Պարույր Սևակ | Չոր մասրենու մի հին չափար


Չոր մասրենու մի հին չափար,
Որ այգին է շրջապատում:
Չափարի տակ առյուծաբար
Մրափում է մեր չալ կատուն:

Չափարի տակ մի չար եղինջ
Շուլալվել է փշատենուն
Եվ մերթ ընդ մերթ դաղում է ինձ,
Երբ նրան եմ ես մոտենում:

Եղինջի մոտ՝ մի թո՛ւփ խոնարհ,
Թփի վրա՝ մի վառ զատի՛կ,
Թփերը՝ թա՛ց, կիսախոնա՜վ,
Շաղված շողով կաթիլ-կաթիլ:

...Թփի վրա մի վառ զատիկ՝
Մանկությունս է թռե՜լ, ցնդե՛լ,
Ինչպես ցողի մի ջինջ կաթիլ
Տարիների արևի դեմ:

Մանկությունս է թռե՜լ, ցնդե՛լ,
Բայց իմ սրտում մինչև հիմա
Մի մեղմ կսկիծ մնում է դեռ
Այն եղինջի խայթի նման...

21.V.1946թ.       
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Չոր մասրենու մի հին չափար Պարույր Սևակ | Չոր մասրենու մի հին չափար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:04:00 Rating: 5
Технологии Blogger.