Թեոդոր Դրայզեր | Մեծն ամերիկյան վեպը


Շատ հնարավոր է, որ ամերիկյան գրականության արշալույսին գրողները, ցանկանալով արտացոլել ամերիկյան իրականությունը, ներշնչանքի որոնումների մեջ դիմած լինեն ռեալիստական վեպի եվրոպական խոշորագույն վարպետներին: Սակայն ամերիկյան գրականության պատմությանը վերաբերող իմ ընթերցած ոչ մի գրքում չեմ հանդիպել նման սկզբնաղբյուր մատնանշող ուշադրության արժանի որևէ վկայակոչում: Սկսած Մելվիլի «Թայփիից», Հոթորնի «Ալ տառից» և Պոյի ու Ուիթմենի բավական յուրօրինակ, եթե չասենք՝ ստեղծագործական եղանակի առումով միանգամայն ռեալիստական գործերից, կարող ենք արդեն խոսել այնպիսի գրող-ամերիկացիների մասին, ովքեր եթե նույնիսկ ինչ-որ բանով պարտական են արտասահմանյան իրենց ժամանակակիցներին, ապա ընդամենը անչափ քիչ: Ավելին, սկսած այդ ժամանակից, նրանցից սովորում է ոչ միայն Եվրոպան, այլև՝ ամբողջ աշխարհը:
Ամերիկյան իրականության առաջին մաքուր ռեալիստական վերարտադրման լույս աշխարհ գալու ճշգրիտ օրը որոշելու նպատակով պետք է դիմել 1850-ական թվականների սկզբին: Կալիֆոռնիայում ածխափորի լքված հյուղակում գտնված «Հիսունականի օրագիրը» ներկայացնում է ռեալիզմի ու նատուրալիզմի մի ապշեցուցիչ օրինակ: Մեր առջև հառնում է լեռնային ոսկեբեր գետերում տքնող կենդանի մարդը: Այդ գիրքը երբեք մահ չի ունենա:
«Քեռի Թոմի խրճիթում», «Դրեդում» և «Սխրագործության ալ նշանում» նկատելի է ռոմանտիզմի ու ռեալիզմի միախառնումը: Հետո արդեն Ամերիկայում երևան են գալիս իսկական ռեալիստները՝ Հենրի Ջեյմս, Ուիլյամ Դին Հոուելս, Բրեթ Հարթ, Մարկ Տվեն և Ռոբերտ Գրանտ: Որպես մարդ և որպես ժամանակակից ռեալիզմի ներկայացուցիչ, ես դեն կնետեի Ջեյմսի գրեթե բոլոր գրքերը դրանցում նկարագրված իրադարձությունների նեղ ու բացահայտ դասակարգային մոտեցման պատճառով, ինչպես նաև Հոուելսին ամբողջությամբ՝ հերոսների սոցիալական բնութագրերի բացակայության և, որ ավելի ահավոր է, անգրագիտության համար (միակ բացառությունը «Ամուսնական ճանապարհորդությունն» է): Չնայած այնպիսի ստեղծագործությանը, ինչպիսին «Սայլաս Լաֆեմի առաջընթացն» է, Հոուելսին առանց այլևայլության կարելի է հանել արժանահիշատակ գրողների ցուցակից:
1886 թ. Չիկագոն աշխարհին տվեց Հենրի Բ. Ֆուլլերին, որի «Թափորի հետևից» վեպը մինչ այդ գրված բոլոր գրքերի մեջ ռեալիզմի ամենավառ օրինակն է: Անկասկած, Ֆուլլերն ստեղծեց առաջին զուտ ամերիկյան ռեալիստական վեպը: Գրքում պատկերված է անկախության համար մղված պատերազմի ավարտի ժամանակաշրջանը: Գործող անձանց ներաշխարհը բացահայտելու, նրանց արարքները ցուցադրելու և ետպատերազմյան շրջանում առևտրական ու հասարակական կյանքը նկարագրելու միջոցով հեղինակը ներկայացնում է այդ օրերի Չիկագոյի իրականության պատկերը: Այդ գիրքը մեզ առավել չափով է մոտեցնում խոշոր բիզնեսի երևան գալու պահին ու դրա հետևանքով ծնունդ առած հասարակական միջավայրին, ավելի մոտ, քան հարյուրավոր այլ ավելի թույլ կամ պակաս նշանակալի ստեղծագործություններ: Եթե ընդհանրապես կարելի է խոսել ամերիկյան ռեալիզմի նախահոր մասին, ապա նա, անկասկած, Հենրի Բ. Ֆուլլերն է:
Սակայն Ֆուլլերն ստեղծագործել է 1886 թվականին, դրանից անցել է արդեն շուրջ կես դար: Այդ ընթացքում ի՞նչ է արվել ամերիկյան ռեալիստական վեպի բնագավառում: Եթե ենթադրենք, որ ամերիկյան ռեալիստների ուսուցիչներն են եղել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի կամ Անգլիայի վարպետ-ռեալիստները, ապա նրանց գրական հավատամքը կարելի է սահմանել այսպես. կենսապայքարում մարդու գլխավոր հակառակորդը ճակատագիրն է, մարդուն անպայման դիմակայում են ինչ-որ խոչընդոտներ, եթե նա կռվում միանգամից չի պարտվում, կպարտվի ավելի ուշ, քանզի բնականորեն կորցնելու է երիտասարդությունը, ուժերը, փառասիրությունն ու լավագույն տարիներին մշտապես ուղեկից հաջողությունը:
Այս հավատամքը լիովին ներկա է ավելի ուշ շրջանի ամերիկյան գեղագետ-ռեալիստների ստեղծագործություններում: Գրեթե միաժամանակ հայտնվեցին Սթիվըն Քրեյնի «Սխրագործության ալ նշանը» (որը հաճախ նշվում է որպես Ամերիկայի առաջին ռեալիստական ստեղծագործություն) և Հեմլին Ջարլենդի «Թափառումների ուղիները» (վեպ, որ ռեալիստորեն պատկերում է գյուղական կյանքը): Երկուսն էլ հրատարակվել են 1894 թվականին: Հասկանալի է, որ երկուսում էլ մարդու պայքարն է, անհաջող պայքարը սեփական ճակատագրի դեմ:
Դրանցից հետո, 1899 թ. մարտին երևան է գալիս Ֆրենկ Նորրիսի «Մաքտիգը», մի լավագույն օրինակ, որ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի ամերիկյան ռեալիստական վեպը: Այն կարելի է արժանիորեն դնել «Թափորի հետևից» վեպի հետ նույն շարքում: Մեկ տարի անց հայտնվում են Հարվեյ Ուայթի «Հուսո ավազները» (խստականոն, սակայն ուշագրավ գիրք), Ուիլլի Փեյնի «Ասք Եվայի մասին»-ը (ուժեղ գործ), Հարոլդ Ֆրեդերիկի «Տերոնյան բլուրների անեծքը» (ճշմարտացի և հուզիչ) և Բրանդ Ուիթլիքի «13-րդ շրջանը» (բավական նշանակալի ներդրում գրականության մեջ, չնայած մի մեծ թերության՝ այն ժամանակների բարոյական պայմանականությունների բացահայտ և անկեղծ արդարացում): Նույն թվականին հրատարակվեց «Քույր Քերրին»: Բոլոր այս գրքերը հայտարարվեցին վտանգավոր և անմիջապես պարսավանքի ենթարկվեցին կեղծ բարեպաշտությամբ ու բարոյականությամբ համակված հասարակության կողմից: Բոլոր գրքերի, այդ թվում՝ «Քույր Քերրիի» հեղինակներին հասարակությունը, հրատարակիչներն ու քննադատները բոյկոտ հայտարարեցին՝ նրանց նշավակելով ապաշնորհ ու անամոթ գրչակներ պիտակներով:
Ես խորապես ապրել եմ այդ ժամանակները: Մեծագույն հաճույքով ու համակրանքով եմ կարդացել վերը հիշատակված գրքերը, խորհրդածել դրանց արժանիքների ու հնարավորությունների շուրջ: Սակայն, չնայած մյուսների թվում իմ գիրքը նույնպես հետապնդումների ու բոյկոտի ենթարկվեց, իսկ Ֆրենկ Նորրիսից, երբ 1902 թ. լույս տեսավ նրա երկրորդ վեպը՝ «Հորձանուտը», երես թեքեցին բութ շահամոլության գիրկն ընկած նրա գրական ընկերները, ես այդպես էլ չհասկացա, որ միայն հրատարակիչները, մամուլն ու քննադատները չէին մեղավոր, այլ՝ հենց ամերիկացիների հոգևոր կերտվածքն ու նրանց բարոյական հասունացման մակարդակը, որ մեզանում արդեն արմատակալման ժամանակ ոչնչացվում են դաժան ու կոպիտ կյանքի արտացոլմանն ազնվորեն վերաբերվելու բոլոր փորձերը: Կարճ ասած՝ այդ փորձերը խափանելու համար պետք է մեղադրել ոչ թե այս կամ այն հրատարակչին, այլ՝ ամերիկյան հասարակությանն ամբողջությամբ: Իսկ հասարակությունն անողոք էր: Գրքերն ու դրանց հեղինակները պարզապես մոռացության մատնվեցին: Դրանք դուրս թողնվեցին հիշողության դաշտից և, բացառությամբ «Մաքտիգի» ու «Քույր Քերրիի», այդպես էլ ջրի երես դուրս չեկան: Արդեն 1908 թ. ես համոզվեցի, որ Հենրի Լ.Մենքենի նման քննադատը, որ համագործակցում էր «Սմարթ սեթի» մատենագիտական բաժնի հետ, գաղափար անգամ չուներ ոչ Նորրիսի, ոչ էլ իմ թվարկած մյուս ժամանակակիցների մասին: Եվ ավելի քիչ էր տեղյակ հատկապես ռեալիզմի իրական ռահվիրաներին: Ովքեր ցանկանում են համոզվել դրանում, խորհուրդ կտայի կարդալ Մենքենի առաջաբանը «Մաքտիգի» մասին Ֆ. Նորրիսի լիակատար ժողովածուի 1929 թ. հրատարակության մեջ, ուր հեղինակը Նորրիսին անվանում է ամերիկյան ռեալիզմի հիմնադիրը՝ անտեսելով Մելվիլին, Ջեյմսին, Ուորթընին, Ֆուլլերին ու Քրեյնին: Իսկ Հ. Ջ. Ուելսը մինչև հիմա էլ վստահ է, թե ամերիկյան ռեալիզմի հիմնադիրը Սթիվըն Քրեյնն է:
Ինքը՝ Հենրի Բ. Ֆուլլերը, 1913 թ. ինձ պատմել է, թե ինչու է թողել գրելը. նրան թունավորել էր ռոմանտիկորեն տրամադրված, կատաղած օրապակասների՝ քննադատ-պուրիտանների ոհմակը, որոնք անընդհատ աղաղակում էին, թե նրա գրքերը իրականության մասին զրպարտագիր են, այն էլ՝ անտաղանդ զրպարտագիր: Չիկագոյի ընկերներն էլ, բացի նրա գրքերը անխրախուսաբար ընդունելուց, զբաղվում էին նաև նրան թունավորելով: Հասարակության պահանջների ճնշման տակ և համոզվելով, որ իրեն հերետիկոս են համարում, Ֆուլլերը հնազանդվեց: Հենց այնտեղ, Չիկագոյում, 1913 թ. Հեմլին Ջարլենդն ինձ ասաց, որ առօրյա կյանքի կոպիտ իրողությունը, որ նկարագրված է իր «Թափառումների ուղիներում», վեր էր ոչ այնքան իր գրչից, որքան՝ համարձակությունից: Նա ստիպված էր դավաճանել իր սկզբունքներին՝ ենթարկվելով իր միջավայրի մարդկանց պահանջին: Նա ամուսնացած էր հարուստ կնոջ հետ, և ամերիկյան կյանքի իրական պատկերումը սպառնում էր նրան դուրս շպրտել իր միջավայրից: Համոզված եմ, որ Ուիլ Փեյնն ու Հարոլդ Ֆրեդերիկը, որ իրականությունը ռեալիստորեն պատկերելու փորձերի համար ենթարկվեցին դաժան հարձակումների, մեծ պատրաստակամությամբ նետվեցին «Սաթըրդեյ իվնինգ փոստ» ամսագրի ոսկեբեր գիրկը, որի էջերում որոշ ժամանակից հայտնվեցին նրանց ծայրեծայր կեղծ գրվածքները:
Ամերիկայում ռեալիզմի արմատավորման երկրորդ փուլը պակաս զվարճալի չէ, քան առաջինը, այն պարզապես անհեթեթ է: Այն համակված էր ռեալիզմի ոգին ըստ ամենայնի զարգացնելու ձգտումով, քանզի այդպես կարելի է ստեղծել ամերիկյան ռեալիզմի մի ամբողջ դպրոց: Ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում վերը հիշատակված առաջամարտիկների ստեղծագործությունը, իսկ ավելի ուշ՝ Մենկենը: Նորրիսին, որն ապրեց ընդամենը մինչև 1913 թ., գովերգում էին «Մաքտիգի» և «Ծովահրեշի» համար: Գովասանքի մյուս առարկան «Քույր Քերրին» էր: Ամերիկայում թաղված լինելով Ֆրենկ Դաբլդետի թեթև ձեռքով, այն դեռևս գոյատևում էր Անգլիայում ու մայրցամաքում: Ճիշտ է, ամերիկացիների մեջ կային մարդիկ, ովքեր կարդացել էին «Հոսող ավազները», «Տերոնյան բլուրների անեծքը» և «Ասք Եվայի մասին»-ը, այդպիսով զգալով Ամերիկայում ծնունդ առնող comedie humaine-ի բուրմունքը: Այդ ամենը նրանց մեջ բորբոքուն ցանկություն առաջացրեց մեզանում նույնպես ունենալու իսկական մեծ ռեալիզմ, և արդեն 1907 թ. Հյունեկերը, իսկ 1909-ին՝ Մենկենը սկսեցին կոչ անել ստեղծելու Զոլայի ու Բալզակի ոգով ռեալիստական ստեղծագործություններ:
Նորրիսի մահից հետո պարոնայք Հյունեկերն ու Մենկենը, որպես այդ առումով հույս ներշնչող միակ գրող, առանձնացրեցին ինձ, և այդ օրվանից սկսած՝ ցանկացած սկսնակի, որ նվազագույն իսկ հակում ուներ դեպի ռեալիզմը, սկսեցին առատորեն գովաբանել՝ հաճախ գերագնահատելով իրական արժանիքները: Այդպես վարվեցին Ջեկ Լոնդոնի, Օ'Հենրիի և Դեյվիդ Գրեմ Ֆիլիպսի հետ, չհաշված մյուսներին: Եվ ռեալիզմի կարոտախտն այնքան բուռն էր, որ 1909-10 թթ., երբ պարոնայք Մենկենն ու Նաթանը ձեռնամուխ եղան «Սմարթ սեթի» քննադատական բաժինը ղեկավարելուն, այդ առաջադեմ խմբագրությանն առընթեր, իրենց հովանու ներքո ստեղծեցին երիտասարդ ամերիկացի ռեալիստների դպրոց:
Ամերիկայի գրեթե բոլոր քոլեջների և բարձրագույն դպրոցների գրականագիտական բաժանմունքներում անմիջապես հայտնվեցին ռեալիզմի հատուկ դասընթացներ: Եվ այսօր մենք ականատես ենք այդ հափշտակության սարսափելի արդյունքներին: Իմ գրադարակները պարզապես ճկվում են այն օրերի կեղծ-ռեալիստական գրական զավակների ծանրությունից, որոնք իրենց ծննդով պարտական են Մենկենին: Չէ՞ որ հենց նրա բարձրագոչ գովեստներին էին հետևում բոլոր թերթերն ու քննադատական ամսագրերը՝ ներբողելով «մեծագույն հանճարներին», «ամերիկյան վարպետությամբ իսկապես օժտվածներին», որ փոփոխվում էին ոչ միայն ամիսը մեկ, այլ նույնիսկ՝ ամեն շաբաթ:
Եվ այս կամ այն գրողի հանճարի փառքն ամրապնդելու համար հենց այդ ժամանակ էլ մոդա դարձավ կազմերի վրա մատենագրական ծանոթություն զետեղելը, երբ ինքը՝ հրատարակիչը, ձեռքը խղճին դրած, զմայլված կրկնում էր քննադատի գովեստները:
Ավելին, միայն իրենց շահը հետապնդող անազնիվ հրատարակիչները, վարպետորեն կիրառելով նոր մարտավարությունը, իրենց նպատակների համար սկսեցին օգտագործել ամերիկացիներին համակած հիացածությունը, որպեսզի ավելի լավ սպառեին իրենց արտադրանքը: Եվ, իրոք, մինչև 1929 թ., երբ սկսվեց ճգնաժամը և սառեց հետաքրքրությունը դեպի գրական գործերը, ռեալիզմի նոր հանճարների բացահայտումն ու լույսընծայումը կեղծ արժեքների առևտրով զբաղված ցանկացած հրատարակչության ամենաեկամտաբեր աշխատանքն էր:
Ընթերցողը մինչև այսօր էլ սպասում է ամերիկյան ռեալիստական մեծ վեպի հայտնությանը: Եվ այն, որ այդ խորագրի տակ որոշ չափով կարող են դասվել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Ասք Եվայի մասին», «Հոսող ավազները», «Ոմնը», «Թշվառ գործարանատերերը», «Անձուկ տունը», «Ջոն Թերսդեյը», «Դեյվիդ Լևնիսկու ծագումը», ոչ ոք չի նկատում: Քննադատը, հրատարակիչն ու անհամբեր ընթերցողը դեռևս սպասում են: Սակայն բոլորը մի մարդու պես անտեսում են նշված գրքերն ու նախընտրում են կեղծ ռեալիստներին: Ամերիկյան ընթերցողի քննադատական հոտառությունն ու ճաշակն այնքան ցածր են, որ ի պաշտպանություն սեփական անձի, տաղանդավոր գրող Ջերդ Ֆլեգի գրած բացառիկ հետաքրքրական ռեալիստական գիրքը՝ «Ջերդ Ֆլեգի ոճիրը», մոռացության մատնվեց բացառապես լայնորեն տարածված այն կարծիքի պատճառով, թե գիրքը գրված է ի պաշտպանություն անբարո, կեղծ մարդու:
Այդ ընթացքում սկսվեց ու ավարտվեց համաշխարհային պատմության ամենաապշեցուցիչ շրջաններից մեկը՝ արդյունաբերականացման վերելքը, տիրապետության ու անկման շրջանը: Հայտնվեցին տիտաններ: Մղվեցին պատերազմներ: Միլիոնավոր տղամարդիկ ու կանայք ստրկացվեցին, շահագործվեցին, սովամահ եղան, ոչնչացվեցին: Ամենուրեք տիրապետում էր փողի անհոգի ու դաժան իշխանությունը, ճիշտ այնպես, ինչպես անցյալում իշխում էին կրոնն ու միապետությունը, փողը ոչ միայն հաստատեց իր դիկտատուրան, այլև ստեղծեց սկզբունքներ, որոնց համաձայն միայն կարող է ապրել մարդը: Անցյալի պալատների ու տաճարների տեղում կառուցեցին գործարաններ ու երկնաքերեր և բացականչեցին. «Նայե´ք ու խոնարհվե´ք: Ահա, աշխարհն այսպիսին պետք է լինի»:
Միաժամանակ որպես ռեալիստական գրականություն է ընդունվում այն ամենը, ինչ թանձրամիտ է, միջակ ու անպարկեշտ: Դա ակնառու է, բավական է միայն զննել ցանկացած գրադարան կամ այցելել մթերային ու ծխախոտի կրպակները և տեսնել, որ գրադարակները պայթում են վիպագրության նորույթներից, որոնք հավակնում են համարվելու մեծ ամերիկյան կյանքի բարձրաշխարհիկ ու պոռնոգրաֆիական կողմերի ոչ միայն ռեալիստական, այլև՝ գերռեալիստական արտացոլումը:
Իհարկե, դրանք հիմար գրքեր չեն: Նույնիսկ այնքան էլ վատը չեն հոգեբանության տեսակետից, չնայած դա առավելապես հյուրասենյակների ու թեյասեղանների հոգեբանությունն է: Գործողությունները ծավալվում են շատ աշխույժ: Սակայն մի տող անգամ չկա իրական կյանքի, իսկական ապրումների, իսկական մարդկանց, իրական դրամայի ու ողբերգության մասին: Եվ այդ գրքերը գնում են բացառապես անիրական մարդիկ, ովքեր ապրում են ոչ թե իրականությամբ, այլ՝ պատրանքներով:

Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյան
Թեոդոր Դրայզեր | Մեծն ամերիկյան վեպը Թեոդոր Դրայզեր  | Մեծն ամերիկյան վեպը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:03:00 Rating: 5
Технологии Blogger.