Էռնեստ Հեմինգուեյ | Ծերուկս


Հիմա, երբ նայում եմ այս ամենին, ծերուկս կարծես, ի սկզբանե, ստեղծված էր գիրուկ լինելու համար, այն սովորական փոքրամարմին գնդլիկներից, ում տեսնում ես ամենուր, բայց դե այդպես էլ չգիրացավ, միայն երևի վերջում, և այդժամ դա արդեն մեծ բան չէր, որովհետև  մասնկացում էր միայն արգելքներով ձիարշավի, և քաշի ավելցուկն արդեն թույլատրելի էր: Հիշում եմ` Ինչպես բարկ արևին երկու տակ ջերսիի վրայից հագնելով իր ռետինե վերնաշապիկը, վրայից էլ՝ մեծ սպորտայինը՝ տանում էր ինձ իր հետ վազելու: Պատահում էր՝ վաղ առավոտյան ժամը չորսի կողմ վերադառնում էր Թուրինից և կեբով սլանում ձիարան, Ռացոյի նժույգներից մեկը փորձնական պտույտի տանելու համար, և հետո, երբ շուրջ բոլորը դեռ ծածկված էր ցողով, ու արևն էլ նոր էր ծագում, ես օգնում էի նրան հագից հանել իր երկարաճիտ կոշիկները, նա հագնում էր իր սպորտային կոշիկներն ու բոլոր այդ սվիտերները, և անցնում գործի:
Դե տղուկ, – ասում էր՝ ժոքեյների հանդերձարանի դռան դիմաց ոտքերի վրա վերուվար ճոճվելով, – պոկվեցինք:
Հետո մենք սկսում էինք վազել, մեծ մասամբ նա առջևից, և այդպես կանոնավոր վազքով դարապասով՝ դեպի Սան-Սիրոյից դուրս տանող մի ծառուղի: (Դե ես կարգին վազում էի) ու հենց հասնում էինք ճամփին, առաջ էի ընկնում, հետ էի նայում, իսկ նա թեթև վազում էր ետևիցս, քիչ անց նորից էի նայում. նա արդեն քրտնում էր: Լրիվ ջուր-ջուր էր, բայց շարունակում էր կրնկակոխ վազել՝ աչքը մեջքիցս չկտրելով, և երբ բռնում էր իրեն նայող հայացքս, քմծիծաղ էր տալիս.
Ջու՜ր-ջուր եմ… – Երբ ծերուկս ժպտում էր այդպես, հնարավոր չէր ի պատասխան չժպտալ:
Մենք շարունակում էինք վազքը դեպի սարերը, ու ծերուկս ձայն էր տալիս.
Հեյ, Ջո…, – ետ էի նայում ու տեսնում, որ նստել է մի ծառի տակ ու սրբիչը, որ գոտկատեղին էր փաթաթած, արդեն գցել է վզից:
Ես ետ էի դառնում ու նստում կողքին, իսկ նա գրպանից հանում էր պարանն ու սկսում ցատկել հենց արևի տակ, քրտինքը չռում էր երեսով, բայց նա շարունակում էր վեր բարձրացած փոշու ամպի մեջ, պարանն էլ թփթփում էր թփ-թըրըփ, թըփ և որքան արևը թեժանում էր, այնքան ավելի եռանդով էր ծերուկս վեր ու վար անում ճանապարհի այդ հատվածով: Ծերուկիս՝ պարան թռնելը մի երևույթ էր, որ արժեր տեսնել: Նա մե՛կ շվացնում էր պարանը, մե՛կ հանգիստ պտտում: Բա որ քաղաք գնացող իտալացիքին տեսնեիք, որոնք բեռնասայլերը քաշող մեծ, սպիտակ եզներով անցնում էին մեր կողքով: Ծերուկիս, հաստատ, խելապակասի տեղ էին դնում: Ծերուկս էլ պարանն այնպես էր շվացնում, որ նրանք տնկվում-մնում էին ու դիտում, իսկ հետո բոթելով եզներին ու բացականչելով «հո՜շ»՝ շարունակում իրենց ճանապարհը:
Նստած ծառի տակ, նայելով՝ ինչպես է նա մարզվում այդ ահավոր շոգին՝ զգում էի, որ սիրում եմ նրան: Իսկապես, զվարճալի տիպ էր. մեծ եռանդով էր աշխատում, վերջում միշտ նորից շվացնում էր պարանը, ու քրտինքը ջրի պես հոսում էր երեսից, հետո պարանը գցում էր ծառի ճյուղից, սրբիչն ու սվիտերը վզին փաթաթած՝ գալիս, նստում էր կողքիս ու հենվում ծառին:
Ջո, հոգիս դուրս եկավ էս ճարպ մաշելը՛… –  ասում էր նա ու թիկնում ծառին, փակում աչքրեն ու խորը շունչ էր քաշում, – Ջահել ժամանակ ուրիշ էր, – ապա ոտքի էր ելնում ու քանի դեռ չէր սառել, և թեթև վազքով վերադառնում էինք ձիարան: Ահա այսպես էլ քաշ էր գցում: նա մշտապես անհնագիստ էր իր քաշի համար: Ժոքեյների մեծ մասը քանի կիլո ուզեն, այդքան կմաշեն հենց միայն ձի վարելով: Ժոքեյը ամեն վազքից մաշում է կիլոյից ոչ պակաս, իսկ ծերուկիս համար այդ օրերն անցել էին, և նա չէր պահի իր քաշն առանց մեր մարզումների:
Հիշում եմ՝ մի օր Սան-Սիրոյում իտալացի պստիկ Ռեգոլին, որը Բուզոնի ձիարանից էր, անցավ ցանկապատն ու ճիպոտելով իր երկարաճիտները՝ քայլեց դեպի բար մի սառը բան խմելու. նա հենց նոր էր կշռվել. ծերուկս նույնպես նոր էր կշռվել ու թամբը թևի տակ, հոգնած, կարմրած դուրս գալով՝ նա կանգ առավ, ինչ-որ հայացք գցեց պստիկ Ռեգոլիի վրա, որն անհոգ կանգնած էր բարի վերանդայի մոտ՝ իր՝ մանուկ ու դեռ լրիվ խակ կերպարով, ու ես ասացի.
Պա՞պ, ինչ պատահեց, – ես մտածեցի գուցե Ռեգոլին հրել կամ բշտել է նրան, բայց  նա միայն նայեց Ռեգոլիին և ձեռքը թափ տվեց.
Ա՜հ, բանի տեղ մի դիր:
Ինչևէ, երևի ամեն ինչ կարգին կլիներ, եթե մենք մնայինք Միլանում և աշխատեինք Միլանում ու Թուրինում, քանզի եթե կան աշխարհում հեշտ մրցարշավներ, ապա դրանք հենց այնտեղ են:
Պարզապես պիանոլա է, Ջո,  ասաց իմ ծերուկը, երբ ձիարանի մոտ իջնում էր ձիուց ավարտելով մրցելույթը, որը իտալացիքի համար արգելքներով ձիարշավի գագաթնակետն էր: Մի անգամ հարցրի նրան այդ մասին, և նա պատասխանեց: – Այս արահետն, ասես, ինքն իրեն է վազում: Արգելքների դեպքում մեծ արագությունն է վտանգավոր, Ջո: Իսկ այստեղ ո՛չ արագություն կա, ո՛չ էլ մի կարգին արգելք: Բայց ընդհանրապես խնդիր ստեղծողն արագությունն է, ոչ թե արգելքը:
Սան-Սիրոն աշխարհի ձիարշավարաններից ամենագժականն էր, բայց ծերուկն այդ կարծիքին չէր. նա ասում էր. «Քարշ գալ Միրաֆյորեի և Սան-Սիրոյի միջև, գրեթե ամբողջ շաբաթ «քրքրվել», և հերիք չէ՝ օրը մեջ գնացքով գալ-գնա՜լ Սա շան կյանք է»:
Իմ խելքն էլ էր գնում ձիերի համար: Ինչ-որ բան կա նրանց մեջ, երբ դուրս են գալիս և արահետով շարժվում դեպի ձողը: Այսպես ամուր կեցվածքով, կարծես պարելով, և ժոքեյն էլ ամբողջ ուժով քաշում է նրա սանձերը, կամ թեկուզ փոքր-ինչ թեթևացնում է բռնվածքը՝ թույլ տալով վազվզել մի քիչ: Իսկ երբ մոտենում են ստարտին, լրիվ կորցնում եմ ինձ: Նամանավանդ Սան-Սիրոյում. մի այսպիսի հսկա կանաչ շրջան, հեռվում՝ լեռներ, մի չաղլիկ իտալացի ստարտեր իր երկար մտրակով, ձիերին սանձող ժոքեյներ, և հանկա՜րծ ժապավենը կտրվում է, զանգը հնչում, և բոլորն իսկույն խմբով պոկվում են տեղներից ու բացվում մի գծով: Երևի գիտեք՝ դա ոնց է լինում: Այսպես կանգնած ես տրիբունայում՝ հեռադիտակն աչքերին, տեսնում ես միայն այն, որ բոլորը պոկվեցին իրենց տեղից, և զանգը սկսում է հնչել, ու քեզ համար դա  հազար տարի է տևում, և ահա նրանք արդեն սուրալով մտնում են շրջադարձ: Ինձ համար դա վերջն էր:
Բայց ծերուկս ասաց մի օր, երբ փոխվում էր հանդերձարանում վազքից հետո.
Սրանք ձիեր չեն, Ջո: Փարիզում սրանց բոլորին կուղարկեին սպանդարան կաշվի ու սմբակների համար: – Դա այն օրն էր, երբ Լանտորնում նա շահեց Կոմերցիոն մրցանակը՝ վերջին հարյուր մետրին այնպես վազեցնելով իր ձին, որ այն պոկվեց շշից թռած խցանի պես:
Կոմերցիոն մրցանակն առնելուն պես մեր փասա-փուսան հավաքեցինք ու պոկվեցինք Իտալիա: Ծերուկս, Հոլբրուքն ու ծղոտե գլխարկով մի չաղլիկ իտալացի, որն անդադար երեսն էր սրբում թաշկինակով, վեճ ունեցան սեղանի շուրջ Galleria¹-ում: Խոսում էին ֆրանսերեն, և երկուսն էլ անընդհատ ինչ-որ հարցով կպնում էին ծերուկիս: Վերջում նա այլևս չէր պատասխանում, փոխարենը նստած նայում էր Հոլբրուքին, իսկ նրանք դեռ ճանճի պես կպել, պոկ չէին գալիս. մե՛կ մեկն էր խոսում, մե՛կ մյուսը, չաղլիկ իտալացին էլ ամեն անգամ ընդհատում էր Հոլբրուքին:
Կգնա՞ս՝ «սպորտսմեն» բերես, Ջո՛, – ասաց իմ ծերուկն ու հայացքը չպոկելով Հոլբրուքից՝ մեկնեց ինձ երկու սոլդի:
Դուրս գալով Galleria-ից՝ «Լա Սկալայի» դիմացից գնեցի թերթը, ապա վերդարձա և չխանգարելու համար կանգնեցի նրանցից փոքր-ինչ հեռու, իսկ ծերուկս, մեջքը հենած աթոռի մեջքին նայում էր բաժակին ու խաղում գդալով, մինչ Հոլբրուքն ու չաղլիկ իտալացին կանգնած էին կողքին, և չաղլիկը գլուխն էր տմբտմբացնում և անընդհատ սրբվում թաշկինակով: Ես մոտեցա, իսկ ծերուկս իրեն այնպես էր պահում, կարծես դրանք կանգնած էլ չէին այդտեղ: Եվ նա հարցրեց.
Պաղպաղակ կուզե՞ս, Ջո:
Հոլբրուքը վերից նայեց ծերուկիս և անշտապ, կարծես, զգուշորեն ասաց.
Այ դու շան լակոտ, – ապա չաղլիկի հետ միասին անցնելով սեղանների միջով՝ դուրս եկավ:
Ծերուկս նստած էր, կարծես ժպիտ կար դեմքին, բայց գունատ էր. Երևում էր, որ հեչ լավ չէր զգում իրեն, ես ինքս վախեցած էի և նույնպես լավ չէի, որվհետև զգում էի, որ մի բան եղել է, բայց գլխումս չէր տեղավորվում՝ ինչպես կարող էր ինչ-որ մեկը ծերուկիս շան լակոտ անվանել և մարսել դա: Ծերուկս բացեց «Sportsman»-ը և սկսեց ուսումնասիրել մրցարշավի արդյունքները, ապա ասաց.
Կյանքում շատ բան կա, Ջո, որ պիտի մի կերպ կուլ տաս:
Երեք օր անց մենք ընդմիշտ հեռացանք Միլանից, ուղվեցինք դեպի Փարիզ թուրինական գնացքով՝ Թերների ձիարանի դիմաց աճուրդի հանելով ու վաճառելով այն ամենն, ինչ չտեղավորվեց սնդուկի և ճամպրուկի մեջ:
Փարիզ հասանք առավոտյան շուտ, գնացքը մոտեցավ երկարաձիգ, կեղտոտ կայարանին, որն, ինչպես ծերուկս ասաց, Gare de Lyon կայարանն էր: Միլանի կողքին Փարիզն ահռելի քաղաք է: Միլանում բոլորն ինչ-որ տեղ են գնում, տրամվայներն էլ գիտեն՝ ուր գնալ, և խառնաշփոթ չի ստեղծվում, մինչ Փարիզը մի մեծ կծիկ է, որը երևի երբեք էլ չի քանդվի: Բայց հավանեցի Փարիզը, համենայն դեպս մասամբ, դե գոնե ձիավազքն այնտեղ աշխարհում լավագույնն է: Հենց սրա վրա էլ կարծես հենված էր ամեն ինչ, և միակ բանն, ինչում կարող ես վստահ լինել, ավտոբուսներն են, որոնք ամեն աստծու օր կշարժվեն դեպի ձիարշավարան ու, ամեն անգամ անցնելով այդ ամենի միջով, քեզ տեղ կհասցնեն: Ես այդպես էլ չճանաչեցի Փարիզն, ինչպես կարգն է, որովհետև ծերուկիս հետ Մեզոն-Լաֆիտից գնում էինք Փարիզ շաբաթը մեկ-երկու անգամ, և նա մեր Մեզոնցի ծանոթների հետ միասին ամեն անգամ նստում էր Café de la Paix-ում, Օպերայի հարևանությամբ, ինչն էլ, իմ կարծիքով, քաղաքի ամենաաղմկոտ հատվածն էր: Բայց ասեք՝ մազալու է, որ Փարիզի պես մեծ քաղաքը չունի Galleria, ճիշտ չե՞մ:
Եվ այսպես, մենք բնակվեցինք Մեզոն-Լաֆիտում՝ մի հանրակացարանում, որն աշխատացնում էր ոմն տիկին Մեյերսը, և որում ապրում էին գրեթե բոլորը, բացառությամբ այն ընկերախմբի, որը Շանթիլիից էր: Մեզոնը տեսածս վայրերից ապրելու համար ամենահավեսն էր. քաղաքն այդքան էլ չէ, բայց այնտեղ լճակ կար ու մի գժոտ անտառ, որտեղ երեխեքով՝ մի քանի հոգով, թափառում էինք ամբողջ օրը, և ծերուկիս պատրաստած պարսատիով ինչ ասես, որ չէինք խփում, բայց ամենալավ որսն, իհարկե, կաչաղակն էր: Մի օր ճուտ Դիք Աթքինսոնը մի ճագար խփեց, ու մենք դրեցինք դրան ծառի տակ, նստեցինք շուրջն, ու Դիքը հանեց սիգարեթը, և հահնկարծ ճագարը վեր թռավ տեղից ու կորչեց թփերի մեջ, մենք էլ լարվեցինք ետևից, բայց այդպես էլ չգտանք դրան: Է՜հ, լավ ֆռֆռացինք Մեզոնում: Առավոտյան տիկին Մեյերսն ինձ լանչ էր մատուցում, որից հետո ամբողջ օրը դրսերն էի լինում: Շուտ սովորեցի ֆրանսերենը. հեշտ լեզու է:
Մեզոն հասնելուն պես ծերուկս նամակ էր գրել Միլան, որ իր լիցենզիան ուղարկեն, և մինչև դրա հասնելը, բավական անհանգիստ էր: Նա հաճախ էր նստում Մեզոնի Café de Paris սրճարանում իր ընկերախմբի հետ. խմբից շատերն, ում ծերուկս մինչև պատերազմն էր ճանաչում՝ դեռ փարիզյան ձիարշավներից, ապրում էին Մեզոնում, դե իսկ սրճարանում նստելու ժամանակ միշտ էլ կար, քանի որ արշավային ձիարաններում աշխատանքն, այսինքն՝ ժոքեյների գործն, ավարտված էր լինում մինչև առավոտյան ինը: Առավոտյան հինգն անց երեսունի կողմ ձիերի առաջին ջոկը հանում էին վազեցնելու, իսկ ութի կողմ՝ երկրորդն էին հանում: Դա նշանակում էր շուտ արթնանալ, շուտ էլ քնել: Եթե ժոքեյն, այսպես ասած, «մենակ չէ», ապա նա չի կարող անդադար խմել, քանի որ, եթե նա դեռ տղուկ է, ուրեմն մարզիչի աչքը միշտ վրան է լինելու, իսկ եթե ոչ, ապա ժոքեյն ինքը պիտի իր գլխի տերը լինի: Եվ այսպես գրեթե բոլոր դեպքերում, եթե ժոքեյը չի աշխատում, ուրեմն խմբի հետ նստած է Café de Paris-ում, ու նրանք մոտ երկու-երեք ժամ կարող են նստել ինչ-որ մի խմիչքի՝ ասենք՝ վերմութի կամ հանքայինի շուրջ, զրուցել, ինչ-որ պատմություններ պատմել, մի երկու խաղ բիլիարդ գցել, և սա ակումբի կամ Միլանի Galleria-ի պես մի բան էր դառնում: Բայց դե, մեկ է, Galleria չէր, որովհետև Galleria-ում բոլորն անընդհատ այս ու այն կողմ են անում, իսկ այստեղ՝ նստած են սեղանների շուրջ:
Վերջիվերջո ծերուկս ստացավ իր լիցենզիան: Առանց որևէ մի բառի ուղարկեցին, և նա մի քանի անգամ վարեց. սկզբում՝ Ամյեն, հետո մարզեր ու այդպես մի քանի տեղ էլ, բայց մշտական գործ այդպես էլ չգտավ: Բոլորն էլ սիրում էին նրան, ու առավոտվա կողմ, երբ էլ մտնեի սրճարան, անպայման ինչ-որ մեկը նստած խմում էր նրա հետ, որովհետև ծերուկս այդ ժոքեյների պես չէր՝ ինչ-որ գծուծ մեկը, ով իր առաջին դոլարն աշխատել է հազար ինը հարյուր չորսին Սենթ-Լուիսում՝ ձիավարելով համաշխարհային տոնավաճառին: Այսպես էր ասում ծերուկս, երբ փորձում էր ծաղրել Ջորջ Բերնսին: Բայց, չգիտես ինչու, դրանցից ոչ մեկը ձի չտվեց ծերուկիս:
Ամենահավես օրերն էին, երբ Մեզոնից մեքենայով պոկվում էինք մի տեղ, որտեղ ձիարշավ կար: Ես շատ էի ուրախանում, երբ ամռանից հետո ձիերը վերադառնում էին Դյուվիլից: Չնայած՝ դա նշանակում էր, որ էլ չէինք թափառելու անտառով, որովհետև դրանից հետո մենք ուղևորվում էինք դեպի Էնգիեն կամ Թրամբլե կամ Սեն Քլոդ ու ձիարշավն էինք վայելում մարզիչների ու ժոքեյների տրիբունից: Ձիարշավի մասին ես, անշուշտ, սովորեցի հենց այդ ընկերախմբից, և լավն էլ այն էր, որ դիտելու գնում էինք ամեն աստծու օր:
Հիշում եմ մի անգամ Սեն Քլոդում մի մեծ արշավ էր յոթ մրցավազքով, մրցանակը՝ ոչ ավել ոչ պակաս երկու հարյուր հազար ֆրանկ, ֆավորիտն էլ Քսարն էր: Ծերուկիս հես միասին փարախի տարածքով շրջում և ուսումնասիրում էի ձիերին, ու, հաստատ, այդտեսակ ձիեր տեսած չեք լինի: Այդ Քսարը մի խոշոր, հիասքանչ աշխետ էր ձի չէր, կայծակ էր, կայծակ: Այդպիսիններին երբեք չէի հանդիպել: Այնքան հիասքանչ էր, որ երբ նրան մանածեցին փարախով, և նա անցնավ մեր դիմացով ու գլուխը կախեց, ներսս տակնուվրա եղավ: Ինձ թվում էր՝ այդպիսի գեղեցիկ, մկանուտ ու սրնթաց ձիեր չեն լինում: Եվ փարախով շրջելիս նա այնքան փափուկ էր ոտքերը գցում, այսպես զգուշորեն ու թեթև, կարծես գիտեր՝ ինչ է պահանջվում իրենից, և նա չէր թփրտում, ծարս չէր լինում, ոչ էլ գազազած հայացքներ էր նետում, ինչպես անում էին դոպինգի տակ աճուրդի հանված ձիերը: Ամբոխն այնքան խիտ էր, որ այլևս չկարողացա տեսնել աշխետին, դե միայն՝ քայլող, դեղնավուն ոտքերը, ու երբ ծերուկս սկսեց քայլել ամբոխի միջով, ես հետևեցի նրան մինչև ժոքեյների հանդերձարան, որը ծառերի ետևում էր, ու որի շուրջ նույնպես մեծ ամբոխ էր հավաքված, բայց դռան մոտ կանգնած դերբիով տղամարդը գլխով արեց ծերուկիս, ու մենք ներս մտանք, ու բոլորը շրջանաձև նստած հագնվում էին, գլխներին քաշում իրենց շապիկները, ոտքերին էլ՝ երկարաճիտները, ու այդ ամենից քրտինքի ու քսուքների տաք հոտ էր գալիս, ամբոխն էլ դրսից հետևում էր այդ ամենին:
Ծերուկս մոտեցավ Ջորջ Գարդներին, որն այդ պահին տաբաթն էր հագնում, նստեց կողքին և.
Հը, ի՞նչ կասես, – ասաց ամենասովորական տոնով, որովհետև սա այն դեպքը չէր, երբ պետք էր ինչ-որ բան պեղել ժոքեյի պատասխանից. Ջորջը կասեր, եթե մի բան լիներ:
Սա չի հաղթի, – կամացուկ պատասխանեց Ջորջը՝ կռանալով ու ոտքերին քաշելով երկարաճիտները:
Բա ո՞ր մեկը, – հարցրեց ծերուկս՝ կռանալով դեպի Ջորջը, որ ոչ մեկ չլսի:
Քիրքուբինը, – ասաց Ջորջը, – և եթե հաղթի, մի քանի տոմս պահիր ինձ համար:
Ծերուկս սովորական տոնով ինչ-որ բան ասաց Ջորջին, և վերջինս պատասխանեց.
Երբեք ոչ մի բանի վրա մի դիր: Բան եմ ասում, լսի՛ր, – այսպես կատակելով, և մենք ճղեցինք ներս նայող ամբոխն ու մոտեցանք 100 ֆրանկանոց տոմսարկղին: Բայց ես հասկացա, որ ամեն ինչ լուրջ է, քանի որ Ջորջը հենց Քսարով էր մրցելու: Ճամփին նա դեղին աղյուսակներից գնեց, որոնց վրա գրված էին խաղադրույքները, ու գրված էր այնտեղ, որ Քսարի համար վճարում էին 5-ը 10-ի, Սեֆիզիդոթի դեպքում 3-ը 1-ի էր, իսկ հինգերորդ շարքում Քերքոբինն էր՝ իր 8-ը 1-ի գործակցով: Ծերուկս դրեց Քերքոբինի վրա. հինգ հազար, որ կհաղթի, և հազար, որ տեղ կբռնի: Հետո մենք անցանք մրցահարթակի ետևով, որ աստիճաններով բարձրացանք դեպի այն տեղը, որտեղից պիտի հետևեինք մրցավազքին:
Այդտեղ ճզմոցի էր, և առաջինն, ում տեսանք, ճիպոտը ձեռքին մի տղամարդ էր երկար վերարկույով, մոխրագույն ցիլինդրով, ու նրա ետևից հերթով դուրս եկան ձիերը՝ ժոքեյներին մեջնքերն առած, ու նրանցից ամեն մեկի կողքով քայլում ու սանձն էին պահում ձիապանները: Առաջինը Քսարն էր։ Ի սկզբանե նա այնքան էլ մեծ չէր երևում, և միայն մոտենալուց հետո երևացին այդ երկար ոտքերը, ամռակուռ մարմինն ու դրա շարժուձևը: Չէ, իրոք, այդպիսիններին երբեք չէի տեսել։ Նրա մեջքին Ջորդան Գարդներն էր, և նրանք բոլորն էլ դանդաղ քայլում էին ցիլինդրով տարեցի ետևով, որն ամեն ինչ այնպիսի հանդիսավորությամբ էր անում, կարծես կրկեսի շտալմեյստեր լիներ։ Սահուն քառատրոփ քայլքով ընթացող ու արևից շողշողացող աշխետ Քսարի ետևից քայլում էր մի սևուկ, գեղեցիկ գլխով մի գրավիչ սևուկ, որին վարում էր Թոմի Արչիբալդը, իսկ սևուկից հետո մյուս հինգ ձիերն էին, որոնք տրիբունայի կողքով իրենց դանդաղ երթն ուղղեցին դեպի կշեռքը։ Ծերուկս ասաց, որ սևուկը Քիրքուբինն է, և ես մի լավ ուսումնասիրեցի նրան, և, այո, դա մի գեղեցիկ, կարգին ձի էր, բայց Քսարին չէր հասնի:
Բոլորը ծափահարեցին, երբ Քսարն էր անցնում, և, անշուշտ, հենց նա էր ամենահիանալին: Երամակը շրջանցելով սիզամարգը հասավ երթուղու մյուս ծայրը, և կրկեսավարը հրամայեց ձիապաններին հերթով բաց թողնել ձիերին, որ քառատրոփ վազեն մի փոքր տրիբունայի մոտով դեպի ստարտը, և այդիսով ամբոխը կկարողանար մի լավ ուսումնասիրել նրանց: Նրանք չէին էլ հասել ստարտին, երբ հնչեց գոնգը, և ահա նրանք փնջվելով վարգում են երթուղու մյուս մասում, արդեն առաջին շրջապտույտն են կատարում, ու կարծես խաղալիք ձիուկներ լինեն: Ես հեռադիտակով հետևում էի նրանց, և Քսարն ահագին ետ էր ընկել, առաջատարն էլ մի աշխետ ձի էր: Նրանք սուրացին, այսպես արագ, դոփելով, ու երբ անցան մեզ մոտով, Քսարը դեռ բավականին ետ էր, իսկ այն Քիրքուբինը սլանում էր առջևից: Օ՜ֆ, ցնդվելու բան է, երբ անցնում են աչքիդ առաջ, ու դու նայում ես նրանց ետևից, ու նրանք հեռվանում, հեռվանում, փոքրանում են ու փնջվում շրջադարձին, ու հետո նորից ուղղվում են, ու այնպես ես ուզում ճչալ-հայհոյել՝ էլ դու սուս: Եվ վերջապես արդեն վերջին պտյույտով մտան վազքուղու ուղիղ հատվածը. Քիրքուբինը կարգին առաջ էր ընկել: Եվ բոլորը մազալու տեսք ունեին ու գժի պես գոռում էին «Քսա՜ր», մինչ ձիերը սլանում էին գծով, և հանկարծ իմ հեռադիտակի մեջ մի բան կայծկլտաց, կարծես մի բոցագույն քամի ձիու գլխով, և բոլորը էլ ավելի ուժգին, կարծես, խենթի նման սկսեցին ճչալ «Քսա՜ր»: Ու Քսարը սուրում էր, ու ես երբեք չէի տեսել, որ այդպես սուրան, ու նա հասավ, անցավ Քիրքոբինին, որը, նույնիսկ իր մեջքին նստած գժի պես ճիպոտող ժոքեյի դեպքում, գրեթե նույն արագությունն ուներ ինչ ցանկացած այլ սև նժույգ, ու մի ակնթարթում նրանց գլուխները հավասարվեցին, բայց իր հիասքանչ ցատկերով ու առաջ ձգված վզով Քսարը, թվում էր, թե կրկնակի արագ է վարգում, և այդպես գլուխները կողք-կողքի՝ անցան հաղթական ձողը, և երբ հաշիվն ասացին, պարզվեց, որ առաջին տեղում համար 2-ն էր, այսինքն՝ հաղթեց Քիրքուբինը:
Զգացի, որ ներսս դողում է, մի տեսակ էի զգում, հետո մեզ ճզմեցին, երբ ամբոխն աստիճաններով իջավ դեպի գրատախտակը, որին գրվելու էր, թե ինչքան են վճարելու Քիրքուբինի համար: Անկեղծ ասած, հետևելով վազքին՝ լրիվ մոռացել էի, որ ծերուկս հենց Քիրքուբինի վրա էր դրել: Ես ահավոր ուզում էի, որ Քսարը հաղթեր: Բայց արդեն ամեն ինչ ավարտվել էր, ու վատ չէր իմանալ, որ հաղթող ենք:
Հավեսն էր վազքը, չէ՞, պապ, – ասացի: Նա մի տեսակ նայեց ինձ ՝ թեքելով դերբին ծոծրակին:
Ջորջ Գարդները գժոտ ժոքեյ է, դրանում խոսք չկա, – ասաց նա, – միայն հիանալի ժոքեյը կկարողանար Քսարին զրկել հաղթանակից:
Իհարկե, հենց սկզբից էլ զգում էի, որ մի բան այն չէ: Բայց, երբ ծերուկս այդպես ուղիղ ճպացրեց ամեն ինչ, հավեսս լրիվ փախավ ու այլևս չվերադարձավ, նույնիսկ երբ փակցրին հաշիվները, հնչեց զանգն, ու իմացանք, որ Քիրքուբինի համար վճարում են 67.50-ը 10-ի:
Բոլորը գոռում էին.
Խե՜ղճ Քսար, խե՜ղճ Քսար:
Իսկ ես մտածում էի.
«Եթե էս շան լակոտի փոխարեն ես լինեի ժոքեյը, Քսարը, հաստատ, կհաղթեր»: Այնուամենայնիվ ծիծաղելի էր մտածել Ջորջ Գարդների մասին, որպես շան լակոտի, քանի որ ես սիրում էի նրան, և հետո նա մեզ հաղթողի անունը հուշեց, բայց, իմ կարծիքով, հենց շան լակոտ էր, որ կար, ազնիվ խոսք:
Ծերուկս այս ձիարշավից հետո բավականին մեծ գումար շահեց ու այցելությունները Փարիզ էլ ավելի հաճախակի դարձան: Եթե արշավն անցնում էր Թրեմբլիում, մերոնք մեզ քաղաք էին իջեցնում Մեզոնից վերադառնալու ճամփին, ու մենք նստում էինք Café de la Paix-ի դիմաց ու նայում էինք անցորդներին: Հավես էր այդտեղ նստելը: Անցորդների հոսքը մեծ էր, ու մեզ անդընհատ ինչ-որ մարդիկ էին մոտենում, մեկ մի բան առաջարկում գնել, մեկ ուրիշ բան, ու ես անչափ սիրում էի նստել այդտեղ ծերուկիս հետ: Հենց այդ ժամանակ էլ ամենահավեսն էր: Մեզ մոտենում էին խաղալիքճագարներ վաճառողները, ու ճագարներն այդ թռչկոտում էին, երբ սեղմում էիր բալոնին, ու երբ մոտենում էին վաճառողները, հայրիկը սկսում էր կատակել նրանց հետ: Ֆրանսերեն ծերուկս խոսում էր այնպես, ինչպես անգլերեն, և այդտեսակ բոլոր մարդիկ ճանաչում էին նրան (ժոքեյին առաջին իսկ հայացքիս կճանաչես, և հետո մենք միշտ նստում էին միևնույն սեղանի շուրջ, ու նրանք արդեն սովորել էին մեզ): Գալիս, կանգնում էին նաև փոքրիկ տղաներ ու ամուսնական թերթ էին վաճառում, նաև աղջիկներ կային, որոնք ռետինե գնդակներ էին վաճառում, ու երբ ճզմում ես դրանք ափիդ մեջ, աքլորն է դուրս գալիս, հետո մի ծերուկ կար, ճճվի էր նման, ու վաճառում էր նա Փարիզի նկարներով փոքրիկ բացիկներ ու ցույց էր տալիս դրանք անցորդներին, և, իհարկե, ոչ ոք չէր գնում դրանք, իսկ հետո նա վերադառնում ու ցույց էր տալիս՝ ինչ կա տոպրակում, իսկ այն լի էր խուժան բացիկներով, ու մարդիկ մոտենում, փորփրում էին տոպրակն ու գնում դրանցից:
Չէ, բայց, իրոք, զվարճալի մարդիկ էին անցնում: Ընթրիքից հետո աղջիկներ էին անցնում՝ զննելով շուրջը, կարծես փնտրելով մեկին, ով կհրավիրի ճաշելու, և նրանք խոսում էին ծերուկիս հետ, ծերուկս էլ ֆրանսերեն կատակում էր նրանց հետ, հետո նրանք գլուխս շոյում ու հեռանում էին: Մի անգամ կողքի սեղանին մի ամերիկուհի էր նստել իր փոքրիկ աղջնակի հետ, ու երկուսն էլ պաղպաղակ էին վայելում, ու ես աչքերս հառել էի աղջնակին, նա սարսափելի գեղեցիկ էր, ու ես ժպտացի նրան, նա էլ ինձ ժպտաց, բայց ավել բան չեղավ, քանի որ դրանից հետո ես շարունակ սպասում էի կնոջն ու իր աղջնակին, և մտքումս արդեն քայլեր էի փնտրում աղջնակի հետ խոսելու ու մտածում՝ եթե ծանոթանամ նրա հետ, կթողնե՞ն արդյոք՝ տանեմ ինձ հետ Օթեյլ կամ Թրամբլե, բայց ես այդպես էլ նորից չտեսա նրանցից մեկնումեկին: Ինչևէ, կարծում եմ ավելի լավ չէր էլ կարող լինել, դե որովհետև, երբ նայում եմ այդ ամենին, միակ ամենալավ բանը, որ կասեի, կհնչեր այսպես. «Կներեք ինձ, եթե կցանկանաք, կարող եմ այսօրվա Էնգիենի հաղթողի անունը հուշել…»: Եվ այդ ամենից հետո նա, երևի, ինձ դատարկախոսի տեղ կդներ՝ չհավատալով, որ իրոք կհուշեմ:
Մենք նստում էինք Café de la Paix սրճարանում, ու մատուցողը մեզ հետ շատ լավ էր, որովհետև ծերուկս միշտ վիսկի էր վերցնում, իսկ այն հինգ ֆրանք արժեր, ու ենթադրվում էր, որ ծերուկս լավ թեյավճար կթողնի, երբ պնակները հաշվեին, վերջացնեին: Երբեք չէի տեսել, որ ծերուկս այսքան խմեր, ու հիմա նա ընդհանրապես էլ չէր վարում, ու համոզում էր ինձ, որ վիսկիից նիհարում է, բայց ես հո տեսնում էի, որ չաղանում է: Նա բավականին հեռվացավ Մեզոնի՝ մեր հին ընկերախմբից, ու կարծես նրան դուր էր գալիս այսպես նստել բուլվարում ինձ հետ միասին: Բայց ձիարշավին ամեն օր դնում էր: Ու եթե պարտվում էր, ողջ օրվա ընթացքում քիթը կախ էր լինում, մինչև որ չէր նստում իր սեղանիկի շուրջ ու խմում առաջին բաժակը, որից հետո տրամադրությունն իսկույն բացվում էր:
Միշտ Paris-Sport էր կարդում, ու պատահում էր՝ կբարձրացնի աչքերը թերթից ու կհարցնի.
Հը՞, Ջո, բա սիրունիկդ ու՞ր է, – ծաղրում էր այդպես, որովհետև պատմել էի կողքի սեղանի աղջնակի մասին, ու ես կարմրում էի, բայց ինձ դուր էր գալիս, որ հենց աղջնակի հետ է կապված ծաղրը, լավ էի զգում, – Ուշքդ վրադ պահիր. գուցե վերադառնա: – կասեր նա:
Նա ինձ հարցեր էր տալիս տարբեր բաներից, ու որոշ պատասխաններիս վրա ծիծաղում էր: Հետո նա էր խոսում տարբեր բաներից՝ Եգիպտոսում անցկացվող ձիարշավից, կամ Սբ. Մորիթզում՝ սառցի վրա, երբ դեռ մայրիկս ողջ էր, կամ, ասենք, պատերազմի ժամանակ Ֆրանսիայի հարավում անցկացվող ամենօրյա արշավներից, որոնք առանց մրցանակի ու շահումների էին, ու անցկացվում էին զուտ նրա համար, որ տեսակը պահպանվի: Այդ կանոնավոր արշավներին ժոքեյները ծուխ էին հանում ձիերից: Էհ, ժամերով կարող էի լսել ծերուկիս, մանավանդ, երբ արդեն մի քանի բաժակ խմել էր: Նա պատմում էր ինձ Կենտուկիից, ինչպես էր գնում ջրարջի որսի, երբ փոքրիկ տղա էր, ու Նահանգներում անցկացրած այն հին օրերից, երբ այն դեռ կարգին երկիր էր: Ու նա ասում էր.
Ջո, հենց որ մի կարգին բան բռնենք, վերադառնալու ես Նահանգներ ու գնաս դպրոց
Ինչի՞ս է պետք՝ վերադառնամ սովորելու, երբ էնտեղ քարը քարին չի մնացել: – հարցնում էի:
Դա ուրիշ է: – Ասում էր նա ու վճարում մատուցողին պնակների համար, որից հետո տաքսի էինք բռնում դեպի Սեն Լազարի Կայարան, որտեղից էլ՝ գնացքով Մեզոնից դուրս:
Մի անգամ Օթեյլում ծերուկս աճուրդին գնեց հաղթողին 30.000 ֆրանկով: Ճիշտ է՝ մի փոքր պետք եղավ ավելացնել, բայց վերջիվերջո ձին հասավ ծերուկիս, մի շաբաթ անց էլ նա ստացավ իր վկայականն ու գույները: Մենակ տեսնեիք՝ ինչ հպարտ էի, երբ ծերուկս սեփականատերն էր: Ախոռի համար նա պայմանավորվեց Չարլզ Դրեյքի հետ ու դադարեց փարիզյան այցելությունները, սկսեց մարզվել ու ջուր դառնալ նորից, միակ ձիապաններն էլ մենք էինք՝ ես ու ծերուկս: Մեր ձիու անունը Գիլֆորդ էր, իռլանդական ցեղի ձի էր, կարգին ցատկում էր: Ծերուկս հաշվարկեց, որ ինքնուրույն մարզելով ու վարելով, արդեն իսկ կարելի է ծախսի տեղը հանել:  Ես հպարտանում էի այդ ամենով, ու կարծում էի, որ մեր Գիլֆորդը ոչնչով չի զիջում Քսարին: Կարգին աշխետ էր, անչափ սլացիկ, եթե մի լավ ճիպոտես հարթ վազքուղու վրա, ու հետո գեղեցիկ ձի էր:
Ո՜նց էի սիրում մեր Գիլֆորդին: Հենց առաջին անգամ, երբ ծերուկս վարեց նրան, երկուսուկես կիլոմետրանոց մրցավազքին երրորդը հասավ, ու երբ ախոռում ծերուկս իջավ ձիուց՝ երջանիկ ու ամբողջովին ջուր դառած, ու գնաց կշռվելու, ես այնքան հպարտ էի՝ կարծես, առաջին անգամն էր, որ տեղ է բռնում: Հասկանում եք, երբ մարդը երկար ժամանակ չի վարել, դժվար է հավատալ, որ ժամանակին նա էլ էր ժոքեյ: Հիմա լրիվ ուրիշ էր, որովհետև Միլանում ծերուկս անտարբեր էր նույնիսկ մեծ ձիարշավներին, ու եթե հաղթում էր, հուզմունք չկար, բայց հիմա այնպես էր, որ չէի էլ քնում արշավների նախորդ գիշերները, ու գիտեի, որ ծերուկս էլ էր անհանգիստ, չնայած որ չէր ցույց տալիս: Լրիվ ուրիշ է, երբ քո ձին ես վարում:
Ծերուկիս ու Գիլֆորդի երկրորդ վազքը Օթեյլում էր մի անձրևոտ կիրակի, վազքուղին էլ չորսուկես կիլոմետրանոց Prix du Marat-ն էր: Հենց որ ծերուկս դուրս եկավ, ես թռա տրիբունայի վրա ու սկսեցի դիտել իմ նոր հեռադիտակով, որը ծերուկս հենց դրա համար էլ գնել էր: Նրանք սկսում էին հեռվում՝ ձիարշավարանի մյուս ծայրում, ու ստարտի մոտ ինչ-որ իրարանցում էր: Սև աչքակալով մի ձի շատ անհանգիստ էր, անընդհատ ծարս էր լինում, նույնիսկ մի անգամ ոտքերը հանեց արգելքին, բայց ես տեսնում էի ծերուկիս՝ մեր՝ սպիտակ խաչով սև ժակետը հագին, սև քեփն էլ գլխին, ու նա նստած էր Գիլֆորդի մեջքին ու ձեռքով շոյում էր նրան: Եվ ահա, նրանք պոկվեցին տեղից ու չքվեցին այնտեղ՝ ծառերի ետևում, զանգը խլացրեց, ու տոմսարկղի դռները շրխկոցով փակվեցին: Օ՜հ, մենակ տեսնեիք՝ ի՜նչ հուզված էի, այնքան, որ նույնիսկ վախենում էի նայել նրանց կողմ, բայց վերջիվերջո հեռադիտակս ուղղեցի հենց այն կողմ, որտեղից պիտի դուրս գային ծառերի ետևից,  ու նրանք դուրս եկան, մեր սև ժակետն էլ երրորդն էր, ու այնպես թռան խրամի վրայով, կարծես թռչուններ լինեին: Հետո նորից  չքվեցին, նորից երևացին ու սուրացին բլուրն ի վար, ու վարգեցին այսպես սիրուն, թեթև, փափուկ, ու խմբվելով անցան ցանկապատի կողքով ու ասես մի մարմին դառած՝ նորից հեռվացան մեզնից: Թվում էր՝ կարելի կլինի քայլել նրանց մեջքերի վրայով. այդ աստիճան մոտիկ ու հավասար էին վարգում: Հետո ցատկեցին մեծ, երկշերտ արգելապատնեշի վրայով, ու ինչ-որ բան ընկավ: Ես չէի տեսնում՝ ով էր ընկնողը, բայց մի րոպե անց ձին վեր կացավ ու քառատրոփ քայլեց դեպի դաշտը, իսկ մնացածը նորից խմբվելով անցան ձախակողմյա երկարուկ շրջադարձն ու դուրս եկան ուղիղ հատված: Նրանք ցատկեցին քարե արգելքի վրայով ու վարգեցին դեպի ձիարանի դիմաց գտնվող ջրով խրամը: Ես տեսա, որ մոտենում են, ու ձայն տվեցի ծերուկիս, երբ սուրաց ինձ մոտով. համարյա մի ամբողջ կորպուս առաջ էր ընկել ու կապիկի պես թեթև վարում էր փոքր ինչ կողքով, ու սուրում էին այդպես դեպի ջրով խրամը: Բոլորը մի շնչով անցան խրամի ցանկապատի կողքով, ու հանկարծ մի զխկոց լսվեց, ձիերից երկուսը ելան ու շարունակեցին, իսկ մյուս երեքը մնացին պառկած: Ծերուկս չէր երևում: Ձիերից մեկը ծնկի ելավ, ու ժոքեյը բռնեց սանձը, բարձրացավ վրան ու գնաց՝ իր փողը ստանալու: Մյուս ձին ինքնուրույն ոտքի ելավ ու քառատրոփ քայլեց՝ թափահարելով գլուխն ու կախված սանձերը, ժոքեյն էլ ճոճվելով քայլեց դեպի ցանկապատը: Եվ ահա Գիլֆորդը գլորվեց ծերուկիս վրայից, ելավ ու աջ սմբակն օդում ճոճելով՝ երեք ոտքով մի կողմ քայլեց, իսկ ծերուկս տախտակի պես ընկած էր խոտերին՝ դեմքով դեպի երկինքը, ու գլուխը մի կողմից ամբողջովին արյան մեջ էր: Ես թռա տիրբունայից, վազեցի ամբոխի միջով, ու ոստիկանը բռնեց ինձ ու բաց չէր թողնում, ու ես տեսա՝ ինչպես երկու թիկնեղ սանիտար պատգարակով վազեցին ծերուկիս ետևից, իսկ հեռվում, ձիարշավարանի մյուս ծայրում, տեսա՝ ինչպես երեք ձի, մի գծով շարված, երևացին ծառերի ետևից ու ցատկեցին արգելքի վրայով:
Ծերուկս արդեն մեռած էր, երբ ներս բերեցին, ու մինչ բժիշկը ականջներին դրած ինչ-որ սարքով լսում էր ծերոկիս սիրտը, մի կրակոց լսեցի, ու հասկացա, որ սպանեցին Գիլֆորդին: Երբ տարան ներս՝ հիվանդասենյա, ես պառկել էի ծերուկիս կողքին ու լացում էի, լացում, նա այնքան գունատ էր ու անզգա, այնքան մեռած, ու միևնույն է ուշքի չէի գալիս այն մտքից, որ եթե ծերուկս մահացել էր, անպայման չէր սպանել Գիլֆորդին: Սմբակը կլավանար: Չգիտեմ: Ես շատ էի սիրում ծերուկիս:
Հետո երկու հոգի մտան, ու նրանցից մեկը թփթփացրեց մեջքիս, մոտեցավ ծերուկիս ու սկսեց նայել, հետո քաշեց սավանն ու ծածկեց ծերուկին: Իսկ մյուսը հեռախոսով ասաց ֆրանսերենով, որ սանիտարական կառք բերեն ու տանեն ծերուկիս Մեզոն: Եվ ես ոչ մի կերպ չէի հանգստանում ու ձայնով լացում էի, ու այդ պահին ներս մտավ Ջորջ Գարդները, նստեց գետնին, գրկեց ինձ կողքից ու ասաց.
Լավ, լավ, մեծ տղա, Ջո: Վեր կաց, գնանք, սպասենք սանիտարական կառքին:
Ես ու Ջորջը դուրս եկանք դարպասից, ու ես փորձում էի էլ չլացել, և Ջորջը սրբեց երեխսս իր թաշկինակով, ու մենք մի փոքր կողք քաշվեցինք, երբ ամբոխը դուրս էր գալիս դարպասից, հետո երկու հոգի կանգ առան մեզ մոտ, մինչ սպասում էինք, որ բոլորը դուրս գան, ու նրանցից մեկն ասաց՝ հաշվելով տոմսերի խուրձը.
Բաթլերը, լա՜վ էլ իրենն ստացավ:
Մյուսն ասաց.
Ի՞նձ ինչ, որ ստացավ խարդախը Տեղն էր դրան, իր հալով չմնաց:
Իհարկե, չմնաց, – ասաց առաջինն ու երկու կես արեց տոմսերի խուրձը:
Ջորջ Գարդները նայեց ինձ, երևի որ տեսնի, լսեցի, թե ոչ, և, իհարկե, ես ամեն ինչ լսել էի, ու նա ասաց.
Մի լսիր, էս ապուշներին, Ջո: Հայրիկդ կարգին տիպ էր:
Անկեղծ ասած, չգիտեմ:  Երևի դժվարը սկսելն է. հետո մարդուց բան չեն թողնում:

Թարգմանությունը՝ Դավիթ Սահակյան

Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ Պատմվածքներ
Էռնեստ Հեմինգուեյ | Ծերուկս Էռնեստ Հեմինգուեյ | Ծերուկս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 17, 2018 Rating: 5
Технологии Blogger.