Ջոն Ֆիցջերալդ Քենեդի | Ուղերձ քաղաքացիական իրավունքների վերաբերյալ


Բարի´ երեկո, համերկրացիներ: Այսօր ցերեկը, մի շարք ահաբեկումներից ու մարտահրավերներից հետո, Ալաբամայի համալսարանի բակում, ազգային գվարդիականների ներկայությամբ Ալաբամայի հյուսիսային նահանգի ԱՄՆ-ի նահանգային դատարանն ստիպված էր վերջնական ու աներկդիմի որոշում ընդունել: Որոշումը պահանջում է աշխատանքի ընդունել Ալաբամայի երկու բացարձակապես որակյալ երիտասարդ բնակիչների, ովքեր բախտի քմահաճույքով սևամորթ են ծնվել:
Նրանց ապահովաբար համալսարան ընդունելը մեծավ մասամբ հետևանք էր Ալաբամայի համալսարանի ուսանողների պատասխանատու վերաբերմունքի, ովքեր կառուցողական մոտեցումով ստանձնեցին այդ գործը:
Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր ամերիկացի, առանց հաշվի առնելու, թե ինքը որտեղ է բնակվում, մի պահ դադար կառնի և խղճի մտոք կքննի այս ու նմանատիպ այլ դիպվածները:
Այս ազգն ստեղծվել է բազմաթիվ ազգությունների ներկայացուցիչների ու տարբեր ծագում ունեցող մարդկանց շնորհիվ: Եվ ստեղծվել է այն սկզբունքի հիման վրա, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար, և մարդու իրավունքներն արդեն իսկ անարգված են, եթե ոտնահարվում են նույնիսկ մեկի իրավունքները:
Այսօր մենք կոչված ենք լայնածավալ պայքար մղել՝ սատարելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատ լինել, և պաշտպանելու նրանց իրավունքները: Եվ երբ ամերիկացիներին Վիետնամ կամ Արևմտյան Բեռլին ենք ուղարկում, միայն սպիտակամորթներին չէ, որ խնդրում ենք մեկնել:
Այդ պատճառով մաշկի ցանկացած գույն ունեցող ամերիկացի բոլոր երիտասարդները պետք է հնարավորություն ունենան իրենց ընտրությամբ հաճախելու ցանկացած հանրակրթական հաստատություն՝ առանց զորքի կողմից դուրս շպրտվելու հեռանկարի: Եվ մաշկի ցանկացած գույն ունեցող ամերիկացի բոլոր սպառողները պետք է հավասար ձևով սպասարկվելու իրավունք ունենան հանրային ծառայության բոլոր վայրերում՝ հյուրանոցներում ու ռեստորաններում, թատրոններում ու մեծածախ խանութներում՝ ստիպված չլինելով դիմելու փողոցներում երթեր կազմակերպելու միջոցներին:
Եվ մաշկի ցանկացած գույն ունեցող ամերիկացի բոլոր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան գրանցվելու և քվեարկելու ազատ ընտրություններում՝ առանց որևէ միջամտության կամ վրեժխնդրության սարսափի:
Մի խոսքով, ցանկացած ամերիկացի պետք է հնարավորություն ունենա վայելելու ամերիկացի լինելու առավելությունները՝ առանց հաշվի առնելու իր ցեղը կամ մաշկի գույնը:
Եվ յուրաքանչյուր ամերիկացի պետք է իրավունք ունենա արժանանալու այն վերաբերմունքին, ինչ ինքը կցանկանար կամ ինչ մեզնից ամեն մեկը կցանկանար, որ իր երեխաներին արժանացնեին:
Բայց միայն սա չէ խնդիրը: Այսօր Ամերիկայում ծնված սևամորթ երեխան, առանց հաշվի առնելու, թե որ մասում կամ նահանգում է նա աշխարհ եկել, միջնակարգ կրթություն ստանալու գործում կես հաջողություն էլ չի կարող ունենալ, քան նույն վայրում, նույն օրը ծնված սպիտակամորթը, և կրկին պատեհություն կունենա գործազուրկ դառնալու, ու նրա կյանքի միջին տևողությունն էլ յոթ տարով պակաս է
Եվ սա տեղական խնդիր չէ: Անջատողականության և խտրականության դժվարություններ գոյություն ունեն գրեթե բոլոր քաղաքներում, որոնք ծնունդ են տալիս դժգոհության ահագնացող մակընթացությանը՝ սպառնալով հասարակական անվտանգությանը:
Սա նաև կուսակցական խնդիր չէ: Ներքին ճգնաժամի օրերին բարի կամքի տեր և վեհանձն մարդիկ պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել միավորվելու՝ արհամարհելով կուսակցական ու քաղաքական նկրտումները:
Սա նույնիսկ զուտ իրավական կամ օրենսդրական հարց էլ չէ: Ավելի լավ է նման դեպքերը կարգավորել դատարաններում, քան՝ փողոցներում, և նոր օրենքներ անհրաժեշտ է ընդունել բոլոր մակարդակներում: Սակայն օրենքը միայնակ անկարող է ստիպել մարդկանց ըմբռնելու ճշմարիտը:
Նախ և առաջ մեզ դիմագրավում են բարոյական խնդիրները: Եվ այս երևույթն այնքան հին է, որքան Աստվածաշունչը, և այնքան հստակ, որքան Ամերիկայի Սահմանադրությունը: Հարցի էությունն այն է, թե արդյո՞ք բոլոր ամերիկացիներին են տրված հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ, արդյո՞ք մենք պատրաստվում ենք մեր հայրենակիցներին այնպես վերաբերվել, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեին:
Եթե որևէ ամերիկացի, ինչ է, թե նրա մաշկը մուգ գույնի է, չի կարող նախաճաշել հասարակությանը սպասարկող ռեստորանում, եթե նա չի կարող իր երեխաներին ուղարկել բոլորի համար մատչելի պետական լավագույն վարժարանները, եթե նա չի կարող քվեարկել իրեն ներկայացնող պետական պաշտոնյաների ընտրություններում և, ի վերջո, չի կարող վայելել այն ազատ ու առլեցուն կյանքը, որին բոլորս ձգտում ենք, ապա մեզանից ո՞ր մեկը կհամաձայնի իր մաշկի գույնը փոխել ու նրա տեղում հայտնվել:
Այդ դեպքում մեզանից ո՞ր մեկը ունկնդիր կլինի համբերության ու հապաղումի խրատներին: Հարյուր տարի է անցել պատմական այն օրից, երբ նախագահ Լինկոլնը ազատագրեց ստրուկներին, իսկ նրանց ժառանգներն ու թոռները դեռևս լրիվ ազատ չեն
Եվ այս ազգը, չնայած իր բոլոր հույսերին ու ողջ սնապարծությանը, լրիվ ազատ չի կարող լինել, քանի դեռ նրա բոլոր քաղաքացիներն ազատ չեն:
Աշխարհով մեկ մենք ազատություն ենք քարոզում, և հենց դա է մեր նպատակը: Եվ այստեղ՝ մեր տանն էլ փայփայում ենք մեր ազատությունը: Սակայն արդյո՞ք իրավունք ունենք հայտարարել և, որ ամենակարևորն է, ասել միմյանց, թե սա ազատ մարդկանց երկիրն է, բացառությամբ՝ սևամորթների:
Այս ազգի համար այսօր ժամն է կատարելու իր խոստումը: Բիրմինգհեմում և այլուր տեղի ունեցած դեպքերն այնքան են զարգացել ու ահագնացրել հավասարության հաստատման կոչերը, որ որևէ քաղաք, նահանգ կամ իրավապաշտպան մարմին անկարող է այլևս գերշրջահայաց չլինել ու անտեսել դրանք:
Անհնազանդության ու անհամաձայնության կրակներ են վառվում թե´ հյուսիսում և թե´ հարավում, գրեթե բոլոր քաղաքներում: 
Այնտեղ, որտեղ իրավական միջոցներն անարդյունավետ են, հատուցումը փնտրվում է երթերի, ցույցերի ու բողոքագրերի մեջ, որն էլ առաջ է բերում լարվածություն ու սպառնում է բռնություններով, այս դեպքում արդեն կյանքեր են վտանգվում:
Այսպիսով, մենք՝ որպես երկիր և որպես ժողովուրդ, կանգնած ենք բարոյական ճգնաժամի առաջ: Եվ այն հնարավոր չէ դիմագրավել ոստիկանական ճնշիչ գործողություններով: Չի կարելի նաև թույլ տալ, որ դրանք վերաճեն փողոցային բազմահոծ երթերի: Անհնար է այդ ամենը մեղմացնել նաև քիչ թե շատ նշանակալի առաջարկներով ու կոչերով: Ժամանակն է գործելու Կոնգրեսում, սեփական նահանգներում ու տեղական օրենսդրական մարմիններում, ամենօրյա կյանքում:
Այլևս բավարար չէ մեղքը ուրիշների վրա բարդելը, հայտարարել, թե սա երկրի այս կամ այն մասի խնդիրն է, և կամ պախարակել արդեն իրական դարձած փաստերը: Արդեն նշմարելի են մոտալուտ խոշորագույն փոփոխությունները, և մեր խնդիրն է, մեր պարտքն է այդ հեղափոխությունը, այդ փոփոխություններն իրականացնել բոլորի համար խաղաղ ու կառուցողական մթնոլորտում:
Նրանք, ովքեր ոչինչ չեն անում, պատճառ են դառնում թե´ նախատինքի և թե´ բռնության: Իսկ նրանք, ովքեր գործում են անվեհեր, ընդունում են և´ իրավունքը, և´ իրականությունը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսին հաջորդ շաբաթ կոչ եմ անելու կատարել վճռորոշ քայլ՝ ընդունել մի որոշում, որն իր ծննդյանն է սպասում արդեն մեկ հարյուրամյակ. ի վերջո բավարարել այն առաջարկությունը, համաձայն որի ցեղային խտրականությունը չպետք է տեղ գտնի Ամերիկայի կյանքում կամ օրենքներում:
Սակայն, կրկնում եմ, օրենսդրությունը միայնակ այս խնդիրն անկարող է լուծել: Այն պետք է կենսագործվի յուրաքանչյուր ամերիկացու տանը, բոլոր համայնքներում, երկրով մեկ:
Այս առումով ցանկանում եմ գովքն անել հյուսիսի ու հարավի այն բոլոր քաղաքացիների, ովքեր երկար տարիներ իրենց համայնքներում ջանադիր աշխատանք են կատարում բոլորի կյանքը հավասարապես բարելավելու համար: Նրանք գործում են ոչ թե սոսկ հանուն օրինական պարտքի զգացման, այլ՝ ի նպաստ մարդկային պարկեշտության: Ինչպես մեր զինվորներն ու նավաստիներն աշխարհի բոլոր ծագերում, նրանք կրակի առաջին գծում են դիմավորում ազատության մարտահրավերը, և ես ողջունում եմ նրանց առաքինության ու խիզախության համար:
Մենք իրավունք ունենք նեգրական համայնքից ակնկալելու, որ ցուցաբերի մեծագույն պատասխանատվություն և պաշտպանի օրինագիծը: Սակայն նրանք էլ իրավունք ունեն ակնկալելու, որ օրենքն արդար կլինի, որ Սահմանադրությունը չի տառապի գունագարությամբ, ինչպես ասել է Զաստիս Հարլանը դարասկզբին:
Ահա թե ինչն է մեզ անհանգստացնում: Սա խնդիր է, որ վերաբերում է մեր երկրին, հանուն որի պայքարում ենք, և որը լուծելու համար ես խնդրում եմ իմ բոլոր համերկրացիներին նեցուկ լինել ինձ:

Թարգմանությունը անգլերենից՝ Արտեմ Հարությունյան
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի | Ուղերձ քաղաքացիական իրավունքների վերաբերյալ Ջոն Ֆիցջերալդ Քենեդի | Ուղերձ քաղաքացիական իրավունքների վերաբերյալ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 06, 2018 Rating: 5
Технологии Blogger.