Պարույր Սևակ | Կեսգիշերային բնանկար


Քամին փոշուց ծուխ էր սարքում,
Ծուխ անկրակ,
Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ,
Իսկ դրանից ձանձրանալով՝
Վճռում խաղալ պահմտոցի,
Եվ պահվում էր,
Այնպե՛ս պահվում,
Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»:

Օրը քակել իր ծալքերը
Ու փռել էր աշխարհով մեկ.
Մի ծալքից՝ շո՛գ,
Երկրորդից՝ տա՛պ,
Երրորդից՝ տո՛թ:
Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից:
Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս:

Լռություն էր մի այնպիսի՜,
Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել:
Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով,
Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ,
Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած,
Այլ հեկեկում - ջղաձգվում...

Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա
Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝
Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ:
Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին,
Որ աղջըկա քայլվածքի հետ
Իր ողջ կապույտ մակերեսով
Աջ էր գնում - ձախ էր գալիս,
Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ
Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ,
Ջրի հետ էլ՝ երկինքը մով:
Եվ ջուրը չէր ելնում-իջնում,
Կարծես երկինքն էր դույլի մեջ
Գլխապտույտ զգում անվերջ...
Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով,
Որ քունն ինձնից անմեղ տեղը,
Խռովել է ու... լքե՛լ ինձ:

06,12.II.1964թ.    
Երևան

Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Կեսգիշերային բնանկար Պարույր Սևակ | Կեսգիշերային բնանկար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:44:00 Rating: 5
Технологии Blogger.