Այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է


Հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ Նիկոլ Պողոսի Աղբալյանը ծնվել է 1875 թ.մարտի 24-ին, Թիֆլիսում:
Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թվականին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։
Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականներին։
«Ինչ պիտի տար սրտնեղութիւնը, վիրաւորանքը, անուշադրութիւնը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խօսքը, յարգանքի պակասը, հնարաւորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակութիւնը. յաւիտեան ապրելո՞ւ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դիւրի՞ն է լաւ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դէպի մահ, ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մէջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրայ չգուրգուրանք, իրար չսիրենք, խէթ-խէթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով աւելի դանդա՞ղ պիտի վարէ տիեզերքը մեզ դէպի մահ, նա, որ չգիտէ իսկ, թէ մարդիկ սիրել ու ապրել գիտեն...»։
Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը:
Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։
Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին, օգոստոսի 15-ին, Բեյրութում։

Այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է Այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 05:44:00 Rating: 5
Технологии Blogger.