«Դպրոցների բարձր դասարանների աշակերտների և զբոսաշրջիկների այցերը նվազել են». Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն

Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը
2017-ին պետությունից ստացել է 25 միլիոն 297 հազար դրամ սուբսիդիա: Արտաբյուջեն պլանավորել
է 2 միլիոն 180 հազար դրամ, 2016-ի համեմատ գերակատարել է 37%-ով: 2017-ին Թանգարանն
ունեցել է 8738 այցելու՝ նախորդ տարվա 7203-ի համեմատ: Այդուհանդերձ, այցելուների հետաքրքրությունը
Վարպետի տուն-թանգարանի հանդեպ բավարար չեն համարում, ինչպես նախարար Ամիրյանն, այնպես
էլ Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Վերջինը դժգոհել է, որ այցելուների ցանկում
նվազել է դպրոցների բարձր դասարանների աշակերտների թիվը՝ պայմանավորված ավագ դպրոցի
ծրագրային ու այլ առանձնահատկություններով.
«Մեծ չէ նաև արտասահմանցի զբոսաշրջիկների
հոսքը, քանի որ Իսահակյանին դրսում չեն ճանաչում»,- նկատել է Թանգարանի մեկ այլ աշխատակից:
Ավետիք Իսահակյանին ու նրա
ժառանգությունը ճանաչելի դարձնելն, ըստ նախարարի, հենց Թանգարանի առաջնային գործառույթներից
է: Արմեն Ամիրյանի բնորոշմամբ՝ Վարպետի թանգարանը «ռեբրենդավորման» կարիք ունի: Պայմանավորվել
են՝ խնդիրները տեղում հասկանալու և լուծումներ գտնելու համար նախարարը շաբաթվա ընթացքում
կայցելի թանգարան, իսկ մինչ այդ թանգարանի կոլեկտիվը կձևավորի նախարարին ներկայացվելիք
առաջարկությունների փաթեթը:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը
2017-ին պետությունից ստացել է 29 միլիոն 500 հազար սուբսիդիա: Պլանավորած 4 միլիոն
90 հազար արտաբյուջեն գերակատարել է 1700 դրամով: Բավական համեստ է եղել այցելուների
թիվը՝ 1100 մարդ:
Պատկերը տխուր է հատկապես պետության
ծախսը մեկ այցելուի վրա՝ նախարարության որդեգրած հաշվարկի նոր ձևաչափով: Ըստ այդ ձևաչափի,
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի յուրաքանչյուր այցելուի վրա պետությունը ծախսում
է 26 800 դրամ: Սոցիալական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում նախարարն
այս թիվը պարզապես անընդունելի է համարում:
«Իր պատմության ամբողջ ընթացքում
Աբովյանի տուն-թանգարանը նման ցուցանիշ չի ունեցել: Նախկինում այցելուների թիվը շատ
ավելի համեստ է եղել»,- ասել է տնօրեն Վահրամ Քոսակյանը:
«Անցած պատմությունն ինձ չի
հետաքրքրում: Ակնկալում եմ նո՛ր պատմություն»,- հակադարձել է նախարարը՝ պահանջելով
2018-ին ապահովել առնվազն 5000 այցելու:
Տնօրենի՝ դա անհնար է, պատասխանին
մեկ անգամ ևս հակադարձեց. «Ի՞նչ ենք անում, որպեսզի թանգարանը դարձնենք ավելի հետաքրքիր:
Ի՞նչ ենք անում, որպեսզի մարդիկ իմանան թանգարանի մասին: Եթե կարողանաք գտնել այս երկու
հարցի պատասխանները, 5000 այցելուի հարցն ինքնըստինքյան կլուծվի»:
Տարեկան հաշվետվությամբ նախարարությունում
էին նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ներկայացուցիչները:
Թանգարանը 2017-ին ստացել է
շուրջ 15 միլիոն 800 հազար դրամ սուբսիդիա: Պլանավորած 5 միլիոն 200 հազար արտաբյուջեն
կատարել է չորս միլիոն 41 հազար դրամով: 2016-ի համեմատ աճ է արձանագրել՝ 20%-ով:
2017-ին Չարենցի տուն-թանգարանն ունեցել է 10 235 այցելու: Թանգարանի համար 2019-ը
հոբելյանական է. պատրաստվում են հիմնադրման 55-ամյակին: Ցանկանում են նշել մեծ շուքով,
թանգարանի պատմությանը նվիրված ֆիլմ նկարել:
Նախարարն առաջարկել է ֆիլմում
ներկայացնել ոչ թե թանգարանի պատմությունն, այլ ֆիլմի միջոցով ներկայացնել Չարենցին՝
նրա կենսագրական ուշագրավ դրվագներով ու ստեղծագործական հարուստ ժառանգությամբ: Տնօրեն
Անահիտ Ասատրյանին առաջարկեց նաև ուսումնասիրել ու հավաքել չարենցյան բանաստեղծությունների
հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունները՝ դրանք մեկ հավաքածուուով ներկայացնելու
նպատակով, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:
«Դպրոցների բարձր դասարանների աշակերտների և զբոսաշրջիկների այցերը նվազել են». Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 30, 2018
Rating:
