Այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է


Աշխարհահռչակ գրող և հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Դանիայում:
Ավելի քան 125 լեզուներով թարգմանված հեքիաթները Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։ Նրա գրած հեքիթներից են՝ «Անճոռնի բադիկը», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին», «Լուցկիներովաղջիկը», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Մատնաչափիկը» և այլ գործեր, որոնք գրվել են և՛ մեծերի և՛ մանուկների համար:
Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում մուրացկանություն է արել, իսկ մահից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։
Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։
Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ։ 1816թ. մահանում է Անդերսենի հայրը, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում՝ որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական։ Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում։ Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը։ Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ։ Նա հաճախում էր հրեական դպրոց։
14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։
1829թ. տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամագերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց։ Մինչև 1833թ. շատ քիչ բան էր գրված։ Անդերսենը թագավորից ստացավ դրամաշնորհ, որով կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835-ին նրան համբավ բերած «Հեքիաթները»։ «Յուրաքանչյուր մարդու կյանքը հեքիաթ է՝ գրված Աստծո կողմից»,- ասել է աշխարհահռչակ հեքիաթագիրը:
Նրա «Հեքիաթների» փառքն աճում էր։ «Հեքիաթների» հաջորդ թողարկումն սկսվեց 1838թ., իսկ 3-րդը՝ 1845թ.։ Այդ պահին արդեն նա ողջ Եվրոպայում հայտնի, հռչակավոր գրող էր։ 1847թ. հունիսին նա առաջին անգամ ժամանեց Անգլիա և արժանացավ հաղթական ընդունելության։ Միևնույն ժամանակ նա ատում էր իրեն փառք բերած հեքիաթները։ Չնայած դրան՝ նա շարունակում էր գրել նորանոր հեքիաթներ։ Իր վերջին հեքիաթն Անդերսենը գրել է 1872թ. Սուրբ ծնունդին։ Անդերսենը վախճանվեց 1875 թ. օգոստոսի 4-ին։ Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասիսթենս («Assistens») գերեզմանատանը։

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ
Այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է Այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 02, 2018 Rating: 5
Технологии Blogger.