Պարույր Սևակ | Ներկա-Բացակա


Ներկա են ոտքերըս. ինքնաշարժ քայլում են:
Ներկա են աչքերըս. երևի փայլում են:
Բացական հայացքս, այդ նա է. ես նայում
Եվ սակայն չեմ տեսնում. ոչինչ չի հմայում:

Ներկա է և մաշկըս. կարծես թե մրսում եմ:
Ծածկ ունեմ և չունեմ. տան մեջ էլ դրսում եմ:
Գարուն է - գարուն չէ. բացակա - ներկա է:
Բացական աստղերն են:
Բացական լուսինն է:
Բացական քամին է, շարժումը և... ինքը,
Որ տերն է կարոտիս:
Կարոտս ներկա է...

Թարմ օդից զարթնում են ռունգերըս, բայց իզո՜ւր.
Իմ շնչած օդից է բացակա իր շունչը:
Ձգում եմ ոզնու պես փշապատ մտքերըս,
Բայց նրանք վերստին կծկըվում-գնդվում են:

Ա՜խ, լիներ մի քնքուշ-կոպիտ ձեռք. ինձ բացեր,
Ինչպես որ գրտնակով բացում են խմորը,
Ինչպես որ բացում են բառի խոր իմաստը,
Ինչպես որ... չե՜ն բացում, ոզնուն լոկ ճխլում են:

Ա՜խ, լիներ... լինեին հաստ մեխեր, ժանգոտա՜ծ:
Այն խաչը,
Որին մենք կամովին գամվել ենք,
Մեխերի՛ պետք ունի,
Ժանգոտա՜ծ մեխերի:
Մեխն ի՜նչ է, անխիղճնե՛ր, մեխն ի՜նչ է.
Էժան է, հեշտությամբ ճարվում է:
Մի քանի մեխն ի՜նչ է.
Ընտրեցեք հաստերը,
Որ ցավը բարակի ու... հատվի:
Հերի՜ք է...

20.III.1964թ.         
Դիլիջան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ներկա-Բացակա Պարույր Սևակ | Ներկա-Բացակա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:45:00 Rating: 5
Технологии Blogger.