Պարույր Սևակ | Երևանին


Ա
Նա փոխվում է ամեն վայրկյան՝
Արբունքահաս պատանու պես,
Ե՛վ դեռ մանուկ, և՛ առնական,
Արբունքահաս պատանու պես:


Երեկ՝ խաղում փոշիներում,
Լվացվում է այսօր նա, տե՛ս,
Հայելակերպ ավազանում
Արբունքահաս պատանու պես:

Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով՝
Արբունքահաս պատանու պես:

Արբունքահաս պատանու պես
Նոր է միայն նա կյանք մտնում,
Նա ինքն իրեն նոր է գտնում
Արբունքահաս պատանու պես:

Բայց և հիմա պա՜րզ է այնպես
Նրա գալիքն ու ապագան՝
Երբ որ դառնա նա առնական
Արբունքահաս պատանու պես:

Բ
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է...
Ա՛խ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:

Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ,
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:

Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:

Մի «չքնաղ» է մնում.
Մի «հոյակապ», մի «պերճ»,
Մի մեծ «չնաշխարհիկ»,
Մի «վեհ» փոքրիկ և՝ վե՛րջ:

Ու ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիաթներում:

Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն...

Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:

Գ
Քաղաքամերձ անտառն իր կանաչին
Դանդաղ և աննկատ
Դեղին ոսկեթել է ընդելուզում:
Նորքի կտուրներին դդում ու չիր
Արեգակի վերջին
Լիցքերն են ծուլորեն կորզել ուզում:

Ցածում՝
Արարատյան տաք հովտի մեջ,
Հորդ անձրևից հետո, Երևանն է շողում
Աշնանային շոյող արեգակի ներքո:
Եվ կամարնե՛րը կոր,
Եվ լորինե՛րը մայթամերձ
Շողշողում են, զինվում մի նոր կախարդանքով՝
Անձրևաթաց փողոցների հայելու մեջ
Ճանաչելով իրենք իրենց
Ու մնալով խիստ գոհ:

Ցածում Երևանն է,
Որ թռչելով Զանգուն և անցնելով այն կողմ՝
Կանգ է առել մի պահ,
Որ շունչ առնի, ապա
Նորից ձգվի դեպի Էջմիածին, Փարպի.
Նա՛, որ իր մի ձեռքը Քանաքեռին հպած,
Մյուս թևը իր բաց
Տարածում է դեպի այն լեռը, որ
Հին լեգենդից բացի՝ հայտնի է նոր
Մեր հայկական գերբից:

Երևանն է շողում իբրև հսկա մագնիս,
Իր կողերից կախած բազում նոր ավաններ՝
Փոքրիկ երևաններ,
Որոնք իրար հանդեպ, իբրև հարևաններ,
Նախանձո՛տ չեն, սակայն նախանձախնդի՜ր են.
Ասֆալտ ու տուֆ հագնել,
Երևանի կողքին ինքնավայել կանգնել -
Նրանց համար ահա թե ո՛րն է խնդիրը:

Իսկ այդ ավանների անուննե՜րը խոսուն.
Նոր Կիլիկիան ահա,
         ահա Արաբկիրը,
Ահա Նոր Արեշը,
         Նոր Զեյթունը:
Յուրաքանչյուր ավան
         տարբեր մի երկիր է,
Եվ ամեն մի երկիր
Արժանացել հարկի,
Լոկ այստեղ է գտել
         վերջին հասցեն,
                  տունը:

Կարելի է կարծել, որ աշխարհը համայն
Սեղմվել ու փոքրացել
Եվ ձգվելով թովիչ այս քաղաքից՝
Նրա շուրջն է սիրով խմբվել հիմա:
Ի՞նչ է, արտառո՞ց է, զարմանալի՞:
Մի մոռացեք սակայն, որ այս հարցում
Քար զարմանքի բոլոր փակ դռներն է բացում
Տխուր մեր անցյալը -
         հին բանալին:

Մինչդեռ նորը, խնդրե՛մ.
Իբրև արվեստագետ և իսկական, և մեծ,
Խոսում է ո՛չ այնքան, որքան ցույց է տալիս.
Երևանն է շողում
Արարատյան բեղուն տաք հովտի մեջ:

Երևանն է շողում
         իբրև հսկա՜ մագնիս...

06.VII.1946թ. [1946թ.] 
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Երևանին Պարույր Սևակ | Երևանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:24:00 Rating: 5
Технологии Blogger.