
- Դուք մոտիկից ծանոթ եք ավագ
սերնդի բանաստեղծներին, օրինակ, Ֆրոսթին, նա
պետք է որ մտերիմ լինի Ձեզ հետ:
- Այնպես պատահեց, որ մի անգամ
ես նամակով դիմեցի Ֆրոսթին՝ ուղարկելով նաև խաչակրաց առաջին արշավանքի մասին իմ անվերջանալի
դյուցազներգությունը, որ անճոռնի կերպով խզբզել էի տողած թղթերի վրա: Առաջին էջն աչքի
անցկացնելուց հետո նա ասաց. «Պետք է կրճատել»: Ապա արտասանեց Քոլինզի բավական կարճ
բանաստեղծություններից մեկը՝ «Խիզախների մշտնջենական քունը», և ավելացրեց. «Իհարկե,
սա լավագույն բանաստեղծությունը չէ, սակայն նաև անչափ երկար չէ»: Եվ դա շատ բարեհոգի
հնչեց: Հիշո՞ւմ եք, թե նա ինչպես էր արտահայտվում այն ձայնի մասին, որը վերածվում է
պոեզիայի, և որպես օրինակ բերում էր բացարձակապես անհավանական՝ «Հիպերիոնի» սկիզբը,
որտեղ խոսքը հավերժահարսի մասին է, որ սառը մատը հպում է իր պաղ շուրթերին. թվում է՝
էլ ի՞նչ ձայնի մասին կարող է խոսք լինել: Իսկ Ֆրոսթն ասում էր. «Ահա այստեղ Քիթսը մեր
հետ կենդանի զրույց է վարում»: Ինձ համար դա հայտնություն էր. մինչ այդ «Հիպերիոնում»
ինձ ապշեցնում էին Միլթոնի ոգուն հարազատորեն գրված ծանր տողերը: Չեմ հիշում, թե ինչ
արեցի իմ այդ դյուցազներգությունը, սակայն հենց այն ժամանակ զգացի դրա երկարաբանությունն
ու միապաղաղությունը:
- Հաճա՞խ եք շփվել Էլիոթի հետ:
- Բազմաթիվ հանդիպումներ ենք
ունեցել, և նա մշտապես բարյացակամ է եղել իմ հանդեպ: Բանաստեղծություններս հրատարակելուց
դեռ շատ առաջ նա գրադարակներում շարել էր իմ գրքույկները: Որոշակի իմաստով մեզ կապում
էր Նոր Անգլիան:
- Ձեզ օգնո՞ւմ էր նրա քննադատական
խոսքը:
- Նա միշտ ամենաընդհանուր դիտողություններն էր անում: Երբ
Ֆեյբերը հրատարակեց իմ առաջին գրքույկը, Էլիոթն ինձ մի շարք մանր հարցեր տվեց կետադրության
վերաբերյալ, սակայն ոչ մի անգամ չնշեց, թե ինչն էր իրեն դուր եկել և ինչը՝ ոչ: Հետագայում
նա այսպես արտահայտվեց իմ վերջին գրքի մասին. «Իմ կարծիքով, սա առաջնակարգ ստեղծագործություն
է», կամ դրա նման մի բան. հաճելի , բայց շատ զուսպ: Ինձ թվում է, որ Էլիոթն անհամեմատ
ավելի պակաս է կաշկանդված ձևի առումով, քան նրա բազմաթիվ հետնորդները. նրա ստեղծագործությանը
միշտ էլ հատուկ է եղել 20-ական թվականների ազատ ոգին, և դա ինձ շատ է հրապուրում: Անկասկած
է, որ նա և Ֆրոսթը Նոր Անգլիայի մեծագույն պոետներն են: Դժվար թե որևէ մեկը Սթիվենսին
նորանգլիական բանաստեղծ անվանի, իսկ Էլիոթի ու Ֆրոսթի մասին չի կարելի չմտածել որպես
խոսակցական ժառանգությամբ օժտված Նոր Անգլիայի անվիճելի ներկայացուցիչներ: Նրանք երկուսն
էլ արտացոլում են այդ ավանդության զարգացումն ու քննադատությունը և, որպես պոետներ,
թերևս, հավասարամեծ են: Ֆրոսթը յուրովի կյանքի կոչեց մեռած ավանդույթը: Նրա պոեզիան
պետք է որ վախեցրած լիներ այն օրերի հրատարակիչներին. չէ՞ որ անչափ անսովոր, անչափ
թարմ էր հենց առաջին տողից: Սակայն, միաժամանակ, հին պոեզիա էր և ոչինչ ընդհանուր չուներ
ժամանակակից ոճի հետ, չհաշված, իհարկե, այն, որ ինքը՝ Ֆրոսթը, ժամանակի մեծագույն պոետներից
մեկն է: Իսկ Էլիոթը հանդգնորեն ժամանակակից էր ու անհաշտ հակառակորդը ավանդապաշտների:
Հիմա նրա մասին խոսում են որպես գրականության բռնապետի, սակայն ես համոզված եմ, որ
նա ինքը գրականության մեջ ունեցած իր դիրքին վերաբերվել է զարմանալի տակտով ու ճարտարամտությամբ:
Նրա հայացքները զուրկ են այն լայնախոհությունից, որին ինքս եմ ձգտում, սակայն ինձ թվում
է, թե նա դրանք կենսագործում է զարմանալի պարկեշտությամբ, հետևողականությամբ ու առանց
պահպանողականության: Էլիոթը կրկնել է այն, ինչ, իր խոսքերով ասած, արել է Շեքսպիրը.
նրա բանաստեղծությունները ներկայանում են որպես մեկ միասնական պոեմ, մի անընդհատ ձև,
որ հասցրել է հասունանալ ու շարունակում է աճել:
Աղբյուրը՝ Ընտրանի ամերիկյան
և անգլիական պոեզիայի, Անգլերենից թարգմանությունը` Արտեմ Հարությունյան, Երևան –
2000
Ռոբերտ Լոուել | Պոեզիան վերստեղծում է ապրումը | հատված հարցազրույցից
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 04, 2018
Rating:
