Պարույր Սևակ | Ես գիտեի, որ դա չէր կարելի


Ես գիտեի, որ դա չէր կարելի.
Կծեծեր մայրս, եթե իմանար...
Դու, նստած բակի սալաքարերին,
Գուլպա ես գործում եղբորդ համար:

Իսկ եղբայրդ ու ես «տափուկ» ենք խաղում՝
Հոգնած քարտեզից, թիվ ու գծերից:
Եվ ես՝ հաղթողս ցանկացած խաղում,
Ես՝ ճանաչվածս նույնիսկ մեծերից,

Պարտվո՜ւմ եմ այսօր, ես ամեն անգամ
Տանուլ եմ տալիս ու... չեմ ամաչում,
Եղբայրդ էլ, պա՛րզ է, խնդում է քահ-քահ
Եվ ամեն անգամ ինձ կույր է կոչում:

Ես կո՞ւյր... Կո՜ւյր էի մինչև այդ կյանքում
Ու բացվել էին աչքերըս արդեն.
Գարնան գիժ քամին, քեզանից թաքուն,
Քո կուրծքն էր բացում ու փակում իմ դեմ:

Ես գիտեի, որ դա չէր կարելի,
Բայց նայո՜ւմ էի - կո՛ւյր չէի արդեն:
Այդ կյանքն էր բացվում իմ դեմ, սիրելի՛ս,
Եվ արժե՜ր խաղում կույր լինել, պարտվել...

21.V.1946թ. 17.VII.1953թ.     
Երևան Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ես գիտեի, որ դա չէր կարելի Պարույր Սևակ | Ես գիտեի, որ դա չէր կարելի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 26, 2018 Rating: 5
Технологии Blogger.