Հանս Քրիստիան Անդերսեն | Անագե տոկուն զինվորիկը


Կային, չկային՝ քսանհինգ հատ անագե զինվորիկ կային։ Նրանք բոլորն էլ ծնվել էին մեկ մորից՝ մի հին անագե գդալից, ուրեմն՝ հարազատ եղբայրներ էին։ Շատ գեղեցիկ էին այդ զինվորիկները, կարմիր ու կապույտ համազգեստներով, ամեն մեկի ուսին մի հրացան, հայացքները հառած ուղիղ դեպի առաջ։
«Անագե զինվորիկնե՜ր»,— ահա առաջին խոսքը, որ լսեցին եղբայրները, երբ բացվեց այն տուփը, որի մեջ պահված էին իրենք։ Ծափ զարկելով՝ այդպես գոչեց մի փոքրիկ տղա։ Այդ օրը նրա ծննդյան օրն էր, զինվորիկները նվեր էին բերել։ Տղան իսկույն սկսեց սեղանի վրա շարել նրանց։ Զինվորիկներից ամեն մեկը ջրի երկու կաթիլի պես նման էր մյուսին, սակայն մեկը տարբերվում էր իր եղբայրներից. նա ուներ միայն մեկ ոտք։ Ամենավերջում նրան էին ձուլել, և երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Բայց նա էլ իր մեկ ոտքի վրա այնպես ամուր էր կանգնած, ինչպես մյուսները՝ երկու ոտքի վրա, և հենց նա էր, որ աչքի ընկավ կյանքում։
Տղան իր զինվորիկներին շարեց սեղանի վրա։ Այստեղ ուրիշ շատ խաղալիքներ էլ կային, բայց ամենից գեղեցիկը մի հրաշալի, ստվարաթղթից պատրաստված դղյակ էր։ Նրա փոքրիկ լուսամուտներից կարելի էր տեսնել ներսը։ Դղյակի առաջ կար մի փոքրիկ հայելի, որը շատ նման էր իսկական լճի, իսկ շուրջը շարված էին մանրիկ ծառեր։ Լճի մեջ մոմից շինված կարապներ էին լողում և, իրենց արտացոլանքին նայելով՝ հիանում։ Այդ ամենը այնքա՜ն լավ էր, բայց ամենից լավն այն աղջիկն էր, որ կանգնած էր դղյակի բաց դռան շեմին։ Նա էլ էր ստվարաթղթից կտրած։ Նրա հագին ամենանուրբ բատիստից կարված շրջազգեստ կար, իսկ մի նեղլիկ ժապավեն շեղակի ցած էր իջնում ուսից մինչև գոտին։ Ժապավենն ամրացված էր շողշողուն վարդակապով, որ աղջկա երեսի մեծությունն ուներ։ Այդ գեղեցկուհին պարուհի էր. նա երկու ձեռքերը պարզել էր առաջ և մի ոտքն այնպես էր վեր բարձրացրել, որ անագե զինվորիկն սկզբում բոլորովին չտեսավ այդ ոտքը, և կարծում էր, թե աղջիկն էլ իր նման միոտանի է։
«Ա՜յ թե այսպիսի կին ունենայի,— մտածեց անագե զինվորիկը,— միայն թե՝ սա, երևի, նշանավոր տոհմից է. դղյակում է ապրում, իսկ ես՝ տուփի մեջ և, բացի այդ՝ քսանհինգ հատ ենք մի տուփի մեջ։ Չէ՛, տուփը նրա տեղը չի։ Բայց և այնպես, չէր խանգարի ծանոթանալ հետը»։ Եվ նա ամբողջ երկարությամբ ձգվեց ծխախոտի տուփի հետևում, որ նույնպես դրված էր սեղանին։ Այստեղից նա կարող էր անթարթ նայել գեղեցիկ պարուհուն, որն էլի կանգնած էր մեկ ոտքի վրա, առանց հավասարակշռությունը կորցնելու։ Ուշ երեկոյան մյուս բոլոր զինվորիկներին նորից դարսեցին տուփի մեջ, և տանը եղած մարդիկ պառկեցին քնելու։ Այն ժամանակ խաղալիքներն իրենք սկսեցին խաղալ. նրանք իրար հյուր էին գնում, պատերազմ էին մղում, պարահանդես էին սարքում։ Անագե զինվորիկները տուփի մեջ սկսեցին խլրտալ, նրանք էլ էին ուզում խաղին մասնակցել, բայց տուփի խուփը բարձրացնել չէին կարողանում։ Ընկուզկոտրիչը գլուխկոնծի էր տալիս, իսկ քարեգրիչը վազվզել սկսեց քարե տախտակի վրա։ Այնպիսի ժխոր բարձրացավ, որ դեղձանիկն արթնացավ ու սկսեց բլբլալ, այն էլ՝ հանգերով։ Միայն անագե զինվորիկը և պարուհին էին, որ տեղից չէին շարժվում։ Աղջիկը ուղիղ կանգնել էր մի ոտքի ձիգ ծայրի վրա և երկու ձեռքերը պարզել առաջ։ Զինվորիկը նույնպես ամուր կանգնել էր իր միակ ոտքի վրա և ոչ մի րոպե աչքը չէր հեռացնում պարուհուց։
Ժամը տասներկուսը խփեց։ Եվ հանկարծ՝ չը՛խկ-չը՛խկ։ Դա ծխատուփն էր, որ չրթոցով բացվեց, բայց մեջը ծխախոտի փոխարեն նստած էր մի սև դևիկ։ Դա մի շատ հմուտ ձեռքի աշխատանք էր։
Է՛յ, անագե զինվորիկ,— ասաց դևիկը,— բավական է այդպես չռես աչքերդ։
Բայց անագե զինվորիկը ձևացրեց, թե նրան չի լսում։
Դե՛ լավ, կլուսանա՝ կտեսնես,— ասաց դևիկը։
Առավոտյան երեխաները վեր կացան, և նրանցից մեկը անագե զինվորիկին դրեց լուսամուտին։ Եվ ահա, արդյոք դևի՞կն էր պատճառը, թե՞ միջանցիկ քամին՝ հանկարծ լուսամուտը բացվեց, ու զինվորիկը գլխիվայր ցած ընկավ երրորդ հարկից։ Սոսկալի բան էր։ Նա ընկավ գլխիվայր, և նրա սաղավարտն ու սվինը խրվեցին քարերի արանքը, և այդպես էլ մնաց՝ ոտքը դեպի վեր տնկած, գլխիվայր կանգնած։
Տան սպասուհին և փոքրիկ տղան իսկույն փողոց վազեցին՝ զինվորիկին գտնելու։ Որոնեցին, որոնեցին, մի քանի անգամ քիչ էր մնում ոտքը վրան դնեին, բայց և այնպես չգտան։
Եթե զինվորիկը կանչեր՝ «Այստե՜ղ եմ», նրանք, իհարկե, կգտնեին, բայց նա անվայելուչ համարեց փողոցում գոռալ, մանավանդ որ՝ հագին զինվորական համազգեստ էր։
Բայց ահա, անձրև սկսվեց, որ ավելի ու ավելի հորդանալով այնպես էր թափվում, ինչպես դույլից ջուր թափես։ Երբ անձրևը դադարեց, փողոց դուրս եկան երկու տղա։
Նայի՜ր,— ասաց նրանցից մեկը,— տե՛ս, այստեղ մի անագե զինվորիկ կա ընկած։ Արի՛ սրան նավակ նստեցնենք։
Նրանք լրագրի թղթից մի նավակ պատրաստեցին, անագե զինվորիկին դրին նավակի մեջ, գցեցին ջրառատ առվակը, ապա իրենք էլ սկսեցին վազել ափով ու ծափ զարկել։
Տե՜ր Աստված, ինչպե՜ս էին ալիքները զարկվում առվի ափերին, ի՜նչ ուժեղ էր ջրի հոսանքը։ Եվ զարմանալի էլ չի. չէ՞ որ հորդ անձրև էր եկել։ Նավը մերթ սուզվում, մերթ բարձրանում էր ալիքների կատարը, երբեմն պտույտներ էր անում, և անագե զինվորիկը ցնցվում էր. բայց նա տոկուն զինվոր էր և շարունակում էր անխռով առաջ նայել՝ հրացանն ուսին բռնած։
Ահա նավակն սկսեց լողալ տախտակե կամրջակի տակով։ Այդտեղ այնպես մութ էր, որ զինվորիկին թվաց, թե նորից ընկել է իր տուփի մեջ։
«Այս ո՞ւր եմ ընկել ես,— մտածում էր անագե զինվորիկը։ Այս բոլորը անպիտան դևիկի սարքած բաներն են։ Ա՛յ, եթե այս նավակում ինձ հետ նստած լիներ փոքրիկ պարուհին՝ այն ժամանակ թող թեկուզ երկու անգամ ավելի մութ լիներ»։
Այդ րոպեին կամրջակի տակից դուրս պրծավ մի ահագին ջրմուկ. նա այստեղ էլ ապրում էր։
Է՜յ, անցագիր ունե՞ս,— գոչեց նա,— ցո՛ւյց տուր անցագիրդ։
Բայց անագե զինվորիկը լուռ էր ու ավելի ամուր էր սեղմել հրացանը։ Նավակն առաջ էր լողում, իսկ մուկը՝ նրա հետևից։ Օ՜, ինչպե՜ս էր նա ատամները կրճտացնում և հանդիպող տաշեղներին ու շյուղերին ձեն տալիս.
Բռնեցե՜ք դրան, բռնեցե՜ք։ Նա մաքս չի վճարել, անցագիր ցույց չի տվել։
Իսկ հոսանքն ավելի ու ավելի ուժեղանում էր։ Անագե զինվորիկն արդեն նշմարում էր դրսի լույսը։ Բայց դրա հետ մեկտեղ այնտեղից աղմուկ էր լսվում, այնպիսի՜ զարհուրելի աղմուկ, որ, ինչ տեսակ քաջ մարդ էլ լիներ՝ կվախենար։ Ինքնե՛րդ մտածեք. այնտեղ, որտեղ տախտակները վերջանում էին, առվակը ցած էր թափվում մի մեծ ջրանցքի մեջ։ Անագե զինվորիկը այնպիսի վտանգի առաջ էր, ինչպես մենք՝ եթե նավակը տանելու լիներ մեզ դեպի մի անդնդախոր ջրվեժ։
Բայց ահա, նավակը դուրս եկավ տախտակների տակից, և այլևս ոչ մի բան նրան կանգնեցնել չէր կարող։ Խեղճ զինվորիկը կանգնած էր էլի այնպես ձիգ և ուղիղ, նույնիսկ աչքը չէր թարթում։ Եվ հանկարծ նավակը պտույտ եկավ, հետո թեքվեց, ջրով լցվեց և սկսեց սուզվել։ Ջուրը հասավ անագե զինվորիկի պարանոցին, և նավակը ջրի տակ անցավ։ Այժմ ջուրը ծածկել էր զինվորիկին մինչև գլուխը։ Նա մտածեց փոքրիկ, չքնաղ պարուհու մասին, որին այլևս տեսնելու բախտ չէր ունենալու։ Եվ նրա ականջներում հնչեց.
Հառա՜ջ, զինվոր քաջ,
Մահվանն ընդառաջ...
Թուղթը բոլորովին թրջվել էր, պատռվել և, հենց այն է՝ զինվորիկը պետք է հատակն իջներ, բայց նույն րոպեին նրան կուլ տվեց մի մեծ ձուկ։
Օ՜, ի՜նչ մութ էր ձկան փորում։ Այստեղ ավելի վատ էր, քան տախտակների տակ, և շատ ավելի նեղվածք։ Բայց անագե զինվորիկն այստեղ էլ տոկուն էր. հրացանն ուսին բռնած՝ նա պառկել էր, ամբողջ հասակով ձգվել։
Իսկ նրան կուլ տված ձուկը դեսուդեն էր ընկնում և ամենազարմանալի շարժումներ կատարում, բայց հետո բոլորովին հանդարտվեց։ Անցավ մի որոշ ժամանակ, և հանկարծ խավարի մեջ կայծակի պես փայլատակեց մի շողշողուն բան, հետո բոլորովին լուսացավ, և մեկը բարձր գոչեց. «Անագե զինվորի՜կը»։
Ձուկը բռնել էին, տարել շուկա, այնտեղից գնել ու բերել խոհանոց, որտեղ խոհարարուհին կտրել էր նրա փորը սուր դանակով։ Կինը երկու մատով բռնեց զինվորիկի մեջքից ու տարավ սենյակ, ուր բոլոր տնեցիները հավաքվեցին նայելու այդ զարմանալի մարդուկին, որը ճամփորդել էր ձկան փորում։ Բայց անագե զինվորիկը չէր գոռոզանում։
Նրան դրին սեղանի վրա, և ահա , ինչե՜ր ասես չի պատահում աշխարհում. պարզվեց, որ զինվորիկը նույն սենյակումն է, որտեղ եղել էր առաջ, և տեսավ միևնույն երեխաներին։ Նույն խաղալիքներն առաջվա պես կանգնած էին սեղանին, իսկ դրանց մեջ՝ հրաշալի դղյակն իր փոքրիկ, չքնաղ պարուհիով։ Վերջինս էլի նույն ձևով կանգնած էր մեկ ոտքի վրա, մյուսը՝ վեր բարձրացրած. նա ևս տոկուն ու կայուն էր։ Այս ամենից անագե զինվորիկն այնպես զգացվեց, որ քիչ մնաց լաց լինի անագե արցունքներով։ Բայց զինվորին վայել չէ լաց լինել, և նա միայն նայեց աղջկան, աղջիկը՝ նրան։ Եվ ոչ մեկը ոչինչ չասաց։
Հանկարծ տղաներից մեկը ճանկեց զինվորիկին և, չգիտես ինչու, նետեց վառարանի մեջ։ Երևի, ծխատուփի մեջ նստած դևիկն էր նրան այդպես սովորեցրել։
Այժմ զինվորիկը կանգնած էր վառարանի մեջ՝ պայծառ բոցերով բռնված։ Սարսափելի շոգ էր, նա զգում էր, որ ամբողջովին վառվում է, բայց ինչի՞ց էր վառվում՝ կրակի՞ց, թե՞ սիրուց, ինքն էլ չգիտեր։ Նրա վրայի ներկերը բոլորովին խունացել էին. վշտի՞ց էր դա, թե՞ ճամփորդության ժամանակ էր այդպես եղել, այդ ևս ոչ ոք չգիտեր։ Զինվորիկը նայում էր աղջկան, աղջիկը՝ նրան, և նա զգում էր, որ հալվում է, բայց դեռ կանգնած էր ուղիղ, հրացանն ուսին սեղմած։ Հանկարծ սենյակի դուռը չրխկոցով բացվեց, քամին պարուհուն պոկեց իր տեղից, և նա, պարիկի պես ճախրելով, ընկավ վառարանի մեջ՝ ուղիղ անագե զինվորիկի մոտ, անմիջապես բռնկվեց պայծառ բոցով և... այլևս չկար պարուհին։ Իսկ անագե զինվորիկը հալվելով մի գնդիկ դարձավ։
Հետևյալ օրը, երբ սպասուհին վառարանի մոխիրը քաշեց՝ այնտեղ գտավ մի անագե սրտիկ։ Իսկ պարուհուց մնացել էր միայն մետաղե վարդակապը, որն այլևս չէր փայլում. սև էր՝ ածուխի պես։

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Անագե տոկուն զինվորիկը Հանս Քրիստիան Անդերսեն | Անագե տոկուն զինվորիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 21, 2018 Rating: 5
Технологии Blogger.