարդված գլաններից և երկաթե խողովակներից, ոչ մի հետք չէր մնացել այն մխոցից, որը մեր անհաջողակ ծանոթի վրա այդքան թանկ նստեց։ Ցախատանը հայտնաբերվեցին մեծ զանգվածով նիկել և անագ, բայց ոչ մի մետաղադրամ չհայտնաբերվեց, ինչը, թերևս, բացատրում է այն խոշոր արկղերի գոյությունը, որոնց մասին արդեն ասացի։
Թերևս մեզ համար միշտ անհայտ մնար, թե ինչպես է մեր ինժեները պարտեզից հայտնվել այն վայրում, որտեղ վերականգնել է գիտակցությունը, եթե չլիներ փխրուն սևահողը։ Ակնհայտ է, որ նա այդտեղ է բերվել երկու հոգու կողմից, որոնցից մեկի ոտնաթաթերը զարմանալիորեն փոքր էին, իսկ մյուսինը՝ անսովոր մեծ։ Մի խոսքով՝ ամենից արժանահավատ տարբերակն այն է, որ իր ընկերոջից պակաս համարձակ կամ պակաս արյունարբու լռակյաց անգլիացին օգնել է կնոջը՝ հեռու տանել գիտակցությունը կորցրած մարդուն վտանգից։
Այո, սա շատ լավ բիզնես էր,— տրտմագին ասաց ինժեները, երբ մենք զբաղեցրինք Լոնդոն գնացող գնացքի մեր տեղերը։Ես կորցրի իմ բթամատը, կորցրի 50 գինեաս և ի՞նչ ձեռք բերեցի։
Փորձ,— ծիծաղելով ասաց Հոլմսը։Միգուցե այն Ձեզ պետք գա։ Միայն պետք է վերածել այն բառերի, և Դուք՝ Ձեր կյանքի մնացած մասում, կունենաք լավ զրուցակցի համբավ։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Ինժեների բթամատը Արթուր Կոնան Դոյլ | Ինժեների բթամատը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 06:41:00 Rating: 5
Технологии Blogger.