Լոնգոս | Դափնիս և Քլոե


«Դափնիս և Քլոե» վեպը պատմություն է տղայի ու աղջկա մասին, որոնց նորածին հասակում լքում են ծնողները և գտնում ու խնամում լեսբոսցի հովիվներ: Դափնիսն ու Քլոեն միասին մեծանում են, հովվություն անում, շուտով սիրահարվում իրար և, զանազան փորձությունների ենթարկվելով, ի վերջո հասնում երջանիկ ամուսնության: Այս՝ առաջին ու թերևս ամենանշանավոր հովվերգական արձակ երկը Եվրոպայում հայտնի է դարձել հատկապես Վերածննդի շրջանից ի վեր և նշանակալի ազդեցություն գործել հետագա գրականության վրա: Գրվել է մ.թ. II դարի վերջին կամ III դարի սկզբին:
Դափնիսի և Քլոեի պատմությունը ներկայացված է իբրև մի նկարի մեկնաբանություն, որը հեղինակը տեսել է Լեսբոսում որս անելիս:
Վեպում արտացոլվել են հելլենիստական հովվերգական բանաստեղծության ավանդույթները: Հերոսներն ապրում են գյուղական միջավայրում, պարզ գեղջկական կյանքով, որ հակադրված է քաղաքային ապրելակերպին և անմաքուր բարքերին: Լոնգոսը մեծ սիրով ու բանաստեղծական շնչով է նկարագրել գեղջուկների կենցաղը, աշխատանքը, նրանց շրջապատող գունագեղ բնությունը:
Դափնիսի խորթ ծնողները՝ Լամոնն ու Միրտալեն, Միտիլենում բնակվող հարուստ կալվածատեր Դիոնիսոփանեսի ստրուկներն են: Ստրուկ լինելով՝ Դափնիսը չի կարող առանց տիրոջ թույլտվության ամուսնանալ: Քլոեին դաստիարակում են Դրիասն ու նրա կին Նապեն, որոնք ազատ, բայց չունևոր գյուղացիներ են, և նրանց ապրելակերպը գրեթե չի տարբերվում Լամոնի ու Միրտալեի կենցաղից: Դափնիսին ու Քլոեին բաժին ընկած վտանգավոր արկածները մեծ մասամբ հովվական կյանք քաղաքացիների կոպիտ ներխուժման հետևանք են: Նույնիսկ գտնելով իրենց հարուստ ծնողներին՝ Դափնիսն ու Քլոեն չեն ցանկանում քաղաքում բնակվել, այլ գերադասում են վերադառնալ իրենց գյուղը:
Վեպում կարևոր է առասպելական տարրը: Երեխաներին լքելն արտասովոր երևույթ չէր նույնիսկ իրական կյանքում, բայց միայն առասպելներում էր, որ նրանց փրկում ու կուրծք էին տալիս կենդանիները: Բացի այս գլխավոր մոտիվից, որը «Դափնիս և Քլոե»-ի սյուժետային հիմքն է, շարադրանքի մեջ ներմուծված են նաև տարբեր գործող անձանց պատմած երեք առասպելական մանրապատում՝ աղավնի դարձած աղջկա, որն ուրիշ աղբյուրից հայնտի չէ, Պանի ու Սիրինքսի և Պանի ու Էքոյի: Երեքն էլ առնչվում են Լոնգոսին այնքան սիրելի երգի ու երաժշտության հետ, և երեքն էլ ավարտվում են հերոսուհու կերպարանափոխությամբ: Երկում առկա են նաև սիկիլիացի Դափնիսի մասին լեգենդի արձագանքներ:
«Դափնիս և Քլոե»-ի սյուժեի զարգացման մեջ կարևոր դեր ունեն աստվածները: Իրադարձությունների ընթացքը կառավարում է սիրո աստված Էրոսը, որի հովանավորության տակ են գլխավոր հերոսները: Նա մերթ հունական սիրային պոեզիայից ծանոթ՝ ծաղիկների հետ խաղացող թևավոր մանուկ է, մերթ՝ «Կրոնոսից և անգամ ողջ ժամանակից տարիքով» տիեզերական ուժ, ինչպես Հեսիոդոսի «Թեոգոնիա»-ում: «Այն, ինչ կարող է նա, չի կարող Զևսը. իշխում է տարերքներին, իշխում լուսատուներին, իշխում իր նման աստվածներին»: Էրոսի ամենազորության մասին այս պատկերացումը locus communis էր անտիկ պոեզիայում, իսկ նրա տարիքի վերաբերյալ կարծիքները Պլատոնի «Խնջույք»-ից ի վեր հակասական էին:
Վեպում նշանակալից է նաև Պանի և նիմփաների դերը, որոնք գրեթե սովորական գործող անձինք են: Նրանք գինու աստված Դիոնիսոսի հետ սերտորեն կապված աստվածություններ էին, իսկ Լեսբոս կղզում Դիոնիսոսի պաշտամունքը հատկապես հռոմեական շրջանում մեծ տարածում ուներ: Նա ներկա է արդեն երկրորդ գրքի սկզբի բերքահավաքի տեսարանում, որն անվանված է «Դիոնիսոսի տոն» և որտեղ կանայք Դափնիսի գեղեցկությունը համեմատում են Դիոնիսոսի հետ, իսկ տղամարդիկ նրա ուղեկից սատիրոսների նման ցատկոտում են Քլոեի հետևից: Դրիասը, ձմռանը Դափնիսին հյուրընկալելով, զոհ է մատուցում Դիոնիսոսին: Այս աստծո զորությունը հատկապես շեշտվում է չորրորդ գրքում: Նրա տաճարը գտնվում է Լամոնի մշակած պարտեզի մեջեղում, որի տիրոջ՝ Դափնիսի իսկական հոր անունը «Դիոնիսոփանէս» է (նշանակում է՝ «Դիոնիսոս թվացող»): Դիոնիսոսը, ինչպես որ Պանը, սերտորեն կապված էր բանաստեղծության ու երաժշտության հետ և´ ծեսերում, և´ գրականութան մեջ, ուստի նաև այս տեսանկյունից նրա ներկայությունը երաժշտությամբ լի «Դափնիս և Քլոե»-ում զարմանալի չէ:
Նիմփաների և հատկապես Պանի միջամտությունը վեպում ծավալվող իրադարձություններին ավելի շուտ գործողությունն առաջ մղելու նպատակով կիրառված ավանդական գրական հնարանք է, քան հեղինակի միամիտ առասպելական մտածողության արտահայտություն: Պանի օժանդակությունը մեթիմնացիներից Քլոեին փրկելուն համահունչ է, օրինակ, Մենանդրոսի «Փնթփնթանը» կատակերգության սյուժեի հիմնական գծին, այն է՝ տղան աստվածային օգնությամբ հասնում է աղջկան:
Լոնգոսի վեպը նոր ժամանակներում դարձել է անտիկ աշխարհի ամենից սիրված ստեղծագործություններից մեկը:

Տես նաև Ապուլեոս Կերպարանափոխություններ և Լուկիանոս Կյանքը և գործը
Լոնգոս | Դափնիս և Քլոե Լոնգոս | Դափնիս և Քլոե Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:07:00 Rating: 5
Технологии Blogger.