Լևոն Շանթ | Կյանքը և գործը


Հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթը (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան), ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին, Կ.Պոլիսում, գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899 թվականին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։
Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։
«Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր»,- խոսելով իր ծրագրերի և նպատակների իրականացման մասին ասել էր գրողը:
Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890–ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։
Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը», «Ուրիշի համար», «Ճամբուն վրա» դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ», «Կայսր», «Շղթայվածը», «Ինկած բերդի իշխանուհին», «Օշին Պայլ» պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ: Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալհոգեբանական խնդիրներ։
«Եթե կուզեք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, ընկճեցեք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկուն կուրծքին տակ. Մեռցուցեք ձեր միջի բռնակալը»,- կոչ է արել Լևոն Շանթը:
Շանթը 1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Անդրկովկաս։ Մահացել է1951թ. նոյեմբերի 29-ին, Բեյրութում:

Լևոն Շանթ | Կյանքը և գործը Լևոն Շանթ | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 07, 2018 Rating: 5
Технологии Blogger.