Պարույր Սևակ | Ինչ լավ է, որ դու աշխարհի մեջ կաս


Ինչ լա՜վ է, որ դու աշխարհի մեջ կաս,
Ինչ լա՜վ է, որ դու քո ծանր բեռով
Քո ծանր անցյալից հասար այս ներկան
Կենաց ու մահու ճանապարհներով:

Ինչ լա՜վ է, որ դու լոկ պատմությո՛ւն չես,
Ընկած սյուն, խոյակ կամ հին ձեռագիր:
Պատանու նման տաք է քո շունչը,
Շիկնել է դեմքդ ներքին կրակից:

Ինչ լա՜վ է զգալ՝ դու մի կամուրջ ես,
Որ շաղկապում է անցյալն ու ներկան,
Եվ որ խոսում է նորից քո մուրճը
Իր հասկանալի լեզվով անթարգման:

Որ դու աշխարհի տված հարցին էլ
Ինձ նման ունես քո պատասխանը.
-Ես սովետական քաղաքացի եմ,
Ես՝ Սովետական նոր Հայաստանը:

[1950թ.]     
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինչ լավ է, որ դու աշխարհի մեջ կաս Պարույր Սևակ | Ինչ լավ է, որ դու աշխարհի մեջ կաս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2018 Rating: 5
Технологии Blogger.