Պարույր Սևակ | Անահիտ


Դու օտա՞ր չես, չէ՞:
Բայց ի՞մն էլ չես, հա՞...

Դու՝ վաղընջական հինավուրց բագին
Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
Ես՝ մի հեթանոս առայսօր ծպտյալ:

Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ:
Իմ թաց աչքերի երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:

Անշարժությունը քո պիրկ ոտների
Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
Որ պտտվում է չորսբոլորքը քո
Ողջ շառավիղով իր ոտնակապի:

Նա արածում է այն, ինչ աճում է
Իր ոտների տակ և քո շուրջբոլոր,
Բայց որոճում է... միայն քե՛զ ու քե՛զ
Ու բառաչում է... միայն քե՛զ համար:

Քո ստինքները՝ պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան... սկիհի՜ համար:

Թվում է, թե քո շրթունքները փակ
Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
Քեզ գրկել տվին մի... թո՜ւխ մանուկի:

Բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
Երբ թաց աչքերիս երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:

Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
Երբ սկսվում է նո՛ր դարագլուխ,
Ջանում են մի կերպ խուսափել քեզնից,
Իսկ դարագլխի ավարտի վրա՝
Ինքնակամորեն քե՛զ վերադառնում:

Անտեսանելի վերջի՛դ ժամանակ,
Անտեսանելի սկզբի՛ս պահին
Հանդիպում ենք մենք... ու տրվում իրար:
Եվ չե՜ն տեսնում մեզ... չի տեսնում նույնիսկ
Ո՛չ պատվանդանըդ,
Ո՛չ կոշկատակըս...

Դու դիցուհի՞ ես;
Բայց և ի՜մն ես դու...

09.VII.1961թ. 24.II.1964թ.      
Մոսկվա Երևան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անահիտ Պարույր Սևակ | Անահիտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:35:00 Rating: 5
Технологии Blogger.