Պարևույր Սևակ | Ընկերուհուս


Ահա և իմ տան նոր բնակիչը՝
Իմ առաջնեկը, նորածին որդին,
Որի մանկական առաջին ճիչը
Այնպես ներդաշնակ ու քաղցր է հնչում
Խաղաղության մեջ իմ ժողովրդի:


Քնել է հիմա իմ փոքրիկ որդին:
Այնպես խաղաղ է այդ անմեղ քունը,
Կարծես մանկական լույս դեմքի վրա
Շառագունել է և անդրադարձել
Նույն ինքը երկրիս խաղաղությունը:
. . . . . . . . . . . . . . . . . . .

...Հենց այս վայրկյանիս,
Ասես չտրված իմ հրամանով,
Արթնացավ ահա նա միանգամից:
Մայրը խոսում է նրա հետ հիմա
Մայրական բոլոր խոսքերով ծանոթ:
Վախենում է նա.
-Բարձրացավ քամի,
Օդանցքը փակե՛ք, փակեցեք դո՜ւռն էլ...
-Այս փաթաթանը կոպիտ է կարծես...
-Փռշտա՜ց:
         -Հազա՜ց:
                  -Աստվա՜ծ իմ, մրսե՛ց...
Եվ անվերջ նո՛ւյնը, միշտ նո՛ւյնը, նո՛ւյնը.
-Փռշտա՜ց...
         -Մրսե՜ց...
                  -Թեթև՜ է հագել...
-Միջանցուկ քամի՜...
                  -Օդանցքը փակե՜լ...

Կարող է այսպես տևել ողջ տարին,
Կարող է այսպես տևել կյանքը ողջ:
Ես հասկանում եմ, որ մայր է բարի,
Բայց անվերջ նո՛ւյնը, միշտ նո՜ւյնը, օ, ո՛չ:
Ու ես ժպտադեմ դիմում եմ նրան.

-Սիրելի՜ս, լսի՛ր.
Դու ի՞նչ ես անում իմ միակ որդուն:
Թո՛ղ որ բաց լինի և օդա՛նցք, և դո՛ւռ,
Միջանցիկ քամին թող որ ներս խուժի,
Իսկ դու լավ հիշիր,
Դու մի՛ մոռանա նորից ու նորից,
Որ այս մանկիկը պիտի չմրսի,
Որ այս մանուկը պիտի չսարսի
Համաշխարհային.
         սպասվո՛ղ,
                  ներկա՛
Բոլո՜ր միջանցիկ սուր քամիներից:

[1948թ.]     
Երևան

Տես Նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարևույր Սևակ | Ընկերուհուս Պարևույր Սևակ | Ընկերուհուս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 15, 2018 Rating: 5
Технологии Blogger.