Պարույր Սևակ | Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում


Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվըզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:

Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք քաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
«Սիրեմ-սիրեմ» անվերջ խաղում:

Անուններում երեք հոգու
Եվ դո՛ւ կաս միշտ, և ե՛ս միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը՝ ո՜չ մի անգամ:

Որքա՜ն անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:

Չէ՜, ինձ չէի՛ր, չէի՛ր սիրում...
Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ էր այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ:

V.1946թ. 18.VII.1953թ.
Երևան Նավչալու

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում Պարույր Սևակ | Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:02:00 Rating: 5
Технологии Blogger.