Էռնեստ Հեմինգուեյ | Ինչ-որ բան վերջացավ


Այն հին, բարի ժամանակներում Հորթընս Բեյը անտառահատների քաղաք էր։ Չկար այնտեղ մէկը, որին լսելի չլինէր լճի մօտակայքում գտնուող գործարանի հզօր սղոցների ձայնը։ Ու եղաւ մի տարի, երբ հատելու գերան այլեւս չկար։ Անտառանիւթ փոխադրող նաւերը եկան, մտան ծովախորշ ու բեռնուեցին սղոցարանի տարածքում դարսուած փայտով։ Փայտի բոլոր դարսուկները տեղափոխեցին, տարան։ Հսկայ սղոցարանի եղած֊չեղած բոլոր շարժական սարքաւորումները մի ժամանակ գործարանում աշխատած մարդիկ տարել֊բարձրացրել էին բեռնանաւերի վրայ։ Բեռնուած նաւը դուրս եկաւ ծովախորշից ուղղութիւն վերցնելով բաց լիճ՝ իր հետ տանելով երկու հսկայ սղոցները, շարժական փոխադրիչը, որ թափով նետում էր գերանները պտտուող կլոր սղոցների վրայ, ինչպէս նաեւ՝ խիտ դարսուած բոլոր սղոցներն ու անիւները, կաշեփոկերն ու մետաղական մասերը։ Նաւի բաց ամբարը ծածկուած էր պինդ կապկպուած առագաստարձակներով, առագաստները փքուել էին քամուց, ու այսպէս շարժւում էր նաւը լայնահուն լճով՝ իր հետ տանելով այն ամէնը, ինչը մի ժամանակ սղոցարանը սղոցարան էր դարձրել, իսկ Հորթընս Բեյը՝ քաղաք։
Միհարկանի խղճուկ տները, ճաշարանը, սղոցընկերութեան պահեստը, գրասենեակներն ու հենց ահռելի սղոցարանը լքուած֊կանգնած էին ծովախորշի ափամերձ, սղոցափոշով պատուած ճահճուտ մարգագետնի տարածքում։
Տասը տարի անց սղոցարանից այլեւս ոչինչ չէր մնացել՝ բացի հիմքի փշրտուած ճերմակ կրաքարից, որը երեւաց մատաղահաս անտառի արանքից, երբ Նիքն ու Մարջըրին թիավարելով անցնում էին ափի երկայնքով։ Նրանք ձուկ էին որսում ջրանցքի ափեզրով, ուր խորքի աւազը, յանկարծ փլուելով, տասներկու ոտնաչափ պղտոր ջրի վերածուեց։ Ու շարունակ առաջ էին մղւում նրանք հրուանդանի ուղղութեամբ՝ ծիածանափայլ կարմրախայտի գիշերային թոկեր դնելու։
Այ, հրես մեր հին փլատակը, Նի՛ք,— ասաց Մարջըրին։ Թիավարելով՝ Նիքը նայեց կանաչ ծառերի արանքից երեւացող քարին։
Ա՜յ քեզ բան,— ասաց նա։
Կարո՞ղ ես յիշել դրա սղոցարան եղած ժամանակը,— հարցրեց Մարջըրին։
Հենց նոր յիշեցի,— ասաց Նիքը։
Աւելի շուտ ոնց որ դղեակ լինի,— ասաց Մարջըրին։
Նիքը պատասխան չտուեց։ Նրանք շարունակեցին թիավարել՝ սղոցարանն այլեւս կորցնելով տեսադաշտից, հետեւելով ափագծին։ Յետոյ Նիքը կտրեց֊անցաւ ծովախորշը։
Ձուկը չի՞ կպչում,— հարցրեց նա։
Չէ՛,— պատասխանեց Մարջըրին։ Որսալու ողջ ընթացքում նա հակուել էր կարթաձողին, անգամ՝ խօսելիս։ Նրան դուր էր գալիս ձուկ բռնելը։ Նրան դուր էր գալիս Նիքի հետ որսալը։
Հենց նաւակի մօտ մի հսկայ կարմրախայտ դուրս պրծաւ ջրից։ Նիքը պինդ բռնեց մի թիակից՝ այնպէս, որ նաւակը թեքուեր, ու ետեւում պտտուող խայծն անցնէր այն կտցող ձկան կողմը։ Երբ կարմրախայտի մէջքը ջրից վեր բարձրացաւ, խարակաձկները հախուռն դուրս հորդացին։ Նրանք շաղ եկան՝ ասես մի բուռ շպրտուած մանրագնդակ ջրի երեսին։ Մի ուրիշ կարմրախայտ ճեղքեց ջուրը նաւակի միւս կողմից՝ ինչ֊որ բան ուտելով։
Կտցում են,— ասաց Մարջըրին։
Բայց չեն խփում,— պատասխանեց Նիքը։
Նա թիավարում էր՝ փորձելով բռնել կողքով անցնող խայծը կուլ տուած երկու ձկներն էլ, յետոյ նաւակն ուղղեց հրուանդանի կողմը։ Մարջըրին չէր երերում նաւակի մէջ, մինչեւ որ այն չհպուեց ափին։
Նրանք նաւակը քաշեցին ափին մօտ, ու Նիքը բարձրացրեց դեռ կենդանի պերկեսներով լի մի դոյլ։ Ձկները լող էին տալիս ջրի երեսին։ Նիքը բռնեց երեք հատ, պոկեց գլուխներն ու մաշկահան արեց, մինչդեռ Մարջըրին դոյլի մէջ ափլփում էր, վերջապէս մի հսկայ պերկես բռնեց, մաշկահան արեց։ Նիքը նայեց աղջկայ բռնածին։
Չե՞ս ուզում լողաթեւը հանել,— ասաց նա։Խայծի համար հարմար կը լինի, բայց աւելի լաւ է մէջը թողնես։
Նա մաքրած պերկեսները մէկիկ֊մէկիկ պոչի մասից կախեց կեռից։ Ամէն մի կարթաձողի ծայրին կպած երկու կեռ ստացուեց։ Յետոյ Մարջըրին թիավարելով նաւակը հանեց ջրանցքի մօտից՝ ատամների մէջ կարթալարը պահած ու անընդհատ նայելով Նիքի կողմը, որ ափին կանգնած՝ ձողը ձեռքին, լարն անց էր կացնում կոճի միջով։
Համարեայ թէ եղաւ,— ձայն տուեց նա։
Թողնեմ ընկնի՞,— ետձայնեց Մարջըրին՝ ձեռքի մէջ պահելով լարը։
Հա՛, բա ի՞նչ։ Թող գնա՛։Մարջըրին նաւակից դուրս նետեց լարն ու նայեց, թէ ոնց է խայծը իջնում ջրի մէջ։
Աղջիկը թիավարելով մօտեցաւ ու նոյնկերպ երկրորդ լարը ձգեց։ Ամէն անգամ Նիքը փայտի մի հաստ կտոր էր ամրացնում կարթաձողի կոթին, որ պինդ պահի, ու նեցուկ դարձնում անկիւնին՝ մի փոքրիկ կտորով։ Նա երերում էր պինդ ձգուած թոկին, այնպէս որ այն թուլացաւ հենց այն տեղում, ուր խայծն էր ջրանցքի աւազների խորքում, ու շրխկացնելով պտտեց կոճը։ Մի կարմրախայտ յայտնուեց խորքում ու խայծը կուլ տուեց՝ քաշելով թելը կոճից ու ստիպելով վերջինիս ուժգին զնգալ։
Մարջըրին թիավարելով մի փոքր մօտեցաւ հրուանդանին, այնպէս, որ յանկարծ չդիպչի թոկին։ Նա պինդ ձգեց թիակներն ու շարունակեց մօտենալ ափին։ Մանրիկ կոհակները խայտում էին նաւակին զուգընթաց։ Մարջըրին դուրս թռաւ նաւակից, ու Նիքը քաշեց֊հասցրեց այն ափի խորքը։
Ի՞նչ է եղել,— Նի՛ք,— հարցրեց Մարջըրին։
Չգիտե՛մ,— ասաց Նիքը՝ փայտ բերելով կրակի համար։ Նրանք խարոյկ արեցին հոսանքի բերած փայտով։ Մարջըրին գնաց նաւակի կողմն ու մի ծածկոց բերեց։ Երեկոյեան զեփիւռը ծուխը փչում էր հրուանդանի ուղղութեամբ, ուստի աղջիկը ծածկոցը փռեց խարոյկի ու լճի մէջտեղում։
Մարջըրին նստեց ծածկոցին՝ մէջքով դէպի կրակն ու սպասեց Նիքին։Տղան մօտեցաւ ու նստեց նրա կողքին՝ ծածկոցի վրայ։ Նրանց ետեւում տարածուած էր հրուանդանի նորահաս անտառը, իսկ դէմը ծովախորշն էր՝ Հորթընս Քրիքի գետաբերանով։ Դեռ լրիւ չէր մթնել։ Կրակի լոյսը ձգւում էր հեռու։ Մուգ ջրի վրայ, անկիւնագծով, երեւում էին երկու պողպատէ կարթաձողերը։ Կրակի լոյսը փայլատակում էր կոճերի վրայ։
Մարջըրին բացեց ընթրիքի զամբիւղը։
Ոնց որ թէ ուտել չեմ ուզում,— ասաց Նիքը։
Դէ լա՛ւ, կե՛ր, Նի՛ք։
Լա՛ւ։
Նրանք լուռ կերան ու սկսեցին նայել երկու կարթաձողին ու ջրի վրայ ընկած կրակի լոյսին։
Էսօր լուսին է լինելու,— ասաց Նիքը։ Նա հայեացքը գցեց ծովածոցից այն կողմ ձգուած բլուրներին, որոնք սկսել էին ընդգծուել երկնքի ֆոնին։ Բլուրներից վեր, գիտեր, որ լուսինն է յայտնուելու։
Գիտե՛մ,— ասաց Մարջըրին ուրախ։
Դու ամէ՛ն ինչ գիտես,— ասաց Նիքը։
Է՜, Նիք, լա՛ւ էլի, վե՛րջ տուր։ Խնդրում եմ, էդպէս մի՛ արա, էլի։
Չե՛մ կարող,— ասաց Նիքը։Դու որ անում ես՝ քեզ ամէն բան յայտնի է։ Հենց ցա՛ւն էլ դրանում է։ Հո գիտե՛ս դա։
Մարջըրին ոչինչ չասաց։
Քեզ ամէ՛ն բան սովորեցրել եմ։ Դու դա գիտե՛ս։ Յամենայն դէպս բա՞ն կայ որ չգիտես։
Ա՛հ, վե՛րջ տուր,— ասաց Մարջըրին։Հրե՜ն լուսինը։
Նրանք նստել էին ծածկոցին՝ առանց իրար հպուելու, եւ դիտում էին լուսնի բարձրանալը։
Յիմար բաներ պէ՛տք չի ասել,— ասաց Մարջըրին։Իսկականից ի՞նչ է եղել։
Չգիտե՛մ։
Գիտե՛ս, ո՞նց չգիտես։
Չէ՛, քեզ ասում եմ։
Դէ լա՛ւ, ասա՛։
Նիքը շարունակ նայում էր բլուրների վրայով մօտեցող լուսնին։
Չէ՛, սա այլեւս հանաք չի՛։
Նա վախենում էր նայել Մարջըրիին։ Յետոյ նայեց։ Աղջիկը նստած էր՝ մէջքով դէպի իրեն։ Տղան նայեց նրա մէջքին։
Սա էլ հանաք չի՛։ Չէ՛։
Աղջիկը ոչինչ չասաց։ Տղան շարունակում էր խօսել։
Էնպէս եմ զգում, ոնց որ մէջս ամէն ինչ գրողի ծոցն անցած լինի։ Չգիտե՛մ, Մա՛րջ։ Չգիտե՛մ ինչ ասեմ։
Նա շարունակ նայում էր աղջկայ թիկունքին։
Էլ սէր չկա՞յ,— ասաց Մարջըրին։
Չէ՛,— ասաց Նիքը։ Մարջըրին վեր կացաւ։ Նիքը նստած էր՝ գլուխն ափերի մէջ առած։
Գնամ նաւակի ետեւից։Մարջըրին ձայն տուեցկարող ես ոտքով ետ դառնալ հրուանդանում թափառելուց յետոյ։
Լա՛ւ,— ասաց Նիքը։Նաւակն արձակեմ, բերեմ։
Կարիք չկա՛յ,— ասաց աղջիկը։ Նա արդեն շարժուող նաւակի մէջ էր՝ լուսնի լոյսը ջրերին։ Նիքը ետ դարձաւ ու պառկեց կրակի մօտ՝ երեսը թաղած ծածկոցի մէջ։ Լսւում էր, թէ ինչպէս էր Մարջըրին թիավարում։
Նա այնտեղ երկար պառկած մնաց։ Դեռ պառկած էր, երբ պարզ լսելի դարձաւ անտառի միջով քայլող Բիլի ոտնաձայնը։ Զգաց, որ նա մօտենում է կրակին։ Բիլը եւս չկպաւ նրան։
Խելո՞ք գնաց,— ասաց Բիլը։
Հա՛,— ասաց Նիքը պառկած՝ դեմքը ծածկոցի մէջ թաղած։
Տեսարան-բան սարքե՞ց։
Չէ՛, ոչ մի տեսարան։
Ո՞նց կաս։
Է՜, հեռո՛ւ գնա, Բի՛լ։ Հեռացի՛ր, գոնէ միառժամանակ։
Բիլը զամբիւղից մի սենդուիչ հանեց եւ քայլ արեց՝ նայելու կարթաձողերին։

Թարգմանությունը անգլերենից՝ Նունե Ա Ջաղինյան

Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ Պատմվածքներ
Էռնեստ Հեմինգուեյ | Ինչ-որ բան վերջացավ Էռնեստ Հեմինգուեյ | Ինչ-որ բան վերջացավ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 00:32:00 Rating: 5
Технологии Blogger.