Արթուր Կոնան Դոյլ | Մազգրեյվների տան ծեսը


Իմ բարեկամ Հոլմսի բնավորության մեջ հաճախ ինձ զարմացնում էր մի տարօրինակ հատկություն չնայած, որ իր մտավոր աշխատանքում նա ամենաճշգրիտն ու ամենաճշտապահն էր մարդկանց մեջ, իսկ հագուստը միշտ էլ աչքի էր ընկնում ոչ միայն մաքրությամբ, այլ նույնիսկ նուրբ ու ընտիր լինելով՝ մնացած ամեն ինչում բարեկամս ամենաթափթփված էակն էր աշխարհիս երեսին, և նրա սովորությունները կարող էին խենթացնել նրա հետ միևնույն հարկի տակ ապրող ուզածդ մարդուն:
Բանն այն չէ, որ ես ինքս էլ անբասիր չեմ այդ տեսակետից: Վայրիվերո աշխատանքն Աֆղանստանում, որն ավելի ուժեղացրեց իմ ունեցած բնածին ձգտումը դեպի քոչվորական կյանքը, ինձ ավելի շփերթ դարձրեց, քան թույլատրելի է բժշկին։ Համենայն դեպս, իմ փնթիությունը որոշ սահման ունի, ու երբ տեսնում եմ, որ մարդ իր սիգարները ածխի դույլի մեջ է պահում, ծխախոտը՝ պարսկական կիսակոշիկի բթի մեջ, իսկ նամակները, որ պատասխանի են սպասում, գրչահատով գամում է բուխարիկի վերևի տախտակին, ինձ, ճիշտն ասած, սկսում է թվալ, թե ես բոլոր առաքինությունների նմուշն եմ։ Բացի դրանից, ես միշտ համարել եմ, որ ատրճանակ կրակելն անվիճելիորեն պատկանում է այնպիսի զվարճանքների թվին, որով կարելի է զբաղվել միայն բաց երկնքի տակ։ Դրա համար էլ, երբ Հոլմսի մեջ կրակելու ցանկություն էր առաջանում, և նա ատրճանակն ու փամփշտակալն առնելով ընկղմվում էր բազմոցի մեջ ու դիմացի պատն սկսում զարդարել հայրենասիրական «Վ Թ»1 նշանաբանով, որ գրում էր գնդակների միջոցով, ես առանձնապես սուր էի զգում, որ այդ զբաղմունքը բոլորովին էլ չի լավացնում մեր բնակարանի ո՛չ մթնոլորտը, ո՛չ էլ արտաքին տեսքը։
Մեր սենյակները միշտ էլ լցված էին տարօրինակ իրերով, որոնք կապ ունեին քիմիայի կամ որևէ քրեական գործի հետ, և այդ մասունքները միշտ դուրս էին գալիս ամենաանսպասելի տեղերիցօրինակ՝ յուղամանից, իսկ երբեմն ավելի անհամապատասխան տեղից։ Սակայն ինձ ամենից շատ տանջում էին Հոլմսի թղթերը։ Նա սոսկալի չէր սիրում փաստաթղթեր ոչնչացնելը, մանավանդ եթե սրանք կապ ունեին այնպիսի գործերի հետ, որոնց իր ժամանակին ինքը մասնակցել էր, բայց, ա՛յ, տնտղել իր թղթերն ու կարգի բերել տարին մեկ կամ երկու անգամ հազիվ էր համարձակվում։ Կարծեմ անկապ նոթերիս ինչ-որ մի տեղում ես արդեն ասել եմ, որ բարեկամիս անունը աշխարհով մեկ հռչակած հիանալի հարցաքննությունների ժամանակ Հոլմսին ուղեկցող եռուն էներգիայի բռնկումներին հետևում էին անտարբերության, ուժերի անկման ժամանակաշրջաններ։ Եվ այդ ժամանակ նա իր սիրելի գրքերը ձեռքին ամբողջ օրերով պառկում էր բազմոցին ու կարդում՝ մերթընդմերթ ելնելով տեղից, որպեսզի ջութակ նվագի։ Այսպիսով՝ ամիսներն անցնում էին ամիսների հետևից, գնալով ավելի շատ թղթեր էին կուտակվում, և բոլոր անկյունները լցվում էին ձեռագրերով։ Այրել այդ ձեռագրերը՝ ոչ մի դեպքում թույլ չէր տրվում թղթերի տիրոջից բացի ոչ ոք իրավունք չուներ տնօրինել դրանց բախտը։
Ձմռան մի երեկո, երբ երկուսս էլ նստած էինք բուխարիկի առաջ, ես համարձակվեցի ակնարկել Հոլմսին, թե քանի որ նա ավարտել է հուշատետրի մեջ գրանցումներ անելը, թերևս մեղք գործած չի լինի, եթե մեկ-երկու ժամ ծախսի՝ մեր բնակարանին ավելի բնակելի տեսք տալու համար։ Նա չէր կարող չխոստովանել, որ իմ խնդրանքն արդարացի է, և բավականին վհատված տեսքով, ծուլորեն գնաց իր ննջարանը։ Շուտով նա դուրս եկավ այնտեղից՝ իր հետևից քարշ տալով մի մեծ թիթեղի արկղ։ Արկղը դնելով սենյակի մեջտեղն ու նրա առջև՝ աթոռին նստելով՝ բարեկամս հետ գցեց արկղի խուփը։ Ես տեսա, որ արկղն արդեն մեկ երրորդով լցված է թղթերի փաթեթներով, որոնք կապկպված են կարմիր երիզակով։
Այստեղ շատ հետաքրքիր բաներ կան, Վա՛թսըն,— ասաց նա՝ խորամանկորեն նայելով ինձ։Որ իմանայիք, թե ինչ կա այս արկղի մեջ, թերևս խնդրեիք, որ այստեղից որոշ թղթեր հանեմ, և ոչ թե նորերը դնեմ։
Ուրեմն դրանք Ձեր առաջվա գործերի հաշվետվություննե՞րն են,— հարցրի ես։Մի անգամ չեմ ես ափսոսացել, որ նոթեր չունեմ վաղուց տեղի ունեցած այդ դեպքերի մասին։
Այո՛, սիրելի՛ս։ Այդ բոլոր դեպքերը կատարվել են մինչև իմ սեփական կենսագրի երևան գալը, որը մտքին դրել է հռչակել իմ անունը։
Նուրբ, փաղաքուշ շարժումներով նա հանում էր կապոցը կապոցի հետևից։
Ոչ բոլոր գործերն էին վերջանում հաջողությամբ, Վա՛թսըն,— ասաց նա,— բայց դրանց մեջ վերին աստիճանի ուշագրավ գլուխկոտրուկներ կան։ Ահա, օրինակ, Թարլթընի սպանության հաշվետվությունը, ահա գինեվաճառ Վեմբըրիի գործը, ահա և մի ռուս պառավի պատահած դեպքը։ Այս էլ, օրինակ, ալյումինե հենակի տարօրինակ պատմությունն է, և մանրամասն հաշվետվություն ծուռոտն Ռիկոլետիի ու նրա սոսկալի կնոջ մասին։ Իսկ սաայ, սա իսկապես սքանչելի է։
Նա ձեոքը կոխեց մինչև արկղի հատակն ու հանեց դուրս քաշովի կափարիչով մի փայտե արկղիկ՝ նման այն տուփերին, որոնց մեջ մանկական խաղալիքներ են ծախում խանութներում։ Բարեկամս այդ արկղից հանեց ճմրթված մի թուղթ, հնաձև պղնձե բանալի, փայտե ցցիկ, որին կապած էր կանեփաթելի մի կաժ, և երեք հատ հին, ժանգոտած մետաղյա գավաթ։
Հը՞, ի՞նչ կասեք, բարեկա՛մս, դո՞ւր են գալիս այս գանձերը,— հարցրեց նա ժպտալով, երբ դեմքիս տարակուսանքի արտահայտություն տեսավ։
Ուշագրավ հավաքածու է։
Շա՜տ ուշագրավ։ Իսկ սրա հետ կապված պատմությունը Ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի։
Ուրեմն այս մասունքներն իրենց պատմությո՞ւնն ունեն։
Դեռ ավելին՝ սրանք հենց իրենք պատմություն են։
Ի՞նչ եք ուզում ասել դրանով։
Շերլոք Հոլմսն այդ բոլոր առարկաները դասավորեց սեղանի եզրին, նստեց իր բազկաթոռին ու հաճույքից փայլող աչքերով սկսեց դիտել դրանք։
Սա է այն ամենը, ինչ ես պահել եմ որպես հիշատակ «Մազգրեյվների տան ծեսի» հետ կապ ունեցող մի գործի։
Հոլմսը առաջներում էլ էր հաճախ հիշատակում այդ գործի մասին, բայց ինձ չէր հաջողվում նրանից իմանալ մանրամասնությունները։
Ինչքա՜ն կուզենայի, որ Դուք պատմեիք այդ դեպքի մասին…— խնդրեցի ես։
— …Եվ այս ամբողջ հնոտին թողնեմ այսպե՞ս, չհավաքե՞մ,— զավեշտորեն առարկեց նա։Բա ի՞նչ եղավ Ձեր սերը դեպի կարգ ու կանոնը։ Ճիշտն ասած՝ ես ինքս էլ եմ ուզում, որ Դուք այս պատմությունը միացնեք Ձեր տարեգրություններին, որովհետև այնպիսի մանրամասնություններ ունի սա, որ եզակի են դարձնում այս գործը ոչ միայն Անգլիայում կատարված քրեական հանցագործությունների քրոնիկոնում, այլև ուրիշ երկրների։ Առանց այս չափազանց յուրահատուկ պատմության նկարագրության՝ իմ փոքրիկ խիզախումների հավաքածուն լրիվ չէր լինի
Դուք պետք է որ հիշեք, թե ինչպես «Գլորիա Սկոթին» պատահած դեպքն ու իմ խոսակցությունն այն դժբախտ ծերունու հետ, որի ճակատագրի մասին պատմել եմ Ձեզ, առաջին անգամ մղեցին ինձ դեպի միտքն՝ զբաղվելու այն մասնագիտությամբ, որը հետագայում ամբողջ կյանքիս գործը դարձավ։ Հիմա իմ անունը լայնորեն հայտնի է։ Ոչ միայն հասարակությունը, այլև պաշտոնական շրջաններն ինձ համարում են վիճելի հարցերը լուծելու վերջին ատյանը: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ ես ու Դուք նոր էինք ծանոթացել, ես արդեն ունեի բավականաչափ նշանակալից, չնայած ոչ այնքան եկամտաբեր պրակտիկա։ Դրա համար էլ չեք կարող պատկերացնել, Վա՛թսըն, թե ինչքա՜ն դժվար էր ինձ համար սկզբում, և ինչքան երկար էի սպասում ես հաջողության։
Առաջին անգամ որ Լոնդոն եկա, բնակություն հաստատեցի Բրիտանական թանգարանի հետևը՝ Մոնտըգյու-սթրիթում, և ապրում էի այնտեղ՝ ազատ ժամերս (իսկ այդպիսի ժամեր նույնիսկ չափից անց շատ ունեի) լցնելով գիտության այն բոլոր ասպարեզների ուսումնասիրությամբ, որոնք կարող էին պետք գալ իմ մասնագիտության մեջ։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ ինձ էին դիմում խորհուրդ ստանալու համար՝ գերազանցապես նախկին ուսանող ընկերներիս երաշխավորությամբ, որովհետև համալսարանում սովորելուս վերջին տարիներին այնտեղ քիչ չէին խոսում իմ և իմ մեթոդների մասին։ Երրորդ գործը, որի առիթով դիմեցին ինձ, «Մազգրեյվների տան» գործն էր, և այն հետաքրքրությունը, որ առաջացրեց իրադարձությունների այդ տարօրինակ շղթան, ինչպես նաև այն կարևոր հետևանքները, որ ունեցավ իմ միջամտությունը, հանդիսացան հենց առաջին քայլերն այն ճանապարհի, որ ինձ հասցրեց իմ ներկա վիճակին։
Ռեջինըլդ Մազգրեյվը սովորում էր նույն քոլեջում, որտեղ որ ես, և մենք քիչ թե շատ բարեկամական հարաբերությունների մեջ էինք։ Նա առանձնապես հանրածանոթ չէր մեր շրջապատում՝ չնայած ինձ միշտ թվում էր, թև այն գոռոզությունը, որի մեջ նրան մեղադրում էին, ծայրահեղ ամոթխածությունը ծածկելու լոկ մի փորձ էր։ Արտաքինով նա տիպիկ ազնվական էր խոշոր քթով ու մեծ-մեծ աչքերով, բարալիկ դեմք, անփույթ, բայց չափած-ձևած վարվելաձևԵվ իրոք նա թագավորության հնագույն տոհմերից մեկի սերունդից էր, թեև կրտսեր ճյուղի, որը դեռևս տասնվեցերորդ դարում անջատվեց հյուսիսային Մազգրեյվներից ու բնակություն հաստատեց Արևմտյան Սասեքսում, ընդ որում՝ Հըրլստըն ամրոցը՝ Մազգրեյվների ոստանը, թերևս կոմսության ամենահին շենքերից մեկն է։ Թվում է, թե այն ամրոցը, որտեղ նա ծնվել էր, իր կնիքն էր թողել այդ մարդու արտաքինի վրա, ու երբ նայում էի նրա գունատ դեմքին, հատու դիմագծերին ու ամբարտավան կեցվածքին, աչքիս առաջ ակամա պատկերանում էին աշտարակային գորշ կամարները, վանդակապատ պատուհաններն ու ավատատիրական ճարտարապետության բոլոր այդ պատկառելի մնացորդները: Երբեմն պատահում էր, որ ես ու նա զրուցում էինք, և հիշում եմ՝ ամեն անգամ նա աշխուժորեն հետաքրքրվում էր իմ ուսումնասիրությունների ու եզրակացությունների մեթոդներով։
Մոտ չորս տարի էր, որ մենք չէինք տեսնվել, և ահա մի առավոտ նա եկավ ինձ մոտ՝ Մոնտըգյու-սթրիթ։ Քիչ էր փոխվել նա, հագնված էր հրաշալի (նա միշտ էլ մի փոքր պճնամոլ էր) և պահպանել էր հանգիստ նրբագեղությունը, որ առաջ էլ նրան տարբերում էր մյուսներից։
Ինչպե՞ս եք, Մա՛զգրեյվ,— բարեկամական ձեռքսեղմումներից հետո հարցրի ես։
Դուք երևի լսել եք իմ խեղճ հոր մահը,— ասաց նա:— Այդ բանը պատահեց մոտ երկու տարի առաջ։ Պարզ է, որ ես այն ժամանակ ստիպված եղա ստանձնել Հըրլստընյան կալվածքի կառավարումը։ Բացի դրանից, ես իմ շրջանի պատվիրակն եմ, այնպես որ ժամանակս շատ է զբաղված։ Իսկ Դուք, Հո՛լմս, ասում են՝ վճռել եք գործնականում կիրառել այն աչքի ընկնող ընդունակությունները, որոնցով զարմացնում էիք մեզ անցած գնացած տարիներին։
Այո՛,— պատասխանեցի ես,— հիմա փորձում եմ հաց վաստակել խելքով։
Շատ ուրախ եմ, որովհետև Ձեր խորհուրդն այժմ պարզապես թանկ կլիներ ինձ համար։ Մեզ մոտ՝ Հըրլստընում, տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, և ոստիկանությանը չհաջողվեց պարզել որևէ բան։ Դա մի գլուխկոտրուկ է ուղղակի։
Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի զգացումով էի լսում նրան, Վա՛թսըն։ Չէ՞ որ այն դեպքը, որին ես անգործության այդ բոլոր ամիսներին այնպիսի այրող անհամբերությամբ սպասում էի, թվում էր, թե իմ առջև է։ Հոգուս խորքում միշտ էլ համոզված էի, որ հաջողակ կլինեմ այնտեղ, ուր որ ուրիշները անհաջողություն են կրել, և ահա ինձ համար հնարավորություն էր ստեղծվում փորձել ինքս ինձ։
Պատմեցեք բոլոր մանրամասնությունները,— գոչեցի ես ու Ռեջինըլդ Մազգրեյվին առաջարկեցի մի գլանակ։ Նա նստեց իմ դիմաց ու ծխեց։
Պետք է Ձեզ ասեմ,— սկսեց նա,— որ թեև ես ամուսնացած չեմ, բայց ստիպված եմ Հըրլստընում պահել սպասավորների մի ամբողջ հաստիք։ Ամրոցը շատ մեծ է, ծայր աստիճան անհեթեթ կառուցված և դրա համար էլ մշտական հսկողության կարիք ունի։ Բացի դրանից, մի արգելավայր ունեմ, և փասիանների որսի ժամանակ մեր տանը սովորաբար հավաքվում է մեծ բազմություն, որը նույնպես քիչ սպասավորներ չի պահանջում։ Ունեմ ընդամենը ութ աղախին, մի խոհարար, ծառայապետ, երկու սպասավոր և թղթատար մի տղա։ Այգում և ձիերի գոմում կան, իհարկե, հատուկ բանվորներ։
Այդ մարդկանցից ամենից շատ մեր ընտանիքում աշխատել է Բրանթընը՝ ծառայապետը։ Երբ հայրս նրան վերցրեց իր մոտ, Բրանթընը տեղազուրկ երիտասարդ ուսուցիչ էր և քիչ ժամանակ անց իր ուժեղ բնավորության ու եռանդի շնորհիվ անփոխարինելի մի մարդ դարձավ մեր տանը։
Դա բարձրահասակ, հոյակապ ճակատով գեղեցիկ մի տղամարդ է, և չնայած, որ քսան տարի է ինչ մեզ մոտ է ապրում՝ նա հիմա էլ քառասուն տարեկանից ավելի չի լինի։ Կարող է տարօրինակ թվալ, որ այդքան գրավիչ արտաքինով ու արտասովոր ընդունակություններով մարդը (նա խոսում է մի քանի լեզվով ու նվագում համարյա թե բոլոր երաժշտական գործիքները), այդքան երկար ժամանակ բավարարվում էր իր համեստ վիճակով, բայց ըստ երևույթին նա լավ էր ապրում, ու ոչ մի փոփոխության էլ չէր ձգտում։ Հըրլստընյան ծառայապետը միշտ էլ գրավում էր մեր հյուրերի ուշադրությունը:
Սակայն այդ կատարելությունը մի պակասություն ունի մի քիչ դոնժուան է, և Դուք հասկանում եք, որ մեր խուլ վայրում նրա համար այնքան էլ դժվար չէ խաղալ այդ դերը։
Ամեն ինչ լավ էր ընթանում, քանի դեռ նա ամուսնացած էր, բայց երբ կինը մեռավ, Բրանթընը քիչ հոգս չպատճառեց մեզ։ Ճիշտ է՝ մի քանի ամիս առաջ մենք գրեթե հանգստացանք ու վճռեցինք, որ ամեն ինչ կարգի կընկնի Բրանթընը նշանվեց մեր կրտսեր աղախնի՝ Ռեյչըլ Հաուըլզի հետ, բայց հետո թողեց նրան հանուն Ջենիթ Թրեգելիսի՝ ավագ եգերի դստեր։ Ռեյչըլը շատ լավ աղջիկ է, բայց ինչպես և Ուելսի ծնունդ բոլոր կանայք ընդհանրապես, շատ տաքարյուն է և անհավասարակշիռ։ Այդ դեպքից հետո նա հիվանդացավ ուղեղի բորբոքումով ու անկողին ընկավ։ Վերջերս նա առողջացավ ու հիմա ման է գալիս, ավելի ճիշտ՝ մինչև երեկ ման էր գալիս ստվերի նման, միայն աչքերն են մնացել դեմքին
Այսպիսին էր մեր առաջին դրաման Հըրլստընում, բայց երկրորդը արագ հարթեց առաջինի տպավորությունը մեր հիշողության մեջ, մանավանդ որ դրան նախորդեց մի իրադարձություն ևս ծառայապետ Բրանթընը խայտառակ կերպով հեռացվեց մեր տնից։
Ահա թե ինչպես եղավ այն։ Արդեն ասացի, որ Բրանթընը շատ խելացի է, և ինչպես երևում է, հենց խելքն էլ դարձավ նրա կործանման պատճառը՝ արթնացնելով նրա մեջ մի ինչ-որ անհագ հետաքրքրություն դեպի այն առարկաները, որոնք ամենևին կապ չունեին իր հետ։ Մտքովս էլ չէր անցնի, որ այդ հետաքրքրությունը կարող էր նրան այդքան հեռու տանել, բայց մի դեպք բաց արեց աչքերս։
Ինչպես ասացի, մեր տունը շատ անհեթեթ է կառուցված, նա անհաշիվ անցուղիներ ու անցումներ ունի։ Անցյալ շաբաթ, ավելի ստույգ՝ անցյալ հինգշաբթի գիշերը, ես ոչ մի կերպ չէի կարողանում քնել, որովհետև ճաշից հետո հիմարաբար խմեցի մի գավաթ սև ու թունդ սուրճ։ Մինչև գիշերվա ժամը երկուսը տանջվեցի և, տեսնելով, որ միևնույն է՝ չեմ քնի, վեր կացա ու մոմ վառեցի, որպեսզի շարունակեմ սկսածս վեպի ընթերցանությունը։ Սակայն պարզվեց, որ գիրքը մոռացել եմ բիլիարդանոցում, դրա համար էլ խալաթս գցեցի ուսերիս և ուղևորվեցի գիրքս բերելու։
Բիլիարդանոց հասնելու համար մի սանդղաշար պիտի իջնեի ու անցնեի միջանցքը, որ տանում է դեպի գրադարան և զինասենյակ։ Կարո՞ղ եք երևակայել զարմանքս, երբ մտնելով միջանցք՝ տեսա աղոտ մի լույս, որ ընկնում էր գրադարանի բաց դռնից։ Անկողին մտնելուց առաջ ես ինքս էի հանգցրել այնտեղի լամպը ու փակել դուռը։ Պարզ է, որ առաջին միտքս այն էր, թե մեր տունը գողեր են մտել։ Հըրլստընի բոլոր միջանցքների պատերը զարդարված են հինավուրց զենքերով դա իմ նախնիների ռազմական ավարն է։ Պատերից մեկի վրայից ճանկելով մի տապարատեգ՝ մոմը դրեցի հատակին, ոտքերիս ծայրերի վրա գողեգող առաջացա միջանցքով ու գրադարանի բաց դռնից ներս նայեցի։
Ծառայապետ Բրանթընը, լրիվ հագնված, նստած էր բազկաթոռին։ Նրա ծնկներին փռված էր մի թուղթ, որ աշխարհագրական քարտեզի նման էր, Բրանթընը մտքերի մեջ խորասուզված նայում էր այդ թղթին։ Զարմանքից մեխվելով տեղումս՝ անշարժ կանգնել ու նայում էի նրան։ Սենյակը աղոտ լուսավորված էր մի կտոր մոմի լույսով։ Մեկ էլ Բրանթընը վեր կացավ, մոտեցավ պատի մոտ դրված ամբիոնի նման գրասեղանին, բաց արեց ու դուրս քաշեց արկղիկներից մեկը։ Այդտեղից մի ինչ-որ թուղթ հանելով՝ նա նորից նստեց իր տեղը, թուղթը դրեց սեղանին՝ մոմի մոտ, ձեռքերով հարթեց ու սկսեց ուշադրությամբ զննել։
Մեր տոհմային փաստաթղթերի այդ հանգիստ ուսումնասիրությունը ինձ այնպիսի կատաղության հասցրեց, որ չդիմացա ու մի քայլ առաջ գնացի։ Բրանթընի հայացքը կտրվեց թղթից: Տեսնելով, որ կանգնած եմ դռան մեջ՝ նա վեր թռավ տեղից, նրա դեմքը վախից կանաչ դարձավ, և նա քարտեզի նման թուղթը հապճեպ խոթեց գրպանը։
«Հիանալի՜ է,— ասացի ես։Ահա թե ինչպե՜ս եք արդարացնում մեր վստահությունը։ Վաղվանից հեռացվում եք գործից»։
Բրանթընը գլուխ տվեց ու առանց մի բառ ասելու աննկատելի անցավ իմ կողքով։ Մոմի կտորը մնաց սեղանին, ու նրա լույսի տակ ես զննեցի այն թուղթը, որ ծառայապետը հանել էր գրասեղանից։ Ի զարմանս իմ՝ բանից դուրս եկավ, որ դա ոչ թե որևէ կարևոր փաստաթուղթ է, այլ միմիայն պատճենն այն հարց ու պատասխանի, որ արտասանվում է հին յուրօրինակ մի ծեսի կատարման ժամանակ, որ մեզ մոտ կոչվում է «Մազգրեյվների տան ծես»։ Ահա մի քանի դար է, ինչ մեր ցեղի յուրաքանչյուր տղամարդ, որ չափահաս է դառնում, կատարում է հայտնի մի հանդիսակարգ, որը որոշ հետաքրքրություն է ներկայացնում միայն այդ ընտանիքի անդամների կամ, կարող է պատահել, որևէ հնէաբանի համար, ինչպես ընդհանրապես մեր ամբողջ նիշագիտությունը, բայց ոչ մի գործնական կիրառում չի կարող ունենալ։
Այդ թղթին մենք դեռ կանդրադառնանք,— ասացի Մազգրեյվին։
Եթե կարծում եք, որ դա իսկապես անհրաժեշտ է…— որոշ տատանումներով պատասխանեց զրուցակիցս։Այսպես ուրեմն, շարունակում եմ փաստերի շարադրումը։ Գրասեղանը Բրանթընի թողած բանալիով փակեցի և ուզեցի հեռանալ, երբ հանկարծ զարմանքով տեսա, որ ծառայապետը վերադարձավ ու կանգնեց իմ առջև։
«Մի՛ստր Մազգրեյվ,— բացականչեց նա հուզմունքից խռպոտված ձայնով,— ես այս անպատվությանը չեմ դիմանա։ Ես փոքր մարդ եմ, բայց հպարտություն ունեմ, և անպատվությունն ինձ կսպանի։ Իմ մահը կծանրանա Ձեր խղճի վրա, սը՛ր, եթե Դուք ինձ հուսահատության հասցնեք։ Աղաչում եմ, եթե անհնարին եք համարում թողնել ինձ Ձեր տանն այս բոլորից հետո, մի ամիս ժամանակ տվեք, որպեսզի կարողանամ ասել, թե իբր իմ կամքով եմ հեռանում։ Իսկ հեռացվել բոլոր սպասավորների առաջ, որոնք ինձ այդքա՜ն լավ գիտենոչ, դա իմ ուժերից վեր է»։
«Դուք չարժեք, որ Ձեզ հետ առանձնապես նազուտուզ անեն, Բրա՛նթըն,— պատասխանեցի ես։Ձեր արարքն ուղղակի վրդովեցուցիչ է, բայց քանի որ այսքան ժամանակ ծառայել եք մեր տանը, հասարակական պարսավանքի չեմ ենթարկի Ձեզ։ Սակայն մի ամիսը շատ շատ է։ Կարող եք հեռանալ մի շաբաթ հետո և ինչ պատրվակով ուզում եք»։
«Մի շաբաթ հետո՞, սը՛ր,— բղավեց նա հուսահատ։Օ՜, գոնե երկու շաբաթ ժամանակ տվեք»։
«Մի շաբաթ հետո՛,— կրկնեցի,— և համարեցեք, որ Ձեզ հետ շատ մեղմ վարվեցին»։
Նա գլուխը կրծքին կախած դանդաղ հեռացավ՝ բոլորովին ոչնչացված, իսկ ես հանգցրի մոմն ու գնացի սենյակս։
Հաջորդ երկու օրվա ընթացքում Բրանթընն իր պարտականությունները կատարում էր ամենամանրակրկիտ կերպով։ Ես չէի հիշեցնում այն, ինչ տեղի էր ունեցել ու հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչ կհորինի նա իր խայտառակությունը ծածկելու համար։ Բայց վրա երրորդ օրը նա սովորության հակառակ չներկայացավ կարգադրություններ ստանալու։ Նախաճաշից հետո՝ ճաշասենյակից դուրս գալիս, պատահաբար տեսա աղախին Ռեյչըլ Հաուըլզին: Ինչպես արդեն ասացի, նա միայն վերջերս էր ապաքինվել հիվանդությունից, և այդ օրն այնքան ուժասպառ եղածի տեսք ուներ, որ ես նույնիսկ կշտամբեցի նրան աշխատելն սկսելու համար։
«Անկողնուց իզուր եք վեր կացել,— ասացի։Աշխատանքի կանցնեք, երբ որ մի քիչ ամրապնդվեք»։
Նա այնքան տարօրինակ հայացքով նայեց ինձ, որ ես մտածեցի՝ չլինի թե հիվանդությունն ազդել է նրա գիտակցության վրա։
«Արդեն ամրապնդվել եմ, մի՛ստր Մազգրեյվ»,— պատասխանեց նա։
«Տեսնենք՝ բժիշկն ինչ կասի,— առարկեցի ես։Իսկ առայժմ թողեք աշխատելն ու մնացեք ցած։ Ի դեպ, ասացեք Բրանթընին, որ անցնի իմ սենյակը»։
«Ծառայապետը կորել է»,— ասաց Ռեյչըլը։
«Կորե՞լ է։ Այսինքն՝ ինչպե՞ս թե կորել է»։
«Կորել է։ Ոչ ոք նրան չի տեսել։ Սենյակում չկա։ Կորել է, այո՛, այո՛, կորել է»։
Ռեյչըլը հենվեց պատին ու սկսեց հիստերիկ կերպով քրքջալ, իսկ ես, հանկարծակի մոլուցքից վախեցած, վազեցի դեպի զանգակն ու նրանով օգնության կանչեցի։ Աղջկան տարան իր սենյակը, ընդ որում՝ նա շարունակում էր քրքջալ ու հեկեկալ, իսկ ես սկսեցի հարցուփորձ անել Բրանթընի մասին։ Կասկած չկար նա անհետացել էր։ Բանից պարզվեց, որ նրա անկողնին ձեռք տրված չէր, և նախորդ օրն իր սենյակը գնալուց հետո նրան ոչ ոք չէր տեսել։ Սակայն դժվար էր պատկերացնել, թե ինչպես է նա դուրս գնացել տնից, որովհետև առավոտյան և՛ լուսամուտները, և՛ դռները ներսից փակ գտան։ Բրանթընի հագուստը, ժամացույցը, նույնիսկ դրամը՝ բոլորն իր սենյակում էին, բացի մի ձեռք սև զգեստից, որ նա սովորաբար հագնում էր։ Չկային նաև տնային մուճակները, բայց երկարաճիտ կոշիկներն առկա էին։ Ո՞ւր կարող էր գիշերը գնալ ծառայապետ Բրանթընը, և ի՞նչ էր պատահել նրան։
Հասկանալի է՝ մենք շենքն ու բոլոր սպասատները խուզարկեցինք, բայց ոչ մի տեղ նրա հետքերը չգտանք: Կրկնում եմ, որ մեր տունն իսկական լաբիրինթոս է, առանձնապես հին թևը, որ այժմ արդեն անմարդաբնակ է, բայց մենք, համենայն դեպս, խուզարկեցինք յուրաքանչյուր սենյակն ու անգամ ձեղնահարկերը։ Մեր բոլոր պրպտումներն արդյունք չտվին։ Ուղղակի չէի հավատում, որ Բրանթընը հենց այդպես դատարկ կարող էր հեռանալ՝ թողնելով իր ամբողջ ունեցվածքը ինչևէ, նա չկար, և մենք ստիպված էինք հաշվի նստել այդ փաստի հետ։ Տեղական ոստիկանությունից մարդ կանչեցի, բայց չհաջողվեց որևէ բան հայտնաբերել դրա նախորդ օրը անձրև էր եկել, և տան չորս բոլորը եղած մարգագետինների ու կածանների զննումը ոչ մի արդյունքի չհասցրեց։ Այսպես էր դրությունը, երբ մի նոր իրադարձություն շեղեց մեր ուշադրությունը այդ առեղծվածից։
Երկու օր շարունակ Ռեյչըլ Հաուըլզը մե՛կ զառանցանքի մեջ էր ընկնում, մե՛կ հիստերիկայի մոլուցքներ էր ունենում։ Այնքան վատ էր, որ ստիպված էինք լինոււմ գիշերները հիվանդապահ հրավիրել։ Բրանթընի անհետացման երրորդ գիշերը հիվանդապահ կինը տեսավ, որ հիվանդը հանգիստ քնած է, ինքն էլ ննջեց իր բազկաթոռին նստած։ Առավոտն արթնանալով՝ հիվանդապահը տեսավ, որ մահճակալը թափուր է, լուսամուտը՝ բաց, իսկ հիվանդն անհետացել է։ Ինձ անմիջապես արթնացրին, երկու սպասավոր վերցնելով հետս՝ ես գնացի կորսվածին որոնելու։ Մենք հեշտությամբ որոշեցինք այն ուղղությունը, որով նա փախել էր։ Լուսամուտից սկսած մինչև լճակը մարգագետնով անցնում էին հետքեր, որոնք միայն կորչում էին մեր կալվածքից դուրս տանող մանրախճով սփռված կածանի մոտ: Լճակն այդտեղ ութ ոտնաչափ խորություն ունի, և Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի զգացում համակեց ինձ, երբ տեսանք, որ խեղճ ցնորված աղջկա ոտքերի հետքերն ընդհատվում են հենց ջրի մոտ։ Հասկանալի է, որ մենք անմիջապես զինվեցինք կեռաձողերով ու սկսեցինք փնտրել ջրահեղձի մարմինը, բայց չգտանք։ Սակայն դրա փոխարեն ջրից հանեցինք ուրիշ, բոլորովին անսպասելի մի առարկա։ Դա հին, ժանգոտ, գույնը կորցրած մետաղի կտորտանքներով և ոչ այն է կայծքարի, ոչ այն է ապակու անփայլ բեկորներով լիքը լցված քաթանե մի պարկ էր։ Այդ տարօրինակ ավարից բացի լճակում բացարձակապես ոչինչ չգտանք և, չնայած երեկվա բոլոր մեր պրպտումներին ու հարցուփորձին, այդպես էլ ոչինչ չիմացանք ո՛չ Ռեյչըլ Հաուըլզի, ո՛չ Ռիչարդ Բրանթընի մասին։ Տեղական ոստիկանությունը շփոթվել է միանգամայն, և այժմ վերջին հույսս Դուք եք
Պատկերացրեք, Վա՛թսըն, թե ինչպիսի բուռն հետաքրքրությամբ լսեցի այդ արտասովոր իրադարձությունների պատմությունը, թե ինչպես էի ուզում դրանք ի մի բերել, մի ամբողջություն դարձնել ու գտնել այն ուղեցույց թելը, որ ինձ կհասցներ լուծմանը։
Ծառայապետը անհետացավ, աղախինն անհետացավ։ Աղախինը մի ժամանակ սիրում էր ծառայապետին, բայց հետո հիմք ուներ ատելու նրան։ Աղախինը Ուելսի ծնունդ էր՝ անզուսպ ու կրքոտ մի խառնվածք։ Բրանթընի անհետանալուց անմիջապես հետո Ռեյչըլը շատ դյուրագրգիռ էր դարձել։ Նա լճակն էր գցել շատ տարօրինակ պարունակություն ունեցող մի պարկ։ Այս փաստերից յուրաքանչյուրն արժանի էր ուշադրության, բայց ոչ մեկը գործի էությունը չէր բացատրում։ Որտե՞ղ պետք է փնտրեի ես դեպքերի այդ խճճված շղթայի սկիզբը։ Չէ՞ որ իմ ձեռքին էր սրա վերջին օղակը միայն
Մա՛զգրեյվ,— ասացի,— ես անհրաժեշտաբար պետք է տեսնեմ այդ փաստաթուղթը, որի ուսումնասիրությունը Ձեր ծառայապետը համարում էր այնքան կարևոր, ինչի համար նույնիսկ խիզախում էր կորցնել պաշտոնը։
Ըստ էության՝ մեր այդ «ծեսը» լիակատար անմտություն է,— պատասխանեց նա,— և միակ բանը, որ այդ ծեսը արդարացնում է, նրա հնությունն է։ Ես ինձ հետ բերել եմ հարցերի ու պատասխանների պատճենը՝ ենթադրելով, որ միգուցե մտքներովդ անցնի տեսնել դա։
Մազգրեյվն ինձ մեկնեց այն թերթիկը, որ Դուք տեսնում եք ձեռքիս, Վա՛թսըն։ Այդ ծեսը քննության նման մի բան է, որին պետք է ենթարկվի Մազգրեյվ տոհմի չափահաս դարձած յուրաքանչյուր տղամարդ։ Հիմա կարդամ հարցերն ու պատասխաններն այն հերթականությամբ, ինչպես գրված է այս թերթիկում
«Ո՞ւմ է պատկանում այս բանը»։
«Նրան, ով գնաց»։
«Ո՞ւմ կպատկանի սա»։
«Նրան, ով կգա»։
«Ո՞ր ամսին եղավ այդ»։
«Վեցերորդ՝ առաջինից հաշված»։
«Որտե՞ղ էր արևը»։
«Կաղնու վերևը»։
«Որտե՞ղ էր ստվերը»։
«Ծփիի տակ»։
«Քանի՞ քայլ պիտի արվի»։
«Դեպի հյուսիս՝ տասը և տասը, դեպի արևելք՝ հինգ ու հինգ, դեպի հարավ՝ երկու և երկու, դեպի արևմուտք՝ մեկ ու մեկ, և դեպի ցած»։
«Ի՞նչ կտանք մենք սրա համար»։
«Այն ամենը, ինչ ունենք»։
«Հանուն ինչի՞ կտանք սա»։
«Հանուն վեհ պարտքի»։
Իսկականի մեջ թվականը չկա,— նկատեց Մազգրեյվը,— բայց ուղղագրությունից դատելով՝ այս փաստաթուղթը տասնյոթերորդ դարի կեսերին է վերաբերում։ Իմիջիայլոց, վախենում եմ, որ սա քիչ օգնի մեր գաղտնիքը բացելուն։
Բայց և այնպես սա մի նոր առեղծված է դնում մեր առջև,— պատասխանեցի ես,— և էլ ավելի հետաքրքիր։ Եվ հնարավոր է, որ մեկնելով այս՝ մենք դրանով կլուծենք նաև առաջինը։ Հուսով եմ՝ Դուք չեք վիրավորվի, Մա՛զգրեյվ, եթե ասեմ, որ Ձեր ծառայապետն, ըստ երևույթին, շատ խելացի մարդ է և ավելի մեծ խորաթափանցության ու զգացողության տեր, քան նրա տերերի տասը սերունդը։
Իսկապես ասած՝ չեմ հասկանում Ձեզ,— պատասխանեց Մազգրեյվը։Ինձ թվում է, թե այս թուղթը ոչ մի գործնական նշանակություն չունի։
Իսկ ինձ թվում է՝ շատ կարևոր, և ինչպես երևում է, Բրանթընն էլ նույն կարծիքին էր։ Կարծում եմ, որ նա այս փաստաթուղթը տեսել է անգամ մինչև այն գիշերը, երբ Դուք նրան բռնել եք հանցանքի մեջ։
Միանգամայն հնարավոր է։ Մենք այս թուղթը երբեք չէինք թաքցնում։
Ավելի շուտ՝ այդ անգամ նա պարզապես ուզում էր հիշողության մեջ թարմացնել սրա բովանդակությունը։ Ինչպես հասկացա, նա ձեռքին բռնած է եղել ինչ-որ մի քարտեզ կամ պլան, որը համեմատելիս է եղել ձեռագրի հետ և հենց որ Ձեզ տեսել է, խոթել է գրպանը։
Միանգամայն ճիշտ է: Բայց նրա ինչի՞ն կարող էր պետք գալ մեր ընտանեկան հինավուրց ծիսակատարությունը, և ի՞նչ է նշանակում այս ամբողջ զառանցանքը։
Կարծում եմ, որ մենք կարող ենք դա պարզել առանց մեծ դժվարության,— պատասխանեցի ես։Ձեր թույլտվությամբ մենք հենց առաջին գնացքով կուղևորվենք Սասեքս և արդեն տեղում կքննենք գործը։
Մենք Հըրլստըն հասանք հենց նույն օրը: Երևի պատահել է, որ Դուք, Վա՛թսըն, տեսնեք այդ հնադարյան հայտնի ամրոցի նկարը կամ կարդաք նկարագրությունը, դրա համար էլ կասեմ միայն, որ դա լատինական «L» տառի ձևն ունի, ընդ որում՝ այդ շենքի երկար մասն ավելի ժամանակակից է, իսկ կարճն՝ ավելի հին, այսպես ասած՝ դա այն սաղմն է, որից և աճել է ամբողջ մնացածը։ Ամրոցի հնադարյան մասի կենտրոնում, ցածր ծանրանիստ դռան վերևը փորագրված է «1607» թվականը, բայց գիտակ մարդիկ միահամուռ կերպով պնդում են, որ փայտե հեծաններն ու քարի շարվածքը բավականին տարիքով են։ Այդ մասի ահռելիորեն հաստ պատերն ու շատ փոքր պատուհանները տերերին դրդեցին վերջապես շինել նոր թևը, և հին մասն այժմ ծառայում է որպես մառան և նկուղ, երբեմն էլ բոլորովին դատարկ է մնում։ Շենքի շուրջը տարածված է հոյակապ այգի բազմադարյան հրաշալի ծառերով, իսկ լիճը կամ լճակը, որ հիշատակել է իմ հաճախորդը, գտնվում է ծառուղու վերջում՝ տնից երկու հարյուր յարդ հեռու:
Մինչ այդ, Վա՛թսըն, ես արդեն եկել էի հաստատ համոզման, որ այդ գործում երեք առանձին առեղծված չկա, այլ կա միայն մեկը, և եթե ինձ հաջողվի ներթափանցել ու հասկանալ Մազգրեյվների ծեսի իմաստը, դա ինձ կտա և՛ ծառայապետ Բրանթընի, և՛ աղախին Հաուըլզի անհետացման գաղտնիքի բանալին։ Հենց այդ բանն իմանալու համար էլ գործադրեցի մտքիս ամբողջ ուժը։ Ինչո՞ւ էր Բրանթընն այդքան ձգտում թափանցել այդ հին բանաձևի էության մեջ։ Ըստ երևույթին այն պատճառով, որ դրանում տեսել էր մի բան, ինչը վրիպել էր ամրոցի ազնվազարմ տերերի բոլոր սերունդների աչքից, մի բան, որից նա հույս ուներ կորզել ինչ-որ անձնական շահ։ Ի՞նչ էր դա և ինչպե՞ս կարող էր անդրադառնալ ծառայապետի հետագա ճակատագրի վրա։
Երբ փաստաթուղթը կարդացի, ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ բոլոր թվանշանները վերաբերում են մի որոշակի տեղի, ուր պահված է այն, ինչի մասին խոսվում է փաստաթղթի առաջին մասում, և եթե մենք գտնենք այն տեղը, գաղտնիքը բաց անելու ճիշտ ուղու վրա կանգնած կլինենք, հենց այն գաղտնիքի, որին Մազգրեյվների նախնիները հարկ համարեցին այդքան յուրահատուկ ձև տալ։ Պրպտումներն սկսելու համար մեզ տրված էր երկու կողմնորոշիչ՝ կաղնին ու ծփին։ Կաղնու վերաբերյալ ոչ մի կասկած լինել չէր կարող։ Հենց տան դիմացը՝ ճանապարհից ձախ, կանգնած էր կաղնին՝ կաղնի-նահապետը, որ երբևէ տեսել եմ։
Այդ ծառը եղե՞լ է արդեն, երբ գրի է առնվել Ձեր «ծեսը»,— հարցրի Մազգրեյվին։
Ամենայն հավանականությամբ՝ այդ կաղնփն այստեղ կանգնած է դեռ այն ժամանակվանից, երբ նորմանները նվաճեցին Անգլիան,— պատասխանեց նա։Ծառաբնի շրջագիծը քսաներեք ոտնաչափ է։
Այսպիսով պարզվեց ինձ պետքական կետերից մեկը։
Այստեղ դարավոր ծփիներ կա՞ն,— հարցրի ես։
Այստեղից ոչ հեռու մի շատ հին ծփի կար, բայց տասը տարի առաջ կայծակը խփեց ու մենք ստիպված եղանք արմատից կտրել ծառը։
Բայց Դուք գիտե՞ք այն տեղը, որտեղ աճել էր ծառը։
Իհարկե գիտեմ։
Իսկ մոտերքում ուրիշ ծփի չկա՞:
Հինը չկա, իսկ մատղաշներ շատ կան։
Կուզենայի տեսնել, թե որտեղ էր այդ ծառը։
Մենք տեղ հասանք երկանիվ կառքով, և հաճախորդս, առանց տուն մտնելու, անմիջապես տարավ ինձ մարգագետնի այն տեղը, որտեղ մի ժամանակ կանգնած է եղել այն ծփին։ Դա գրեթե տան ու կաղնու մեջտեղն էր։ Դեռևս պրպտումներս հաջող էին գնում:
Ամենայն հավանականությամբ՝ հիմա արդեն անհնար է որոշել այդ ծփիի բարձրությունը, չէ՞,— հարցրի ես։
Հենց այս րոպեիս կարող եմ ասել այդ ծառը վաթսունչորս ոտնաչափ բարձրություն ուներ։
Ինչպե՞ս իմացաք,— բացականչեցի զարմացած։
Երբ տնական ծերունի ուսուցիչս եռանկյունաչափությունից խնդիր էր տալիս լուծելու, դրանք բոլորը կառուցված էին լինում բարձրություն չափելու վրա: Դրա համար էլ փոքր ժամանակս մեր կալվածքի ամեն մի ծառն ու ամեն մի շինությունը չափել եմ։
Ա՛յ թե անսպասելի հաջողություն էր։ Անհրաժեշտ տեղեկությունները ինձ հասան ավելի շուտ, քան ենթադրում էի։
Ասացեք խնդրեմ, իսկ Ձեր ծառայապետը երբե՞ք նման հարց չի տվել Ձեզ,— հարցրի ես։
Ռեջինըլդ Մազգրեյվն ինձ նայեց մեծ զարմանքով։
Դուք որ հիմա խոսեցիք դրա մասին,— ասաց,— ես հիշեցի, որ մի քանի ամիս առաջ Բրանթընն իրոք հարցրեց այդ ծառի բարձրության մասին։ Կարծեմ այդ առթիվ նա ինչ-որ վեճ էր ունեցել գրումի4 հետ
Սա հրաշալի հայտնություն էր, Վա՛թսըն։ Ուրեմն ճիշտ ուղով էի գնում: Նայեցի արևին նա արդեն մայր էր մտնում, և ես հաշվեցի, որ ավելի պակաս, քան մի ժամ հետո նա կլինի կաղնու ճիշտ ու ճիշտ վերևի ճյուղի վրա։ Այսպիսով՝ փաստաթղթում հիշատակված մի պայմանը կկատարվի։ Ինչ վերաբերում է ծփիի ստվերին, ապա ըստ երևույթին՝ խոսքն ստվերի ամենահեռավոր կետի մասին է, հակառակ դեպքում ուղղություն ցույց տալու համար կընտրեին ոչ թե ստվերը, այլ ծառի բունը։ Հետևաբար՝ ես պետք է որոշեի, թե ծփիի ստվերի ծայրն ուր էր ընկնում այն պահին, երբ արևը կաղնու ուղիղ վերևն էր լինում
Դա, ինչպես երևում է, հեշտ գործ չի եղել, Հո՛լմս, չէ՞ որ ծփին արդեն գոյություն չուներ։
Իհարկե։ Բայց ես գիտեի, որ եթե Բրանթընը կարողացել է այդ բանն անել, ապա ես էլ կկարողանամ։ Բացի դրանից, դա այնքան էլ դժվար գործ չէր։ Մազգրեյվի հետ միասին գնացի նրա առանձնասենյակն ու կտրեցի, ա՛յ, այս ցցիկը, սրան կապեցի երկար մի պարան՝ կապ գցելով յուրաքանչյուր յարդի տեղը։ Հետո իրար կապեցի երկու կարթակոթ, որից ստացվեց վեց ոտնաչափ, և ես ու հաճախորդս վերադարձանք այնտեղ, որտեղ մի ժամանակ եղել է ծփին։ Հենց այդ րոպեին արևը քսվում էր կաղնու կատարին։ Ձեռքիս ձողը խրեցի գետնի մեջ, նշեցի ստվերի ուղղությունը և չափեցի։ Ստվերը ինը ոտնաչափ երկարություն ուներ։
Հետագա հաշվումներս ամենևին էլ բարդ չէին։ Եթե վեց ոտնաչափի փայտը ինը ոտնաչափ ստվեր կգցի, ապա վաթսունչորս ոտնաչափի ծառը իննսունվեց ոտնաչափ ստվեր կունենա, իսկ մեկի և մյուսի ուղղությունը պարզ է, որ կհամընկնի։ Ես չափեցի այդ տարածությունը։ Դա ինձ հասցրեց գրեթե տան պատին, և ես խփեցի ցցիկս։ Պատկերացրեք իմ ցնծությունը, երբ ցցիկից երկու մատնաչափ հեռու հողում տեսա կոնաձև մի փոս։ Ես հասկացա, որ դա Բրանթընի չափումների ժամանակ արած նշանն է, և որ ես շարունակում եմ գնալ նրա հետքերով։
Այդ ելակետից սկսեցի հաշվել քայլերը՝ գրպանիս կողմնացույցով նախորոք որոշելով, թե ո՛ր կողմն է հյուսիսը, ո՛ր կողմը՝ հարավը։ Տասը քայլ ու էլի տասը քայլ դեպի հյուսիս (հավանաբար, նկատի է առնվել, որ յուրաքանչյուր ոտքը տասը քայլ է արել) ինձ տարան տան պատին զուգահեռ ուղղությամբ, և վերջացնելով այդ հաշվումը՝ նորից նշեցի տեղն ու ցցիկս խփեցի։ Ապա ես ուշի ուշով հաշվեցի հինգ քայլ ու էլի հինգ դեպի արևելք, հետո երկու և երկու դեպի հարավ, և դա ինձ հասցրեց ընդհուպ մինչև հին դռան շեմքը։ Մնում էր մի քայլ ու էլի մի քայլ անել դեպի արևմուտք, բայց այդ դեպքում ստիպված կլինեի անցնել քարե սալիկներով պատած միջանցքով։ Մի՞թե հենց սա էր այն տեղը, որ նշված էր փաստաթղթի մեջ։
Կյանքումս երբեք այդպիսի դառն, այդպիսի այրող հուսախաբություն չէի ապրել, Վա՛թսըն։ Մի րոպե ինձ թվաց, թե հաշվումներիս մեջ թաքնված է ինչ-որ էական մի սխալ։ Մայր մտնող արևն իր շողերով պայծառորեն լուսավորում էր միջանցքի հատակը, և ես տեսա, որ հին, մաշված գորշ քարե սալերը պինդ զոդված էին իրար ցեմենտով և պարզ է, որ տեղից չէին շարժվել երկար ու երկար տարիներ շարունակ։ Ոչ, Բրանթընի ձեռքը դրանց չէր դիպել։ Դա պարզ էր։ Ես մի քանի տեղ թխկթխկացրի հատակը, բայց ամեն տեղ ձայնը նույնն էր ստացվում, և ճաքի կամ ճեղքի ոչ մի նշան չկար։
Բարեբախտաբար Մազգրեյվը, որն սկսել էր հասկանալ իմ գործողությունների նշանակությունը և այդ րոպեին պակաս հուզված չէր, քան ես, փաստաթուղթը հանեց, որպեսզի ստուգի իմ հաշվումները։
Եվ դեպի ցա՛ծ,— գոչեց նա,— Դուք մոռացել եք այդ բառերը՝ «և դեպի ցած»։
Կարծում էի, թե դա նշանակում է, որ նշված տեղում հարկավոր կլինի փորել հողը, բայց այդ ժամանակ ինձ համար միանգամից պարզ դարձավ, որ սխալվել եմ։
Ուրեմն ցածում Դուք ներքնահա՞րկ ունեք,— բացականչեցի ես։
Այո՛, և նա այս տան հասակակիցն է։ Շո՛ւտ գնանք ցած, այս դռնով
Պտուտակաձև քարե սանդուղքով մենք իջանք ցած, և ուղեկիցս, լուցկին չրթացնելով, վառեց անկյունի տակառին դրված մեծ լապտերը։ Հենց նույն ակնթարթին մենք համոզվեցինք, որ ընկել ենք այնտեղ, ուր պետք է, և ինչ-որ մեկը մինչև մեր գալը վերջերս եղել է այստեղ։
Այդ ներքնահարկում վառելափայտ էր պահվում, բայց ծղանները, որոնք, ինչպես երևում է, առաջ ծածկում էին ամբողջ հատակը, քշված էին պատերի կողմը՝ մեջտեղն ազատելով որոշ տարածություն։ Այդտեղ դրված էր քարե լայն ու ծանր մի սալ, որի կենտրոնում ժանգոտած օղ կար, իսկ օղին կապված էր վանդականկար պինդ մի վզնոց։
Այս վզնոցը Բրանթընինն է, գրո՛ղը տանի,— գոչեց Մազգրեյվը։Այս վզնոցը շատ անգամ եմ տեսել նրա վզին։ Բայց ի՞նչ կարող էր նա՝ այդ սրիկան, այստեղ անել։
Իմ խնդրանքով կանչվեցին տեղական երկու ոստիկան, և նրանց ներկայությամբ, վզնոցից բռնելով՝ ես փորձ արեցի բարձրացնել սալը։ Բայց հազիվհազ մի թեթև շարժեցի, և միայն ոստիկաններից մեկի օգնությամբ ինձ հաջողվեց սալը փոքր-ինչ մի կողմ քաշել։ Սալի տակ բացված էր մի սև ու մութ հոր, և մենք բոլորս նայեցինք նրա մեջ։ Մազգրեյվը, ծնկի եկած, ցած կախեց իր լապտերը։
Մենք տեսանք մի նեղ քառակուսի խցիկ՝ մոտ յոթ ոտնաչափ խորությամբ և մոտավորապես չորս-չորս ոտնաչափ լայնությամբ ու երկարությամբ։ Պատի մոտ դրված էր պղնձապատ ցածրիկ, փայտե մի սնդուկ, որի կափարիչը հետ էր գցած, կողպեքի անցքում ցցված էր, ա՛յ, այս զավեշտական ու հնամյա բանալին։ Դրսի կողմից սնդուկը ծածկված էր փոշու հաստ շերտով։ Խոնավությունն ու որդերը այնքան էին քայքայել սնդուկի փայտե մասերը, որ անգամ ներսից դրանք ծածկվել էին բորբոսով։ Մետաղյա մի քանի կլորակ, հավանաբար՝ հինավուրց դրամներ՝ ինչպիսին որ այստեղ տեսնում եք, ընկած էին հատակին։ Բացի դրանցից, սնդուկի մեջ ուրիշ ոչինչ չկար։
Սակայն առաջին րոպեներին մենք հին սնդուկին չէինք նայում, աչքներս գցել էինք այն էակին, որը նրա կողքին էր։ Սև կոստյում հագած ինչ-որ մի տղամարդ պպզել էր այդտեղ՝ գլուխը սնդուկի եզրին դրած ու երկու ձեռքով սնդուկի եզրը բռնած։ Այդ մարդու դեմքը կապտել էր ու այլանդակվել անճանաչելիության աստիճան, բայց երբ մենք նրան բարձրացրինք, Ռեջինըլդ Մազգրեյվը նրա հասակից, հագուստից և մազերից անմիջապես ճանաչեց իր կորած ծառայապետին: Բրանթընը մի քանի օրվա մեռած էր, բայց մարմնի վրա ո՛չ վերք կար, ո՛չ կապտուկներ, որոնք կարողանային բացատրել նրա սարսափելի վախճանը։ Ու երբ մենք ներքնահարկից դուրս քաշեցինք դիակը, մի նոր առեղծվածի դեմ առանք՝ թերևս ոչ պակաս գլուխկոտրուկի, քան այն, որ հենց այդ րոպեին լուծեցինք
Խոստովանում եմ, Վա՛թսըն, որ մինչ այդ ես հուսահատված էի պրպտումներիս արդյունքներով։ Ենթադրում էի, թե հենց գտնեմ այն տեղը, որ նշված է փաստաթղթի մեջ, ամեն ինչ ինքնին իսկույն պարզ կդառնա, և ահա, կանգնած էի հենց այնտեղ, բայց մեկնումն այն գաղտնիքի, որ Մազգրեյվների տոհմն այնպես խնամքով թաքցնում էր, ըստ երևույթին, նույնքան հեռու էր ինձանից, որքան և սկզբում։ Ճիշտ է՝ ես որոշ լույս սփռեցի Բրանթընի ճակատագրի վրա, բայց դեռ պիտի պարզեի, թե ինչպես էր վրա հասել այդ վիճակը, ինչպես էր տեղի ունեցել դա, և այդ ամենի մեջ ի՞նչ դեր խաղաց անհետացած կինը։ Ես նստեցի անկյունի տակառին ու սկսեցի մտքիս մեջ նորից ու նորից քրքրել պատահածի բոլոր մանրամասնությունները
Իմ մեթոդը նման գործերում Դուք գիտեք, Վա՛թսըն, ես ինձ դնում եմ գործող անձի տեղը և, ամենից առաջ պարզ պատկերացնելով նրա մտավոր մակարդակը, փորձում եմ երևակայել, թե ինքս ինչպես կվարվեի նմանօրինակ հանգամանքներում։ Այս դեպքում գործը հասարականում էր։ Բրանթընն անսովոր խելքի տեր էր, այնպես որ կարիք չունեի հաշվի առնելու նրա և իմ մտածողության տարբերությունը։ Բրանթընը գիտեր, որ մի տեղ ինչ-որ թանկագին բան է պահված։ Նա որոշեց այդ տեղը։ Նա համոզվեց, որ նկուղի մուտքը ծածկող քարը մի մարդու համար չափազանց ծանր է։ Հետո ի՞նչ արեց։ Նա ուրիշների օգնությանը դիմել չէր կարող։ Եթե նույնիսկ գտնվեր էլ մի մարդ, որին նա կարողանար վստահել, միևնույն է՝ դրսի դուռը բաց անելիս այդ մարդը մեծ ռիսկի ենթակա էր։ Ավելի հարմար կլիներ տան ներսում օգնական գտնել։ Բայց ո՞ւմ կարող էր դիմել Բրանթընը։ Այն օրիորդը մի ժամանակ նվիրված էր նրան։ Տղամարդը, ինչքան էլ գարշելի վարվի կանանց հետ, երբեք չի հավատում, որ կնոջ սերը վերջնականապես կորած է իր համար։ Ռեյչըլին ուշադրության փոքրիկ նշաններ ցույց տալով՝ Բրանթընը փորձել էր հաշտվել նրա հետ, ապա համոզել իր մեղսակիցը դառնալ։ Գիշերը երկուսը միասին իջել են ներքնահարկ, ու նրանց հաջողվել է միացյալ ուժերով քարը տեղից շարժել։ Մինչ այդ րոպեն նրանց գործողություններն ինձ համար այնքան պարզ էին, որ կարծես սեփական աչքերով էի դիտում։
Սակայն երկու մարդու համար էլ, մանավանդ, եթե նրանցից մեկը կին է, հավանաբար, դա հեշտ գործ չի եղել։ Նույնիսկ ես ու Սասեքսից եկած աժդահա ոստիկանը քիչ չտանջվեցինք, մինչև որ այդ սալը շարժեցինք տեղից։ Իսկ ի՞նչ էին արել Բրանթընն ու օրիորդը, որպեսզի թեթևացնեն գործը։ Ըստ երևույթին այն, ինչ կանեի ես, եթե նրանց տեղը լինեի։ Ես վեր կացա, ուշադրությամբ զննեցի հատակին թափած փայտի կտորները և գրեթե նույն պահին գտա այն, ինչ սպասում էի։ Մոտ երեք ոտնաչափ երկարություն ունեցող ծղաններից մեկի ծայրը մի փոքր կոտրված էր, իսկ ուրիշ մի քանի ծղաններ ճզմված էին ըստ երևույթին՝ դրանք իրենց վրա կրել էին զգալի ծանրության ազդեցությունը։ Երևի սալը բարձրացնելիս Բրանթընն ու իր մեղսակիցը ծղանները մտցրել են ճեղքը, մինչև անցքը այնքան է լայնացել, որ հնարավոր է եղել մտնել այնտեղ, իսկ հետո սալին ուղղահայաց դիմահար են տվել մի ծղան, այնպես որ փայտի ցածի ծայրը միանգամայն կարող էր ջարդոտվել չէ՞ որ սալը ծղանի վրա ճնշում էր իր ամբողջ ծանրությամբ։ Առայժմ բոլոր ենթադրություններս լրիվ հիմնավորվում էին։
Իսկ ինչպե՞ս պիտի տրամաբանեի այնուհետև, որպեսզի գիշերային դրամայի լրիվ պատկերը վերականգնեի։ Պարզ է, որ հորի մեջ կարողացել է մտնել միմիայն մի մարդ, և իհարկե, դա Բրանթընն է եղել։ Օրիորդը հավանաբար սպասել է վերևը, Բրանթընը բացել է սնդուկն ու նրան է տվել սրա պարունակությունը (այս բանն ակներև էր, քանի որ արկղը դատարկ էր), իսկ հետոիսկ ի՞նչ եղավ հետո։
Գուցե վրեժի ծարավը, որ մխում էր այդ դյուրաբորբոք կնոջ հոգում, կրակի պես բոցավառվեց, երբ նա տեսավ, որ իրեն վիրավորող մարդը իր իշխանության տակն է, իսկ վիրավորանքը, հնարավոր է, ավելի ուժեղ էր, քան կարող էինք կարծել։ Պատահաբա՞ր էր ընկել արդյոք ծղանն, ու քարե սալը փակել Բրանթընին այդ քարե դագաղում։ Եթե այդպես է, Ռեյչըլը մեղավոր է միայն այնքան, որ բան չի ասել պատահածի մասին։ Կամ գուցե նա նպատակով է դեն գցել դիմհարն ու թույլ տվել, որ քարե սալն ընկնի իր տեղը։ Այսպես թե այնպես, իմ առաջ ասես տեսնում էի այդ կնոջը, գտած գանձը կրծքին սեղմած նա սլանում էր պտուտակաձև սանդուղքի աստիճաններով վեր, փախչում իրեն հասնող խուլ տնքոցներից ու քարե սալին տեղացող հուսահատ թակոցներից, քարե սալ, որի տակ խեղդվում էր նրա անհավատարիմ սիրեցյալը։
Ահա թե ինչպես էր լուծվում հետևյալ առավոտվա նրա գունատության, դյուրագրգռության և հիստերիկ ծիծաղի նոպաների հանելուկը։ Բայց ի՞նչ կար սնդուկի մեջ, ի՞նչ արեց օրիորդն այդ արկղի պարունակությունը։ Անկասկած, դա հին մետաղի այն ջարդվածքն ու քարերի բեկորներն էին, որ Ռեյչըլը հենց առաջին հնարավորության դեպքում նետել է լճակը՝ իր հանցագործության հետքերը ծածկելու համար։
Մի քսան րոպե նստած էի անշարժ, մտքերի մեջ խորասուզված։ Անչափ գունատ Մազգրեյվը դեռ կանգնած էր ու, լապտերը ճոճելով, նայում էր ցած՝ հորի մեջ։
Սրանք Չարլզ Առաջինի դրամներն են,— ասաց նա՝ մեկնելով ինձ սնդուկից հանած մի քանի կլորակները։Տեսնո՞ւմ եք, մենք ճիշտ որոշեցինք մեր «ծեսի» ծագման ժամանակը։
Թերևս մենք էլի բաներ գտնենք, որ մնացել են Չարլզ Առաջինից,— գոչեցի ես՝ հանկարծ հիշելով փաստաթղթի առաջին երկու հարցը։Հապա մի ցույց տվեք ինձ պարկի պարունակությունը, որ Ձեզ հաջողվեց որսալ լճակում։
Մենք բարձրացանք Մազգրեյվի առանձնասենյակը, և նա իմ առաջ դասավորեց ասածս բեկորները։ Մի հայացք նետելով դրանց վրա՝ ես հասկացա, թե ինչու Մազգրեյվը սրանց ոչ մի նշանակություն չէր տալիս մետաղը գրեթե սևացել էր, իսկ թանկագին քարերը անգույն ու աղոտ էին դարձել։ Բայց դրանցից մեկը քսեցի թևքիս, և նա ափիս մեջ փայլեց ինչպես կայծը։ Մետաղե մասերը կրկնակի անվադողի տեսք ունեին, բայց կորացած էին, ծռմռված ու գրեթե կորցրել էին իրենց սկզբնական ձևը։
Դուք հիշում եք, իհարկե, որ թագավորի կուսակցությունը գլխավոր դեր էր կատարում Անգլիայում նույնիսկ նրա մահվանից հետո։ Շատ կարող է պատահել, որ փախչելուց առաջ կուսակցության անդամները որևէ տեղ պահել են ամենաթանկարժեք բաները՝ մտադրվելով վերադառնալ մի ավելի հանգիստ ժամանակ ու վերցնել դրանք։
Իմ նախահայրը՝ սըր Ռալֆ Մազգրեյվը, պալատում աչքի ընկնող դիրք էր գրավում և Չարլզ Երկրորդի աջ թևն էր՝ վերջինիս թափառումների ժամանակ։
Ահա թե ի՜նչ,— արձագանքեցի ես։Հրաշալի է։ Դա մեր ձեռքն է տալիս վերջին՝ պակասող օղակը։ Շնորհավորում եմ Ձեզ, Մա՛զգրեյվ։ Դուք, ճիշտ է, շատ ողբերգական հանգամանքներում, բայց դարձաք մի այնպիսի մասունքի տեր, որը ինքնըստինքյան էլ հսկայական արժեք է ներկայացնում, բայց ավելի կարևոր նշանակություն ունի որպես պատմական հազվագյուտ բան։
Իսկ ո՞րն է դա,— հարցրեց նա սաստիկ հուզված։
Ո՛չ ավելի, ո՛չ պակաս, քան անգլիական թագավորների հնադարյան մի թագը։
Թա՞գը։
Այո՛, թագը։ Հիշեցեք, թե ինչ է ասված փաստաթղթում «Ո՞ւմ է պատկանում սա»՝ «Նրան, ով հեռացավ»։ Սա գրված էր Չարլզ Առաջինի մահապատժից հետո: «Ո՞ւմ պետք է պատկանի սա»՝ «Նրան, ով կգա»։ Խոսքը վերաբերում է Չարլզ Երկրորդին, որի գահ բարձրանալն արդեն կանխատեսվում էր այն ժամանակ։ Այսպիսով՝ կասկածից վեր է, որ այս ճզմված ու տձև խույրը պսակում էր Ստյուարթների հարստությանը պատկանող թագավորների գլուխները։
Բայց ինչպե՞ս է սա ընկել լճակ։
Այ, այդ հարցին մի րոպեում չես պատասխանի:
Եվ ես Մազգրեյվի համար հետևողականորեն շարադրեցի իմ ենթադրությունների ու փաստարկների ամբողջ ընթացքը։ Աղջամուղջը խտացավ, և լուսինն արդեն պայծառորեն փայլում էր երկնքում, երբ վերջացրի իմ պատմությունը։
Բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ Չարլզ Երկրորդն իր թագը հետ չստացավ վերադառնալուց հետո,— հարցրեց Մազգրեյվը՝ նորից քաթանե պարկի մեջ խոթելով իր մասունքը։
Օ՜, այնպիսի հարց եք բարձրացնում այժմ, որ ես և Դուք երբևէ չենք կարողանա լուծել։ Հավանաբար՝ այն Մազգրեյվը, որը գաղտնիքին տեղյակ էր, իր հաջորդին այս փաստաթուղթը թողել է որպես ուղեցույց, բայց չգիտես ինչու չի բացատրել սրա իմաստը։ Այդ օրվանից մինչև մեր օրերը փաստաթուղթը հորից անցել է որդուն, մինչև վերջապես չի ընկել այնպիսի մի մարդու ձեռք, որը կորզել է սրա գաղտնիքը, բայց հատուցել իր կյանքով
Այս է «Մազգրեյվների տան ծեսի» պատմությունը, Վա՛թսըն։ Թագը մինչև հիմա էլ գտնվում է Հըրլստընում, թեև ամրոցի տերերը ստիպված են եղել շատ չարչարվել ու վճարել բավականին մեծ գումար, մինչև որ պաշտոնական թույլտվություն են ստացել թագը պահել իրենց մոտ։ Եթե ուզենաք տեսնել թագը, նրանք, իհարկե, հաճույքով ցույց կտան, բավական է, որ իմ անունը տաք։
Ինչ վերաբերվում է այն կնոջը, ապա նա անհետ կորավ։ Ամենայն հավանականությամբ՝ Անգլիայից հեռացավ ու հետը անդրծովյան երկրները տարավ իր հանցագործության հիշատակը։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Մազգրեյվների տան ծեսը Արթուր Կոնան Դոյլ | Մազգրեյվների տան ծեսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 06:35:00 Rating: 5
Технологии Blogger.